Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ես փրփրադեզ ալյաց մեջը դեռ իմ հույսը չեմ կտրի...»

Խորեն Աբրահամյան. ալեկոծ ծովի հմայքը...

Խորեն Աբրահամյանը մտավ արվեստի ալեկոծ ծովը, թող թույլ տրվի ասել՝ սիրո պարտադրանքով։ Սկիզբը կինոն էր, կնքահայրը՝ Համո Բեկ-Նազարյանը։ Արտաքին տվյալները համապատասխանում էին գեղագիտական չափանիշներին՝ ատլետիկ կազմվածք, խորունկ աչքերի ածուխի փայլ՝ կյանքին սիրահարված հայացքով, ազդեցիկ ձայն՝ հարուստ ելեւէջներով... Ուրիշ ի՞նչ է պետք ռեժիսորի համար, որ պատրաստվում է նկարահանել ֆիլմ սիրո եւ արվեստի մասին, եւ Համո Բեկ-Նազարյանի դրվագային Արմենը Յուրի Երզնկյանի ու Լաերտ Վաղարշյանի «Առաջին սիրո երգը» ֆիլմում դարձավ Արսեն Վարունց եւ գլխավոր դերակատար, այնպիսի խաղընկերների շրջապատում, ինչպես Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Օլգա Գուլազյանը, ինչպես նաեւ տաղանդավոր երիտասարդ դերասաններ... Բախտ ու ճակատագիր միանգամից՝ սեր եւ արվեստ, որ մեր կինոյում այնքան էլ չծավալվեց ու չխորացավ եւ մնաց գրեթե եզակիների թվում, ինչպես 1965 թ. Ֆրունզե Դովլաթյանի նկարահանած «Բարեւ, ես եմ» ֆիլմը՝ գիտնականի ու սիրո մասին, այնինչ հենց թեկուզ այս երկու ֆիլմի օրինակով կարող ենք արձանագրել, որ մեր կինոն կարող էր մեծ հաջողությամբ մտավորական եւ մտավորականի շերտեր ունենալ եւ ոչ թե ճգնել այն բացահայտել սոսկ կենցաղում, պատահական, դրվագային կիսատ—պռատ կտորներով, ինչը հանգեցրեց նրան, որ դրսում, մասնավորապես՝ ռուսական ֆիլմերում, հայի տեսակը կովկասցի առեւտրականի, հաճախ ժուլիկի կերպարով է հանդես գալիս, առանց ազգային առանձնահատկությունների, անգամ առանց ռուսախոս հայի առանձնահատուկ շեշտադրության, ինչը նման չէ հենց կովկասյան ազգերի ու ազգությունների շեշտադրությանը, այսինքն՝ մեր տեսակը աղավաղված է ընկալվում օտարների կողմից, եւ այդ հարցում մեր դերակատարությունը ամենեւին էլ երկրորդական ու աննշան չէ, եթե չասեմ՝ կարծես, չի էլ մտահոգում մեզ, քանզի նման ֆիլմերի տիտրերում հայ ազգանուններ են արձանագրված... Ստացվում է՝ ի՞նչ... Այն, որ կա՛մ մենք ենք ինքներս մեզ այդպես պատկերացնում ու ներկայացնում, կա՛մ մենք տալիս ենք մեր համաձայնությունը մեզ այդպես ներկայացնելու ու չենք պայքարում մեր մտավորական տեսակի համար...
«Առաջին սիրո երգը» դիտվում էր ու դիտվում է հիացմունքով։ Հանդիսատեսին գրեթե չի հետաքրքրում դերասանական խաղը, քանզի այնքան ձուլված է կերպարին ու այնքան բնական, որ այն վերլուծելու խնդիր չի առաջանում, ամբողջը չի մասնատվում, չի բաժանվում դետալների, քանզի հանդիսատեսը ոչ թե դրսից՝ էկրանից է նայում ֆիլմը, այլ, կարծես, ֆիլմի ներսի՛ հանդիսատեսն է, մասնակիցը, եւ, ինչպես ներսի հանդիսատեսը, անհամբեր սպասում է Արսեն Վարունցի հայտնվելուն ու նրա երգին, որ իր սրտից է բխում, իսկ հերոսի ճակատագիրը չի անհանգստացնում՝ մինչեւ այն պահը, երբ հանկարծ տագնապով զգում է, որ կարող է կտրվել սրտի երգից, իր հաճույքից... Արսեն Վարունցն ինքն էլ չի պատկերացնում, չի զգում այն դրամատիզմը, որով անցնում է, կարծես, անխոչընդոտ ու փառքի մղված ճանապարհը, մինչեւ այն պահը, երբ զգում է, որ թելը կտրվում է, ու կարող է հայտնվել բոլորովին ուրիշ իրականության մեջ, որ կարող է ամեն բան գլխիվայր շուռ գալ, որ քծնանքը կապ չունի հիացմունքի ու սիրո հետ, որ այն կարող է քարշ տալ իր ետեւից ու ի վերջո կործանել, որ սերը, ճշմարիտ, ուժեղ սերը նաեւ հոր ապտակ է, կնոջ լռություն, երեխայի անտեղյակություն, ուսուցչի մեղմ հանդիմանանք...
Ասացի, որ հայ կինոյում քիչ են արվեստի մասին ֆիլմերը, լավ ֆիլմերը, բայց, ի պատիվ Խորեն Աբրահամյանի, խոստովանենք, որ «Առաջին սիրո երգի» արվեստն ու սերը նրա համար ուղենիշ դարձան բոլոր դեպքերում՝ թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, կասեի՝ նաեւ կյանքում. նա խորհող, մտածող, պայքարող տեսակ է՝ անհնարինը անելու պատրաստակությամբ, աներեր կամքով, անհանդուրժող ու չհանձնվող, կամայի՛ն տեսակ։
«Սարոյան եղբայրներ» ֆիլմը ոչ միայն ֆիլմի համառեժիսոր ու դերակատար Խորեն Աբրահամյանի՝ եթե չասեմ, գլուխգործոցը, ապա գլուխգործոցներից է, եւ ոչ միայն նրա, այլեւ հայ կինոյի։ Այս ֆիլմում դրամատիզմն առավել խտացված է՝ մինչեւ ողբերգության աստիճան։ Արմեն Ջիգարխանյանը՝ Խորեն Աբրահամյանին բնութագրելիս, խոսում է նաեւ հայ թատրոնի առանձնահատկությունների մասին, այն, որ հայերին թվում է, թե Շեքսպիրն իրենցն է, նրանք անպայման Շեքսպիր պիտի խաղան։ Այս դիտարկումն այնքան էլ հորինված կամ անհատական կարծիք չէ, եւ, իսկապես, կար մի արտահայտություն, որ մոտավորապես մեկնաբանվում էր այսպես՝ քանի դեռ Շեքսպիր չես խաղացել, ուրեմն որպես դերասան կնքված չես։ Սա, հավանաբար, թատրոնի վրա այն վիթխարի ազդեցությունն էր, որ հայ բեմում շեքսպիրյան կերպարներով հաստատել էին Սիրանույշը, Ադամյանը, Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը... Այսինքն՝ կար ավանդույթ, գագաթ, որին ձգտումը բնական էր իրեն հարգող արտիստի համար...
Խորեն Աբրահամյանը նույնպես կերտեց շեքսպիրյան կերպարներ, եւ մի կերպար այդպես էլ մնաց երազանք՝ Լիրի կերպարը, որ չեմ կասկածում, հասանելի էր նրան, բայց նրա դեպքում առաջնությունը կտայի կինոյին, քան թատրոնին, ուր Խորեն Աբրահամյանի խառնվածքով՝ զսպված ու պոռթկուն, մեծ պլանի արտիստը առավել բացվելու, թափի տեղ ունի, քան պարկետի վրա, բացված վարագույրի նեղության առջեւ... Խոսքերիս ու դիտարկումիս վկան Գեւորգ Սարոյանի կերպարն է «Սարոյան եղբայրներ» ֆիլմում, նույնքան շեքսպիրական ու ողբերգական, որքան Համլետը, նույնքան լինել—չլինելու դրամատիկ երկվության մեջ, նույնքան լինելու կշռի բնական ծանրությամբ, բայց հենց լինելը հաստատելու զոհաբերությամբ՝ չլինելու պարտադրանքով, եւ, ինչպես Շեքսպիրի դեպքում, այստեղ էլ ողբերգաբար ու հանիրավի զոհաբերվում են հերոսները, եւ ասֆալտին փռված Գեւորգ Սարոյանի անշունչ մարմնից, կարծես, լսվում է Համլետի վերջին շշունջը. «Մնացյալը լռություն է»...
Պարտադիր չէ խաղալ Շեքսպիր՝ շեքսպիրյան կերպար կերտելու համար, քանզի կյանքն ինքը կերտում է շեքսպիրյան դրամատիկ ու ողբերգական իրողություններ. կարեւորը դրանք ըմբռնելն ու արարելն է, անգամ այն դեպքում, երբ անձամբ ինչ—որ կերպ զրկված ես այդ հնարավորությունից...
Գեւորգ Սարոյանը Խորեն Աբրահամյանի՛ Համլետն էր, կասեմ ավելին՝ խնդրի տարողությամբ առավել խոր ու մասշտաբային, քան շեքսպիրյան Համլետը, քանզի շեքսպիրյան Համլետը կենցաղային հողի վրա քննում էր մարդու, նրա տեսակի ու բարոյականության, անցողիկության, այդ տեսակի համար պայքարի լինել—չլինելու հարցը, իսկ Գեւորգ Սարոյանի հարցի կենտրոնում այդ ամենի հետ եւ դրանից էլ վեր ու դրանից էլ առաջ հայրենիքի՛ լինել—չլինելու խնդիրն էր, որի լինելու համար պայքարը երկու եղբայրների միջեւ էր, նրանց տեսակետների բախման, տարբեր ճամբարներում հայտնված տեսակետների։ Նրանք միասին էին քննում այդ հարցը, միմյանց սիրելով, միմյանց կյանքի համար դողալով, բայց պատրաստ թե՛ զոհաբերվելու, թե՛ զոհաբերելու, որովհետեւ իրենցից վեր պապի կերպարն էր, որ նույնն էր, թե հայրենիքի խորհրդանիշը, եւ այդ խորհրդանիշի կորուստը առավել ողբերգական էր, քան իրենցից մեկնումեկի կյանքը...
Շեքսպիրի «Համլետում» եղբայրների բարոյականության հակադրությունը անմիջական չէ. այն միջնորդավորված է Համլետով. նա է հակադրում եղբայրներին, որոնց դեպքում կռիվը ոչ թե փրկությունն է, հայրենիքի փրկությունը, այլ տիրությունը, իշխանությունը. տիրել գահին ու միեւնույն կնոջը՝ թագուհուն... Անգամ Համլետը, որ պայքարում է բարոյականության անկման ու իշխանատենչության դեմ, դրանով տարվելով ողջ էությամբ, այդ պայքարում մոռանում կամ անտեսում է հայրենիքի ապագան ու ճակատագիրը... Արդյունքում զոհվում ու զոհաբերվում են բոլորը, եւ հայրենիքը մնում է անտեր, իսկ միշտ էլ կգտնեն ֆորտենբրասներ այն առանց կռվի նվաճելու համար...
Համեմատությունս ամենեւին էլ շեքսպիրյան գլուխգործոցը ստորադասելը չէ, այլ երկու գործերի զուգահեռներով խնդրի բարդության ու ողբերգականության աղերսները համադրելը, այն ողբերգական իրողությունների բախումն ու հետեւանքները, որոնց ստիպված է կամա թե ակամա առնչվել մարդը եւ արվեստի լեզվով հասցնել հասարակությանը...
Բացի իր սեփական՝ Սարոյան—Համլետը, Խորեն Աբրահամյանը խաղաց նաեւ Սմոկտունովսկու Համլետը. այն, ինչ վիճակված չէր նրան անձամբ խաղալ կինոյում, խաղաց, կարելի է ասել Սմոկտունովսկու միջոցով, կրկնօրինակելով նրան հայերեն... Կրկնօրինակելը այսօրվա հասկացողությամբ, տեքստը ձեռքը ընդամենը կարդալն է, իսկ ավելի ստույգ՝ գիրկապ անելը, որ թվում է, թե կարդացողը դպրոց էլ չի հաճախել... Ինչ էր կրկնօրինակելը մեր կինոյում, եւ, մասնավորապես, Խորեն Աբրահամյանի համար այս դեպքում. դա ամենեւին էլ տեքստը կարդալ կամ անգիր ասելը չէ. դա նշանակում է հավասարապես խաղալ հիմնական դերակատարի հետ՝ ֆիլմից դուրս եւ մտնել ֆիլմի մեջ, հավասարվել նրան, անգամ գերազանցել, լինել ազատ՝ իր ձայնով, առոգանությամբ, շեշտադրումով, իր լեզվով, իր ըմբռնողությամբ, եւ նորություն չեմ ասի ու չեմ կարող ասել, քան հիշեցնել այդ կրկնօրինակման բուռն արձագանքները, զարմացքն ու հիացքը ոչ միայն հայ հանդիսադեսի, այլեւ հայերեն չիմացող հանդիսատեսի, այդ թվում եւ անձամբ Համլետի անմիջական դերակատար Սմոկտունովսկու...
Իսկ ինչ ասել այն դեպքում, երբ «Զանգեզուր» ֆիլմում նա կրկնօրինակում է ոչ ավելի, ոչ պակաս, քան Հրաչյա Ներսիսյանին, հենց իրեն՝ Խորեն Աբրահամյանին պատկանող ձայնով, առանց կեղծելու ու նմանակելու փորձի, եւ հանդիսատեսի մտքով չի էլ անցնում կամ ուշ է գլխի ընկնում, որ խոսողը Հրաչյա Ներսիսյանը չէ, որ իրեն այնքան ծանոթ ու հարազատ Հրաչյայի ձայնը չէ...
Այս ամենը որակվում է միայն մի բառով՝ տաղանդ, այսինքն՝ փրփրադեզ ալիքների մեջ լողալու հմտություն...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

28-03-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO