Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Անկաշառ նվիրում գիտությանը, անսահման աշխատասիրություն ու խստապահանջություն

Ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի 100-ամյա հոբելյանի առթիվ

Այսօր լրացավ 20-րդ դարի 2-րդ կեսին համաշխարհային ճանաչում ունեցող ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ընդհանուր եւ հայ լեզվաբանության մեծ տեսաբան ու հմուտ նորարար, դրանցում իր վճռական խոսքն ասած, մի քանի լեզուների տիրապետող, չորս տասնյակ մենագրությունների, մոտ երկու հարյուր հոդվածների ու գրախոսականների հեղինակ, մի շարք լեզվաբանական ընկերությունների անդամ, Հայաստանի ու տարբեր երկրների բազմաթիվ մրցանակների ու շքանշանների դափնեկիր, գիտությունների վաստակավոր գործիչ Գեւորգ Բեգլարի Ջահուկյանի 100-ամյակը։
Գ. Ջահուկյանը ծնվել է Լոռու Մեծավան գյուղում 1920 թ. ապրիլի 1-ին։ Երեւանի Ստ. Շահումյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ Գերազանց գնահատականներով է ավարտել նաեւ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ծառայել է սովետական բանակում։ Բանակից վերադառնալուց հետո ընդունվել է ասպրիանտուրա՝ որպես գիտական ղեկավար ունենալով աշխարհահռչակ գիտնական Հրաչյա Աճառյանին։
1945—2005 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ դասավանդել է պետական համալսարանում եւ Հր. Աճառյանի անվան ինստիտուտում։ Ավելի քան 60 տարի աշխատել է լեզվաբանության անդաստանում։ Հետեւելով աշխարհահռչակ ուսուցչապետ Աճառյանի օրինակին՝ անդրադարձել է լեզվաբանության բոլոր բնագավառներին՝ ուղղախոսություն, ուղղագրություն, բառագիտություն եւ ստուգաբանություն, ձեւաբանություն եւ շարահյուսություն, ոճաբանություն եւ տեքստաբանություն, բառագիտություն եւ լեզվի պատմություն։ Բոլոր բնագավառներում ասել է իր նոր եւ հիմնավոր խոսքը՝ ելնելով լեզվաբանության զարգացման նորագույն տվյալներից։
Գ. Ջահուկյանի հիմնական աշխատությունները վերաբերում են ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության, համաշխարհային եւ հայ լեզվաբանության պատմության ու տեսության, հնդեվրոպական լեզուներին եւ Առաջավոր Ասիայի հին լեզուներին, հայոց լեզվի պատմության ու բարբառագիտության, ժամանակակից հայոց լեզվի կառուցվածքի հարցերին։ Ուղիղ 60 տարի՝ մինչեւ կյանքի վերջը, Ջահուկյանն աճեցրեց հայ լեզվաբանների մի ամբողջ փաղանգ, որի ներկայացուցիչներից շատերը այժմ դասավանդում են աշխարհի տարբեր բուհերում, ինչպես նաեւ գիտական աշխատանքներ են կատարում ազգային ակադեմիայի համակարգում։
Ջահուկյանի առաջին մենագրությունը «Քերականական եւ ուղղագրական աշխատությունները հին եւ միջնադարյան Հայաստանում» գիրքն է (Երեւան, 1954 թ.), որտեղ ինչպես տպագիր, այնպես էլ ձեռագիր աշխատությունների հիման վրա հանգամանորեն քննել է 5—15—րդ դարերի հայ քերականության պատմության զարգացման ուղին։ Սրան հաջորդել է նրա «Հին հայերենի սիստեմը եւ նրա ծագումը» (1959 թ.) մենագրությունը, որը նվիրված է հայոց լեզվի պատմության, պատմահամեմատական քերականության հնդեվրոպական հոլովման համակարգի քննությանը։
«Լեզվաբանության պատմություն» երկհատոր (1960—1962 թթ.) ստվարածավալ աշխատությունը (1235 էջ) Ջահուկյանի ընդհանուր լեզվաբանական բնույթի աշխատությունների մեջ յուրահատուկ արժեք ունի, որտեղ հեղինակը ներկայացնում է լեզվաբանության զարգացումը՝ սկսած հնագույն ժամանակներից (մ.թ.ա. 3—րդ հազարամյակ) մինչեւ մեր թվարկության 20—րդ դարի կեսերը՝ քննության նյութ դարձնելով Հին Եգիպտոսն ու Միջագետքը, Հնդկաստանն ու Չինաստանը, Ամերիկան եւ Եվրոպան։ Գրքում հեղինակը մանրազնին քննում է նշված երկրների տարբեր ժամանակների լեզվաբանական ուղղությունները, ինչպես նաեւ լեզվաբանության պատմության մեջ նշանակալից դեր ունեցած մի քանի տասնյակ լեզվաբանների։ Այս աշխատանքը լուրջ ներդրում է ոչ միայն հայ, այլեւ ընդհանուր լեզվաբանության բնագավառում։ Այն դասագրքային արժեք ունի։
1964 թ. լույս տեսավ Ջահուկյանի «Հայոց լեզվի զարգացման փուլերը» աշխատությունը, որտեղ քննում է հայոց լեզվի պարբերականության հարցերը։ Նա հայոց լեզվի շրջանները բաժանում է երեք մասի՝ հին, միջին եւ նոր, որոնցում մանրամասնորեն քննում է գրաբարի, կիլիկյան հայերենի (միջին շրջան) եւ աշխարհաբարի էական տարբերությունները։ Այս գրքի անմիջական շարունակությունն է «Հայոց լեզվի զարգացումը եւ կառուցվածքը» (1969 թ.) հայերենագիտական շատ կարեւոր մենագրությունը։
Մեծ է նաեւ հմուտ լեզվաբանի ներդրումը հայ բարբառագիտության բնագավառում։ 1972 թ. լույս տեսավ նրա «Հայ բառագիտության ներածություն» նմանը չունեցող աշխատությունը, որտեղ նա վճռական եւ համոզիչ պատասխաններ է տալիս բարբառագիտության հետ կապված գրեթե բոլոր կնճռոտ հարցերին եւ որպես բարբառների դասակարգման սկզբունք քննում է 100 հատկանիշ՝ սկսած 5—րդ դարից մինչեւ մեր օրերը եւ իր ուսուցիչ Աճառյանի նման հավաստում է այն տեսակետը, որ գրաբարից առաջ էլ հայերն ունեցել են իրենց բարբառները, որոնց տարբերակումն ավելի թույլ է եղել։
Այս գրքերից երկու տարի անց՝ 1974 թ. լույս տեսան անդուլ ու անդադրում աշխատող գիտնականի երկու ծավալուն աշխատությունները՝ «Գրաբարի քերականության պատմություն» եւ «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները» անփոխարինելի դասագրքերը, որոնցից հատկապես 2—րդը յուրաքանչյուր դասախոսի եւ լեզվաբանի սեղանի գիրքն է։ Այս գրքում հեղինակը տալիս է լեզվական կառուցվածքի ամբողջական նկարագրությունը, քննում է լեզվաբանական կաղապարները, ճշգրտում է լեզվաբանական մակարդակներն ու դրանց քերականական կարգերը։
Իր կարապի երգ հանդիսացող գրքում՝ «Շարահյուսական ուսումնասիրություններ» (2003 թ.) Ջահուկյանը հավելում է նաեւ տեքստային (հենքի) մակարդակը ու քննում է վերշարահյուսական իրողությունները՝ պարբերություն եւ տեքստ։ Չմոռանանք հատուկ ընդգծել, որ այդ բազմավաստակ գիտնականը այդքան զբաղված լինելով հանդերձ, ժամանակ է տրամադրել նաեւ տարբեր լեզուներով բազմաթիվ գրքերի եւ հոդվածների խմբագրմանը։ Նա եղել է նաեւ ԳԱ «Ժամանականից հայոց լեզվի բացատրական բառարանի» երրորդ հատորի գլխավոր խմբագիրը։
Մեծ մարդկանց ու գիտնականների մարդկային նկարագիրը նույնպես դաստիարակչական արժեք ունի։ Ջահուկյանի նախնիները Գողթան գավառից էին։ Այդ երկրի մարդիկ, Մ. Խորենացու վկայությամբ, մարդամոտ, խոսքաշեն, արվեստ, գիր ու գրականություն սիրող մարդիկ են եղել։ Ջահուկյանն էլ ժառանգել է իր նախնիների դրական բոլոր հատկանիշները։ Նա բարի էր, մարդամոտ, ասող—խոսող, սիրում էր հումորը, պատմում էր անեկդոտներ, գրում էր նաեւ բանաստեղծություններ։ Նա միաժամանակ անաչառ էր ու խստապահանջ. չէր հանդուրժում ցածրորակ ու թերի աշխատանքներ։ Այդ հիմնավորումով էլ ինստիտուտի աշխատակիցներն ու նրա ասպիրանտներն էլ միշտ հաջողություններ էին ունենում։ Այսօր էլ մեզ համար թանկ է Ջահուկյան գիտնականի մարդկային նկարագիրը՝ գիտությանն իր անկաշառ նվիրումով, անսահման աշխատասիրությամբ ու խստապահանջությամբ։

Խաչիկ ԲԱԴԻԿՅԱՆ
Բանասիրական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր

01-04-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO