Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ԼՂՀ


Թե ինչու տխուր լարով հնչեցվեց հրաժեշտի մեղեդին…

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կանգնել եմ ահա սեւ ժապավենով երիզված մեծադիր լուսանկարիդ առաջ եւ ինձ մեղավոր եմ զգում անզոր գտնվելուս համար։ Երազկոտ, թախծոտ հայացքդ անվերջ սղոցում է սիրտս։ Ու անցած օրերի հուշերը հանգիստ չեն տալիս։ Հավատալ չի լինում։ Կյանքում քեզ միշտ կենսուրախ ու ժպտադեմ եմ տեսել, Ռոմա, սիրելիս։ Այդ երբվանի՞ց ես այդպես «ինքնամփոփ» դարձել։
Չնայած մանկությունդ Բաքվում է անցել, սակայն ինքդ էիր հաճախ խոստովանում՝ օտար ու գորշ շրջապատում էիր միշտ քեզ զգում, «փշերի վրա»։ Եվ ափսոսում էիր անցկացրածդ տարիների համար։ «Գոնե մի կարգին օդ լիներ՝ շնչեինք։ Անարդարություններն ու անօրինականություններն այնքան շատ էին, որ շնչահեղձ էինք լինում։ Յուրաքանչյուր քայլափոխի վիրավորում էին մեր ազգային արժանապատվությունը։ Հատկապես վերջին տարիներին քողարկված արշավանք էր սկսվել հայերիս դեմ։ Մի քիչ էլ որ շարունակվեր, կեղծ եղբայրություն ու բարեկամություն հորջորջող ադրբեջանական իշխանությունները, հավանաբար, մեզ կարգելեին մայրենի լեզվով խոսել… Հայերի հանդեպ թշնամանքն այնքան էր խորացել, որ եղեռնի հոտ էր փչում…»,–զրույցի ժամանակ մի առիթով դառնացած պատմել էիր դու։
Մանկությանդ ու պատանեկությանդ տարիներին հաճախ էիր ծնողներիդ ծննդավայրը գնում, ուր ամեն ինչ հոգեհարազատ էր դարձել քեզ։ Դպրոցական արձակուրդների օրերին, հատկապես՝ ամռանը, գյուղ էիր գալիս, ու պապենական օջախում այնպես հպարտ եւ ուրախ էիր զգում քեզ։ Ամենուր հարազատներով ու բարեկամներով էիր շրջապատված, իսկ գյուղի տղերքի հետ ընկերությունն այնքան հաճելի էր ու հիշողություններով լի, որ արձակուրդներն ավարտվելուց երբեք չէիր ուզում նրանցից բաժանվել ու միշտ արցունքախառն աչքերով էիր հրաժեշտ տալիս նրանց։ Մանկությանդ արահետների կանչը քեզ հանգիստ չէր տալիս, եւ հեռվից այնպես շատ էիր կարոտում լեռան ծերին ծվարած քո փոքրիկ գյուղին ու նրա մարդկանց, զարմանահրաշ ու խորհրդավոր բնությանը, գետափին փռված պապենական մեղրածոր այգիներին…
Տարիները սահեցին արագ։ Դպրոցն ավարտելուց հետո զինծառայության մեկնեցիր ԽՍՀՄ բանակ։ Ու երբ տուն վերադարձար տնովի ուրախանալու առիթը չունեցար, որովհետեւ տխուր—տրտում տեսար ծնողներիդ ու հարազատներիդ։ Սումգայիթում հայերի ջարդ էր կազմակերպվել։ Խժդժություններ էին տեղի ունենում նաեւ Բաքվում։ Ցեղասպանությունը սպառնում էր նաեւ այստեղ։ Ու հայրդ՝ Էդուարդ Ավետիսյանը, չէր կարող իր ընտանիքը հանձնել բախտի քմահաճույքին։ Որոշումը հաստատ էր ու վճռական՝ յուրովի արձագանքել արցախյան շարժմանը, վերադառնալ ծննդավայր ու շենացնել հայրական օջախը։
Հապաղելը վտանգավոր էր։ Շատ չանցած՝ ընտանիքով հանգրվան գտաք հարազատ լեռնաշխարհում։ Աշխատող ձեռքի պակաս էր զգացվում տնտեսությունում։ Հայրդ որոշեց անասնապահական ֆերմա գնալ, իսկ դու նախընտրեցիր քո՝ շինարարի մասնագիտությունը։ Թվում էր, ամեն ինչ իր հունով էր ընթանում։ Ավաղ, երկար չտեւեց անդորրը։ Մութ ամպեր կուտակվեցին հայրենիքի վրա։ Եվ կռիվ ու արյուն եղավ նաեւ հայրենի Արցախում։ Թուրքը մեր լեռնաշխարհը խուժեց ու ոռնաց. «Այս հողը իմն է, պիտի ազատեք, թե չէ զոռով կստիպենք…»։ Եվ նա փորձեց զենքի ուժով հայաթափ անել հինավուրց հողդ։ Շահումյանից, Մարտակերտի, Հադրութի շրջանների սահմանամերձ բնակավայրերից ահաբեկվեցին կանայք, ծերերն ու երեխաները։ Ու հարյուրավոր ընտանիքներ բռնեցին բռնագաղթի ճամփան, որոնց մի զգալի մասն օթեւան գտավ Ստեփանակերտում։ Տեսար հրապարակում, մայթերին կուչ եկած կիսաքաղց ու թախծոտ, արտասվող մանուկներին ու… սիրտդ չդիմացավ, Ռոմա։ Ընկերներիդ հետ մոտեցար ու տուն տարար նրանց (այն ժամանակ ընտանիքով դեռ հանրակացարանում էիք բնակվում)՝ փորձելով մխիթարել, փոքր—ինչ թեթեւացնել նրանց վիշտը։
Որպես կամավորական՝ նախընտրել էիր «հանգրվանել» Ասկերանի շրջանի պաշտպանական գնդում։ Հետախույզի պատվավոր, համարձակ պարտականությունն էր «գայթակղել» քեզ։ Եվ դու սիրով էիր հանձն առել այն կատարել։ Մարտական հանձնարարություն էիր ստացել՝ հակառակորդի ուժերի տեղաբաշխման ու ռազմական տեխնիկայի մասին տվյալներ բերել։ Ամենաբարդ ու դժվարին իրավիճակներում կարողանում էիր արագ կողմնորոշվել։ Քո քաջության ու համարձակության մասին լավ գիտեին գումարտակում։ Ամեն անգամ «սուսիկ—փուսիկ» անցնելով թշնամու կողմը, վերադառնալուց աշխատում էիր անպայման մեկ—երկու «կենդանի լեզու» բերել հետդ։
Ու մի օր էլ, երբ հանձնարարությունդ կատարելիս հայտնվել էիր թշնամու կրակակետում, կարողացար ոչ միայն ծածուկ դուրս պրծնել ծուղակից, այլեւ քեզ հետ գերի վերցնել երեք ասկյարի։ Որտեղից որտեղ թուրք սպայի զինվորական հագուստ էիր ձեռք գցել։ Կեսգիշերին հագած—կապած հայտնվել էիր հակառակորդի խրամատում։ Պահակակետում ննջող ազերիներին արթնացրիր ու սկսեցիր վարժ թուրքերենով հայհոյել ու անիծել։ Նրանք հանկարծակիի եկան եւ աղաչեցին հրամանատարին չհայտնել։ Ու, մինչեւ կսթափվեին, դու ճարպկությամբ զինաթափեցիր նրանց ու քշեցիր մերոնց կողմը։ Երկար ժամանակ ընկերներդ հարցուփորձ էին անում ու խնդրում մանրամասն պատմել իրողության մասին, իսկ դու, որ անքուն էիր ու հոգնած, շատախոսությունից խուսափելու համար կատակով պատասխանեցիր. «Հետաքրքիր մարդիկ եք, այդ ոչխարներին թողած՝ ինձ եք հարցնո՞ւմ…»։ Տղաները կուշտ ծիծաղեցին եւ վերջապես հանգիստ թողեցին քեզ։
Դու մասնակցեցիր Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջանների մի շարք բնակավայրերի համար մղված կռիվներին ու միշտ անվրեպ էիր։ Չլդրան գյուղի ազատագրման ժամանակ, երբ վիրավորվել էիր, գնդացիրը չլքեցիր այնքան ժամանակ, մինչեւ արժանի փոխարինող ուղարկեցին։ Վերքերդ դեռ կարգին չէին ապաքինվել։ Որքան էլ մայրդ՝ Վալերյան, աղերսում էր գոնե մի քանի օր էլ մնալ՝ մինչեւ լրիվ ապաքինվես, դու անզիջում էիր. «Մամ, բա եղա՞վ։ Ընկերներս այնտեղ արյուն են տալիս, իսկ ես հանգիստ պառկե՞մ։ Մարդիկ ի՞նչ կասեն։ Չէ, ես գլուխ պահողներից չեմ։ Իմ տեղը մարտադաշտում է…»։
Հաջորդ օրը դու պետք է մեկնեիր։ Երեկոյան մորդ խնդրեցիր եղած—չեղածից տղերքի համար ուտելիք դնել։ Ապա երկար ժամանակ ձեռքդ էիր առել լուսանկարների ալբոմն ու չէիր բաժանվում։ Ասես կարոտդ առնել էիր ուզում բոլորից։ Մինչեւ կեսգիշեր նվագեցիր կիթառդ ու թախծոտ երգեցիր։ Մայրդ արցունքախառն աչքերով մոտեցավ, համբուրեց ճակատդ ու խնդրեց քնել. «Մեղք ես, Ռոմա, գնա աչք փակիր, առավոտյան շուտ ես ելնելու»։ Իսկ դու շրջվեցիր ու թե. «Մամ, ինչո՞ւ ես մտատանջվում, շուտով կռիվը կավարտվի, ու ամեն ինչ լավ կլինի։ Մի քիչ էլ համբերիր՝ ամառը հարս եմ բերելու տուն…»։ Մայրդ արցունքների միջից ժպտաց ու ասաց. «Մաման քեզ էլ մատաղ, հարսնացուիդ էլ… Հավատա՞մ, որ քո խոսքի տերն ես լինելու»։ Դու լուռ գլխով արիր։
Լուսադեմին տնովի արդեն ոտքի վրա էիք։ Սիրալիր փարվեցիր մորդ։ Հետո հորդ հետ պինդ գրկախառնվեցիր եւ ուսապարկդ մեջքիդ առնելով՝ արագ դուրս թռար տնից։ Երբեք այդպես հրաժեշտ չէիր տվել ծնողներիդ։ Ռոմա, քեզ ի՞նչ էր պատահել…
Հետո ավելի թեժ ու վճռական կռիվներ եղան։ Նոր հաղթանակներ տոնեցիր ընկերներիդ հետ։ Մասնակցեցիր Աղդամի, Ֆիզուլու, Ջաբրայիլի կրակակետերի լռեցմանը։ Մի քանի օր հետո խուճապահար թշնամին ստիպված զինադադար պետք է կնքեր արցախյան կողմի հետ։ Սակայն ճակատագիրն անողոք էր։ 1994—ի ապրիլի 14—ին Գյուլիջայի մոտակայքում թշնամու դեմ մղվող ահեղ մարտերից մեկում դու մահացու վիրավորվեցիր։ Ու պարտությունից ծարաված թուրքը՝ արյան ծարավ, քո եւ ընկերներիդ դիակները գերի տարավ՝ հոշոտելու։ Ցնցող լուրը շուտով գյուղ հասավ։ Անսահման խորն էր վիշտը հարազատներիդ։ Գիշեր—ցերեկ մորդ աչքերի արտասուքը չէր ցամաքում։ Հավատը չկորցնելով՝ հայրդ շարունակում էր քեզ փնտրել։ Ուղիղ մեկ ամիս հետո միայն մերոնց հաջողվեց գերու հետ փոխանակել ու ազերիներից ստանալ քո եւ նահատակված մյուս երեք ընկերներիդ խոշտանգված դիակները։ Ու առաջին անգամ դու, որ բնավորությամբ այնքան մարդամոտ, կենսուրախ եւ կատակասեր էիր, անխոս ու մոլոր հայտնվեցիր քո հայրական օջախում։
Այդ ի՞նչ արիր, Ռոմա, տխուր լարով, իմ կիթառահար բարեկամ, ինչո՞ւ այդքան թախծոտ հնչեցրիր հրաժեշտի քո մեղեդին…
Ստեփանակերտ

Հ. Գ. Ռոմա Ավետիսյանի կիթառը՝ նրա անձնական իրերի եւ մյուս մասունքների հետ, պահվում է Արցախի զոհված ազատամարտիկների թանգարանում։

06-02-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO