Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ԼՂՀ


Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը

Այն, ըստ ավանդույթի, կառուցված է Քերթողահայր Խորենացու շիրիմի վրա

Քարանձավներով ու պատմական հուշարձաններով հարուստ ձորակով անցնում է Խորեա գետակը՝ իր ճանապարհին տեղ—տեղ ստեղծելով ջրվեժներ, օդում տարածելով շառաչ։ Ոչխարի հոտն է փռված արդեն ծաղկուն վայրի նշենիներով հարուստ ձորալանջին, ու անուշ մայում են մատղաշ գառները։ Գետի ափին մեղվափեթակներն են ավելի գեղեցկացնում պատկերը։ Իսկ տարածքի աշնանացան արտերն արդեն կանաչել են, եւ այս ամենով գարունն ամբողջանում է պատմական Հաբանդ գավառի այս ձորակում։ Մեղվապահն ու գառնարածը, հողագործը հանգիստ են ու բարիք են ստեղծում՝ այլեւս չվախենալով, որ իրենց համար որջ սարքած քարանձավից հանկարծ դուրս կգան ավազակ թուրքն ու քուրդը եւ կտանեն բարիքը, կսպանեն այն ստեղծողին։
Եղավ Արցախյան գոյամարտը, եւ նրա հերոս հայորդիները հաղթեցին թուրքին, ազատագրեցին Հայոց ոստանը՝ Հակարի գետի ողջ ավազանը, ու վերստին բացվել են ճանապարհները Սյունիքից Արցախ։ Խորեա եւ Կոռնիձոր գետակների ջրբաժան հրվանդանն սկսվում է Տեղ—Կոռնիձոր գյուղերի միջնամասում գտնվող դաշտամիջյան ճանապարհով, որը հասնում է ձորի պռնկին ու կանգ առնում ժայռագլխին։ Հնագետ Գագիկ Սարգսյանի եւ դստերս՝ Գայանեի հետ գնում ենք՝ գտնելու Սրիեղցի կոչվող Հայոց հնամենի սրբատունը, որը, ըստ ավանդույթի, կառուցված է Քերթողահայր Խորենացու շիրիմի վրա։ Եկեղեցին ժայռերի տակ է՝ ձորապռնկին, արեւելյան եւ հյուսիսային կողմերում՝ հսկա ժայռեր։ Մինչ սրբավայր հասնելը հնագետի աչքից չի վրիպում հնադարյան ամրոցատեղին, որի կոորդինատներն են. 39 34 13,1 եւ 46 32 47,1, բարձրությունը ծովի մակերեւույթից մոտ 1120 մ։ Ամրոցի արեւմտյան կողմում պահպանվել են կիկլոպյան պարսպապատի հիմքերը, որոշ տեղերում 1—2 մ բարձրությամբ պատերն են՝ շարված մեծ—մեծ անմշակ քարերով։ Գտնված խեցեղեն բեկորներից հնագետը եզրակացնում է՝ հնավայրը՝ ամրոց—բնակատեղին, բրոնզեդարյան է։
Ամրոցի հյուսիսային կողմում Խորեա գետի խիստ թեքությամբ լանջն է՝ թփուտներով ու միջին մեծությամբ ծառերով պատված։ Այս կողմում պարիսպ է եղել, սակայն այժմ միայն հետքերն են երեւում։ Հարավային կողմում Կոռնիձոր գետակի՝ հազարավոր թե միլիոնավար տարիների ընթացքում կերտած ձորն է։ Ամրոցի համար որպես պարիսպ են ծառայել այս ձորի ձախակողմյան ուղղաձիգ ժայռերը, որոնց մեջ կան քարանձավներ։ Ամրոցատեղիի կենտրոնական մասում է եղել միջնաբերդը։ Պահպանվել են որոշ կառույցների պատեր ու փոսորակներ։ Ամրոցի հիմնական մուտքը եղել է արեւմտյան կողմում՝ հարավային ձորից բարձրացող ճանապարհին։ Ուշադիր նայելիս երեւում են պատմական ճանապարհի հետքերը, պատաշարեր։ Հարավային ձորում՝ ամրոցի արեւելյան կողմում, մեծ քարանձավ կա, որի մուտքերի մոտ միջնադարյան պարիսպներ են պահպանվել։ Այս կողմից արահետը, անցնելով հսկա ժայռի մոտ 5 մ բարձրությամբ բնական մուտքով, տանում է սրբատուն (կոորդինատներն են՝ 39, 34, 10, 4 եւ 46, 32, 21, 5, բարձրությունը ծ. մ. մոտ 1000 մ)։ Եկեղեցու դիմաց՝ մոտ 500 մ արեւմուտք, մեկ այլ մեծ քարանձավ կա, դարձյալ մուտքի մոտ պարսպապատ։ Դարեր շարունակ՝ մինչեւ 19—րդ դարավերջ, այստեղով է անցել Սյունիքից դեպի Արցախ տանող հիմնական ճանապարհներից մեկը։ Ներքեւում՝ Հակարի գետի վրա, կանգուն է եղել միաթռիչք կամարակապ կամուրջը, որից այժմ մնացել են միայն խելերը։
Պատմությունից հատկապես հայտնի է Կոռնիձոր—Հակար առեւտրային ուղին, որն անցել է նշված ձորով ու կամրջով։ Գորիսի պետական համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ, տարածքի գիտակ Մհեր Քումունցի եւ բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Լուսինե Նիկողոսյանի համահեղինակած «Կոռնիձոր—Խորեա առնչությունները» հոդվածում («ԷՋՄԻԱԾԻՆ» հանդես, 2019 Ա.) նշված է. «Կոռնիձորը չորս անգամ տեղափոխվել է։ Ամենահին գյուղը կոչվել է Խորեա (Խորանա)…։ Ս. Օրբելյանի շրջանում Աղահեճք եւ Հաբանդ գավառի գյուղերի անվանացանկում բացակայում է Կոռնիձոր անունը, որ, ամենայն հավանականությամբ, հետագայում է փոխվել»։ Իսկ Խորյա գյուղը, որ Տաթեւի վանքին տվել է ընդամենը 7 բաժին հարկ, տեղադրված է Վանոցա եւ Տանձյակ գյուղերի մեջտեղում։ Վանոցա բնակավայրը 18—րդ դարում նույնպես հայաթափ է եղել եւ կոչվել է Ջիջիմլի, որի մոտ պահպանվել են 14—15—րդ դարերի մահմեդական 2 դամբարան, որոնց շինարարները եղել են հայեր եւ իրենց հետքն են թողել՝ պատերին քրիստոնեական խորհրդանշաններ քանդակելով։ Վանոցա—Ջիջիմլիից հյուսիս է ընկած Խորյա գյուղատեղին։ Հինգերորդ դարում Մաշտոցն այստեղ դպրանոցներ է հիմնել, որոնցից մեկում, հավանական է, ուսանել է Մ. Խորենացին։ Նույն դպրանոցների ավերակներն այսօր էլ կան։ Այս մասին հիշատակում է Ստ. Մալխասյանցը՝ վկայակոչելով նաեւ Կորյունին։ «Կոռնիձորի տարածքի սրբավայրերից ամենահայտնին Սըռըյէղցին է, որ երկու ձորերի արանքում է՝ ձորի նկատմամբ բարձրադիր վայրում։ Շրջակա գյուղերի բնակիչների ավանդազրույցներից մեկի համաձայն՝ Սըռըյէղցու ձորում ապրել ու ստեղծագործել է Մովսես Խորենացին, եւ հենց ինքը՝ Պատմահայրն է կառուցել Սըռըեղցին՝ իբրեւ ճգնարան՝ շրջապատված պարսպով։ Որպես իրականություն՝ նշում են, որ այդ ձորը հետագայում կոչվել է Կիրաձոր (Կիրաեւծօեւր)՝ «գրողի կամ գրչության ձոր», քանի որ այստեղ եղել է նաեւ դպրատուն (Մ. Քումունց, Լ. Ներսիսյան)։ Հետագայում Խորեա գյուղանունը բառի հնչյունական տարբերակներով պահպանված է տեղացիների շրջանում Խօրյա, Խօրխօփ, Խօրխօր, Խըրխօփ, Խօռխօռ եւ այլ անուններով։ Հիմա տեղացիներից շատերը այն ճանաչում են Խըրխօփ կամ Խօրխօփ ձեւով։ Հայ մատենագրության մեջ Խորյա բնակավայի մասին առաջին անգամ հիշատակված է 13—րդ դարի պատմիչ Ստեփաննոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում։
Սերո Խանզադյանն իր «Հայրենապատում» աշխատության մեջ հղում է ժողովրդական պատումը, համաձայն որի՝ Խորեա||Խրով հին բնակավայրում, որ ժամանակ անց կոչվել է Կիրաձոր կամ Գիրաձոր, թաղված է Պատմահայր Մովսես Խորենացին՝ Սըռըեղցի կոչված սրբավայր—դամբարանում։ Հայոց ամենամեծ պատմիչի կյանքին եւ գործին շատ հեղինակներ են անդրադարձել, որոշները քննադատել են նրան, որոշները գտնում են՝ նա 9—րդ դարի պատմիչ է, նույնիսկ կասկածել նրա գոյությանը։ Ինչ վերաբերում է նրա ծննդավայրին, որոշ հեղինակներ գտնում են՝ Խորենացին պետք է ծնված լինի Տարոն գավառում։ Այս մասին Խորենացու երկի թարգմանության առաջաբանում Ստ. Մալխասյանցը գրում է. «Ավելի հավանական է կարծել, թե նա ծնված է Սյունիքում, Հաբանդ գավառի Խորեա անունով փոքր գյուղում, որը հիշում է Ստեփաննոս Օրբելյանը տասնեւերեքերորդ դարի վերջում։ Օրբելյանի հիշած Խորեա ձեւը հինգերորդ դարում հնչում էր ավելի լիակատար ձեւով՝ Խորեան» (Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», Երեւան 1990թ. (Ներածություն. IX էջ)։ Այնուհետեւ Ստ. Մալխասյանցը բերում է այլ փաստեր՝ հօգուտ այն վարկածի, որ Քերթողահայրը Սյունեցի է։ Խորենացին լավ ծանոթ է եղել Սյունիքին, տարածաշրջանի բնաշխարհին, գովեստով է խոսել Սյունյաց նահապետ Սիսակի մասին։ «…Այստեղ նա ծնավ իր Սիսակ որդուն, որ մի սեգ ու թիկնավետ, վայելչակազմ, կորովախոս գեղեցիկ աղեղնավոր էր…» (Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», Երեւան 1990թ., Էջ 28)։
Խնդիրը՝ արդյո՞ք այս Խորեայում է ծնվել եւ կրթություն ստացել Քերթողահայրը, դեռ հաստատուն չէ, սակայն շատ փաստեր են վկայում դրա մասին։ Ինչ վերաբերում է Սրիեղցի միաթռիչք թաղակապ մատուռին, այն կառուցվել է 7—րդ դարից առաջ։ Գ. Սարգսյանն այդ փաստեց եկեղեցու սուրբ խորանի հատակագծով՝ այն պայտաձեւ է։ Առաստաղը կառուցված է վարպետորեն եւ պատերից առանձնանում է քիվով, որի վրա խաչեր են քանդակված։ Տեղում է սեղան—քարը։ Պատերը շարված են սրբատաշ դեղնավուն քարով, կրաշաղախով։ Տանիքը դրսի կողմից պատված է եղել դարձյալ սրբատաշ քարերով, որոնք դարերի ընթացքում ընկել են ցած։ Երկար ուսումնասիրեցինք կառույցը, սակայն որեւէ արձանագրություն չգտանք։ Գայանեն, ով ցանկանում է ճարտարապետ դառնալ, օգնում է հնագետին, եւ չափագրում են սրբատունը։ Արտաքին չափերն են՝ 750—455 սմ։ Պատերի լայնությունը՝ 100 սմ։ Միակ մուտքը, որից վերեւ պատուհան կա, արեւմտյան կողմից է, ունի 115 սմ լայնություն, մոտ 2 մ բարձրություն։ Սուրբ խորանի կողմերում ավանդատներ չկան։ Սրբատունը չունի մկրտության ավազան, ավանդատներ։ Սուրբ խորանի հարավային եւ հյուսիսային պատերին ուղղանկյուն խորշեր կան՝ մոտ 50—50 սմ չափերով, արեւելյան կողմում ունի պատուհան, որը ներսից քարե շրջանակի մեջ է առնված։ Խորանի բացվածքն ունի 260 սմ տրամագիծ։ Եկեղեցու մուտքի մոտ եւ մոտակայքում տապանաքարեր կան՝ առանց արձանագրության։ Այս ամենը հուշում է՝ մատուռը եղել է մենաստան։ Հիմնական ճանապարհն արեւմուտքից անցել է Խորեա գետակի աջափնյա լանջի պռնկով, հասել է եկեղեցի եւ շարունակվել՝ իջնելով Հակարի հետի հովիտ։ Մի քանի այլընրանքային ճանապարհ եւս ունի սրբատունը։ Մեկն իջնում է հիշատակված ամրոցատեղիից՝ անցնելով ժայռապատ լանջով։ Որոշ մասերում ժամանակին ժայռերը փորել եւ աստիճաներ են կառուցել։ Մյուսի մասին արդեն նշել ենք՝ Կոռնիձոր գետակի ձախափնյա ժայռերի միջով է անցնում։ 2 ձորերում գոյություն ունեցող քարայրներում, հնարավոր է, միջնադարում ճգնավորներ են բնակվել։ Մեծ քարայրների դիմաց պատեր են շարել։
1500 եւ ավելի տարվա պատմություն ունեցող Սրիեղցին կանգուն է՝ շնորհիվ ժամանակի հանճարեղ ճարտարապետների եւ շինարարների, սակայն այժմ ունի նորոգման կարիք. առաջինը՝ վերականգնվի տանիքը։ Ավարտելով չափագրման եւ ուսումնասիրման աշխատանքները՝ վերադարձանք նույն ճանապարհով։ Այցելեցինք նաեւ Տեղի Սուրբ Գեւորգ եկեղեցի (5—րդ դար) եւ Մելիք Բարխուդարի ապարանք (այս մասին՝ հաջորդիվ)։ Տեղի բնակիչները նույնպես Սրիեղցի են անվանում Խորեա հնավայրում գտնվող եկեղեցին, որը տարածքի բնակչության համար կարեւոր ուխտավայր է եւ հպարտություն։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

28-03-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO