Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները

3. Հայոց ընտանեվարության սկզբունքները

Ազգն ընտանեկան արդարութեամբ
կը բարձրանայ եւ
ընտանեկան մեղքով կը նուազի։


Հայ ընտանիքի թեման խորհրդածությունների մի ասպարեզ է, որ մեր գեղարվեստական գրականության մեջ վատ չի արտացոլված. հավելենք դյուցազներգությունը, առածանին, հեքիաթները, առակները, ավանդապատումը։ Մինչդեռ գիտական իմացությունը սահմանափակվում է առավելապես ազգագրական ուսումնասիրություններով։ Այնպես որ՝ Խրիմյանի «Դրախտի ընտանիք» գիրքը (1876 թ.) մեզանում ընտանիքի կառավարման՝ ընտանեվարության հիմնարար սկզբունքների ձեւակերպման անդրանիկ փորձն է։ Ինքն էլ է տարակուսում, թե ինչու են պատմիչները շրջանցել հայոց ընտանեկան կյանքը, նկարագրել լոկ պատերազմներ, քաջագործություններ, աղետներ եւ այլն։ Ընդ որում «Դրախտի ընտանիքը» բնավ էլ սոսկ կենսափորձից բխող խրատների հավաքածու չէ. հեղինակի մոտեցումը համահանրային (սոցիետալ) է. հետազոտության օբյեկտը դիտվում է հանրային կյանքի մյուս ասպարեզների հետ կապերի եւ միջնորդավորումների մեջ։
Աստվածաշնչյան մի իմաստություն այլափոխելով՝ Խրիմյան Հայրիկը ձեւակերպում է իր հավատո հանգանակը. «Ազգն ընտանեկան արդարութեամբ կը բարձրանայ եւ ընտանեկան մեղքով կը նուազի»։ Այս եզրակացությամբ նա ավարտում է բավական ծավալուն աշխատությունը, որի գաղափարները համառոտակի հետեւյալն են։ Մարդը, ազգը, ժողովուրդը ապրուստով չեն սահմանափակվում, այլեւ ապրում են բարոյականությամբ, հոգեւոր կյանքով, երջանկության ձգտումով, իսկ այդ ամենի օրրանը ընտանիքն է։ «Ժողովուրդը եթէ կը յառաջդիմէ՝ իւր առաջին քայլը ընտանեաց սրահէն կ առնու. եթէ կը լուսաւորի, իւր լոյսը ընտանեկան ճրագէն է. եթէ կը միանայ, իւր ոգին եւ կապն ընտանիքն է,.... եթէ իւր զաւակները բարեկիրթ քաղաքացի պատրաստել կ ուզէ, իւր բարեկրթութեան առաջին համալսարան ընտանիքն է»։ Իսկ բուն ընտանեկան կյանքի բարգավաճման հիմքը, «լոյս եւ առաջնորդ» երեք գործոն են՝ ուսումը, դաստիարակությունը եւ խելամիտ տնտեսավարումը։ Գիրքն անվանելով «յորդորական ճառ»՝ Խրիմյանն ավարտում է առաջաբանը դրանց հիշեցումով՝ «լուսով հաց գտէք, դաստիարակութեամբ բարի ընտանիք կազմեցեք, իսկ իմաստուն տնտեսութեամբ հոգացէք միանգամայն ձեր ներկան եւ ապագան»։
Ընտանիքի այս՝ համակարգաստեղծ գործառույթի արձանագրումից պիտի, բնականաբար, բխեր հաջորդ միտքը, այն է՝ հանրային բազում խաթարումները, վերջիվերջո, չկարգավորված ընտանեկան կյանքից են ծագում. «Ժողովուրդ եթէ կը զեղծանի՝ ներքին իւր զեղծման սկզբնաւորութիւնը ընտանիքէն է, եթէ բարոյական կենդանի կեանք չունի՝ մեռելութիւն ընտանիքէն է. եթէ դէպի կորուստ կը դիմէ, իր կորստեան ճամբայ բացող ընտանիքն է,.... եթէ աշխարհիս կեանքի ճանապարհին մէջ ուղղութիւն չունի, յոռութիւն ընտանիքէն է, եթէ Եւրոպիոյ կախարդիչ նորասիրութիւնք զինքը պիտի կողոպտեն անխնայ, թող զգաստ լինի եւ տեսնայ որ մեծ կողոպտիչ ձեռք իր ընտանիքն է»։
Հասկանալի է, ուրեմն, թե որքան մեծ պիտի լինի համազգային, համապետական ուշադրությունը ընտանիքի խնդիրների հանդեպ։ Ներընտանեկան բարքերը, արժեքները, «այր–կին», «ավագ–կրտսեր» փոխհարաբերությունները կարգավորող նորմերը պայմանավորում են տարբեր իրավիճակներում մարդկանց դերակատարումները, այդ կերպ հանգեցնում Խրիմյանի նշած կա՛մ բարեբեր արգասիքի, կա՛մ չարաբեր հետեւանքների։ Ինչպե՞ս է կազմավորվում եւ կառավարվում հայ ընտանիքը, ընտանեվարության ի՞նչ սկզբունքներ, ի՞նչ խնդիրներ կան. Խրիմյան Հայրիկի շատ լուծումներ գործադրելի են 21—րդ դարի հայ ընտանիքի կառավարման համար։
«Տուն եւ ընտանիք մի փոքրիկ թագաւորութեան երկիր ու սահման է. որոյ նահապետական աթոռին վերայ կը նստին ծնողք. հայր իբրեւ թագաւոր, եւ մայրն իբրեւ թագուհի. եւ կը կառավարեն հպատակ ընտանիքը»։ Եվ ինչպես կառավարման ամեն տեսակ, այստեղ էլ կան որոշակի օրինաչափություններ, իշխանական ազդեցության լծակներ։ Ո՞ր լծակներն են գերադասելի։ «Սոյն ընտանեկան պալատին ու թագաւորութեան մէջ, ոչ ոստիկան կայ, ոչ սուր, ոչ բռնութիւն, ոչ գաւազան այլ ամենուն տեղ հայրական սէր եւ մայրական գորովն է. դաստիարակ եւ խրատ՝ ծնողաց կենդանի օրինակն է»։
Հայ ընտանիքի լավագույն տիպար մշակելիս հեղինակը անդրադառնում է նահապետական ընտանիքին, Աստվածաշնչին, սակայն մշտապես հաշվի է առնում ժամանակի գործոնը (նկատելով նորամուծությունների թե՛ բարերար, թե՛ վնասակար կողմերը)։ Նահապետական ընտանիքի կառավարման հիմքում են հետեւյալ գործոնները՝ «տան կառավար նահապետին հայրական պատկառանք», «մեծ տանտիկնոջ ժրագործ տնտեսութիւն», «զաւակաց ակնածութիւն եւ մեծարանք առ ծնողս», «հարսներաց հլու հնազանդութիւն», «կրօնի երկղիւղածութիւն եւ աստուածապաշտութեան հաւատք»։ Սրանց ներգործությունը բնութագրվում է որպես «բնական օրէնք», որն ավանդապաշտ միջավայրում չի հանդիպել խոչընդոտների։ Թեպետ նահապետական ընտանիքի «մնացորդ նշխարները դեռ հայկական աշխարհին մէջ կ երեւին», պետք է, սակայն, ելնել իրողությունից։ Ավելին, կան սովորույթներ, որոնք հնացել են, չեն համապատասխանում ժամանակի ոգուն (օրինակ՝ նորատի կնոջ չխոսկանության պահանջը նա համարում է միայն վնասակար)։
Հայրական սերն ու մայրական գորովը, ծնողների անձնական վարքուբարքը, հիրավի, զավակների համար վարքագծի ընդօրինակման լավագույն հիմքն են։ Բայց նույնքան ազդեցիկ են եւ, ավա՜ղ, հույժ վնասակար ծնողների հոռի հատկությունները՝ եսականությունը, ագահությունը, երկերեսանիությունը, ստախոսությունը եւ այլն։ Այդկերպ՝ ծնողի չարաղետ վարքը ոչ միայն այդ պահին է վնասակար լինում, այլեւ անդրադառնում է զավակների հետագա կյանքի վրա։ Խրիմյանի շարադրած առականման պատմություններից մեկն այսօր էլ, թերեւս, պիտանի խրատ է ոմանց համար։ «Երբեմն մի ընտանեաց հայր, որ շատ հարուստ է, եւ իր սնտուկներ լիք են ոսկիներով, բայց երբ ինքն բնաւորութեամբ սաստիկ ագահ եւ կծծի է, ամենախիստ ժլատութեամբ կը տնտեսէ իւր տան ծախքեր, եւ կապրի չքաւոր աղքատի պէս, դու լսեր ես թէ այդ ագահ մարդու ընտանիք ինչ կաղօթեն, Աստուած առ սորա հոգին, մենք ազատուինք սորա խստասիրտ տնտեսութենէն։ Երբեմն Աստուած կը լսէ այդպիսի աղօթքն եւ կառնէ ագահ տանտիրոջ հոգին. պահ մի կուլան ընտանիք, մինչեւ կատարուի թաղման մեծ հանդէսը, երբ կը փակին ագահին մարմին գերեզմանին մէջ, այնուհետեւ կը բանան ոսկելից սնտուկներն, շռայլութիւն, մսխանք, պերճութիւն կուգայ կը տիրէ ագահին տան վերայ, շատ չի տեւեր, շռայլութեան ժամանակ կարճ է, շուտով կը դատարկուին ոսկւոյ սնտուկներն, կերթայ շռայլութիւն՝ կուգայ կը տիրէ մշտնջենաւոր աղքատութիւն»։
Ընտանեկան միության առանցքը, ընտանիքի հիմքը ամուսինների սերն է. սա հեղինակի հավատո հանգանակն է. «Ամուսնութեան բուն օրէնքը բնական սէրն է, որ մարդու բնութենէն անբաժանելի է»։ Մյուս հիմքը նրանց համապատասխանությունն է։ Սա «համապատշաճ օրէնք» է՝ «բովանդակ տիեզերքը համեմատութեան չափով կը կառավարուի»։
Անդրադառնալով ամուսինների հարաբերություններին՝ Խրիմյանը նորովի է մեկնաբանում աստվածաշնչյան «կնոջ գլուխ այրն է» ասույթը, որ սովորաբար մեկնաբանվում է որպես մի կողմում՝ իշխելու իրավունք, մյուսում՝ հնազանդվելու պարտականություն։ Նորույթը «իրավունքներ պարտականություններ» դիալեկտիկայի մասնավորեցումն է. տղամարդուն նախապատվություն է տրված, բայց դա սոսկ իրավունք չէ։ Իհարկե, գլուխը բարձր է մարմնից. «Երանի՜ թե այդպէս լինէր, այր մարդիկ ճանչնային իրենց նախապատւութեան պարտիքը, ճանչնային ամուսնական սիրոյն անգին արժանաւորութիւնը եւ զայն չփոխէին նիւթական դրամին եւ ընչից հետը»։
Խրիմյանը հիշեցնում է, որ հայ կինը միշտ ազատ է եղել, ուստի զուր են ոմանք սեռերի իրավահավասարության պահանջն ընկալում որպես եվրոպական արժեք. «Եւրոպիոյ իրաւագիտութիւնը զայն նոր չի հնարեց, այլ միայն վերանորոգեց»։ Կնոջ հնազանդության պահանջը հեռու է «տեր ստրուկ» կամ «զորապետ զինվոր» փոխհարաբերության մեջ երկրորդ կողմի վարվելակերպից. «կին ոչ հպատակ է, ոչ զինուոր է եւ ոչ ստրուկ ծառայ։ Կինն իւր ամուսնոյն ազատ ընկեր ու հաւասար լծակիցն է ամենայն իրաւամբ»։
Խորապես ըմբռնելով խնդիրը՝ Հայրիկը նրբագեղ աֆորիզմ է մեզ նվիրում. «Այո՛, կնոջ պարտիքն է կատարեալ հնազանդութիւն առանց բնաւ ստրկանալոյ»։ Ամուսինն էլ չպետք է բռնանա կնոջ վրա, եթե հասկանա («տիրապէս ճանչնայ»), ամուսնության էությունը. «ամուսնական կապակցութիւնը մի թիւ է, երկու չէ»։ Բռնանալ կնոջ վրա՝ նշանակում է բռնանալ սեփական «եսի» վրա։ Խելամիտ ամուսինը չի նսեմացնում կնոջը, չի շեշտադրում այրական առավելությունները։
Ավելին, սեռերի դաշնությունն ամուսինն է պարտավոր ապահովել. «Եթէ կը համարի զինքն իբրեւ հանճարեղ, իմաստուն, խոհական, քաղաքագէտ, աշխարհավար եւ այլն, իւր պարտիքն է իբրեւ նախաթոռ բազմելով ընտանեկան գերդաստանին գլուխն՝ կինն եւս իւր խորհրդակից առնելով կառավարին ի միասին ընտանեկան կյանքը»։ Իսկ եթե տղամարդը գերիշխող է հանրային կյանքում, սահմանափակել է կնոջը ներընտանեկան կյանքով, ապա իրավունք չունի բողոքելու, թե կինը չի հետաքրքրվում ամուսնու արտաընտանեկան հոգսերով։ «Կնոջ անհոգութեան պատճառը մեծ մասամբ այր մարդիկ եղած են, որ կամ այրական, ինքնահաւան հպարտութեամբ կնոջ կարեւորութիւն չտալով՝ նա սովորեր է անհոգ մնալ, կամ մեծամտութեամբ ստրկութիւն եւ նուաստութիւն կը համարին կնոջ խորհուրդ տալ, կամ առնուլ, եւ կամ օրուան ձախորդ անցքեր պատմել եւ ցոյց տալ իւր վիճակի կացութիւնը»։
Եվ խնդրի լուծումը դարձյալ բխում է մի կողմի պարտականությունը մյուսի իրավունքն է խրիմյանական հիմնադրույթից. «Ուրեմն պարտազանց է այր, որ իւր կեանքի ու գործոց վիճակը թագուցանելով, չի թողուր որ իւր կենակիցն՝ իւր հետ հաւասար ընտանեկան կեանքին վերայ հոգածէ։ Պարտազանց է կինը, որ իւր ամուսնոյն հոգածութեան բաժանորդ չի լինիր»։
«Ներընտանեկան պատկառանքը» եւս լուծվում է միեւնույն սկզբունքով. եթե մեծերը ցանկանում են, որ փոքրերը վայելուչ վարք ունենան, պետք է օրինակ ցույց տան, հարգանք պահանջելով՝ հարգանքով վերաբերվեն. «պատկառանքը միայն փոքրերուն պարտիք չէ, այլ եւ նոյն իսկ մեծերն պարտաւոր են զգուշաւոր պատկառանօք վարվիլ փոքրերուն հետը»։
Որպես սույն թեմայի ամփոփում՝ վերադառնանք գրքի առաջաբանին։ Խրիմյան Հայրիկի մտահղացմամբ՝ «Դրախտի ընտանիքը» մի յուրատեսակ հայելի է «ի պէտս հայոց ընտանեաց», որի մեջ ամեն ընտանիք, այր մարդիկ եւ հայոց տիկնայք կարող են տեսնել իրենց իրական պատկերը, նկատել նաեւ «ընտանեկան զեղծմունքները», եւ ինքնաճանաչմամբ հզորացած՝ դիմել դեպի առաջադիմություն ու քաղաքակրթություն։ Ներընտանեկան կյանքի բարեփոխմանն ուղղված բազում խորհուրդները եւ պատգամները հարյուր հիսուն տարի էլ անց օգտակար են, բայց, թերեւս, ամենապիտանին չափավորության պահանջն է։ Կարծեք գուշակելով 21—դարի իրողությունը, երբ մարդկությունն աստիճանաբար դառնում է սպառողական մոլուցքի զոհը, Homo Sapiens տեսակից վերածվում է Homo Consumens—ի, մեր մտահոգ Հայրիկը հրամայելու պես հորդորում է. «Թող չափ դնեն դարձեալ ընտանեկան այն ամէն պէտքերուն. գիտնալով թէ պէտքերն անսպառ են, զորս օր ըստ օրէ կը հնարէ Եւրոպիոյ ձեռարուեստ հանճարը, եւ մարդոյն ցանկութիւն եւ հաճոյքը անհուն անսահման են, եթէ չափ չի դնենք՝ մարդ մի անգէտ մանուկ է, կը վազէ միշտ դէպի սիրուն խաղալիքները»։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

26-03-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO