Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ԼՂՀ


Հոչանցասարի ստորոտում

Դարավոր անտառը կուլ է տվել հազարամյա գերեզմանոցը

Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան


1992 թ. հուլիսի 28-ին Հոչանց սարի ստորոտում՝ համանուն գյուղի հարավարեւմտյան բլրակի մոտ, հայ ազատամարտիկների մի խումբ ընկավ թշնամու ծուղակը, եւ նահատակվեցին մոտ 20-ը, նրանց թվում մանկավարժ, բանաստեղծուհի Ալվարդ Վարդանյանը, ում անունով է այժմ կոչվում գյուղի հանրակրթական դպրոցը։ Այդ օրերին, դրանից հետո հաճախ էինք լսում Հոչանց—Ղոչազ սարի ու գյուղի մասին, որոնց ազատագրումը շատ թանկ արժեցավ մեր ժողովրդի համար եւ կայացավ 93—ի գարնանը։ Զուր չէր հերոսների մարտիրոսացումը, պայքարն ու հերոսացումը Քաշաթաղի տարածքի ազատագրման համար։ Սրա շնորհիվ վերստին հայացավ Հայոց ոստանը։
Պատմական անցյալ ունի Հոչանց գյուղը, որի շրջակայքում շատ են հայոց դարավոր գոյությունն այս տարածքում վկայող հուշարձանները՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, բնակելի եւ եկեղեցի դարձրած քարայրներ եւ այլն։ Հոչանց սարի հարավարեւմտյան կողմի սարալանջերից մեկի վրա պահպանվել է վաղնջական շրջանի ամրացված բնակատեղի՝ դամբարաններով, պատմական փարախներով, այլ շինությունների հետքերով։ Հնավայրն ուսումնասիրելու նպատակով հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու, գրող Բակուր Կարապետյանի հետ եղանք տեղում՝ Հոչանցի գյուղական համայնքի բնակիչ Հունան Զեյնալյանի ուղեկցությամբ։ Բնակատեղիի հարավային կողմում պահպանվել է մոտ 60 մ երկարությամբ պատ—պարսպի հետքը, որը ներքեւից ձգվում է վեր՝ հասնելով բլրի գագաթ, որտեղ կա 2 դամբարան։ Արեւմտյան կողմում ժայռեր են, որոնք բնական ամրություն են դարձել։ Բլուրը հարուստ է սպիտակ կրաքարով, որն էլ դարձել է կառույցների շինաքար։
Զգացվում է՝ ժամանակին այս քարերը կտրել են հատուկ միջոցներով. տարբեր մասերում կան մեծ քարաբեկորներ, որոնց վրա կան գործիքների հետքեր։ Դեպի հյուսիս կան մի քանի շինությունների հիմքեր։ Ուղղանկյուն մի շինություն, որն ունեցել է նաեւ նախամուտք, կառուցվել է մոտ 2,5 մ հաստության պատերով։ Այստեղից քիչ հեռու 30 մ տրամագծով մեկ այլ կառույցի հետքեր կան. հնարավոր է՝ փարախի տեղ է։ Բլրի հյուսիսային կողմում մեկ այլ պարսպի հիմքեր կան։ Այն ձգվում է արեւելքից արեւմուտք եւ իջնում դեպի ձորը։ Այս մասում մեծ—մեծ քարերով պարսպաշար է, պահպանվել է նաեւ մուտքը։ Ներքեւում մոտ 10 մ շառավղով դամբարան կա՝ ծածկված թփերով։ Բլրի դիրքից ողջ տարածքը գտնվում է տեսադաշտում։ Եվ պատահական չէ, որ արցախյան գոյամարտի տարիներին այս դիրքն իր ձեռքում պահելու համար թշնամին մեծ ուժեր էր բերել։ Պահպանվել են թշնամու հրետանու, զրահամեքենաների դիրքերը, որտեղից թուրքը ռմբակոծում էր Սյունիքի տարածքը, Լաչինի միջանցք՝ կյանքի ճանապարհը։ Մոտակայքում դեռեւս մնում են պայթած արկերի բեկորները։ Տարածքում նկարահանումներ, չափագրումներ անելուց հետո իջանք ցած։
Մեզ ուղեկցող Հունան Զեյնալյանը տեղեկացրեց, որ գյուղից մոտ 3 կմ հարավ—արեւմուտք կա հայկական հնադարյան գերեզմանատեղի՝ խաչքարերով ու տապանաքարերով։ Նրա եւ Բերձորի երկրագիտական թանգարանի տնօրեն Մուշեղ Ալավերդյանի հետ անտառապատ սարալանջով բարձրացանք վեր՝ դեպի հնավայր։ Դարավոր անտառն ամբողջությամբ կուլ է տվել մոտ հազարամյա գերեզմանոցը, սակայն պահպանվել են մի քանի շիրմաքարեր։ Ծովի մակերեւույթից 1050 մ բարձրության վրա է հնավայրը, որից ներքեւ է եղել բնակատեղին։ Մինչ հանգստարան հասնելը սարալանջին հանդիպեցին պատերի հետքեր։ Գերեզմանները հիմնականում քանդված են, շիրմաքարերը՝ փոսերում։ 3 սպիտակավուն խաչքար մի փոսում էին։ Մուշեղն ու Հունանը դժվարությամբ հանեցին երկուսը։ Քարերից մեկի կենտրոնում մեծ զարդանախշ խաչ է քանդակված։ Վերեւում՝ աջ ու ձախ անկյուններում, հավերժության նշաններ են. չափսերն են՝ 73,5x52,5x20 սմ։ Մյուսը քիչ մեծ է՝ 115x118x23 սմ չափսերով։ Քարի վրա ընդամենը մի մեծ խաչ է քանդակված։ Երրորդը հողի մեջ էր. չկարողացանք հանել։ Գույնն ավելի բաց է, 2 խաչաքանդակից մեկը կենտրոնում է եւ մյուսից մեծ է։ Այս երեքի հարեւանությամբ կա ավելի մեծ չափսերով մեկ այլ խաչքար, որի մոտ մի մեծ կաղնի է աճել եւ որը խանգարեց լուսանկարել։ Քիչ վերեւում տապանաքար է՝ հարթ երեսով, 153x108x32 սմ չափսերով։ Մեկ այլ տապանաքար բազալտից է, վրան մարդկային դիմաքանդակ է՝ կենտրոնական մասում հավերժության 2 նշանով։ Չափսերն են՝ 155x67,2x31 սմ։ Գրեթե նույն չափսերի սպիտակ քարով մեկ այլ տապանաքար՝ առանց քանդակների, ընկած էր քիչ հեռու։ 86,8x50,4x23 սմ չափսերի մեկ այլ խաչքարի վրա կենտրոնական մասում մեծ խաչ է քանդակված, ներքեւում՝ աջ ու ձախ կողմերում մեկական փոքր խաչեր են։
Մոտակայքում ավելի գեղաքանդակ խաչքարի բեկորներ կան։ Դրանցից մեկի միայն ներքեւի մասն է պահպանվել՝ շատ գեղեցիկ խաչաքանդակով։ Մեկ տասնյակից ավելի շիրմաքարեր առանց քանդակների են։ Որոշների վրա պահպանվել են խաչերի հետքեր. դարերի ընթացքում համեմատաբար փափուկ քարերը քայքայվել են։ Մի քանի տապանաքար ու խաչքար երեսի վրա են ընկած, եւ ծանրության պատճառով չկարողացանք շրջել։ Առատ խոտը, ծառ ու թփերը ծածկել են տարածքը։ Ցանկալի է՝ տեղում կատարվեն բարեկարգման աշխատանքներ, այլապես քարերը հողի տակ կմնան։ Ըստ քանդակների՝ շիրմաքարերը 10—14—րդ դարերի են։ Պատմական մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք—Քաշաթաղ գավառի մասին հիշատակվում են դեռեւս «Աշխարհացույցում» եւ այլ մատենագրական աղբյուրներում։ 13—րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանն է առաջինը հիշատակում Հոչանցի մասին «Սյունիքի պատմություն» գրքում։
Ըստ պատմիչի՝ Հոչանց—Հունչանք—Հոչեսը գավառի հայտնի ու հայաշատ գյուղերից է եղել՝ 12 միավոր հարկաչափով։ Տաթեւի վանքին մուծել է 3450 հարկաչափ պտղահարկ։ Հավանաբար, մեծ գյուղի հարեւանությամբ եղել են փոքր գյուղակներ, որոնց մասին չի հիշատակվել կամ մինչեւ օրս տեղորոշված չեն։ Հոչանց գյուղում պահպանվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը 17—րդ դարի կառույց է։ Այս սրբատունը «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից հիմնանորոգվեց վերջերս։ Տարածքի մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին 10—ից ավելի խաչքար ու տապանաքար, որոնք խորհրդային տարիներին հողով էին ծածկել քրդաթուրքերը։ Հոչանց գյուղի արեւելյան կողմում՝ խոր ու ուղղաձիգ ժայռերով կիրճում պահպանվել է Հոչանցի անապատ—եկեղեցին, որի մասին հիշատակվում է Առաքել Դավրիժեցու «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») (1969թ.) գրքում։
Նկարագրելով Տաթեւի մեծ անապատում տեղի ունեցած անախորժ իրադարձությունները՝ գրում է. «…Սարգիս եպիսկոպոսը մարմնավոր պետքերի հոգաբարձու էր, իսկ Գրքի (Աստվածաշնչի) ուսուցիչները տեր Կիրակոսը, Պողոս վարդապետը, Մովսես վարդապետը, Ներսես վարդապետը եւ Թումա եպիսկոպոսը, որոնք երկար ժամանակ միասին մնացին։ Սրանք բոլորը, ապա տեր Կիրակոսը եւ Թումա եպիսկոպոսը գնացին Քշաթաղ գավառը, Հոչանց գյուղի մոտ շինեցին անապատ եւ այնտեղ բնակվեցին։ Իսկ Սարգիս եպիսկոպոսը մնաց միեւնույն մեծ անապատում եւ համբերությամբ կրում էր վրա եկած բոլոր նեղությունները, մինչեւ որ հասավ խորին ծերություն՝ առաքինի վարքով կյանքի ընթացքը ավարտված եւ հավատը պահած այստեղից փոխվեց կենդանության երկիրը՝ նույն մեծ անապատում, որտեղ թաղված կան նրա մարմնի պատվական նշխարները։ Նրա վախճանը տեղի ունեցավ մեր թվականության 1060 (1620) տարում։ Իսկ տեր Կիրակոսը, որ գնաց Հոչանց, այնտեղ մնաց կրոնական ժուժկալությամբ, նույն տեղում, Հոչանց գյուղի մոտ, իր անապատում վախճանվեց մեր թվականության 1070 (1621) տարում եւ գնաց իր սիրեցյալ Քրիստոսի մոտ, որին փափագելով մշտապես կրում էր իր հոգում։ Նույն տեղում թաղված են նրա մարմնի պատվական նշխարները ի փառս օրհնված Քրիստոս Աստծու հավիտյանս. ամեն»։
Առհասարակ՝ Քաշաթաղի շրջանի հատկապես հյուսիսային մասում շատ են նման հուշարձանները՝ հիմնականում անտառներում, եւ տարեցտարի հայտնաբերվում են ու հաստատում հայի՝ դարեր շարունակ այստեղի տեր լինելու մասին եւ Լեոնիդ Ազգալդյանի հայտնի խոսքը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

10-01-2020





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO