Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ինչպե՞ս էին ադրբեջանցիները հրկիզում հայկական եկեղեցին, այրում սրբապատկերները

Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել են պետական բարձր մակարդակով

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ բնակչության հանդեպ բռնարարքների գործադրման նոր սկիզբը 1989 թ. հուլիս-օգոստոսից էր։ Դրությունը տագնապալից էր հատկապես Բաքվում, որի 1.794.900 բնակիչներից հայեր էին ավելի քան 200.000-ը։
«Բաքու քաղաքի հատուկ շրջանի պարետ, գեներալ-լեյտենանտ Մ. Կոլեսնիկովի 1989 թ. ապրիլի 16-ի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «...վերջին ժամանակներս քաղաքի որոշ շրջաններում երեւան են եկել առանձին սադրիչներ, որոնք փորձում են բորբոքել կրքերը, երկպառակություններ սերմանել մարդկանց միջեւ եւ միտինգների ու ցույցերի կոչ են անում։ Նման պայմաններում քաղաքում սովորական դարձան հայ բնակիչներին հալածելու, ծեծելու եւ խոշտանգելու դեպքերը։ Փողոց դուրս գալը դառնում էր անհնար»,–մեջբերում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը։
Հայահալած քաղաքականությունը Բաքվում, ըստ նրա, լայն ծավալ ստացավ, երբ 1989 թ. նոյեմբերին քաղաքում հանվեց պարետային ժամը, ինչի հետեւանքով ադրբեջանական խուժանը դեկտեմբերի 25—ին վայրագորեն հարձակվեց Ադրբեջանի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա. «Չկարողանալով ջարդել դուռը՝ հրոսակախումբը եկեղեցի մտավ զանգակատնից, ավտոկռունկների եւ ռազմական այլ տեխնիկայի օգնությամբ, քաղաքի իրավապահների ներկայությամբ։ Գազազած ամբոխը հրկիզեց եկեղեցին, որի հետեւանքով այրվեցին եկեղեցական արժեքավոր գրքեր, սրբապատկերներ եւ կրոնական ամբողջ գույքը։ Ականատեսը վկայում է. «Սարսափելի, անմոռանալի պատկեր։ Հաղթական մռնչոց էր բարձրացել՝ վերեւից թռչում էր այն ամենը, ինչ հնարավոր էր նետել՝ եկեղեցական գրքերը եւ նկարները, խաչերը, սրբապատկերները, ներսից կայծկլտում էին խարույկի բոցերը՝ փորձում էին հրդեհել եկեղեցին»։
Պղծվում եւ ավերվում են նաեւ եկեղեցու բակում թաղված մեծանուն հայագետ, Շամախու հայոց թեմի 1914—1915 թթ. առաջնորդ Կարապետ եպս. Տեր—Մկրտչյանի եւ ազգային—ազատագրական շարժման գործիչ, հայդուկային շարժման առաջին կազմակերպիչներից Բագրատ վրդ. Թավաքալյանի շիրիմները։ Տեղի ունեցած բարբարոսության առիթով Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը դիմում է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր կրոնական գործերի խորհրդի նախագահ Յու. Խրիստորադնովին, որում, Ստեփանյանի հիշատակմամբ, ասվում էր. «Իմ պարտքն եմ համարում Ձեզ հայտնել, որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել հայկական պատմական հուշարձանների ավերումներն ու պղծումներն Ադրբեջանական ԽՍՀ—ում։ Սրտի ցավով հայտնում եմ, որ անցյալ տարվա դեկտեմբերի 25—ին ադրբեջանական ազգության ծայրահեղականները հրկիզել են Բաքու քաղաքի հայկական եկեղեցին, ինչի հետեւանքով ոչնչացվել են եկեղեցական արժեքավոր գրքերը, սրբապատկերները, ամբողջ կրոնական գույքը։ Հայ եկեղեցու եւ հավատացյալների անունից բողոքում ենք այդ սրբապղծության դեմ եւ խնդրում համապատասխան մարմիններից պահանջել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։
Պատմաբանի խոսքով՝ այդ վայրագությանը հաջորդեցին Բաքվի հայերի դեմ 1990 թ. հունվարի 13—19—ը կազմակերպված ջարդերը, որոնք իրենց մեթոդներով հիշեցնում էին 1905—1906 եւ 1918—1920 թթ. կոտորածները. «Սումգայիթում հայերի պետականորեն կազմակերպված սպանդը որպես ցեղասպանություն չդատապարտելու հետեւանքով ադրբեջանական իշխանությունները, իրենց անպատժելիությանը վստահ, 1990 թ. հունվարին իրականացրին նաեւ Բաքվի հայերի ցեղասպանությունը»։ Պատմաբանի խոսքով՝ պետական մակարդակով կազմակերպված հայկական կոտորածները սկսվեցին հունվարի 13—ին՝ Բաքվում յոթանասուն հազարանոց միտինգում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աբդուլրախման Վեզիրովի հակահայ ելույթից հետո, երբ վերջինս հանդիպեց «Ժողովրդական ճակատի» ներկայացուցիչների հետ եւ հայտնեց իր համերաշխությունը հայերի ջարդերի եւ բռնագաղթի ծրագրերի իրականացման գործում. «Միտինգից անմիջապես հետո գազազած ամբոխը, զինված ամենաարդիական զենքերով ու ավանդական յաթաղաններով, խմբերի բաժանվեց եւ բարբարոսության ու վայրագության գծով իրենց նախահայր թուրքերի օրինակով սկսեց գրոհել հայերի բնակարանները։ Ինչպես 1918 թ. սեպտեմբերյան կոտորածների ժամանակ, այնպես էլ 1990 թ., ըստ թաղամասերի ճշտվել էին հայերի բնակության հասցեները»։
Անգլիացի լրագրող Թոմաս դե Վաալի հետ հարցազրույցում «Ժողովրդական ճակատից» հեռացած Ալիզադեն վկայել է. «...ջարդերից մի քանի օր առաջ Ռաշիդ Բեհբութովի փողոցում գտնվող «Ժողովրդական ճակատի» կենտրոնական շենքի մոտ կախված էին հայերի ցուցակները՝ հասցեներով»։ Պատմաբանն ասում է, որ հայերի կոտորածները նախապատրաստված էին, փաստում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի երրորդ նստաշրջանում՝ 1990 թ. փետրվարի 19—ին երկու պալատների համատեղ նիստում ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Վ. Բակատինի ելույթը, որտեղ նշվում է. «Դրանք հանկարծակի բռնկվեցին եւ շատ լավ էին կազմակերպված։ Դա եղավ միտինգից հետո։ Ըստ նախապես բաժանված հասցեների՝ մինչեւ 5 հազար մարդուց բաղկացած ամբոխը գնաց թալանելու եւ սպանելու հայ բնակչությանը»։
«Ադրբեջանական իշխանությունները ոչ միայն անտարբեր չէին, այլեւ հրահրում եւ ընթացք էին տալիս հայերի կոտորածներին։ Ջարդերի ժամանակ միլիցիան համագործակցում էր «ժողովրդական ճակատի» հետ։ Այսպիսով՝ փաստերը հավաստում են, որ Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել են պետական բարձր մակարդակով։ Հայերի ցեղասպանության քաղաքականությունն Ադրբեջանի իշխանությունները որդեգրել էին Թուրքիայից եւ մուսավաթական Ադրբեջանից»,–շեշտում է Գ. Ստեփանյանը։
Շարունակելի

08-02-2020





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO