Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պետությունը քայլեր է անում երկրում էներգախնայողության մակարդակը մեծացնելու ուղղությամբ

Կսահմանվեն սարքերի էներգարդյունավետության պարտադիր չափորոշիչներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Էներգախնայողությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց առաջնային է համարվում ՀՀ կառավարության կողմից։ Ազգային քաղաքականության իրականացման մեջ կարեւոր է պետական սեգմենտի առաջնորդությունը։
Էներգախնայողության խթանմանն էր ուղղված նաեւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը, որը 113 կողմ եւ 2 ձեռնպահ ձայնով երեկ ընդունվեց խորհրդարանի կողմից։ Այն նախատեսում է, որ պետական կարիքների համար ձեռք բերվող էներգասպառող ապրանքատեսակների որոշակի խմբերի սարքերի եւ սարքվածքների ցանկի համար սահմանել էներգարդյունավետության պարտադիր չափորոշիչներ։ Ապրանքային խմբերի ցուցակը եւ էներգախնայողության համար պարտադիր պահանջները սահմանվելու են կառավարության կողմից։
Գործող օրենքով սահմանված էին էներգասպառող սարքերի եւ սարքվածքների շրջանառությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, բայց էներգարդյունավետության բնութագրերի մասով պահանջներ ներառված չէին։ Արդյունքում կարգավորման բացակայության հետեւանքով պետական գնումների համակարգով ձեռք էին բերվում էներգասպառող ապրանքատեսակներ, որոնք խիստ անարդյունավետ էին, իսկ դրանց հետագա շահագործման ընթացքում ծախսած էներգիայի դիմաց վճարումները զգալի վնասներ էին հասցնում պետությանը։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այսուհետ փորձելու են խրախուսել էներգախնայող արդի տեխնոլոգիաները, ինչը կկարեւորվի նաեւ պետական գնումների համակարգի համատեքստում։ Իհարկե, այս ուղղությամբ նկատվող միտումները կարեւոր են, սակայն առկա է նաեւ բավականաչափ չօգտագործված ներուժ։ «Վերականգնվող էներգետիկայի մասով առկա ներուժը դիտարկելիս՝ արեւային օրերի թվաքանակ, հողմային էլեկտրակայանների գեներացում եւ այլն, տեսնում ենք, որ դրանց օգտագործման, կիրառության արդյունքները դեռեւս հեռու են բավարար լինելուց։ Եթե խոսենք թվերի լեզվով, ապա 2019 թ. 2018—ի համեմատ ինչպես արեւային, այնպես էլ հողմային էլեկտրակայանների կողմից արտադրված էներգիայի ծավալներն ավելացել են 1.7 անգամ։ Սա փաստում է, որ ոլորտը զարգանում է, բայց, այդուհանդերձ, եթե նայենք էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ունեցած մասնաբաժինը, ապա չնչին ծավալներ են եւ խրախուսելու տեղ կա»,– մանրամասնեց պատգամավորը։
Որպես պիլոտային ծրագիր Մանուկյանն առաջարկում է մի շարք երկրների օրինակով Երեւանի փոքր կենտրոնում նոր կառուցվող բոլոր շենքերի համար պայման դնել, որպեսզի դրանց կողմից սպառվող էլէներգիայի առնվազն 20 տոկոսը գեներացվի հենց շենքերի կողմից։ Նման մոտեցումը կխրախուսի այս տեխնոլոգիաների զարգացումը, ինչն էլ ազդակ կհանդիսանա ներդրողների համար, որպեսզի իրենց վարքագիծը համապատասխանեցնեն այս ռազմավարությանը եւ ներմուծեն արդի տեխնոլոգիաներ. «Եթե մենք ուզում ենք հնարավորինս մեծացնել մեր երկրի էներգետիկ անվտանգությունը եւ ընդունում ենք, որ դա մեր երկրի գլխավոր ռազմավարական անվտանգային հարցն է, ապա դրա հիմքում պետք է դնենք համապատասխան տեսլական եւ այդ ազդակները փոխանցենք շահառու կողմերին»։
Զրուցակիցս հիշեց, որ երբ ժամանակին պետական գնումների համակարգի մոնիտորինգ էր իրականացնում համայնքներում, ուսումնասիրում էր իրենց պլաններն ու գնումները, ուշագրավն այն էր, որ պլանային գնումների շրջանակներում միաժամանակ ձեռք էին բերում թե հասարակ լամպեր եւ թե արեւային կամ լեդ լամպեր։ Դա վկայում է, որ չէր ցուցաբերվում ռազմավարական մոտեցում. «Կամ մենք գնում ենք դեպի համեմատաբար թանկ, բայց երկարաժամկետ կտրվածքով ավելի շահավետ տարբերակ, կամ էլ՝ կարճաժամկետում գումար ենք խնայում, բայց տուժում երկարաժամկետ առումով։ Սա խնդիր է, որը եւս պետք է լուծում ստանա նաեւ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակներում։ Այս օրինագիծը նախանշում է այն հիմքերը, ինչով կկարողանանք էլ ավելի ինստիտուցիոնալ դարձնել հետագա ռազմավարության իրականացումը։ Սա նաեւ ուղղված կլինի էներգախնայողության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը»։
«Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ—ի գործադիր տնօրեն, էներգարդյունավեության ոլորտի փորձագետ Աստղինե Պասոյանը նկատեց, որ սկզբունքորեն այսօր պետական գնումներով չի արգելվում ձեռք բերել էներգարդյունավետ ապրանքներ, բայց շատ հաճախ նախապատվությունը տրվում է ավելի ցածր գնային առաջարկին։ «Հանրային գնումների գործընթացում շատերը չգիտեն ինչպես կազմակերպել էներգարդյունավետ ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման գործընթացը, ինչպես մշակել տեխնիկական մասնագրեր, իսկ դիմողներն էլ չգիտեն ինչպես ներկայացնել գնային հայտեր, որոնք մրցունակ կլինեն ապրանքի բարձր էներգարդյունավետության պարագայում։ Արդյունքում ցածր էներգարդյունավետություն ունեցող սարքերի ձեռքբերումը հանգեցնում է հետագա անցանկալի ծախսերի շահագործման եւ սպասարկման ծախսերի մասով, որը արդյունքում բերի պետական բյուջեի ավելի մեծ գումարային ծախսերի, քան թվացյալ ավելի թանկ էներգարդունավետ սարքերը։ Այսպիսով կարող ենք փաստել, որ օրենսդրական փոփոխությունը հնարավորություն է տալիս, որպեսզի սարքերի համար արդեն օրենքով ամրագրվեն որոշակի բարձր բնութագրեր, ինչն էլ կապահովի էներգարդյունավետությունը եւ նախապատվությունը չի տրվի ավելի էժան, բայց երկարաժամկետ կտրվածքով ծախսատար տարբերակին։ «Կանաչ գնումները» թվացյալ թանկ գործընթաց է։ Եթե անգամ գնումներ կատարելիս թանկ ենք վճարում, հետագայում այն արդարացնելու է իրեն, երբ սարքը 8—10 տարի շարունակ աշխատելով ավելի քիչ վառելիքի, ինչպես նաեւ պահպանման եւ շահագործման ծախսեր կպահանջի»,–մանրամասնեց փորձագետը։
Հանրային եւ բիզնեսի ոլորտը միասին կազմում են էներգասպառման մոտ 10 տոկոսը։ Մոտավոր տվյալներով՝ ամենամեծը կազմում են բնակելի շենքերը՝ 32 տոկոս, տրանսպորտը՝ 25 տոկոս, արդյունաբերությունը՝ 16—18 տոկոս։ Ներկայումս մշակվում եւ վերջնական փուլում է Հայաստանի էներգետիկ զարգացման երկարաժամկետ ծրագիրը՝ 2020—2036 թթ., ինչպես նաեւ պետք է մշակվի էներգախնայողության նոր ծրագիր։ Պասոյանի խոսքով, այս ոլորտում որպես պետություն ունենք բավականին արտահայտված ռազմավարական դիրքորոշում, այն է՝ խթանել էներգարդյունավետությունը բնակելի շենքերում, արդյունաբերությունում եւ այլն։ Օրենսդրական բազան հարուստ է։
Պետական գնումները սկզբունքորեն Հայաստանի էներգասպառման համախառն ծավալների վրա շատ մեծ ազդեցություն չունեն, այսինքն՝ այստեղ էներգախնայողություն ունենալով չենք կարող ասել, թե կտրուկ բարձրանալու է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը։ Սակայն պետական ոլորտում նման քաղաքականության իրականացումն առաջին հերթին ռազմավարական եւ կրթական բաղադրիչ ունի։ Մի կողմից՝ պետությունն իր օրինակով կիրառում է այն, ինչ քարոզում է, իր հետեւից տանելով մասնավորին, միաժամանակ պետական ոլորտի հետ շփվող սպառողը կրթվում է՝ տեսնելով այն նոր տեխնոլոգիաները, որոնք ներկայացված են պետական կառույցներում։ Մյուս կողմից՝ պետությունը պահանջարկ է ստեղծում ոլորտի այն մատակարարների, ներմուծողների եւ արտադրողների համար, որոնք այսօրվա դրությամբ պայքարում են շուկայի համար։
Էներգախնայողության ոլորտի փորձագետի խոսքով, այս քայլով բարձրանալու է բյուջեի ծախսերի արդյունավետությունը։ «Այսօրվա դրությամբ ունենք 6500 հանրային շենք, որոնց համար պարբերաբար ձեռք են բերվում լամպեր։ Դրանց մոտ 60 տոկոսը շիկացման լամպերն են, որի մեջ մտած էլէներգիայի 96 տոկոսը դառնում է ոչ թե լուսավորություն, այլ՝ ջերմություն։ Հետեւաբար, պետք է հրաժարվել պետբյուջեի գումարներն անարդյունավետ ծախսելուց, որի արդյունքում կունենանք պետական ապարատի պահպանման ծախսերի կասկադային նվազում»,–ամփոփեց Ա. Պասոյանը։

14-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO