Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները

2. «Իշխանություն-ժողովուրդ» փոխհարաբերության կարգավորումը

Օրէնքն է որ կը չափէ եւ կը կշռէ
ժողովուրդին եւ իշխանութեան
իրաւունք եւ պարտիք։

Իշխանության ծագման պարզաբանմանը հետեւում է հանրային կյանքի կարգավորման երկու կողմերի՝ պետության (իշխանության) եւ ժողովրդի փոխադարձ իրավունքների եւ պարտականությունների հանգամանալից քննարկումը։
Արդ, պետության առաջին պարտականությունն է ըմբռնել սեփական գոյության եւ գործառության երկկողմանի պայմանավորվածությունը. իհարկե, իշխանությունը տրված է «աստուածապետական զօրութենէն իբրեւ ավանդ», բայց իշխանավորներն իրենք հաշվետու են ոչ միայն Աստծո, այլեւ ժողովրդի առաջ, եթե իշխանությունը «սահմանադրապէս ընտրուած է»։ Ահա թե ինչու իշխանության «մեծ ու նուիրական պարտիքն» է ժողովրդի բարօրության մասին հոգատարությունը։ Դա իր գոյության հիմքն է. չէ՞ «իշխանութեան աթոռը՝ ժողովուրդի պատուանդանին վերայ հաստատուած է, եւ երբ ժողովուրդ կործանի՝ անշուշտ իշխանութիւնն եւս կանգուն չի մնար»։
Պետությունը պետք է սահմանի եւ պահանջի հարկեր՝ «չափով եւ արդարությամբ». եթե ծանր լինեն, ապա տուժելու է ոչ միայն ժողովուրդը, այլեւ իշխանությունը։ Սա անխուսափելիորեն բխում է պետության եւ ժողովրդի երկմիասնությունից. «ժողովուրդն իբրեւ գործող անդամ կը համարուի կառավարութեան. երբ անդամներ ուժաթափին՝ գլուխն եւս նրա հետ կ ուժաթափի»։
Օրենքների հավասար գործադրումը նույնպես իշխանության «ամենամեծ» պարտքն է. հարկ է, որ «երկրին օրէնք անաչառ ճշդութեամբ հաւասարապէս գործադրէ տկարին եւ զօրաւորին վերայ, իշխանին եւ ժողովուրդին վերայ»։ Կարեւոր է հատկապես պաշտոնավորների օրինազանցությունը զսպելը՝ «չը թողուլ, որ զօրաւորներ հեստեն օրէնքին դէմը», օրինականության պահպանմանը կոչվածների օրինամերժության դեմն առնելը՝ «չը թողուլ.... եւ նոքա, որ կարգեալ են օրէնք պաշտպանելու՝ նոքա զեղծանին օրինաց մէջ եւ առ ոչինչ համարին զայն»։ Այս պարագայում արդեն իշխանությունը պիտի հանդես գա որպես «օրինաց վրէժխնդիր», պատժի օրինազանցներին, «առաւել վարիչ պաշտօնեաներուն»։ Եվ զարմանալիորեն պարզ մի եզրակացություն, անողոք օրինաչափության սահմանում՝ եթե իշխանությունը չվերացնի ապօրինությունները, ապա դրանք կվերացնեն իրեն՝ իշխանությանը։
Պետության բարոյադաստիարակչական գործառույթը եւս ուշադրության կենտրոնում է. իշխանությունը պետք է լինի «առաքինութեան պաշտպան», սանձահարի մոլությունները, ժողովրդին ապականող օտարամուտ զեղծումները։ Իհարկե, եկեղեցին, քարոզն ու խրատն իրենց տեղն ու դերն ունեն, սակայն դրանց հարկ է հավելել իշխանության ուժը, «սաստն եւ սուր», «ձեռնհաս կը լինի զեղծումներ քաղաքային օրէնքով բառնալ»։
Խրիմյանը մեծ տեղ է հատկացնում պետության տնտեսական գործառույթին. հանրային կյանքի կարգավորման, անհատի բարեկեցության, ազգի առաջադիմության մասին դատողություններում կարմիր թելի պես անցնում է «տնտեսելու» կարեւորությունը, հայրենի պաշարները օրենսդրորեն պաշտպանելու եւ խելամտորեն տնօրինելու անհրաժեշտությունը։ Ահավասիկ մի ձեւակերպում, որի արտահայտչականությունը միահյուսված է գիտական հստակությանը. «Իշխանութեան պարտիքն է մեծ իմաստութեամբ տնտեսել երկիրը. չթողուլ, որ իւր հարստութեան գետերը երթան թափին օտար ծովերու մէջ, ի վերջոյ երկրին ջուրը ցամքի, դառնայ ծարաւ մի անապատ, երկրին հարստութեան գետեր երկրին մէջ պահելու համար՝ պէտք է զայն շրջապատել օրէնքով եւ այն միջոցներով, զոր քաղաքային տնտեսութիւն կ ուսուցանէ»։
Եվ անգամ հաջորդ՝ խաղաղապահպան գործառույթը՝ «խաղաղութիւն սիրել, խաղաղութեամբ կառավարել», Հայրիկը քննարկում է՝ կոչ անելով չմոռանալ «նախատեսութիւնը», հիշել նաեւ, որ «շատ բարի է եւ երկրին շահ, թէ մեծ եւ թէ փոքր զոհողութեամբ խաղաղութիւն հաստատել քան թէ պատերազմով երկրաւեր լինել»։
Վերջապես՝ պետության կրթադաստիարակչական գործառույթը. «իշխանութեան առաջին եւ վերջին մեծ պարտիքն է լոյս, գիտութիւն եւ կրթութիւն տարածել ընդհանուր երկրին մէջ»։ Սխալվում են իշխանավորները, թե տգետ ժողովրդին ավելի դյուրին է կառավարել. այդկերպ իշխանությունը իրեն կործանում է. «Նոյն ժողովուրդի թաղուած գերեզմանին մէջ կը թաղուի իշխանութիւն, եթէ ջանայ նախ ժողովուրդը թշուառութեան գերեզմանին մէջ թաղել, եւ բռնութեան ծանր կափարիչով փակել նորա բերանը»։
Այս թվարկմանը հետեւում է ժողովրդի պարտականությունների քննարկումը, ընդ որում բացառիկ հաջող է բնորոշված կողմերի ներքին պայմանավորվածությունը. «Ինչ որ իշխանութեան պարտիքն էր, այն է ահաւասիկ ժողովրդին իրաւունք, եւ ինչ որ իշխանութեան համար իրաւունք է, այն է տիրապէս ժողովրդին պարտիք»։
Իշխանությանը պատվելու եւ հնազանդվելու պարտականությունը թելադրվում է, ամենից առաջ, հավատքով։ «Քրիստոս եւ քրիստոնէական կրօնի ուսուցիչներ առ հասարակ կը պատուիրեն ճանչնալ իշխանութիւնը, պատուել, հնազանդիլ, երկնչել. եւ տալ կայսերին՝ կայսեր եւ այլն»։ Խրիմյանի մեկնաբանությամբ չի պահանջվում կույր հնազանդություն, ամեն իշխանության անվերապահ ենթարկում։ Նա նշում է, ժամանակակից եզրաբանությամբ ասված, իշխանության օրինականության աղբյուրը։ Ինչպես գիտենք, օրինական է համարվում, ըստ Մաքս Վեբերից եկող ավանդույթի, այն իշխանությունը, որն ընդունում են իշխյալները եւ պատրաստ են կամովին ենթարկվելու։ Չպետք է զարմանալ, որ հանդիպում ենք իշխանության եւ պետության ծագման աստվածաբանական հայեցակարգին՝ խրիմյանական տպավորիչ ոճով մատուցված. «Ժողովուրդին առաջին պարտիքն է ճանչնալ եւ հավատալ, թէ իշխանութեան գավազանը երկնքէն դէպ ի երկիր ձգուէր է. նորա վերին ծայրը տիեզերքը վարող պետական աթոռին կցուած է, եւ միւս վարի ծայրը աշխարհիս վերայ հաստատուած է»։
Ժողովրդի պարտականությունն է օրենսդրության իմացությունը. «ճանչնալ նաեւ երկրին ընդհանուր օրէնքները, քաղաքային օրէնքներ, դատաստանի օրէնքներ, տրոց եւ հարկի օրէնքներ, կալուածական օրէնքներ եւ այլն»։ Իսկ թե ինչո՞ւ, տրվում է երկու պատասխան։ Մեկը բխում է ողջախոհությունից՝ սեփական իրավունքները պաշտպանելու, պաշտոնավորների իշխանազանցության դեմն առնելու համար. «որպէս զի օրինավորներ ժողովուրդի անգիտութեան եւ ապշութեան համար չը համարձակին նոյն իսկ օրէնքով հարստահարել, որոնց օրինակ բազում անգամ եւ բազում տեղ կը տեսնամք աշխարհին մէջ»։ Խրիմյան Հայրիկի մյուս պատասխանը մեզ վերադարձնում է «իշխանություն–հասարակություն» փոխհարաբերությանը. ինչպե՞ս պիտի դա կարգավորվի, եթե իշխանավորները կամայական վարվեն, կամ էլ քաղաքացիները չենթարկվեն իշխանավորներին։ Այլ կերպ ասած՝ որտե՞ղ է ավարտվում մի կողմի պարտքը եւ սկսվում՝ մյուսի իրավունքը։ Ներդաշնակ փոխհարաբերությունների ապահովման լավագույն եղանակը երկուստեք օրենքներին ենթարկվելն է, քանի որ ամեն կողմի «պարտիք եւ իրաւունք այս օրէնքներէն կ որոշին, եւ օրէնքն է որ կը չափէ եւ կը կշռէ ժողովուրդին եւ իշխանութեան իրաւունք եւ պարտիք»։ Սա է, իրոք, իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքը։
Նվազ արդիական չէ հետեւյալ դատողությունը. «իշխանություն–ժողովուրդ» զույգի մեկ կողմը մյուսին պարտքուպահանջ կարող է ներկայացնել, եթե ինքն իր սեփական պարտականություններն անթերի է կատարում։ Ահավասիկ մի ձեւակերպում, որ կարող է համարվել մարդկանց համակեցության կառավարման իդեալական տիպար. «Երբ պետական աթոռի վերայ նստող թագաւոր արդարութեամբ կը գործէ, իշխանն՝ իրաւունքով կ իշխէ, դատաւորն օրէնքով կը դատի, ժողովուրդն՝ օրինաց կը հնազանդի»։ Եվ բնական է, որ կառավարողի եւ կառավարվողի համապատասխանության հիմնագաղափարը առարկայացված է քահանայի եւ հավատացյալ ժողովրդի վարքագծով. «Արդարութիւն կը գործեն ու կը բարձրանան, երբ քահանան ու ժողովուրդ կը կատարեն եկեղեցւոյ օրինաց պարտքերը։ Քահանան պաշտօնասէր կը լինի, ժողովրդասէր կը լինի. եւ գիտուիթւն չի մերժեր, տեսուչ հովիւն ու հօտ կը ճանչնան զիրար. մինն անձնադիր լինի, արթնութեամբ հսկէ ու հովուէ. եւ միւսն կամակար լսէ նորա ձայնին»։ Սրանից ածանցյալ է մեկ այլ ըմբռնում. եթե մի կողմը չի կատարում պարտականությունները, դրանով ոտնահարում է մյուսի իրավունքները։ Ուրեմն՝ իշխանությունը կարող է քաղաքացիներից պահանջել օրինապահ վարք, եթե ինքն է այդպես վարվում, ժողովուրդը՝ իշխանական մարմինների պարտականությունների կատարում, եթե ինքն է իրենը կատարում։
«Իշխանություն–ժողովուրդ» կապի լույսով քննության են առնվում նաեւ կողմերի «զեղծումները»՝ պարտականությունները պատշաճ չկատարելը։ «Երկրին իշխանութիւնը կը զեղծանի, եթէ այդ պարտիքներ չկատարելով ընդհակառակն վարի, եթէ թողու օրինաց արդարութիւն եւ միայն բռնի եւ սրով իշխէ»։ Ժողովուրդն է զեղծում, երբ «ժողովուրդի խղճի գիտակցութեան խայթ իսպառ կը բթանայ», «կ ստահակի ժողովուրդ, երկրին եւ ազգին օրէնքները հնազանդութեամբ չի յարգեր, կը հեստէ եւ անիշխան վարիլ կ ուզէ»։
Զեղծումները կարող են հանգեցնել համակարգային խաթարման. «երբ ազգի եւ երկրի կառավարութեան անձնիւր կարգեր գերիվայր լինելով կը շփոթին», «տէրն իբրեւ ծառայ եւ ծառան իբրեւ տէր», «երբ անարգն իբրեւ պատուական կը յարգուի եւ պատուականն կ անարգուի, երբ տգէտք ու խաբեբայք կը տիրեն, ժողովուրդի հաւատարիմներ կը մերժուին»։ Թեպետ մեղքը մեկինն է, վնասը դարձյալ երկկողմանի է. «Զի երկրի վարիչներ կը գործեն մեղք, երկիր եւ ժողովուրդ կը տուժէ եւ կը կործանէ..., առաջնորդներ կը խոտորին եւ ժողովուրդ մոլորելով կը հետեւի»։
Առավել եւս պարտավորեցնող է իշխանության դերը այդ վարիչների առաջխաղացման հարցում. իշխանությունը խաթարում է իրերի բնականոն վիճակը, երբ պայմաններ է ստեղծում, որ անարժաններն ու տգետները կառավարեն արժանավորներին եւ գիտուններին։ «Իշխանութիւն կեղծանի իւր վարչութեան մէջ, երբ անընտրող կը լինի, արժանաւորին եւ անարժանին յարգ մի կշռով կը չափէ. մերթ եւս պատիւ եւ բարձ կ ընծայէ նմա, որ երկրին շինութեան հիման մի քար չէ դրեր. կը թողու լաւն ու կարող, եւ ժողովուրդին կառավար կը դնէ այնպիսիներ, որոց միտքը թափուեր է կառավարութեան ուսմունքէն եւ օրէնքէն, որք առաւել կարօտ են կառավարուելու քան թէ կառավարելու»։ Իսկ ո՞րն է ելքը զեղծումների պարագայում։ Եթե Ղազար Փարպեցին, ճիշտ նույն հարցադրմանն ի պատասխան, նշում էր պարսիկ տերերի կառավարչական հոռի վարքագիծը, ապա Խրիմյանի եզրակացություններն ավելի վերացարկված են. չկան ուղղակի աղերսներ թուրք կամ ռուս տերերի քաղաքականության հետ։ Առաջարկված է միակ քաղաքակիրթ լուծումը՝ իշխանափոխություն. «Երբ իշխանութիւն մի իւր իրաւունք ժողովուրդէն լիովին կ ստանայ եւ առ ժողովուրդն ունեցած պարտիքներ կը մոռնայ, այլ եւս ժողովուրդ ինչ միջոցաւ կարող է այդ անվճար եւ մոռացեալ իրաւունքը ձեռք բերել»։
Ժողովրդավարության ուղնուծուծը սա է. եթե ժողովուրդը ընդունում է իշխանությանը, ենթարկվում, ապա կողմերի փոխհարաբերությունները բնականոն են, իրավունքները եւ պարտականությունները՝ հավասարակշռված։ Աստիճանաբար կուտակվում են զեղծումներ, իշխանությունը զրկվում է օրինականությունից (կամ՝ ժողովուրդն է այդպես համարում), կատարվում է իշխանափոխություն։ Այդպես վերարտադրվում է հանրային բնականոն կյանքը, քանի պահպանվում է Խրիմյան Հայրիկի ձեւակերպած ուղղորդող սկզբունքը՝ մի կողմի իրավունքը մյուսի պարտականությունն է, եւ եթե մի կողմը ցանկանում է ունենալ իրավունքներ, պիտի անշեղորեն կատարի պարտականությունները։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր


12-03-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO