Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մտորումներ Հայկական հարցի մասին

Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին

2020 թ. լրանում է Սեւրի պայմանագրի 100-ամյակը։ Համոզված եմ, որ այն համայն հայության կողմից կնշվի ըստ պատշաճի։ Անձամբ կարեւորում եմ ոչ միայն խոշոր միջազգային գիտաժողովի անցկացումը, այլեւ միջոցառումների շարքի կազմակերպումը ողջ տարվա ընթացքում, որոնց հիմնական թիրախը պետք է լինեն երիտասարդները։ Նրանք պետք է պատրաստ լինեն բարենպաստ պայմաններ առաջանալու դեպքում գիտական բարձր մակարդակով եւ ժամանակակից աշխարհին ընկալելի մոտեցումների հիման վրա համաշխարհային դիվանագիտության օրակարգ բերել Հայկական հարցը։ Իսկ որ ոչ այնքան հեռու ապագայում այդպիսի պայմաններ կստեղծվեն, դրանում չեմ կասկածում։ Մերձավոր Արեւելքը, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների իրադարձությունները, մտնում է իր պատմության մի նոր փուլ, որի արդյունքում կբարձրանա այդ երկրների սահմանների վերաձեւման կամ էլ նոր պետությունների առաջացման հարցը, ինչն անխուսափելիորեն կառաջացնի հետաքրքրություն Սեւրի պայմանագրի նկատմամբ, քանի որ այն զգալի չափով նպաստել է ժամանակակից Մերձավոր Արեւելքի քաղաքական քարտեզի ձեւավորմանը։ Դա հնարավորություն կտա արդիականացնելու Հայկական հարցի վերաբերյալ միջազգային քննարկումները։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան։
Հայկական հարցին տրվում են տարաբնույթ բնութագրումներ։ Այսպես, օրինակ, նշվում է, թե Հայկական հարցը ներկա փուլում ենթարկվել է փոփոխությունների եւ հանդես է գալիս որպես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարց։ Գոյություն ունի նաեւ մեկ այլ մոտեցում, համաձայն որի Հայկական հարցն ունի երկու փուլ. առաջինը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման փուլն է, իսկ երկրորդը՝ ցեղասպանության հետեւանքների վերացումը, այսինքն՝ տարածքային պահանջատիրության փուլն է։ Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ ներկայումս հայությունն իր ողջ ուժերը պետք է ներդնի առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու ուղղությամբ, այսինքն՝ պայքարի միայն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար, որի՝ հաջողությամբ ավարտից հետո անցնի ցեղասպանության հետեւանքների վերացման համար պայքարի։
Մեր կարծիքով՝ այս երկու տեսակետն էլ չեն կարող մեր պայքարի ուղենիշներ դառնալ։ Գտնում ենք, որ ինչպես եւ անցյալում, այսօր եւս Հայկական հարցը չի կորցրել իր ավանդական ընկալումը եւ հանդես է գալիս որպես իր պատմական բնօրրանում՝ Հայաստանում, նրա Արեւմտյան ու Արեւելյան հատվածներում, հայ ժողովրդի ապրելու եւ պետականություն ունենալու իրավունքի իրականացում։ Մեր կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայկական հարցի մաս է կազմում, սակայն չի փոխարինում նրան, ոչ էլ պետք է դիտարկվի որպես Հայկական հարցի փուլային լուծման առաջին փուլ։ Կարծում ենք՝ պետք է պայքարել միաժամանակ ե՛ւ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետեւանքների վերացման, ե՛ւ Հայկական հարցի արդարացի լուծման համար։

«Պաշտոնական Թուրքիան» եւ Հայկական հարցը

Հայկական հարցի նկատմամբ Թուրքիայում պաշտոնական տեսակետը ձեւավորվեց հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։ Սկզբում՝ 1920 թ., Հայաստանի դեմ պատերազմի պայմաններում, նա համարում էր, որ Հայաստանը «քաղաքականապես եւ իրապես» պետք է ոչնչացվի։ Երբ չհաջողվեց այդ ծրագիրն իրականացնել, նա հայտարարեց, թե Հայկական հարց այլեւս գոյություն չունի, այն լուծված է Մոսկվայի, Կարսի եւ Լոզանի պայմանագրերով։ Թուրքիայում որպես կրոնական փոքրամասնություն ապրող սակավաթիվ հայերը, ըստ Աթաթուրքի եւ նրա հետնորդների, թուրք են, ուղղակի դավանում են քրիստոնեություն, այսինքն՝ քրիստոնյա թուրքեր են։ Արեւմտյան Հայաստան հասկացությունը հանվեց պաշտոնական շրջանառությունից եւ փոխարինվեց Արեւելյան Անատոլիա անիմաստ բառակապակցությամբ։ Աթաթուրքի ղեկավարությամբ ստեղծված թուրքական պատմական ընկերությունը առաջարկեց Թուրքիայի պատմության աթաթյուրքյան մեկնաբանությունը, որը լռության էր մատնում Հայոց ցեղասպանության թեման։ Այդ մոտեցումը, ըստ էության, շարունակությունն էր երիտթուրքերի հակահայ քաղաքականության եւ նպատակ ուներ ամրագրել Հայոց ցեղասպանության հետեւանքով ձեռք բերված բարենպաստ «արդյունքները»։
Սակայն, հակառակ թուրքերի ջանքերի՝ ամեն կերպ մոռացության տալ Հայկական հարցը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին այն Խորհրդային Միության կողմից վերաբացվեց որպես միջազգային դիվանագիտության հարց, որի լուծումը կնշանակեր Թուրքիայի կողմից հայկական տարածքների մի մասի կորուստ եւ դրանց միացումը Խորհրդային Միությանը։ Իհարկե, Հայկական հարցի խորհրդային մեկնաբանությունը չէր համապատասխանում հայ ժողովրդի դարավոր պահանջներին՝ վերստեղծելու միասնական ազգային պետություն իր բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում, սակայն այն ժամանակաշրջանի քաղաքական իրադրության պայմաններում ընկալվում էր որպես արդարության, թեկուզ՝ մասնակի, վերականգնում։
Թուրքիան, տեսնելով, որ Հայկական հարցը, անկախ իր կամքից, վերաբացվում է, փոխեց մոտեցման շեշտադրումները։ 1946 թ. պաշտոնական հովանավորությամբ հրատարակվեցին երիտթուրքերի պարագլուխներից եւ Հայոց ցեղասպանության գլխավոր նախաձեռնողներից Թալեաթ փաշայի հուշերը՝ աղճատված եւ վերամշակված տեսքով, որտեղ առանձին գլուխ նվիրված էր Հայկական հարցին։ Այն ներկայացվում էր որպես հայերի կողմից Ռուսաստանի աջակցությամբ կազմակերպվող ահաբեկչական գործողություններ օսմանյան Թուրքիայի իշխանությունների դեմ, որոնց ի պատասխան՝ իշխանությունները ստիպված էին տեղահանել հայերին։ Այդ մոտեցումն իր ավարտուն տեսքը ստացավ 1950 թ. հրատարակված «Պատմության մեջ հայերը եւ Հայկական հարցը» ստվարածավալ գրքում, որի հեղինակի՝ Էսաթ Ուրասի (նախկինում երիտթուրքական կուսակցության անդամ, թուրքական գաղտնի ծառայությունների աշխատակից) գործունեության գլխավոր թիրախը Թուրքիայում բնակվող հայերն էին։ Այդ գրքում ձեւակերպվեց Թուրքիայի պաշտոնական տեսակետը Հայկական հարցի վերաբերյալ։ Այսպիսով՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ թուրքական պաշտոնական շրջանակների համար ակնհայտ դարձավ, որ այլեւս հնարավոր չէ քողարկել Հայկական hարցի գոյությունը, փորձ արվեց ներկայացնել այն ոչ թե որպես տարածքային խնդիր, ոչ թե որպես հայ ժողովրդի՝ իր հայրենիքում անկախ պետականություն ունենալու հարց, այլ որպես նրա՝ այսինքն հայ ժողովրդի կողմից ահաբեկչական, հակապետական գործողությունների հետեւանքով թուրքական իշխանությունների կողմից իրականացված միանգամայն «օրինական» տեղահանության հարց։
Թուրքական իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Սեւրի պայմանագիրը, որը նախորդել է Մոսկվայի, Կարսի եւ Լոզանի պայմանագրերին, վաղ թե ուշ, նորից կդրվի սեղանին եւ մեկ անգամ եւս կդառնա միջազգային քննարկումների նյութ, ինչը կարող է հանգեցնել Թուրքիայի կողմից Հայաստանի զգալի մասի բռնակցման խնդրի վերաբացմանը։ Իսկ Հայոց ցեղասպանության խնդիրը հնարավոր է վիճարկել՝ կեղծելով պատմությունը, ներկայացնելով այն որպես «տեղահանություն», ներքաշել վեճի մեջ՝ արդյոք եղե՞լ է, թե՞ չի եղել, պահանջել, որ նորանոր փաստարկներ ի հայտ բերվեն, կոչ անել ստեղծել պատմաբանների համատեղ հանձնախմբեր, որոնք պետք է ուսումնասիրեն այդ հարցը եւ այլն։ Բացի դրանից, միջազգային իրավունքը ներկա փուլում դեռեւս լիարժեք հնարավորություն չի ընձեռում որպես ցեղասպանության հանցագործության հետեւանքների վերացում պահանջել հայոց պետականության վերականգնում այն տարածքի վրա, որտեղ հազարամյակներ շարունակ բնակվում էր հայության հոծ զանգված, որի վրա տեղի են ունեցել նրա ցեղասպանությունն ու հայրենազրկումը։ Երկրորդ աշխարհամարտից հետո մշակված այս գիծը, առանց սկզբունքային փոփոխությունների, թուրքական պաշտոնական շրջանակները շարունակում են վարել մինչ օրս։
Վերջերս Թուրքիայում հրատարակվեց մի ուշագրավ հոդված, որի հեղինակն է Իդրիս Բալը։ Այդ անձնավորությունը ոչ միայն պատմաբան—քաղաքագետ է, այլ նաեւ, ինչպես ժամանակին Էսաթ Ուրասը, ներկայացնում է Թուրքիայի իրավապահ մարմինները։ Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի համար շատ ավելի վտանգավոր է Հայկական հարցը՝ իր դասական ընկալմամբ, քան թե Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության խնդիրը։ Կարծում ենք՝ այս մոտեցումն արտահայտում է «պաշտոնական Թուրքիայի» իրական վախը Հայկական հարցի վերաբացման նկատմամբ։
Իմ այս դատողությունների հասցեատերն առաջին հերթին այսօրվա երիտասարդությունն է։ Անկախության տարիներին ձեւավորվել է եւ արդեն կյանք է մտնում ու Հայաստան երկրի ապագայի համար ստանձնում է պատասխանատվություն լավ կրթություն ստացած երիտասարդ սերունդ։ Նրա շատ ներկայացուցիչներ ի զորու են կողմնորոշվելու ժամանակակից աշխարհի միջազգային հարաբերությունների եւ աշխարհաքաղաքականության բարդ հարցերում։ Չի բացառվում, որ այդ հարցերի շարքում կարդիականանա եւ «ռեալպոլիտիկի» օրակարգի մաս կկազմի նաեւ Հայկական հարցը, ինչպես դա եղավ Երկրորդ աշխարհամարտին հաջորդած տարիներին։ Պետք է պատրաստ լինել դրան։
Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն

29-02-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO