Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԼՂՀ


«Միասին մենք կարող ենք»

Սա է ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի կարգախոսը

Մասիս Մայիլյանը, որպես նախագահի թեկնածու, երկրորդ անգամ է մասնակցում ընտրություններին։ Ըստ սոցիալական հարցման եւ հասարակության մեջ շրջանառվող լուրերի՝ ընտրություններում Արցախի նախագահի պաշտոնի համար ծավալված մրցապայքարում հանրապետության նախկին վարչապետ եւ պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը, խորհրդարանի խոսնակ, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ՀՅԴ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանն են համարվում նախագահի «առավել հավանական թեկնածուները»։ Թե նրանցից ում կհաջողվի ստանալ ընտրողների վստահության քվեն, դեռ վաղ է որեւէ ենթադրություն անել։ Իսկ մինչ այդ, երբ օրեցօր թեժանում է պայքարը, ու միմյանց հասցեին ուղղված մեղադրանքներն ու վիրավորանքները դառնում են առավել հասցեական, անգամ ծայրահեղության աստիճանի հասնելով՝ «ինքնաբացարկ ակնկալում»։ Նման դեպքերում, մեղմ ասած, «խաղի կանոնները» կասկածելի եւ խիստ վտանգավոր են դառնում, ինչի վերաբերյալ իրենց անհանգստությունը չեն թաքցնում եւ ընտրողները։
Փոխադարձ մեղադրանքների մի մասը, բնականաբար, վերաբերում է քարոզարշավի ժամանակ որոշ թեկնածուների կողմից դրսեւորվող ոչ կոռեկտ պահվածքին եւ էթիկայի նորմերի խախտմանը։ Անշուշտ, վիճակը սրող հանգամանք կարելի է համարել եւ այս կամ այն թեկնածուի հասցեին սոցցանցերում շռայլորեն տարածվող հակաքարոզչական նյութերը, որոնք միանշանակ չեն ընկալվում։ Մասնավորապես, նման հանգամանքները նկատի ունի Մասիս Մայիլյանը, երբ վերջերս «լուր սփռվեց այն մասին, թե Ռուսաստանի Դաշնությունը 5 տարի ժամկետով իրեն եւ Սամվել Բաբայանին արգելել է երկիր այցելել»։ Երկուսն էլ կտրականապես հերքում են այդ տեղեկությունը։ Նրանք «Նոր Արցախ» կուսակցության դաշինքով միասնական շարունակում են ընտրապայքարը՝ «Գալիս ենք փոխելու» կարգախոսը շրջանառության մեջ դնելով իբրեւ պայքարի եւ գործունեության անկասելի «չափորոշիչ»։ Իսկ Մ. Մայիլյանը հավաստիացնում է, թե «Միասին մենք կարող ենք» եւ ավելի վստահաբար պիտի առաջ շարժվել։
Անդրադառնալով նախընտրական ծրագրի դրույթներին, ԱՀ նախագահի թեկնածուն նշում է. «Պետական—կառավարման համակարգում եւ քաղաքացիական հասարակության հաստատություններում իմ բազմամյա գործունեության ընթացքում քաղած դասերը եւ կենսափորձը հուշում են մի շարք գաղափարներ, որոնք արտացոլված են իմ նախընտրական ծրագրում»։ Նրա համոզմամբ՝ պետական պաշտոնյան ժողովրդի ծառան է եւ հարկատուների հաշվին է աշխատավարձ ստանում. «Նախ եւ առաջ՝ եկեք անկեղծ խոսենք կյանքի մասին։ Մեր կյանքի մասին։ Երկրի ու ժողովրդի կյանքի մասին։ Այսօր տիրող իրավիճակի մասին։ Կարծում եմ՝ չեք ժխտի, որ մեր երկրի բնակչության մի զգալի մասն իսկական ղեկավար է համարում նրան, ով, ինչպես ասում են, արձագանքում է մարդկանց խնդրանքներին եւ օգնում է նրանց։ Այսինքն՝ ի դեմս պետծառայողի մարդիկ տեսնում են ոչ թե իրենց իսկ վճարած հարկերի հաշվին վարձատրվող եւ ժողովրդին ծառայող անձերի, այլ հենց օգնողների։ Մի՞թե այդպես չէ։ Կարող եք հարցնել՝ իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Մեկ այլ վտանգավոր միտում է այն, որ մարդիկ սովորում են իրենց անձնական շահը տեսնել մեկուսի՝ հանրային շահից առանձին, մինչդեռ յուրաքանչյուր քաղաքացու շահը պետք է տեղավորվի հանրային շահի շրջանակներում։ Մենք պետք է այնպիսի պետություն կառուցենք, որտեղ գերակա հանրային շահում արտացոլված լինեն բոլորիս շահերը։ Չի կարելի պետական պաշտոնյայի մասին մեր թյուր պատկերացումները ժառանգել մեր զավակներին»։
Ըստ Մասիս Մայիլյանի՝ չենք անկախացել բոլորից։ Արցախի Հանրապետության հռչակումը 1991 թ. սեպտեմբերի 2—ին եւ դեկտեմբերի 10—ի հանրաքվեն չեն ենթադրել Արցախի անկախությունը Հայաստանից. «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եւ հրադադարին հաջորդած տարիների ընթացքում առկա էր լայն հանրային համոզմունք, որ միջազգային հանրությանն ավելի ընկալելի լինելու եւ միջազգային իրավունքի տեսանկյունից առավել շահեկան դիրքերից ներկայանալու համար, նպաստավոր է երկու հայկական պետությունների հայեցակարգի որդեգրումը։ Որոշակի աշխատանքներ կատարվել են այս ուղղությամբ, ինքս էլ իմ ուժերի ներածին չափ ձգտել եմ մեր երկրի ու ժողովրդի համար առավելագույնը քաղել այդ մարտավարությունից, արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ։ Արցախի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումը ամենեւին չի հակասում «Միացում»—ի գաղափարին, այլ նպատակ ունի միջազգայնորեն ճանաչելու Արցախի ինքնիշխան իրավունքը՝ տնօրինելու իր ապագան, ինչը ճանապարհ կհարթի դեպի համայն հայության վերջնանպատակի՝ «Միացում»—ի գաղափարի լիակատար իրականացում։ Վերջին տարիներին, հատկապես 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո, «Միացում»—ի գաղափարը՝ որպես արցախյան շարժման միակ նպատակը, կրկին արդիական է դարձել եւ պահանջում է համազգային ջանքերի կենտրոնացում՝ հստակեցնելու այն ամբողջացած եւ վերջնականապես ամրագրված իրողություն դարձնելու ուղիները։ Խորապես համոզված եմ, որ Միացումը ոչ միայն արցախահայության ամենանվիրական իղձն է, այլեւ ողջ հայության քաղաքական անվերափոխելի կամքը։ Այժմ՝ որպես Արցախի հայության առջեւ պետական կառավարման պատասխանատվություն հանձն առնող գործիչ, ես վճռականություն եմ հայտնում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մեր միահամուռ եւ անշրջելի կամքին հասնելու ուղղությամբ, որոնցից առաջնային եմ համարում երկու հայկական պետությունների ինտեգրացիայի խորացումը»։
Թեկնածուի խոսքով՝ սփյուռքի հետ հարաբերություններում գերակշռողը պետք է լինի ոչ թե ֆինանսական բաղադրիչը՝դրամահավաքը, այլ «սփյուռքյան մտավոր ներուժի ըստ ամենայնի ներգրավումը հայրենիքի անշեղ զարգացման գործում։ Իր հերթին նոր կառավարությունը պիտի օգտագործի արցախահայության ներուժը՝ հնարավորինս նպաստելու սփյուռքում հայապահպանությանը։ Նրա հավաստմամբ՝ երկրում արտոնյալներ չպիտի լինեն, եւ օրենքի առջեւ բոլորը հավասար են։ «Յուրաքանչյուր արցախցի պետք է ունենա բարեկեցիկ կյանքի հնարավորություն։ Ցավալի է, բայց փաստ, որ այսօր նման հնարավորությունից օգտվում է արտոնյալ փոքրամասնությունը, ինչը հանգեցնում է սոցիալական բեւեռացվածության»,–գտնում է Մ. Մայիլյանը եւ երաշխավորում օրենքի բացարձակ գերակայություն, ինչը համընդհանուր զարգացման պայմանների ապահովման կարեւորագույն գրավականն է։ Նա բիզնեսի եւ քաղաքականության տարանջատումն ամենաառաջնահերթ խնդիրն է համարում եւ շեշտում, թե այդ նպատակով մի շարք հիմնարար օրենսդրական ակտեր են ընդունվելու, որոնք ի զորու կլինեն երաշխավորել քաղաքական ոլորտի ազատությունը կապիտալի թելադրանքից։ Նպատակը մեկը պիտի լինի՝ հասարակության մեջ հաստատել համընդհանուր համաձայնության մթնոլորտն ապահովող արդարության որոշակի հայեցակարգ։
Անդրադարձ կատարելով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, Մասիս Մայիլյանը բարձրաձայնում է. «Արցախի անվտանգությունը երաշխավորող ներկայիս մեր ունեցած կռվաններն անձեռնմխելի են եւ ենթակա չեն սակարկության»։
Երկրի հզորացման եւ ժողովրդի բարեկեցության բարելավման տեսանկյունից՝ նախագահի թեկնածուն կարեւորում է տնտեսության համաչափ զարգացումը։ Մ. Մայիլյանը չափազանց կարեւոր է համարում միջազգային շուկաներում օրգանական գյուղմթերք արտադրող երկրի համբավի ձեռք բերումը. «Արցախի գյուղատնտեսությունն ունի բոլոր հնարավորությունները դառնալու տարածաշրջանում օրգանական գյուղմթերքի արտադրության առաջատար։ Եվ սա պետք է լինի գյուղատնտեսական քաղաքականության հիմքը։ Կխրախուսվի էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրությունը, առաջին հերթին՝ ներքին սպառման, ապա նաեւ՝ արտահանման համար»։
Նախընտրական ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարն առանձնահատուկ տեղ ունի։ Ժողովրդի վստահությանն արժանանալու պարագայում Մ. Մայիլյանը վստահեցնում է, որ կոռուպցիայի դեմ պատժամիջոցները խստացվելու են։ Օրենսդրական դաշտի բարեփոխմամբ եւ իշխանության ճյուղերի հստակ տարանջատմամբ նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը. «Ստեղծելու ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մասնագետների ու փորձագետների լայն ներգրավմամբ հավելելով, որ հանձնաժողովի աշխատանքը հիմնված է լինելու նորարարական մոտեցումների, թափանցիկության, հաշվետվողականության ապահովման սկզբունքների վրա։ Մշակվելու է հանրային ծառայողների թեկնածուների, այդ թվում՝ դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման մեթոդաբանություն»։
Նախագահի թեկնածուն իր սկզբունքային կարծիքն ունի մշակույթի վերաբերյալ եւ «ոչ» է հայտարարում օտարամոլությանը։ Նրա համոզմամբ՝ միայն սեփական մշակութային ոգեղեն գանձարանի տեր հասարակությունը կարող է իր արժանի տեղն ունենալ համամարդկային քաղաքակրթությունների շարքում՝ մասնակցելով մշակույթների փոխադարձ հարստացմանը։ Մ. Մայիլյանի հավաստմամբ՝ նախագահ ընտրվելու դեպքում, նոր իշխանությունը հետեւողականորեն իրագործելու է արմատապես բարեփոխված մշակութային քաղաքականություն՝ նպատակ ունենալով վերականգնել ազգային մշակույթի հիմնարար ավանդույթների եւ արժեքների գերակայությունը։ Ձեռնարկելու է հայկական գուսանական—ժողովրդական երգերի, մեր դասական ու ժամանակակից բարձրորակ երաժշտության հանրայնացմանն ուղղված միջոցառումներ։
Անդրադառնալով առողջապահության համակարգի բարեփոխումներին՝ Մասիս Մայիլյանը կարծում է, որ բարձրակարգ բուժօգնություն ապահովելու համար բավարար չեն միայն հիվանդանոցային լավ պայմաններն ու բուժհաստատությունների տեխնիկական հագեցվածությունը. առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձրակարգ բուժանձնակազմ եւ մատչելի ու հասանելի բուժծառայություններ։ Նա կարեւորում է բժշկական ապահովագրման համակարգի ներդնումը երկրում, որն ի զորու է լուծել ֆինանսական մի շարք հարցեր եւ բարելավել բնակչությանը ցուցաբերվող բուժծառայության որակը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

20-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO