Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստան—Իսլանդիա հարաբերությունները նոր որակ են ստանում

Իսլանդիայի խորհրդարանականների կողմից մշակվել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Փետրվարի 4—ին Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը՝ Ստոկհոլմ) իր հավատարմագրերը հանձնեց Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին։
ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Արզումանյանն առանձնազրույց է ունեցել նախագահ Յոհաննեսոնի հետ։ Վերջինս ողջունել է Հայաստանի կառավարության՝ Իսլանդիայում ՀՀ առաջին դեսպանի հավատարմագրման որոշումը։ Նախագահի խնդրանքով դեսպանը ներկայացրել է նաեւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաեւ՝ ՀՀ—ԵՄ համագործակցության հեռանկարները։ Քննարկման առարկա է եղել նաեւ Հայաստան—Իսլանդիա երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Իսլանդիայում ՀՀ առաջին դեսպանի նշանակմանը նախորդել էր Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան—Իսլանդիա բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի այցը Ռեյկյավիկ (հունվարի 26—30—ը), մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքներին մասնակցելու եւ Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։
«ՀՀ»—ի հետ զրույցում պատգամավորը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման եւ ճանաչման նպատակով ցուցադրվել է հայտնի ռեժիսոր Ջո Բերլինգերի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» («Intent to destroy։ Death, denial & depiction») փաստավավերագրական ֆիլմը։ Ցուցադրությունը կայացել է Ն. Մկրտչյանի եւ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանի ջանքերի շնորհիվ, որին ներկա են գտնվել մի շարք քաղաքական գործիչներ, մտավորականներ, նաեւ մարդիկ, որոնք հետաքրքրված են Իսլանդիայում Հայոց ցեղասպանության ճանաչմամբ։ Ֆիլմի ցուցադրությանն ու համալսարանում հայ պատգամավորի դասախոսությանը ներկա է գտնվել նաեւ Թուրքիայի պատվո հյուպատոսը։
«Նախկինում այս ուղղությամբ գործուն քայլեր չեն կատարվել ո՛չ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, մասնավորապես՝ Հայաստան—Իսլանդիա բարեկամական խմբի, ո՛չ էլ՝ ԱԳՆ—ի կողմից, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ հաջողությամբ խորհրդարանական դիվանագիտության ընձեռած գործիքակազմով արդյունքներ ենք գրանցել ոչ միայն հանրային եւ գիտական հարթակներում, այլեւ քաղաքական հարթակում»,–ասաց զրուցակիցս՝ նշելով, որ այցի շրջանակներում կարեւոր հանդիպումներ է ունեցել Իսլանդիայի խորհրդարանի՝ Ալթինգի նախագահ Ստեյնգրիմուր Սիգֆուսոնի, ինչպես նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սիգրիդուր Անդերսենի հետ։ Ի դեպ, Ալթինգը համարվոմ է աշխարհի ամենահին խորհրդարաններից մեկը, որը սկսել է գործել 10—րդ դարից։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան—Իսլանդիա բարեկամական խմբի հետագա անելիքների օրակարգային հարցերը, ինչպես օրինակ՝ միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության անհրաժեշտությունը։ Կարեւորվել է նաեւ Իսլանդիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ այդ հարցը շարունակում է մնալ մեր պետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։ Մարգրետ Տրիգվադոտիրի եւ մի խումբ այլ պատգամավորների կողմից մշակվել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ, որը աշնանը կքննարկվի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի լիագումար նիստերի օրակարգ։ Մկրտչյանը նշեց, որ այդ բանաձեւի վրա աշխատած պատգամավորների հետ բավականին լավ հարաբերություններ ունի, եւ նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակելու հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքները։ «Իսլանդիան մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առաջամարտիկներից է։ Հասարակության մեջ կան տարբեր շերտեր, որոնք մարտական են տրամադրված նման հանցագործությունները քննադատելու հարցում եւ պատրաստ են միանալու այն երկրներին եւ կազմակերպություններին, որոնք արդեն իսկ ճանաչել եւ դատապարտել են նման ոճրագործությունները։ Նրանք նույնպես համակարծիք են, որ դա ոչ միայն հայության, այլեւ մարդկության դեմ ուղղված ոճրագործություն էր»,–ասաց նա։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ Բաքվի ջարդերին, դրանց 30—րդ տարելիցին նվիրված՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների խորհրդարանների համատեղ նիստին, ինչպես նաեւ Բաքվի ջարդերին նվիրված համաշխարհային հեղինակություն ունեցող մի քանի տասնյակ գիտնականների բաց նամակին, որին անդրադարձել էր նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը հունվարի 15—ի համարում։
Իսլանդիայի առաջատար «Ֆրետաբլադիդ» լրատվականը հարցազրույց է ունեցել հայ խորհրդարանականի հետ։ Ն. Մկրտչյանը կարեւորեց այն, որ երկրի գլխավոր թերթերից մեկը հստակ դիրքորոշում է հայտնում Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ. «Սա շատ կարեւոր է, եթե հաշվի առնենք, թե ինչպես է Իսլանդիայում որեւէ թեմա դառնում քաղաքական դիսկուրսի առարկա։ Իսկ այդ ճանապարհն անցնում է մեդիայի միջոցով։ Քանի դեռ այն չի մտել մեդիադաշտ, չի քննարկվել եւ դարձել հանրային հետաքրքրության առարկա, շատ դժվար է այն փոխակերպել քաղաքական դիսկուրսի»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամի խոսքով՝ օտարերկրյա քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ բավականին մեծ հետաքրքրվածություն կա Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ։ Նրանք տպավորված են հետխորհրդային տարածքում տեղի ունեցած «թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ»։ Քաղաքական հեղափոխությունից հետո հայտարարվել էր տնտեսական հեղափոխության մասին, որը ենթադրում է նաեւ օտարերկրյա կազմակերպությունների մուտքը Հայաստան։ Այդ նպատակով Ն. Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի առեւտրի պալատի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել է Հայաստան—Իսլանդիա համատեղ տնտեսական ֆորում անցկացնելու հնարավորությունը։
Հաջորդ կարեւոր հանդիպումը առողջապահության ոլորտում նորարար կազմակերպության՝ «Կերեսիս» ընկերության համահիմնադիրի հետ է եղել։ «Ընկերությունը իսլանդական ձկան տեսակից արտադրում է իմպլանտներ, որն օգտագործվում է տարբեր խոցերի, այրվածքային վերքերի, վիրահատական միջամտությունների ժամանակ։ Նորարարական տեխնոլոգիան թույլ է տալիս ձկան իմպլանտը ռեգեներացվի մարդու մաշկի հետ։ Միացյալ Նահանգները եւ եվրոպական մի շարք երկրներ հետաքրքրված են այս նորարարական տեխնոլոգիայով։ Մենք նույնպես հետաքրքրվածություն ունենք այդ կազմակերպությունը Հայաստանում ունենալու եւ հիվանդանոցներից մեկում այդ տեխնոլոգիայի կիրառությունն ապահովելու համար»,–մանրամասնեց զրուցակիցս՝ նշելով, որ առողջապահության նախարարության եւ այդ կազմակերպության միջեւ արդեն կա երկխոսություն։
Իսլանդիայի հետ գիտակրթական ոլորտում համագործակցությունը սկսվել է դեռեւս 2015 թվականից, երբ Ն. Մկրտչյանը հրավիրվել էր Իսլանդիայի պատմության ինստիտուտի տնօրենի կողմից Հայոց ցեղասպանության 100—ամյակի կապակցությամբ դասախոսություն կարդալու համար։ Երկրի գլխավոր թերթը երկու էջանոց ծավալուն հոդվածով անդրադարձել էր դրան, որն արձագանք էր ստացել հասարակության լայն շրջանակների՝ մտավորականների, քաղհասարակության ներկայացուցիչների կողմից։ Իսլանդիայի համալսարանի հետ հետազոտություններ են անցկացվել նաեւ երկու երկրների պատմական առնչությունների, մասնավորապես Իսլանդիայում քրիստոնեության տարածման եւ մեր արքաներից Վարազդատի՝ Իսլանդիայում աքսորվելու մասին։ Այս ուղղությամբ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են։ Պատգամավորը նշեց, որ թեմային անդրադարձ է եղել 2017 թ. Իսլանդիայի համալսարանի հետ համատեղ կազմակերպված միջազգային գիտաժողովի շրջանակներում։ «Ըստ իսլանդական աղբյուրների՝ քրիստոնեությունն իրենց մոտ տարածել են հայերը։ Այդ մասին հիշատակություններ կան իրենց պատմության երեք գլխավոր սկզբնաղբյուրներում։ Դա կարող է հետաքրքիր նյութ դառնալ մշակութային երկխոսություն ծավալելու համար»,–տեղեկացրեց զրուցակիցս։
Անդրադառնալով Իսլանդիայի հայ համայնքին՝ Ն. Մկրտչյանը նշեց, որ այնտեղ ինստիտուցիոնալ առումով կազմակերպված հայ համայնք չկա. «Կան հայեր, նրանց թիվը 20—25 հոգի է, որոնց միջեւ կապը խիստ թույլ է։ Այնտեղ կան 30—40 տարի առաջ գնացած հայեր։ Մեզ հանդիպածները հիմնականում թիֆլիսահայեր էին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ Իսլանդիան փոքր՝ շուրջ 350 հազար բնակչություն ունեցող երկիր է, եւ անգամ այդ փոքրիկ թվով կարելի է մեծ աշխատանք կատարել, եթե ինքնակազմակերպված լինես։ Առհասարակ, փոքր հանրույթ ունեցող հասարակություններում հորիզոնական կապերը բավականին լուրջ դերակատարություն են ունենում»։ Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Իսլանդիայում ՀՀ դեսպանի նշանակումը երկու երկրների միջեւ երկխոսությունն ավելի ինստիտուցիոնալ մակարդակի վրա կբարձրացնի։

07-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO