Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Փոքր պետությունների ուժեղ «զենքը»

Դեպի ծով ելք չունեցող երկրներին միջազգային իրավունքը մեծ արտոնություններ է տալիս

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Աշխարհում շուրջ հինգ տասնյակ պետություններ չունեն ելք դեպի ծով, դրանց թվում է նաեւ Հայաստանը։ Նման սահմանափակվածությունը խոցելի է դարձնում այդ պետությունները՝ անդրադառնալով երկրի տնտեսության զարգացման եւ միջազգային մրցունակության վրա։ Միջազգային առեւտրի ընդլայնման եւ տնտեսական զարգացման նպատակով 1965 թ. Նյու Յորքում ստորագրվել է «Դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առեւտրի մասին» կոնվենցիան։ Հայաստանի համար այն ուժի մեջ մտավ 2013 թ. հունիսի 23—ին։
Կոնվենցիայով նախատեսվում է, որ դեպի ծով ելք չունեցող յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ազատ ելք ունենալ դեպի ծով։ Այդ երկրների տնտեսական զարգացումը խթանելու համար բոլոր պետությունները փոխադարձության սկզբունքի հիման վրա պարտավոր են դեպի ծով ելք չունեցող երկրներին տրամադրել ազատ եւ անսահմանափակ տարանցման իրավունք, որը հնարավորություն կընձեռի «բոլոր հանգամանքներում եւ յուրաքանչյուր տեսակի ապրանքի համար ազատ մասնակցել տարածաշրջանային եւ միջազգային առեւտրին»։ Կարեւոր սկզբունքներից է այն, որ տարանցվող ապրանքների նկատմամբ որեւէ մաքսատուրք չի կիրառվելու, իսկ տարանցման փոխադրամիջոցների համար չեն գանձվելու հատուկ հարկեր կամ տուրքեր, որոնք կգերազանցեն տարանցման պետության փոխադրամիջոցներից գանձվող հարկերի եւ տուրքերի չափը։ Այսինքն՝ դեպի ծով ելք չունեցող պետություններին, որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտներ, իրավունք է տրվում օգտվել համաշխարհային օվկիանոսի բոլոր տարածություններից եւ ռեսուրսներից։
Այս կարգավիճակում գտնվող պետությունների խնդիրներն այսօր էլ ՄԱԿ—ի ուշադրության կենտրոնում են։ 2014 թ. Վիեննայում անցկացված ՄԱԿ—ի երկրորդ խորհրդաժողովի շրջանակներում, որը նվիրված էր դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին, մասնակիցների կողմից հավանության արժանացավ 2014—2024 թթ. համար գործողությունների ծրագիրը։ Այն սահմանում է այս կարգի պետությունների տնտեսությունների մրցունակության ամրապնդմանն ու միջազգային շուկաներում նրանց արտադրանքի հասանելիությունն ապահովելուն ուղղված ռազմավարությունը։ Միաժամանակ միջազգային հանրությանը կոչ է արվում հաշվի առնել ծովից հեռու գտնվող երկրների հատուկ կարիքները, մեծացնել վերջիններիս համագործակցությունը տարանցիկ պետությունների հետ, ավելացնել ներդրումային հոսքերը, զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքները, ուժեղացնել մաքսային ծառայությունների արդյունավետությունը՝ ընդլայնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությունը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանի համոզմամբ, միջազգային իրավունքը բավականին լուրջ արտոնություններ է տրամադրում դեպի ծով ելք չունեցող պետություններին։ «Փոքր պետությունների ձեռքին միջազգային իրավունքը շատ լավ մեխանիզմ է։ Արտաքին դիվանագիտության մեջ միջազգային իրավունքը մեծ բաժին պետք է ունենա, որովհետեւ այլ հնարավորությունների բացակայության կամ թույլ լինելու պարագայում կարելի է սեփական կամքը համապատասխանեցնել միջազգային իրավունքի դրույթներին եւ դա ներկայացնել որպես քո արտաքին քաղաքականության ուղենիշ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ ափսոսանք հայտնելով, որ մեր արտաքին քաղաքականությամբ զբաղվող գործիչները թերահավատ են միջազգային իրավունքը որպես ուժեղ գործիք ընդունելու հարցում։
Միջազգային իրավունքի շրջանակներում դեպի ծով ելք չունեցող պետությունների ունեցած արտոնությունների հարցը Սիմոնյանը հնչեցրել էր Ազգային ժողով—կառավարարություն վերջին հարց ու պատասխանի ժամանակ՝ ճշտելով արտաքին գերատեսչության ղեկավարից, թե ինչ քայլեր են արվելու միջազգային իրավունքի ընձեռած հնարավորություններն ու գործիքակազմը օգտագործելու համար։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր Թուրքիային, որն առնվազն 2 միջազգային կառույցի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում պարտավորություն ունի չխոչընդոտել Հայաստանին։
Այս երկու կազմակերպությունների շրջանակներում Թուրքիան պարտավորություն ունի մյուս անդամ պետությունների համար տնտեսական խոչընդոտներ չառաջացնել, առավել եւս չսահմանափակել դրանք։ Երբ Հայաստանը միանում էր Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, Թուրքիան վերապահում կատարեց, նշելով, որ ԱՀԿ ռեժիմը չի տարածվում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա, բայց դա չէր վերաբերում այն հանգամանքին, թե, արդյոք, անդամ պետության նկատմամբ իրավունք ունի տնտեսական սահմանափակումներ կիրառել։ Նույնն էլ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության դեպքում է, որը տնտեսական համագործակցություն ենթադրող կազմակերպություն է, իսկ կենտրոնն էլ Ստամբուլում է։ «Կա գործիքակազմ, որով մենք կարող ենք Թուրքիային ստիպել, որպեսզի հարգի այդ կազմակերպության կանոնադրությունը։ Կազմակերպության իմաստը տնտեսական համագործակցության երաշխավորվումն է անդամ պետությունների կողմից»,–պարզաբանեց պատգամավորը՝ նշելով, որ մի քանի տարի առաջ այս թեմայի վերաբերյալ համաժողով են կազմակերպել, եւ մասնագետներն ընդգծել են բոլոր այն կետերը, որտեղ խնդիրներ կան։
Փոթիի նավահանգիստի մասով զրուցակիցս նշեց, որ Վրաստանը միջազգային որեւէ պարտավորություն չի խախտում, այլ ընդհակառակը՝ որոշակի արտոնություններ է տրամադրում։ «Իհարկե, այստեղ եւս կան հարցեր, որոնց շուրջ կարելի է բանակցել Վրաստանի հետ։ Դա չի նշանակում, որ մենք պետք է մեր մյուս հարեւանին աչքաթող անենք,–ասաց Տ. Սիմոնյանը, ապա շարունակեց,–Ծովով ապրանքներ փոխանակելը, բեռնափոխադրումներ կազմակերպելը շատ ավելի էժան եւ մատչելի են։ Եթե ծով չես ունենում, ներքին շուկայում ապրանքների արժեքը բարձր է լինում, իսկ Հայաստանը գրեթե 30 տարի շրջափակման մեջ է։ Մեր ապրանքների մեծ մասը թանկ են, որովհետեւ դրսից ցամաքով են բերվում, վառելիք է օգտագործվում, ինչն էլ բարձրացնում է ապրանքի արժեքը»։
Պատմությունը հուշում է, որ հայ վաճառականներն ակտիվ առեւտուր են իրականացրել տարբեր երկրների հետ՝ հանդիսանալով ծովային առեւտրի առաջատարներից։ Մեր ծովային առեւտուրը զարգացման գագաթնակետին է հասել երկու պատմական փուլերում։ 13—14—րդ դարերում Կիլիկյան Հայաստանի ժամանակաշրջանում առաջամարտիկներից էինք «lex mercatoria» կոչվող առեւտրային իրավունքի մասով։ Մասնավորապես, Ջենովայի, Վենետիկի հետ հարաբերություններում Կիլիկյան Հայաստանը մեծ ներդրում է ունեցել միջազգային սովորութային իրավունքի զարգացման մեջ։ Հայկական նավերը ճանապարհորդել են ամբողջ միջերկրածովյան ավազանում՝ օգտագործելով նաեւ միջազգային մասնավոր իրավունքի տված հնարավորությունները։
Մյուս պատմական փուլը հնդկահայ գաղութի շրջանակներում ունեցած լայն առեւտրային հարաբերություններն էին թե ցամաքային եւ թե ծովային առեւտրի տեսանկյունից։ Բարձր է եղել հայ առեւտրականների հռչակը հատկապես 17—18—րդ դարերում։ «Նրանք օգտվել են ծովային առեւտրային իրավունքի ընձեռած հնարավորություններից։ Հայ վաճառականները միակն էին, որոնք մաքսային արտոնություններ ունեին Հնդկաստանում, Պարսկաստանում, Օսմանյան կայսրությունում եւ եվրոպական պետություններում, ինչն ակնհայտ լավ պայմաններ էր ապահովում մրցակցային ասպարեզում։ Անգլիացիները կարողացան Հնդկաստանում իրենց դերն ու նշանակությունն ընդգծել բացառապես հայկական գործոնը չեզոքացնելու միջոցով, հակառակ դեպքում չէին կարողանա Հնդկաստանում առեւտրային հաղթանակներ գրանցել»,–մանրամասնեց նա։
Դեռեւս 2010 թ. Տարոն Սիմոնյանը միջազգային իրավունքի մի խումբ մասնագետների հետ, որոնց թվում են եղել այսօրվա ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՄԻԵԴ—ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը եւ ուրիշներ, հիմնադրել են միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը (2013—16 թթ. կենտրոնի տնօրենն է եղել)։ Կենտրոնի մասնագետների կողմից այդ տարիներին իրականացվել են բավականին խոր հետազոտություններ, որոնք կարող են այսօր էլ օգտագործվել արտաքին քաղաքականությունը մշակողների կողմից։ «Միջազգային իրավունքի բնագավառում մենք լավ դպրոց ենք ունեցել, պարզապես, վերջին հինգ տարիներին այն անկում է ապրում, որովհետեւ այն լավ մասնագետները, որոնք խորացել էին միջազգային իրավունքի բնագավառում, չռեալիզացվելով Հայաստանում, այլ աշխատանքի են գնացել՝ կամ քաղաքացիական իրավունքի, կամ մասնավոր իրավունքի ուղղությամբ, կամ էլ երկրից դուրս են եկել։ Ցավոք, այսօր այդ ռեսուրսը նպատակային չի օգտագործվում»,–ասաց զրուցակիցս։ Տ. Սիմոնյանը հույս հայտնեց, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի արձագանքից հետո այս ուղղությամբ աշխատանքներ կսկսվեն, եւ առաջիկայում արտաքին գերատեսչությունում միջազգային իրավական հարցերով զբաղվող մասնագետ կունենանք, լավագույն դեպքում՝ փոխնախարարի մակարդակով, ինչը թույլ կտա ուժեղացնել այդ թեւը եւ օգտագործել միջազգային իրավունքի տված բոլոր հնարավորությունները։
Այսպիսով, Հայաստանի համար հրամայական է դառնում ներմայրցամաքային կամ այլ կերպ ասած՝ դեպի ծով ելք չունեցող երկրների հիմնախնդիրների լուծմանն ուղղված կոնվենցիաների երկրի տնտեսական զարգացմանն ուղղված ակտիվ քայլերի իրականացումը։

04-02-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO