Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները

Բարդացնում են Սիրիայում ստեղծված իրավիճակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Սիրիայում իրավիճակը սրվելու միտումը պահպանվում է։ Թուրքիայի նախագահ Էրդողանը փետրվարի 5—ին Սիրիայի կառավարությանը վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով այս ամսվա ընթացքում զորքերը դուրս բերել սեփական երկրի Իդլիբ նահանգից։ Թուրքիան նպատակամղված է այն իր ազդեցության գոտի դարձնել, այլպես սպառնում է ռազմական գործողություններով։ Դամասկոսն իր հերթին հայտարարել է, թե ցանկացած ոտնձգություն երկրի հանդեպ անպատասխան չի մնա։ Էրդողանը նաեւ խոսել է «Սիրիայում նոր ժամանակաշրջանի սկզբի մասին»։
Նույն օրը ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիայի եւ Սիրիայի զինված ուժերի միջեւ բախումները խիստ մտահոգիչ հայտարարելով, շեշտել է, որ շուրջ 9—ամյա հակամարտություններն այդ երկրում ռազմական լուծում չունեն։ Փետրվարի 3—ին թուրք—սիրիական ռազմական բախումների հետեւանքով զոհվել է 6 թուրք եւ, ըստ թուրքական աղբյուրների, շուրջ 35 սիրիացի զինվոր։ Թուրքիայի հարեւանությամբ գտնվող Իդլիբը վերջին նահանգն է, որը դեռեւս ընդդիմության վերահսկողության տակ է։ Նշենք, որ պայմանավորվածության համաձայն՝ այլ շրջաններից ահաբեկիչներն ու ընդդիմադիր այլ ուժեր տեղափոխվել են այստեղ, ինչի հետեւանքով, նախապատերազմական շրջանի համեմատությամբ, Իդլիբի բնակչությունը 3 անգամ աճելով՝ կազմել է 3 միլիոն։ Այս նահանգի շուրջ 70 տոկոսը վերահսկում է «Թահրիր ալ Շամ» (նախկին «Ալ Նոսրա») ահաբեկչական կազմակերպությունը, որոշ հատվածներ էլ՝ «Ալ Կայիդայի» մասնաճյուղ «Ջեյշ ալ Իզարը», եւ մասամբ էլ՝ թուրքամետ ուժերի «Ազգային ազատագրական ճակատ» կոալիցիան։
Անդրադառնալով Իդլիբի հարցին, նշենք, որ 2017 թ. հունվարին Սիրիայում, թերեւս, ոչ համընթաց շահեր ունեցող Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Աստանայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում համաձայնության եկան Սիրիայի 4 նահանգում «բախումնազերծ» գոտի հայտարարելու եւ հակամարտ ուժերի միջեւ բախումները կասեցնելու շուրջ։ Հետագայում 3 նահանգն անցան իշխանական ուժերի վերահսկողության տակ, իսկ Թուրքիայի սահմանակից Իդլիբ նահանգի վերահսկողությունը հանձնարարված էր Անկարային։ 2018 թ. օգոստոսին Սիրիայի բանակը ձեռնամուխ եղավ վերահսկողություն սահմանելու նաեւ Իդլիբի վրա, ինչին աջակցում էր Ռուսաստանի օդուժը։ Հանգամանք, որի պատճառով լուրջ տարաձայնություն առաջացավ Աստանայի գործընթացի երկրների միջեւ. Թուրքիան պահանջում էր դադարեցնել ռազմական գործողությունները։ Խնդիրը լուծելու նպատակով 2018 թ. սեպտեմբերի 7—ին Թեհրանում գումարվեց Ռուսաստան—Իրան—Թուրքիա գագաթնաժողով, որը, թերեւս, անհաջողության մատնվեց։ Ուստի սեպտեմբերի 17—ին Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին հանդիպեցին։ Կողմերի միջեւ համաձայնություն ձեռք բերվեց Իդլիբում իշխանությունների եւ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքների միջեւ 15 կմ խորությամբ ու 20 կմ լայնությամբ անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ, ինչը ողջունեց նաեւ Արեւմուտքը։
Պայմանավորվածության համաձայն՝ մինչեւ հոկտեմբերի 15—ը ընդդիմադիր ուժերը պետք է հեռանային նշյալ գոտուց։ Սակայն ահաբեկչական «Թահրիր ալ Շամը» հայտարարեց, թե երբեք չի հրաժարվի ջիհադից ու պայքարից, իսկ «Ջեյշ ալ Իզար» խումբը շեշտեց, որ դեմ է թուրք—ռուսական համաձայնությանը։ Գործնականում միայն թուրքամետ ուժերի «Սիրիայի ազգային բանակ» խումբը, որտեղ միավորված են Սիրիայի թուրքմեններն ու սունի, հիմնականում «Մուսուլման եղբայրներին» հարող արաբները, դեմ հանդես չեկավ։ Բայց նրանք եւս համաձայնության պահանջները չկատարեցին։ Այլ խոսքով, թուրքական կողմն առայսօր չի կարողացել կյանքի կոչել ստանձնած պարտավորությունները, ինչի առնչությամբ 2018—2019 թթ. Մոսկվան եւ Անկարան քանիցս բանակցել են Սոչիի պայմանավորվածության հարցի շուրջ, Թուրքիայից պահանջել իրականացնել ստանձնած պարտավորությունները, բայց սայլը տեղից չշարժվեց։ Ուստի Իդլիբի վրա վերահսկողության հարցը մնաց Դամասկոսի օրակարգում, մանավանդ որ այստեղ տեղակայված ահաբեկչական խմբերը մերթընդմերթ հարձակվում էին իշխանության վերահսկողության տարածքների վրա, այդ թվում՝ Հալեպի, ինչը նշանակում է, թե Թուրքիան ի զորու չէ կամ չի ցանկանում «Թահրիր ալ Շամին» սանձահարել։
Միաժամանակ Թուրքիան շեշտում է, թե չի ցանկանում Ռուսաստանի հետ տարաձայնությունները Սիրիայի առնչությամբ ընդլայնել, բայց պահանջում է «ըմբռնումով մոտենալ իր դիրքորոշմանը»։ Ի պատասխան՝ փետրվարի 5—ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռասիյսկայա գազետային» տված հարցազրույցում Անկարայից պահանջել է հավատարիմ մնալ Սոչիի պայմանավորվածություններին, որոնք առայսօր անտեսվել են։ Միաժամանակ նա Թուրքիային մեղադրել է Լիբիայում բախումները սաստկացնելու նպատակով «Թահրիր ալ Շամ» ահաբեկչական կազմակերպության հարյուրավոր անդամների այդ երկիր տեղափոխելու համար։
Սա այն դեպքում, երբ Թուրքիան Ռուսաստանից նաեւ պահանջել է սանձահարել Սիրիայի բանակի ուժերին։ Ավելին, ԱԳ նախարար Չաուշօղլուն շեշտել է, որ Անկարան չի հավատում Մոսկվայի պատճառաբանությանն այս առնչությամբ, թե չի կարող լիովին վերահսկել Դամասկոսը։ Թեեւ թվում է, թե երկու կողմն էլ ներկա դրությամբ, զսպվածություն դրսեւորելով, ձգտում են փոխհարաբերություններում լարվածություն չառաջացնել, սակայն Թուրքիայի՝ նոր ուժեր ու զինտեխնիկա տեղափոխելն Իդլիբ, մասնավորապես, Սարակիբ քաղաք, իրավիճակն էլ ավելի է բարդացնում։ Մանավանդ որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, թե հովանավորում է Թուրքիայի գործողությունները Սիրիայում, ինչը, անշուշտ, որգեւորելու է Էրդողանին։
Մինչդեռ Դամասկոսը վճռական է տրամադրված եւ օր օրի նոր տարածքներ է ազատագրում Իդլիբում։ Մյուս կողմից, բնականաբար, ռազմական գործողությունների պատճառով մեծանում է այն փախստականների թիվը, որոնք դեպի Թուրքիայի սահման են գնում, ինչը խիստ մտահոգում է Անկարային։ Ներկա դրությամբ իդլիբցի փախստականների թիվն ավելի քան 500 հազար է։ Զարգացումների այդօրինակ ընթացքը բացառված չէ, որ Ռուսաստանին դնի այլընտրանքի առջեւ, իսկ այս դեպքում, ամենայն հավանականությամբ, նա գերադասելու է Սիրիային։

07-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO