Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.04.2020
ԱՅԼՔ...


«Կխնդրեի մեր մայրերին, որ էկոլոգիական մշակույթը զարգացնեն մեր երիտասարդ սերնդի մեջ»

Բնապահպանությունը բոլորի գործը պետք է լինի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի հետ։
–Դուք նախորդիվ խոսեցիք Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնդրի մասին։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ 1.5 տարի է՝ ձկնաբուծության համար ջրի օգտագործման նոր թույլտվություններ չեն տրվել։ Պարբերաբար իրականացվում են խորքային հորերի փակման, կոնսերվացման եւ չափաբերման աշխատանքներ։ Ըստ Ձեզ, էլ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այս ուղղությամբ։
–Այո, ինչքան ես գիտեմ, աշխատանքներ են տարվել՝ փակելու այն հորերը, որոնցից ջրերն անտեղի հոսում են։ Կարծես վերահսկողությունն էլ է ուժեղացել։ Բայց հիմնական խնդիրները ձկնաբուծարաններն են, նրանք այնպիսի խնայողությամբ պետք է աշխատեն, որ այդ կորուստները չլինեն։
–Ի՞նչ կասեք Երեւանի մասին։ Ինչպիսի՞ն է նրա էկոլոգիական վիճակը։
–Երեւանում շատ խիտ ու հակաէկոլոգիական քաղաքաշինություն է իրականացվել անկախության տարիներին։ Որտեղ կանաչ տարածք կա, մտել ու կառուցապատել են։ Մի հարցով դիմել ենք քաղաքապետարան եւ ստացել պատասխանը, որ հիմա փորձում են ավագանու միջոցով այդ հարցը լուծել։ Անցեք հատկապես կենտրոնական փողոցներով եւ կտեսնեք՝ սիզամարգը գալիս է հսկայական ծառերով եւ հետո այն չկա, փոխարենը մեքենաների կայանատեղի է, որից մի փոքր հեռու սիզամարգը շարունակվում է։ Այսինքն՝ այստեղ կամ սուպերմարկետը, կամ ավտոկայանատեղին, կամ ինչ—որ գրասենյակ սիզամարգը վերացրել է։ Քաղաքապետարանից հետաքրքրվել եմ, թե իրավունք ունեի՞ն վերացնելու։ Պատասխանել են, որ ոչ։ Հարցրել եմ՝ համաձայնեցրե՞լ են, պատասխանը նույնպես ոչ է։ Եկեք այդ դեպքում ստիպենք, որտեղ հնարավոր է, վերականգնեն այդ գազոնը, որտեղ հնարավոր չէ, գոնե բնաբաժակով ծառերը վերականգնենք։ Օրինակ, Տիգրան Մեծով որ անցնում ես, տեսնում ես, թե այդ հսկա ծառերն ինչպես են վերացրել։ Հիմա քաղաքապետարանի կողմից պատասխան ենք ստացել, որ ավագանու միջոցով փորձում են այդ հարցը լուծել։
–Էկոլոգիական վիճակն ուղիղ կապի մեջ է պետության կայուն զարգացման հետ։ Ինչպիսի՞ վիճակ ունենք Հայաստանում կայուն զարգացման սկզբունքների իրագործման առումով։
–Մենք պետք է արդեն ներկայացրած լինեինք կայուն զարգացման երկրորդ զեկույցը, բայց ինչպես հասկացա՝ դեռ չենք արել։ Առաջին զեկույցում բավականին օբյեկտիվ ներկայացված էր իրավիճակը։ Բայց, պատկերացնո՞ւմ եք, զեկույցի հայերեն տարբերակը բացակայում է։ Որեւէ քննարկում մասնագետների ու փորձագետների հետ չի եղել։ Կառավարության աշխատակազմը երկու տարի առաջ կազմել, ուղարկել է։ Այն դեպքում, երբ սա ամենակարեւոր զեկույցը պետք է լինի։ Մինչ այդ բոլոր ազգային զեկույցները՝ ՌԻՈ+10—ը, ՌԻՈ+20—ը, մանրամասն լայն քննարկման են դրվել։ Նույնը՝ նաեւ 2002 թ. ազգային էկոլոգիական զեկույցը։ Իսկ հիմա այն այդպես անցավ գնաց։ Կայուն զարգացման բոլոր նպատակները սերտ կապված են իրար, եւ դրանցից 9—ի նպատակը հստակ էկոլոգիական հիմքերով է։ Մենք մի համընդգրկուն հարցում էինք հղել բուհերին եւ գիտական հիմնարկներին՝ պարզելու, թե էկոլոգիական խնդիրների լուծման ի՞նչ խանգարող հանգամանք կա։ Պատասխանել էին, որ պատճառը միջգերատեսչական շատ ցածր համագործակցությունն է, ինչն, իրոք, այդպես է։ Էկոլոգիական խնդիրները շրջակա միջավայրի նախարարությունը միայնակ լուծել, իհարկե, չի կարող։ Վերջինս միայն քաղաքականությունը, գաղափարախոսությունը պետք է տա, մոնիթորինգ անի, բայց բոլորը միասին պետք է աշխատեն։ Այս խնդիրը մեզ մոտ դեռ լուծված չէ։ Ցավոք, ամենավերջին տեղում է էկոլոգիական մշակույթը։ Չնայած կարծես թե բնակչության, հատկապես երիտասարդների մոտ փոփոխություններ կան։
–Ի՞նչ է անում այսօր բուհը էկոլոգիական կրթության եւ հասարակության էկոլոգիական գիտակցության ձեւավորման գործում
–Բուհերում վատ չէ։ Պետական մանկավարժական համալսարանում էկոլոգիայի եւ կայուն զարգացման ամբիոն է գործում, ԵՊՀ—ում, Ագրարային եւ Ճարտարագիտական համալսարաններում, Հայաստանի ամերիկյան համալսարանում եւ շատ այլ բուհերում գործում են էկոլոգիական ուղղվածության հոսքեր։ Մենք պատրաստում էինք էկոլոգիա դասավանդող ուսուցիչներ, բայց այն անիմաստ է, որովհետեւ նրանք իրավունք չունեն մտնել դպրոց, քանի որ դպրոցում չկա այդ անվանումով առարկա։ Դպրոցում էկոլոգիական գաղափարախոսությունը ինտեգրված է կենսաբանության, աշխարհագրության, չորրորդ դասարանի «Ես եւ շրջակա միջավայրը», 5—րդ դասարանի «Բնագիտություն» առարկաների մեջ եւ վերջ։ Մենք անընդհատ փորձում ենք հասցնել լիազոր մարմնին, որ, ի վերջո, այդ ֆրագմենտալ գիտելիքներն ավագ դպրոցում պետք է առանձին առարկայով համակարգված մատուցվեն։
–Լիազոր գերատեսչությունն ասում է, որ դպրոցական ծրագիրը հագեցած է, եւ նոր առարկայի դասավանդումը կծանրաբեռնի աշակերտներին։
–Ես, իհարկե, հասկանում եմ։ Օրինակ, մենք Կրթության ազգային ինստիտուտի հետ մի փոքր կուրս էինք նախապատրաստել։ Նախարարությունն այն հաստատեց որպես ֆակուլտատիվ տարբերակ։ Այսինքն՝ եթե դպրոցն ուզում է՝ իր ազատ ժամերին կարող է այն վերցնի, բայց չի արվում։ Գոնե այդ փոքր կուրսը կարելի է ներառել ավագ դպրոցում, առավել եւս, որ շատերը բողոքում են, որ ավագ դպրոցում ուղղակի կրկնություն է կատարվում այն գիտելիքների, որոնք տրվել են մինչեւ այդ։ Կայուն զարգացման այդ 20—30 օրակարգը համաշխարհային ամենալավ ծրագիրն է, որն իմ կարծիքով՝ մարդկությունը երբեւէ մշակել է եւ փորձում է իրականացնել։ Պետք է, որ երեխաները դրա մասին իմանան, ավագ դպրոցում՝ առավել եւս։
–Ոլորտի մասնագետների շրջանում կարծիք կա, որ առավել արդյունավետ է ոչ ֆորմալ կրթությունը, եւ դրան պետք է առաջնայնություն տրվի։
–Պետք է զուգակցել ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությունը։ Ամենակարեւորը հեռուստատեսությունն է։ Եթե հիշում եք, խորհրդային տարիներին հիմնական գիտելիքների՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ուղղությամբ հետաքրքիր դասընթացներ էին հեռարձակվում հեռուստատեսությամբ։ Կարծում եմ, որ շատ մեծ օգուտ կտա, եթե մենք նման հաղորդում ունենանք։
–Ինչպիսի՞ն են մարդ—բնություն հարաբերություններն այսօր։
–Տեղի ունեցող էկոլոգիական երեւույթները պատահական չեն։ Այն գլոբալ գործընթացի արտացոլումն է մեզ մոտ։ Կարծում եմ, որ քաղաքակրթությունն այնքան է «զզվեցրել» մեր մոլորակին, տիեզերքին, որ հիմա մի փուլ ենք մտել, երբ մարդկությունը բնության նկատմամբ իր անխնա վերաբերմունքի դասերն է ստանում։ Այն բնական աղետները, որ գնալով սաստկանում եւ ուժեղանում են, պատահականություն չեն։ Դրանք բնության, մոլորակի պատասխաններն են։ Վերջապես, եթե չհասկանանք, որ քաղաքակրթության մոտեցումը բնության հանդեպ պետք է արմատապես փոխվի, ուրեմն բռնել ենք ինքնասպանության ճանապարհը։
–Վաղը մարտի 8-ն է։ Շնորհավորում եմ Ձեզ այդ հրաշալի տոնի առթիվ։ Գարնանային զարթոնքի այս գեղեցիկ օրվա առթիվ ի՞նչ ուղերձ կհղեիք մեր կանանց։
–Կանանց դերը բնապահպանության հարցում շատ մեծ է։ Ընդհանրապես, գտնում եմ, որ կանանց դերը մեր հանրության մեջ բավականին մեծ է։ Ես միջազգային հարթակներում միշտ ասում եմ, որ մեզ մոտ կանանց նկատմամբ խտրականություն չկա։ Մեր դարավոր պատմության ընթացքում մոր դերը շատ բարձր է եղել հայ ընտանիքում։ Ես շատ կխնդրեի մեր մայրերին, որ էկոլոգիական մշակույթը զարգացնեն մեր երիտասարդ սերնդի մեջ եւ այդ առումով նաեւ ազդեն մեր տղամարդկանց վրա։
Զրուցեց
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

07-03-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO