Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը

Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են

Մեր երկրում արդյունավետ մրցակցային միջավայր ձեւավորելու համար տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պարբերաբար առանձին ապրանքային շուկաների ուսումնասիրություններ է անում, որոնց միջոցով վերահսկողություն է իրականացվում այդ մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթների պահպանման նկատմամբ։ «ՀՀ»-ն մանրամասն անդրադարձել է բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված գազի, կարագի, շաքարավազի շուկաներին, դրանց մասնակիցներին, շուկայում զբաղեցրած նրանց ծավալներին, խնդիրներին, դրանց լուծման ուղիներին։ Հերթական շուկան, որի մասին կխոսենք, կոնյակինն է։
Կարիք չկա խոսել այս շուկայի կարեւորության մասին։ Միայն մեկ փաստ մեջբերենք. հայկական կոնյակը, համարվելով Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, շատ մեծ դեր է խաղում համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակության գնահատման հարցում։ Բացի այդ, կոնյակը, մտնելով Հայաստանից արտահանվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների երրորդ տեղը զբաղեցնող խմբի մեջ՝ արժեքային արտահայտությամբ կազմում է արտահանման մոտ 6 տոկոսը (ըստ ԱՎԾ եւ ՊԵԿ տվյալների)։
Այնուամենայնիվ, ինչու՞ է հանձնաժողովը որոշել ուսումնասիրել այս շուկան։ Պարզվում է՝ ուսումնասիրության համար հիմք են դարձել ինչպես կոնյակի շրջանառության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերված տեղեկատվությունը, այնպես էլ ՊԵԿ—ի, էկոնոմիկայի նախարարությունից եւ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալները, ինչպես նաեւ ինֆորմացիոն—վերլուծական տեղեկատվական աղբյուրներում առկա հրապարակումները։
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանից ճշտեցինք կոնյակի շուկայի ուսումնասիրության հիմնական ուղղությունները։ Դրանք են՝ կոնյակի շրջանառության ոլորտում ապրանքային շուկաների սահմանների հատկորոշումը, ոլորտը կարգավորող իրավական ակտերի մրցակցային միջավայրի վրա ունեցած ազդեցության գնահատումը, կոնյակի ներմուծումից եւ արտադրությունից մինչեւ վերջնական սպառողին դրա իրացման շղթայի ամբողջական ուսումնասիրումը, շուկայի կենտրոնացվածության մակարդակի գնահատումը, ուսումնասիրության ընթացքում մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտումն ու դրանց վերացմանն ուղղված առաջարկները։ Հանձնաժողովը կոնյակի շրջանառության ոլորտում ապրանքային շուկաների ապրանքատեսակային սահմաններն հատկորոշելիս, հաշվի է առել տնտեսավարողների արտադրած կոնյակի ֆունկցիոնալ հատկանիշներով փոխադարձ փոխարինելիությունը՝ օգտագործման նպատակն ու եղանակը, իրացման ձեւն ու որակական բնորոշիչներով, սպառողական հատկանիշներով համադրելիությունը։
Սրա արդյունքում առանձնացվել են հետեւյալ ապրանքային շուկաները. 1. «3—5 տարի հնեցմամբ հայկական արտադրության կոնյակներ» ապրանքային շուկա, որի ապրանքատեսակային սահմանը ներառում է 3—5 տարի (ներառյալ) հնեցմամբ հայկական արտադրության կոնյակների ամբողջ տեսականին։ 2. «6—10 տարի հնեցմամբ հայկական արտադրության կոնյակներ» ապրանքային շուկա, որի ապրանքատեսակային սահմանը ներառում է 6—10 տարի (ներառյալ) հնեցմամբ հայկական արտադրության կոնյակների ամբողջ տեսականին։ 3. «10 տարուց ավելի հնեցմամբ հայկական արտադրության կոնյակներ» ապրանքային շուկա, որի ապրանքատեսակային սահմանը ներառում է 11 եւ ավելի տարի հնեցմամբ հայկական արտադրության կոնյակների ամբողջ տեսականին։ Այս ապրանքային շուկաների աշխարհագրական սահմանը Հայաստանի տարածքն է։ Ներմուծված կոնյակը չի դիտարկվել, քանզի ներմուծված կոնյակի իրացումը շատ փոքր տեսակարար կշիռ (0,1 տոկոս) ունի ՀՀ—ում իրացվող կոնյակի մեջ։
Մինչ շուկայի իրացման, արտահանման հարցերին անդրադառնալը, կարեւոր հստակեցում անենք։ Նախ՝ հայկական կոնյակի, հայկական կոնյակի սպիրտի վերաբերյալ սահմանումները բերված են «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքում եւ «Հայկական կոնյակների եւ հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» կառավարության որոշմամբ։ Հայկական կոնյակի սպիրտը Հայաստանի եւ Արցախի տարածքներում աճեցրած խաղողի հատուկ սորտերից ստացված գինենյութերից կամ հայկական կոնյակի սպիրտահումքի փուլային թորումից ստացված, թորամասերը առանձնացված, յուրահատուկ փնջով եւ համով, 55—ից մինչեւ 72 ծավալային տոկոս էթանոլի փաստացի խտությամբ Հայաստանի տարածքում հասունացած սպիրտ է։ Առանձնացվում են երիտասարդ եւ հասունացած հայկական կոնյակի սպիրտներ։ Երիտասարդն այն սպիրտն է, որը շփման մեջ չի գտնվել կաղնու բնափայտի հետ։ Հասունացածն այն է, երբ հասունացման ամբողջ ընթացքում շփման մեջ է գտնվել կաղնու բնափայտի հետ։ Հայկական կոնյակը էթիլ սպիրտի 40—ից մինչեւ 57 տոկոս ծավալային մասով եւ 7—ից մինչեւ 20 գ/լ շաքարի պարունակությամբ յուրահատուկ փնջով (բուրմունքով) եւ համով ոգելից խմիչք է, որը պատրաստված է 3 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներից եւ շշալցված է Հայաստանի տարածքում։
Սովորական կոնյակները 3, 4, 5 տարեկաններն են (արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն այդքան տարի), իսկ հասուն կոնյակները միջահաս, հին, շատ հին եւ հնագույն կոնյակներն են։ Միջահասի դեպքում խոսքն առնվազն 6, հնի դեպքում՝ 10 տարեկան կոնյակի մասին է։ Կոնյակը շատ հին է համարվում, երբ արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է 21—30 տարի։ Իսկ հնագույն կոնյակի պարագայում խոսքն առնվազն 31 տարվա մասին է։
Կան նաեւ կոլեկցիոն (գերհնեցված) կոնյակներ (պատրաստված կաղնեփայտե տակառներում կամ պահեստատակառներում լրացուցիչ 3 տարվանից ոչ պակաս հնեցված տեսակավոր կոնյակներից)։ Միաժամանակ, տեսակավոր հայկական կոնյակը պատրաստված է կաղնեփայտե տակառներում կամ կաղնու տակառատախտակներով բեռնված պահեստատակառներում (բուտերում) 6 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներից, իսկ դրա պատրաստման համար օգտագործվող հայկական կոնյակի սպիրտների միջին տարիքը պետք է լինի ոչ պակաս տվյալ անվանման կոնյակի համար սահմանված տարիքից։
Ի դեպ, կոնյակի շուկան ուսումնասիրելիս ՏՄՊՊՀ—ն այս ամբողջ նրբությունները հաշվի է առել։ Հանձնաժողովը հաշվի է առել նաեւ հայկական կոնյակի արտադրության համար սահմանված հստակ պահանջները։ Օրինակ՝ հայկական կոնյակի գինենյութի մասով. որ այն պետք է պատրաստված լինի Հայաստանի եւ Արցախի տարածքներում աճեցված խաղողի հատուկ սորտերից՝ Ոսկեհատ, Մսխալի, Ճիլար, Գառան դմակ, Կանգուն, Կախեթ, Լալվարի, Ազատենի, Մեղրաբույր, Ռքածիթելի, Բանանց, Մասիս, Վանի, Խնդողնի, Թոզոտ, Սեւենի եւ Սեւ Արենի։ Խաղողի այլ սորտերի կշռային տոկոսը հայկական կոնյակի գինենյութի պատրաստման համար պիտանի խաղողի սորտերի մեջ չպետք է գերազանցի 5 տոկոսը։ Խաղողի արգելված սորտերի (Նոահ, Օթելլո, Իզաբելա, Ջաքեզ, Քլինթոն եւ Հերբեմոնթ) բերքից հայկական կոնյակի արտադրությունն արգելվում է։
Միաժամանակ, հայկական կոնյակի գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունը պետք է լինի ոչ պակաս 8,0 ծավալային տոկոսից, իսկ գինենյութի համար նախատեսված 100 կգ խաղողի մամլումից ստացված քաղցուի քանակությունը չպետք է գերազանցի 88 լիտրը։
Պարզվում է՝ հայկական կոնյակի գինենյութի թորման համար հստակ ժամկետ էլ է սահմանված, որն ընդգրկում է բերքի տարվա նոյեմբերի 1—ից մինչեւ հաջորդ տարվա հուլիսի 1—ն ընկած ժամանակահատվածը։ Գինենյութի թորման համար նախատեսված պղնձից պատրաստված թորման հատուկ սարքերը պետք է բավարարեն որոշակի տեխնիկական պահանջների, իսկ գինենյութի թորմանը ներկայացված են մի շարք պահանջներ։
Այլ պահանջներ էլ կան, որոնք հստակ պետք է կատարվեն։ Օրինակ՝ հայկական կոնյակների պատրաստման համար նախատեսված՝ հնեցման ենթակա կոնյակի երիտասարդ սպիրտները պետք է համապատասխանեն կառավարության որոշմամբ հաստատված՝ հայկական կոնյակների եւ հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության, քիմիական եւ զգայորոշման ցուցանիշներին։ Կամ՝ որ հայկական կոնյակի տարախառնուրդում թույլատրվում է օգտագործել միայն հայկական կոնյակի սպիրտ, հայկական կոնյակ, հայկական կոնյակի սպիրտաջուր, հայկական կոնյակի բուրավետ ջուր, խմելու կամ մշակման ենթարկված ջուր, կոլեր եւ շաքարի օշարակ։ Իսկ հասուն հայկական կոնյակի տարախառնուրդում արգելվում է օգտագործել հայկական կոնյակի բուրավետ ջուր։ Հասուն հայկական կոնյակի տարախառնուրդում օգտագործվող հայկական կոնյակի սպիրտները պետք է լինեն հնեցված բացառապես կաղնեփայտյա տակառներում։
Կարեւոր այլ պահանջներ էլ կան. հայկական կոնյակ արտադրողները պարտավոր են առանձին հաշվառել եւ փաստաթղթավորել հայկական կոնյակի ու հայկական կոնյակի սպիրտների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի ու պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները։ Ընդ որում, տնտեսավարողները պարտավոր են վերոնշյալ փաստաթղթերը պահպանել դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի։
Հիմա՝ ինչքանով է այս ամենը կատարվում։ Սա շատ կարեւոր հարց է, քանզի հայկական կոնյակի համբավի մասին է խոսքը։ Եվ ինչ հետեւանքներ են լինելու չկատարելու դեպքում։ Ու, ընդհանրապես, ինչ է կատարվում մեր կոնյակի շուկայում։ Այս ամենի մասին մենք առանձին կխոսենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

28-03-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO