Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ՍՈՑԻՈՒՄ


Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների վաճառքը օրենքի ուժով կարգելվի

Որ 15 րոպե գործածելուց հետո 400 տարի չկեղտոտենք բնությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Եթե ԱԺ—ն հաստատի շրջակա միջավայրի նախարարության օրենսդրական նախաձեռնությունը, ապա 2022թ. հունվարի 1—ից պոլիէթիլենային տոպրակների գործածումը կարգելվի։
Իսկ եթե ավելի ճշգրիտ, ապա, պաշտոնական ձեւակերպմամբ, առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում մանրածախ առեւտուր անող վաճառողի կողմից ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի 3923 ապրանքային դիրքում գտնվող՝ թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի ու տոպրակների) վաճառքը կարգելվի։
Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների վաճառքը օրենքի ուժով արգելելու անհրաժեշտությունը մանրամասնեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Ըստ այդմ, մեր երկրում առեւտրի եւ սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների լայն կիրառումը բնապահպանական խնդիրների է հանգեցրել։ Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են եւ կենսաբանական քայքայման չեն ենթարկվում, ինչի հետեւանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն։ Թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10—15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի։ Միջազգային գիտահետազոտական կառույցները տվյալներ են հրապարակել, որոնք փաստում են միկրոպլաստիկի առկայությունը ոչ միայն ջրային եւ հողային ռեսուրսներում, այլեւ կենդանի օրգանիզմներում ու նաեւ սննդամթերքի մեջ։ Միկրոպլաստիկ է հայտնաբերվել նույնիսկ անձրեւի կաթիլների մեջ։ Գործածված պլաստիկ արտադրանքով՝ այդ թվում նաեւ պոլիէթիլենային փաթեթներով ու դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի ջրային տարածքները, հանգստավայրերին ու զբոսաշրջության վայրերին կից տարածքները։
Ի դեպ, «ՀՀ»—ն մեկ անգամ չէ, որ ասել է, թե հանրության շրջանում բնապահպանական մշակույթ ձեւավորելը կարող է երկար տեւել ու թանկ արժենալ մեր շրջակա միջավայրին։ Ուստի խնդրին արագ լուծում տալու համար հարկ է անցնել օրենքի ուժով տնտեսական լծակներ կիրառելուն։ Ինչը եւ այսօր լինում է, թեկուզ մասամբ։
Ըստ նախարարի՝ խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուրջ 120 երկիր արդեն իսկ ընդունել է իրավական կարգավորիչ միջոցներ՝ պլաստիկ թափոնների կառավարման, մասնավորապես դրանց նվազեցմանը նպաստող տնտեսական գործիքների (բնապահպանական հարկեր, վճարներ, նվազագույն գնի սահմանում եւն) կիրառմամբ։ «ՀՀ»—ն, կրկին հիշեցնենք, հուշել էր նաեւ բնապահպանական հարկի կիրառմամբ կարգավորման ձեւը։
Այս օրենսդրական նախաձեռնության հիմնավորման համաձայն, սակայն, բնապահպանական հարկի կիրառմամբ խնդրի կարգավորումը Հայաստանում նպատակահարմար չէ, քանզի ՀՀ օրենսդրությամբ հարկի դրույքաչափ կարող է կիրառվել միայն կոնկրետ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի նշումով, սակայն գործող ծածկագրերով հնարավոր չէ առանձնացնել ապրանքատեսակները ըստ թաղանթի հաստության եւ ըստ վերջնական սպառման ոլորտի։ «Այս նախագիծը, նպատակ ունենալով կրճատել շրջակա միջավայրի եւ մարդու կյանքի ու առողջության համար վնասակար ապրանքների կիրառման ծավալները, ուղղված չէ տնտեսավարողների համար հարկային բեռի ավելացմանը»,—սա է պարզաբանումը։ Հետեւաբար, նպատակահարմար է «մանրածախ առեւտուր իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից տվյալ ապրանքների տրամադրման արգելք»։
Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների կիրառման սահմանափակումների մասով արդյունավետ վերահսկողությունն ապահովելու համար անհրաժեշտ պայման է նաեւ «կշռափաթեթավորում» հասկացության հստակեցումը, որը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել համապատասխան մարմինների կողմից վերահսկողության իրականացման ընթացքում ի հայտ եկող անորոշությունները եւ դրանցից բխող հավանական կոռուպցիոն ռիսկերը։ Իսկ երկրորդային հումքի ցանկը սահմանված է դեռ կառավարության 2017թ. փետրվարի որոշմամբ։
Փորձենք խնդրին նայել ֆինանսական գնահատականի տեսանկյունից։
Դարձյալ ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ Հայաստանում փաթեթավորման համար պլաստմասայե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող գործող իրավաբանական եւ ֆիզիկական անձիք 44—ն են։ Նրանցից միայն 29—ի արտադրական կարողություններն են ամբողջությամբ ուղղված թիրախային խմբի ապրանքների արտադրությանը։
Ըստ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքների՝ մեր երկրում տարեկան արտադրվում է մոտ 12 հազ. տոննա պոլիէթիլենային փաթեթ։ Հանրապետությունում առկա մոտ 1 մլն տնային տնտեսությունների կողմից օրական սպառվում է առնվազն 1—2 պոլիէթիլենային տոպրակ՝ տարեկան մոտ 3600—4000 տոննա պոլիէթիլենային տոպրակի արտադրություն, որը հանրապետությունում տարեկան կտրվածքով արտադրված պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների մոտ 30 տոկոսն է։ Նշված թիրախային քանակությունը հնարավոր է փոխարինել այլընտրանքային արտադրանքով։
Ելնելով վերոգրյալից՝ գումարային առումով ոլորտի տնտեսավորղների մոտ կառաջանա արտադրության ծավալների մոտ 30 տոկոս կրճատում։
Բայց հաշվի առնելով այն փաստը, որ արգելքի կիրառման սկիզբը նախատեսված է 2 տարի հետո, թիրախային ոլորտի արտադրողներին հնարավորություն է տրվում՝ հումքի եւ արտադրանքի պաշարների սպառման, վերապրոֆիլավորելու, հումքի փոփոխության (կենսաքայքայվող հումքով փոխարինելով) հնարավորինս արդյունավետ կազմակերպում։
Նախարարը տեղեկացրեց, որ իրենք զուգահեռաբար այլ քայլեր էլ են ձեռնարկում պլաստիկ թափոնների կառավարման ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում նաեւ՝ այլնտրանքային հումքի օգտագործման խթանման նպատակով։
Եվ սա էլ է արդարացված։ Բացատրությունը շատ հստակ է. պլաստիկ արտադրանքով շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման կամ վերացման միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը մի քանի հարյուր անգամ գերազանցում են խնդրի կանխարգելման հետ կապված ծախսերը։
Եվ ամենակարեւորը՝ շրջակա միջավայրի անվտանգությունն ու մարդու առողջությունը անհամեմատելի են այդ արտադրատեսակների արգելման հետ կապված կանխատեսվող ծախսերի հետ։

24-01-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO