Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Բանավեճ, վիճաբանություն, վեճ

Վեճում հաղթելու միայն մի ձեւ կա... խուսափել վեճից

Կառավարել՝ նշանակում է կառավարողի նպատակադրումն իրականացնել այլոց՝ կատարողների աշխատանքի միջոցով, այսինքն՝ «կառավարում» երեւույթը, ի թիվս այլ ըմբռնումների, նաեւ միջանձնային հաղորդակցման տեսակ է՝ առավելապես բանավոր կամ գրավոր խոսքի միջոցով։ Կա բանավոր հաղորդակցման երեք ձեւ կամ փուլ՝ բանավեճ, վիճաբանություն եւ վեճ։
«Բանավեճը» առաջադրված խնդրակի (թեզիս) վերաբերյալ մասնակիցների դատողությունների համադրումն է՝ տրամաբանական հիմնավորումներով, գիտականության չափանիշներով, սոփեստության բացառմամբ, այլ կերպ ասած՝ բանավեճը մարդկանց խոսքային հաղորդակցումն է «բանին»՝ լոգոսին ենթարկվելով։ «Վիճաբանություն» բառի մեջ, ինչպես տեսնում ենք, բաղադրիչները տեղերը փոխել են. «վեճը» դարձել է գերադաս, «բանը» (լոգոս—տրամաբանությունը)՝ ստորադաս։
Փոխակերպման պատճառները շատ են։ Բանավեճը տարբեր, հակադիր, անգամ միմյանց բացառող տեսակետների եւ կարծիքների քննական, վերլուծական եւ մրցակցային համադրումն է՝ հանուն միասնական նպատակի՝ ճշմարտության պարզման. եթե դրանք հակադիր չլինեին, ապա բանավեճ, որպես այդպիսին, չէր լինի. կլիներ միեւնույն կարծիքն ունեցողների զրույց, տեղեկացում, հրահանգավորում, ուսուցում եւ այլն։ Բանավեճի բնականոն ընթացքի նախապայմանը խնդրակի հստակեցումն է. եթե հենց սկզբից կողմերը խոսում են տարբեր բաներից, ապա նրանց զրույցը տեղապտույտ է տալիս, քանի դեռ չեն հստակեցրել թյուրիմացությունը, չեն պարզել, թե, ի վերջո, ինչի շուրջ են հակադիր կարծիքներ հայտնում։
Բանավիճողները գիտակցում են, որ իրենց հակամարտությունն իմացական, գաղափարական, տեսական բնույթի է, ոչ թե անձնային։ Չնչին իսկ անդրադարձ անձին, եւ գիտական ամենալուրջ բանավեճը հայտնվում է անպտուղ վիճաբանության եզրին։ Իսկ նման վտանգ միշտ կա, քանի որ հայտնված կարծիքին, տեսակետին, առաջարկին մեր արձագանքը, որպես կանոն, ներառում է ոչ միայն սեփական կարծիքը, այլեւ դիմացինի կարծիքի եւ վերջինիս հիմքերի որոշակի գնահատումը՝ քողարկված կամ բացահայտ։ Զուր չէր հորդորում Հակոբ Պարոնյանը. «Աշխատեցեք այսուհետեւ գործն քննել եւ ո՛չ գործավորն։ Պատշաճ օրինաց համաձայն խոսեցե՛ք իրարու հետ եւ ունայն վեճերով ժամավաճառ մի՛ լինիք»։
«Վիճաբանությունը» մարդկանց խոսքային հաղորդակցման այն ձեւն է, երբ կողմերն աստիճանաբար հեռանում են «բանից», մոռանում «բանը», շեղվում, միմյանց մեղադրում գոյացած փակուղու համար, ամենաէականը՝ նրանք ամեն կերպ, նույնիսկ սոփեստական հնարքներով, ջանում են հաղթանակի հասնել կամ դրա տպավորությունը ստեղծել։ Բանավեճի՝ վիճաբանության բնույթ ստանալու երկու պատճառն արդեն նշվեց՝ քննարկման անհստակ խնդրակը եւ անհարկի անձնավորումը։ Բանավեճը, որպես հակառակ տեսակետ ունեցողների համատեղ մտավոր աշխատանք, ձախողվում է լեզվական եւ արտալեզվական մի շարք հանգամանքների ազդեցությամբ՝ անպատշաճ խոսելակերպ, անհաջող կատակ, ակնհայտ կամակորություն, շտապողականություն, այլակարծության հանդեպ անհանդուրժողական վերաբերմունք, նարգիզականություն, ընկալման սխալ, կեղծավորություն, փոխադարձ անվստահություն, գերհուզական վիճակ եւ այլն։ Բացառիկ կարեւորության մի խորհուրդ հնչող խոսքի անզուգական վարպետ Սուրեն Քոչարյանից. «Խոսքը ձեռք է բերում առանձնահատուկ ուժ, երբ նա ավելի թույլ է խոսք ծնող զգացմունքից», այսինքն՝ մեր հույզերը պետք է լինեն փաստարկման ընդերքում անթեղված, այլ ոչ մակերեսին, առավել եւս մասամբ կամ լիովին արտամղեն տրամաբանական փաստարկումը։
Եթե բանավեճի տրամաբանությունը «հաղթանակ—հաղթանակ» կարգախոսն է (նպատակի միասնականության շնորհիվ բանավեճի ընթացքում պարտվող կողմն էլ է շահում, քանի որ հարստացնում է իմացությունը, լրացուցիչ հմտություն ձեռք բերում, դաս քաղում), ապա վիճաբանությունն ուղղորդվում է «հաղթանակ—պարտություն» տրամաբանությամբ։ Վիճաբանության ընթացքը երկու ճանապարհ ունի. եթե կողմերը զգաստանում են, բարի կամք դրսեւորում, ձգտում համագործակցության, ապա հնարավոր է վերադարձ բանավեճի։ Ցավոք, սա հաճախադեպ չէ. զրուցակիցները բորբոքվում են, երկուստեք մեղադրանքները խանգարում են ներողամտություն եւ հանդուրժողականություն դրսեւորելուն, այլոց ներկայությունն էլ, որպես կանոն, բացասաբար է անդրադառնում, եւ վիճաբանությունը վերածվում է վեճի։
«Վեճը» արդեն ոչ մի ընդհանրություն չունի տրամաբանության հետ («բանը» արտաքսվել է բառից). հաճախ սա անձնական վիրավորանքների փոխադարձ տարափ է, տհաճ հիշողությունների թարմացում, արժանավոր մարդուն ոչ սազական, ուստի հնարավորինս դադարեցնելու ենթակա։ Սա «պարտություն—պարտություն» իրավիճակն է, թեկուզ որեւէ կողմի թվա, թե ինքը հաղթել է։ Ինչպես Դեյլ Քառնեգին էր հորդորում, վեճում հաղթելու միայն մի ձեւ կա... խուսափել վեճից։
Վիճաբանությունից դեռ հնարավոր է վերադառնալ բանավեճի փուլին, եթե կողմերից մեկը շահագրգռված է լինում փոխհարաբերությունները շարունակելու մեջ, ուստի եւ առժամանակ զիջում է։ Երկուստեք հեղինակավոր երրորդ կողմը նույնպես բարենպաստ է ազդում՝ հորդորելով ավելի հանգիստ քննարկման կամ հետաձգման, առաջարկելով երկու կողմի համար էլ ընդունելի, թեկուզ՝ ժամանակավոր լուծում։ Եթե բանավեճը որոշակի խնդրակի քննարկումն է՝ առանց որեւէ անձնավորման, ապա վիճաբանությանն անցնելու վտանգն այս խնդրակի կորուստն է կամ ակամա այլափոխումը (իմաստակության պարագայում՝ միտումնավոր աղճատումը)։ Եվ եթե «կողքից» հաջողվում է կողմերին դա ցույց տալ, ապա հնարավոր է վերադարձ առարկայական, լրջմիտ, հարգալից քննարկման։
Վեճը կարող է դադարել առավել հմուտ զրուցակցի զսպվածության ցուցադրմամբ, երբ նա իր հասցեին ասված փոքր—ինչ անպատշաճ խոսքը կամ անհիմն մեղադրանքը տվյալ պահին թողնում է անպատասխան (հասկացնելով, թե կարող էր, սակայն հարկ չհամարեց պատասխանել)։ Բայց, ընդհանուր առմամբ, զրուցակիցներին դժվար է լինում վեճն ինքնուրույն կասեցնել կամ փոխել դրա բնույթը, քանի որ վեճի ներկա առիթը միշտ հիմք է դառնում փոխադարձ դժգոհության մի երկար շղթայի մեջբերման։ Բայց եւ վնասակար է այն միջնորդ—բանակցողի դերը, որի ոչ միայն անաչառությունն է կասկածահարույց, այլեւ բարոյական վարքագիծը. սրա նպատակը ոչ թե հարաբերությունների կարգավորումն է, այլ միայն սեփական շահը, որին անվարան զոհաբերում է մյուսներինը՝ այդկերպ նենգափոխելով միջնորդության բուն իմաստը։ Առհասարակ, ինքնին մեծ զգուշավորություն է պահանջում միջամտողի դերակատարումը։ Ամենաբարի մղումները երբեմն հարկ է լինում զսպել, քանի որ հակամարտ կողմերին հաշտեցնելու փորձը դնում է բարյացակամ միջնորդին անկոչ խորհրդատուի աննախանձելի վիճակում։
Այդուհանդերձ, եթե կողմերը պահպանում են փոխադարձ հարգանքը, եթե աշխատում են դուրս չգալ թեմայի շրջանակներից, եթե ոչ միայն սեփական կարծիքն են ջանում շարադրել, այլեւ դիմացինին են հնարավորություն տալիս իրենն ասելու, ապա, որքան էլ թեժ լինի խոսակցությունը, որքան էլ հուզախռիվ լինեն զրուցակիցները, այնուամենայնիվ, նրանք մնում են վիճաբանության շրջանակներում եւ ոչ միայն կարող են զերծ մնալ հաջորդ՝ զուտ վեճի փուլին անցնելու վտանգից, այլեւ հնարավորություն ունեն վերադառնալու բանավիճային փուլին՝ խնդրո առարկայի ավելի սթափ եւ փաստարկված քննարկմանը։
Հատկապես այդ հանգամանքը՝ պատշաճ վարվեցողությունն է սահմանազատում վիճաբանությունը վեճից, կարելի է ասել՝ ապահովագրում առաջինից երկրորդին ակամա եւ աննկատ անցման վտանգից։ Որքան մարդիկ բարեկիրթ են, այնքան դյուրին է վիճաբանությունից վերադարձը խոսքային հաղորդակցման բանավիճային ոճին։
Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար դիմենք մարզաձեւերի համաբանությանը։ Բանավեճը նման է շախմատի պարտիայի. անում ես քայլդ ու սպասում հակառակորդի պատասխան քայլին. բուն խաղի կանոններն են պարտադրում քեզ համբերատարությամբ սպասելու եւ ուշադրությամբ հետեւելու դիմացինի արված քայլին, վերլուծելու եւ միայն դրանից հետո կատարելու հաջորդ քայլը։ Վիճաբանության համարժեքը բռցքամարտն է, երբ մի կողմը ոչ միայն հարվածներ է տեղում մյուսին, այլեւ ջանում է առհասարակ զրկել հակահարված տալու հնարավորությունից եւ այդկերպ պարտադրել հանձնվելու. այս ամենը լիովին խաղի կանոնների սահմաններում է, թեպետ հանդիպում են միտումնավոր խախտումներ (հարված գոտկատեղից ներքեւ կամ բաց ձեռնոցով)։ Իսկ վեճը, իհարկե, մարզաձեւ չէ, այլ փողոցային կռիվ, ծեծկռտուք, որը նույնիսկ չի կարելի համեմատել, ասենք, «առանց կանոնների մարտի» հետ. այստեղ, այդուհանդերձ, որոշ կանոններ կան, ըստ որոնց էլ որոշվում է հաղթողը, մինչդեռ վեճի պարագայում առհասարակ հաղթող գոյություն չունի։
Մարդկանց խոսքային հաղորդակցման կառավարման կանոն—խորհուրդներով հարուստ է հայոց խրատանին, բայց սահմանափակվենք մեկով՝ Գարեգին Նժդեհի իմաստուն խորհրդով. «Աշխատի՛ր, որ խօսքդ լինի համակ լոյս եւ ճշմարտութիւն՝ կայծակ, որ զարկելուց առաջ լուսաւորում է առարկաները»։ Հիրավի, ամեն ընթերցող կընդունի, որ մենք, սովորաբար, հակառակ կերպ ենք վարվում՝ «զարկում» ենք, հետո միայն լուսավորում՝ տեսնելու համար մեր արածը։ Ուստի ականջալուր Նժդեհին՝ սովորենք նախ «լուսավորել», պարզ տեսնել, թե ո՛ւմ եւ ի՛նչ (նաեւ՝ ինչո՛ւ) ենք ասում. անտարակույս, այսկերպ մեր խոսքն ու վարքը կդառնան ավելի շրջահայաց եւ հանդուրժող, քան պատճառահետեւանքային հակառակ պատկերի դեպքում։
Արդ, երկխոսության արդյունավետ կառավարման համար պարտադիր է ելնել այս՝ «բանավեճ—վիճաբանություն—վեճ» եռաբաղադրիչ խոսքային իրողության ըմբռնումից։ Եվ ավելորդ չէ վերջում հիշեցնելը, որ այս իրողությունը հատկապես հայերենում է անզուգական կերպով արտահայտված. մեր լեզուն իսկ զորավիգ է մեզ մեր անձնային եւ հանրային կյանքն ավելի բանական ու բարերար դարձնելու։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

10-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO