Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ԱՇԽԱՐՀ


Աստանայի գործընթացը շարունակվելո՞ւ է

Ամենայն հավանականությամբ, Թուրքիան նվազագույն «ձեռքբերումով» է հեռանալու Սիրիայից

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Փետրվարի 10-ին Սիրիայի բանակը շարունակել է Հալեպի նահանգի հարավի ու Իդլիբ նահանգի վրա վերահսկողություն սահմանելու նպատակով ռազմական գործողություններն ընդդեմ ահաբեկչական կազմակերպությունների՝ արձանագրելով լուրջ հաջողություններ։ Նշյալ գործողությունների ընթացքում կրկին զոհվել է 5 թուրք զինվորական, 5—ն էլ վիրավորվել է, ինչին ի պատասխան, ինչպես հայտարարել է Էրդողանը, թիրախ դարձնելով Սիրիայի բանակի 115 դիրք՝ ոչնչացվել են 101 զինվորական, 3 տանկ ու երկու ականանետ, ինչը սիրիական կողմը հերքել է։ Թուրքիայի նախագահը միաժամանակ սպառնացել է, որ եթե հարձակումները շարունակվեն, ապա շատ ավելի դաժան հաշվեհարդար է սպասում այդ երկրին։ Այլ կերպ ասած՝ ներխուժել է հարեւան երկիր՝ ոտնահարելով նրա ինքնիշխանությունը, եւ հովանավորում է ահաբեկչական խմբերին՝ նպատակ ունենալով ապահովել իր ներկայությունն ու ազդեցությունն այդ երկրում։
Եթե Թուրքիան հեռանա՝ չհովանավորելով զինված ահաբեկիչներին, որոնք այդտեղ են կուտակվել նաեւ այլ շրջաններից, բացառված չէ, որ խնդիրն ավելի հեշտ կլուծվի։ Թուրք—սիրիական բախումների ու իրավիճակի սրման առիթով փետրվարի 9—ին Անկարայում ռուս—թուրքական բանակցություններն Իդլիբի առնչությամբ լուրջ ձեռքբերումներ չեն ունեցել, դրանք շարունակվել են նաեւ փետրվարի 11—ին։ Ինչպես նշել էին միջինարեւելյան ԶԼՄ—ները, ենթադրվում էր, որ դրական արդյունքների դեպքում այդ մասին հայտարարելու են երկու երկրների նախագահների հանդիպմանը։ Սակայն փետրվարի 11—ին Ռուսաստանի նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե նախագահների հանդիպման ծրագիր չկա՝ հավելելով, որ նույն օրը երեկոյան հարցի շուրջ տեղի է ունենալու Պուտին—Էրդողան հեռախոսազրույց։ Հատկանշական է նաեւ, որ նախատեսված հեռախոսազրույցի մասին նույն օրը հայտարարել էր նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Չաուշօղլուն։
Մյուս կողմից՝ Սիրիայի ԱԳ նախարարությունը, դիմելով միջազգային հանրությանը, պահանջել է դիրքորոշում հայտնել այդ երկրում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք ոտնահարում են այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպեսեւ միջազգային օրենքներն ու Սոչիի համաձայնությունը։ Հայտարարությունում նշվում է, որ Անկարան այդ գործողություններն իրականացնում է Իդլիբում եւ դրա արվարձաններում, ինչպեսեւ Հալեպի հարավում՝ կտրուկ ավելացնելով զինտեխնիկայի ու զինծառայողների քանակը, թիրախավորելով Սիրիայի բանակի հենակետերը, բնակելի թաղամասերը։ Ըստ ամենայնի, Թուրքիայի ոգեւորությունը, սպառնալիքների տեղատարափը Սիրիայում առավել սանձարձակ գործելու հարցում պայմանավորված են ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությամբ, որը, դատապարտելով Իդլիբի վրա հարձակումը, Ռուսաստանից ու Սիրիայից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Իդլիբի հարցը նաեւ ՆԱՏՕ—ի անդամ երկրների պաշտպանության նախարարների առաջիկա բրյուսելյան հանդիպման օրակարգում է։
Ամենայն հավանականությամբ, Եվրոպային խիստ մտահոգում է փախստականների թվի աճը, ինչին անդրադարձել է նաեւ Ստոլտենբերգը։ Անկարային, թերեւս, գոտեպնդել է նաեւ նախորդ գործողությունները հովանավորելու առնչությամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը։ Ավելին, երեկ Սիրիայի հիմնահարցով ԱՄՆ կառավարության հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին Անկարա է ժամանել եւ, ըստ նախատեսվածի, Իդլիբի ու Սիրիայի վերջին զարգացումների հարցը քննարկելու է ԱԳ փոխնախարար Սադաթ Ույնալի եւ պաշտպանության նախարար Աքար Հուլուսի հետ։ Թերեւս, վերոհիշյալ հայտարարությունները վկայում են այն հովանավորումների մասին, ինչը Անկարան մշտապես պահանջել է իր արեւմտյան դաշնակիցներից՝ քրդերի հարցում, սակայն չի ստացել։ Իսկ այժմ Անկարայի համար Իդլիբում դիրքերն ամրապնդելն է օրախնդիր, ուստի հույս ունի, որ արեւմտյան դաշնակիցների հովանավորությամբ կարող է հաջողություններ ունենալ քրդական հարցում։ Այլ կերպ ասած, թվում է, այժմ Սիրիայի իրավիճակի վերջին սրումը հանգեցրել է նաեւ միջազգային գերտերությունների շահերի բախման։ Հետեւաբար, Թուրքիան զգում է Արեւմուտքի աջակցությունը, առայժմ՝ թերեւս, հայտարարությունների մակարդակով, սակայն չի բացառվում, որ Աստանայի գործընթացի իր դաշնակիցների նկատմամբ պահանջները մեծացնի, ինչը կարող է հանգեցնել դրա փլուզման։
Թեեւ «Թուրքական հոսք» գազատարի գործարկումից հետո շեշտվում էր, թե Մոսկվա —Անկարա փոխհարաբերություններն առավել սերտացել են, ոմանք նույնիսկ դրանք ռազմավարական էին անվանում, սակայն իրականում ե՛ւ Ռուսաստանի ե՛ւ Իրանի հետ Թուրքիայի փոխհարաբերությունների ջերմացումը պետք է մեկնաբանել մարտավարական, շահերի ժամանակավոր համընթացությամբ։ Այսուհանդերձ, թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Թուրքիան զսպվածություն են դրսեւորում, բացահայտ չեն քննադատում միմյանց, սակայն ոչ միայն նրանց շահերի հակասություններն են Սիրիայում աստիճանաբար զգացնել տալիս, այլեւ նրանք հակադիր ճամբարներում են նաեւ Լիբիայում։ Ուստի բացառված չէ, որ Սոչիի պայմանավորվածությունները, ինչպես նաեւ Աստանայի գործընթացն այլեւս լուրջ գործառույթ չունենան Սիրիայի հիմնահարցում։ Այդ դեպքում Ռուսաստանը կանգնելու է Սիրիայի կողքին, ինչը նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, Թուրքիան եթե ոչ ձեռնունայն, ապա նվազագույն «ձեռքբերումով» է հեռանալու Սիրիայից։ Ստեղծված իրավիճակում Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը փետրվարի 10—ին կրկին հայտարարել է, թե պատրաստ է Թուրքիայի ու Սիրիայի միջեւ միջնորդական դեր ստանձնել, սակայն հաշվի առնելով, որ Իրանը լիովին հովանավորում է նախագահ Ասադին, ապա հազիվ թե այդ միջնորդությունն ընդունվի։

13-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO