Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Բնաշխարհիկ եւ տարաշխարհիկ բանաստեղծը

«Հայր Ղեւոնդ Ալիշանը դարուս հայկական հանճարի ներկայացուցիչն է»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Հայ գրականությունը,— գրում է Հովհաննես Թումանյանը,— կարելի է երկուսի բաժանել—բնաշխարհիկ եւ տարաշխարհիկ, առաջինն այն է, որ ծնվում եւ սնվում է մայրենի հողի վրա, մայրենի միջավայրում։ Երկրորդն այն է, որ կտրված հայրենիքից՝ զարգանում է օտար երկնքի տակ—հայ գաղութներում. նկատվել է, որ այդ վերջինները հայրենասիրության միշտ մեծ կորով են երեւան բերում, օրինակ՝ Ալիշանը»։ Հիրավի, Մխիթարյան միաբանությունը գաղթօջախներում գործող հայ հոգեւոր—մշակութային, «տարաշխարհիկ» կենտրոններից մեկի փառավոր դրսեւորումն է։ Եվ դա էլ ավելի արժեւորելի է, որովհետեւ միաբանությունն, ի վերջո, հոգեւոր—կրոնական, իր տեսակի մեջ եզակի կազմակերպություն էր, սակայն հանգամանքների բերումով մեծագույն ծառայություններ մատուցեց նաեւ «աշխարհիկ մշակույթին»՝ պարագծելով եւ ուղեցույց լինելով կյանքի ամենաբազմազան՝ գրականության, հայագիտության, պատմագրության, աշխարհագրության, երկրագործության եւ այլ ոլորտներում։.
Ղեւոնդ Ալիշանը եղավ «Բազմավեպի» երկրորդ խմբագիրը (1848—1851)։ «Պիտի հեղինակե ամեն Մխիթարյանի նման, խառն ու անընդմեջ։ Տպված թուղթը, այսօրվան պես խոտելի ապրանք մը չէ 1850—ին։ Պոլիսը, հռովմեադավան շրջանակները գավառական կեդրոններուն, կրոնական բախումները, ազատագրական—իմաստի—շարժումները, Զարթոնքի Սերունդին զույգ թեւերուն ստեղծած հուզումները, մեր խեղճ մոռացումին մեջ պատճառներ՝ որպեսզի թուղթը բարձրանա արժեքի։ Ալիշան խմբագիր Բազմավեպի։ Ալիշան տեսուչ վարժարանի։ Ալիշան այցորդ՝ եվրոպական մեծ քաղաքներու մատենադարաններուն, որպեսզի մաղե հոն կարելի փշրանքներ, ձեռագիր թե վաղուց տպագրված, բայց մոռցված հիշատակարաններե, ճարելու համար ատաղձներ իր գործին, որ տակավ նկարագիր կստանա իր մտքին մեջ։ —Ատիկա հայագիտություն է, բառին մեջ ընդունելով հարակից բոլոր ուսումներու տարրերը։ Ալիշան հրատարակիչ՝ կորսվելու սահմանված պատառիկներու... որոնց պատմական ինչպես բանասիրական արժեքները կկրկնավորեն գրական ալ շահեկանությամբ մը... Մեր նախնյաց բոլոր ժառանգությունը անիկա ոչ թե փոխադրած է իր ուղեղը, այլ հալեցուցած անոր բջիջներուն ներսը»,— Ալիշանի կյանքն ու գործը համառոտ այսպես է բնութագրում արեւմտահայ գրող, գրականության նշանավոր պատմաբան Հակոբ Օշականը։
Ղեւոնդ Ալիշանը (Քերովբե Ալիշանյան Պետրոս—Մարգարի) ծնվել է 1820 թ. հուլիսի 6—ին, Կոստանդնապոլիսում, դրամագետ—հնագետի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը քաղաքի Չալըխյան վարժարանում (1830—1832) ստանալուց հետո ուսումը շարունակում է Վենիտիկի Մխիթարյանների դպրոցում (1832—1841)։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատում է Ռափայելյան վարժարանում որպես ուսուցիչ (1841—1850, ապա՝ 1866—72), իսկ 1948—ից՝ տեսուչ, 1859—61 թթ. Փարիզի Մուրատյան վարժարանի ուսուցիչ։ 1872—ից վերջնականապես թողնում է մանկավարժական աշխատանքը եւ լիովին նվիրվում գիտական գործունեության։ 1886—ին դառնում է Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր, Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ եւ դոկտոր, անդամակցում է իտալական եւ ռուսական գիտական ընկերություններին։
Ալիշանը գրական ասպարեզ է մտնում որպես բանաստեղծ։ Առաջին գործերը գրված են գրաբարով եւ շարունակելով Մխիթարյանների ավանդները, թեմաներով դրանք կրոնական են, զանազան հոբելյանների եւ տոների առիթով գրված գործեր։ Ազգային ինքնագիտակցության զարթոնքի շրջանում, երբ ժողովրդի ազատագրության գաղափարը նոր մարմնավորում է ստանում, արձագանքելով իրականությանը՝ նրա ստեղծագործությունը հարստանում է արդիական բովանդակությամբ։ Այս գործերը արդեն գրված են արեւմտահայ աշխարհաբարով։ Այստեղ խոսքը շատ ավելի այլաբանական բնույթ ունի, քանի որ նա դիմում է ոչ թե ժամանակակից իրադարձություններին, այլ պատմական անցյալին, որի հերոսական դրվագների օրինակով փորձում է քաջալերել ազգի նվիրյալներին։ 1847—60 թթ. «Բազմավեպում» Նահապետ ստորագրությամբ Ալիշանը հրապարակում է բազմաթիվ բանաստեղծություններ եւ պոեմներ։ Հենց այս գործերի առիթով է Մ. Նալբանդյանը, որ, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ չէր Մխիթարյանների հանդեպ, գրում. «Չենք մոռացած «Նահապետ» ստորագրությամբ Հ. Ղեւոնդ Ալիշանյանց արժանավոր վարդապետի հրատարակած հոյակապ քերթվածքը՝ «Պլպուլն Ավարայրի», «Հայոց աշխարհիկ» եւ մյուս բոլոր աշխարհաբար ոտանավորքը...չափաբերական քերթվածոց մեջ արժանավոր վարդապետը ախոյան չունի»։ Ալիշանի մասին մեծ պատկառանքով է խոսում Ղազարոս Աղայանը. «Հայր Ղեւոնդ Ալիշանը դարուս հայկական հանճարի ներկայացուցիչն է։ Իբրեւ բանաստեղծ բոլոր բանաստեղծների նահապետը»,— գրում է նա։ Նրա իսկ բանաստեղծությունների չափաբերությամբ Ալիշանի մահը այսպես է ողբում ամենայն հայոց բանաստեղծը՝
Այլ ես շանթահար ապշիմ վշտակոծ,
Թե ինչպես ընկավ Նահապետն հայոց։
Հիրավի, որպես հիմնադիր նոր բանաստեղծության, ինչպես գրում է ակադեմիկոս Ս. Սարինյանը «...նա նույն դերը կատարեց, ինչ Աբովյանի «Վերք Հայաստանին» հայ վեպի զարգացման գործում»։ «Բնության ընկալման փիլիսոփայական խորհումների, հայրենասիրական պաթոսի շռայլ հարստությունը, բանաստեղծական պատկերի լիությունն ու երեւակայության թռիչքը ոգեշնչել են ոչ միայն Պեշիկթաշլյանին ու Դուրյանին, Պատկանյանին ու Շահազիզին, այլեւ թելեր են ձգել մինչեւ Թումանյանի ու Իսահակյանի, Վարուժանի ու Սիամանթոյի պոետական մտապատկերները,— շարունակում է գրականագետը,—...Ալիշանի պոեզիան ե՛ւ ավարտ է, ե՛ւ սկիզբ. ինչպես Թումանյանը սինթեզեց XIX դարի հայ պոեզիայի գեղարվեստական ու փիլիսոփայական հարստությունը՝ սկսած Ալիշանից, նույնպես եւ Ալիշանը սինթեզեց հին եւ միջնադարյան հայ բանաստեղծությունը՝ հասցնելով այն որակական մի նոր աստիճանի»,–եզրակացնում է գրականության պատմաբանը։ Ավելին, նրա ստեղծագործությունը պատկերային, հոգեւոր—իմացական շարունակություն է ստանում նաեւ նորագույն պոեզիայում։ Ինչո՞վ ալիշանյանական չէ Ե. Չարենցի «Էլեգիա, գրված Վենետիկում» պոեմի սկիզբը՝
Տեսի երկիրը ես Իտալիո,
Եվ Վենետիկը, եւ գոնդոլներ...
Ալիշանի բանաստեղծության «հետքը» նկատելի է նաեւ Աշոտ Ավդալյանի եւ Հակոբ Մովսեսի ստեղծագործություններում։ Ալիշանին են հիշեցնում վերջինիս «Ռեքվիեմի» հետեւյալ տողերը՝
Աստղն է լուռ գիշերվա մեջ,
փայլփլում են մարգ եւ ածու,
եւ ջրերի վրա մաքուր
օրորվում է տունն Աստծո...
Ալիշանը բանաստեղծություններ գրեց շուրջ մեկ տասնամյակ (1840—1852), որոնք նա ամփոփեց «Նուագք» հինգհատորյա ժողովածուի մեջ («Մանկունի», «Մաղթունի» եւ «Բնունի», «Հայրունի», «Տերունի», «Տխրունի»)։ Այս ժողովածուներից իր հայրենասիրական խրոխտ շեշտադրությամբ առանձնանում է հատկապես երրորդ հատորը՝ «Հայրունին»։
Շարունակելի

07-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO