Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


«Իմունիտետ» քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակներից. ի՞նչ կարելի է սովորել լիբանանյան ճգնաժամերից

«Արմենպրեսի» ու արեւելագիտության ինստիտուտի նոր նախագիծը

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը եւ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը նախաձեռնել են նոր նախագիծ, որի նպատակն է հանրության լայն շրջանակներին ներկայացնել փորձագիտական համայնքի ուսումնասիրությունների արդյունքները։ Տարիների ընթացքում ինստիտուտը բազմաթիվ գիտական—վերլուծական քննարկումներ է կազմակերպել, որի շրջանակներում արծարծվել են Մերձավոր Արեւելքի կարեւորագույն զարգացումները։
Ապրիլի 17—ին տեղի ունեցավ հեռավար ձեւաչափով առաջին հանդիպումը։ Գործակալության տնօրեն Արամ Անանյանի խոսքով, փորձագիտական հարթակի նպատակն է արտակարգ դրության պայմաններում ստեղծել արտակարգ փորձագիտական արդյունք։ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը կարեւորեց մասնագետների ուսումնասիրությունների առավել լայն հրապարակայնությունը. «Քննարկման առաջին թեման ընտրվել է, հաշվի առնելով Լիբանանի կարեւոր դերակատարությունը Մերձավոր Արեւելքում եւ այն հետաքրքրությունը, որ կա Հայաստանում լիբանանյան իրադարձությունների նկատմամբ»։
«Լիբանանը Մերձավոր Արեւելքի այն երկրներից է, որն իր նորագույն պատմության ամբողջ ընթացքում շատ ավելի քաղաքական ճգնաժամերի փուլերով է անցել, քան բնականոն, առանց ճգնաժամերի զարգացման։ Այդ տեսանկյունից քաղաքական ճգնաժամերն այդ երկրի պատմական զարգացման կարեւոր բաղադրիչն են»,–ասաց պատմական գիտությունների թեկնածու, ինստիտուտի առաջատար գիտաշխատող Լիլիթ Հարությունյանը։ Մասնավորապես, 2019 թ. հոկտեմբերին սկսվեց բողոքի ալիք, որն առավելապես քաղաքացիական բնույթ ուներ. լիբանանցիների գերակշռող մասը պահանջում էր քաղաքական համակարգի վերանայում, սոցիալ—տնտեսական արմատական բարեփոխումների իրականացում եւ այլն։
Տեղի ունեցած զարգացումների պատճառահետեւանքային կապերը ցույց տալու համար արեւելագետը ներկայացրեց այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են Լիբանանին ընդհանրապես, եւ որոնցով էլ պայմանավորված է այդ երկրում քաղաքական ճգնաժամերի առաջացումը։ Այսպես, Լիբանանն այն եզակի պետություններից է, որի քաղաքական կառավարման հիմքում դրված է էթնոդավանաբանական սկզբունքը՝ հաշվի առնելով, որ այն բազմաթիվ էթնոդավանաբանական համայնքներ ունեցող երկիր է։ «Այդ համակարգը ձեւավորվել է 1943 թ. դաշինքով եւ կոչված է որոշակիորեն կարգավորելու տարբեր էթնիկ–դավանաբանական համայնքների հարաբերությունները, որոնք կարող են այս կամ այն ձեւով նպաստել երկրի կառավարելիության մեծացմանը»,–պարզաբանեց Հարությունյանը։ Դրական կողմերից բացի այս համակարգը, որը տարբեր քաղաքական ճգնաժամերի ընթացքում իրականացնում է որոշակի կարգավորող դեր, պարունակում է նաեւ բազմաթիվ ռիսկեր։ Դրանց թվում է այն, որ տարբեր պաշտոններ ամրագրված են տարբեր համայնքների ներկայացուցիչների կողմից։ Օրինակ, երկրի նախագահը պետք է լինի մարոնի քրիստոնյա, վարչապետը՝ սունի մուսուլման, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա մուսուլման։ «Դրա արդյունքում Լիբանանում ձեւավորվել է «զաիմների» համակարգ, ինչը ենթադրում է, որ կրոնադավանական տարբեր համայնքների ընտանիքներ երկար տարիներ զբաղեցնում են նույն պաշտոնները։ Թերեւս, անցած տարվա ընդվզման ալիքի բնորոշ գծերից մեկն այն էր, որ մարդիկ իրենց բողոքն էին արտահայտում այն երեւույթի դեմ, որ մշտապես տեսնում են նույն քաղաքական դեմքերին։ Այդ առումով հասարակության շրջանում կա արդարացի դժգոհություն, իսկ էթնոդավանաբանական կաղապարային համակարգում՝ որոշակի փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն»,–նկատեց բանախոսը՝ նշելով, որ, օրինակ, Նաբիհ Բըրրին 1992—ից զբաղեցնում է երկրի խորհրդարանի նախագահի պաշտոնը։
Երկրի քաղաքական համակարգի ճգնաժամերի հիմքում ընկած մյուս կարեւոր բաղադրիչը սոցիալ—տնտեսականն է։ Լիբանանը Մերձավոր Արեւելքի ֆինանսական եւ բանկային կարեւոր կենտրոններից է։ Հանդիսանալով առավելապես ծառայությունների, սպասարկման ոլորտի վրա հիմնված եւ լիբերալ տնտեսական համակարգ ունեցող երկիր, բնականաբար, ցանկացած ճգնաժամ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ տարածաշրջանում, անմիջապես ազդում է երկրի սոցիալ—տնտեսական իրողությունների վրա։
Հաջորդը՝ արտաքին գործոններն են։ Ունենալով էթնոդավանաբանական տարբեր համայնքներ, տարբեր արտաքին ուժեր են տարածել իրենց ազդեցությունը, ինչն առկա է նաեւ այսօր։ Ներքին խնդիրներին ավելանում են արտաքին գործոնները, որոնք ակտիվ արտացոլվում են լիբանանյան իրողություններում։ Օրինակ, երկրի մարոնեական՝ քրիստոնեական համայնքի դաշնակիցները տարբեր պատմական փուլերում եղել են Ֆրանսիան, հետո ԱՄՆ—ն։ Սունիական համայնքը ակտիվ կապեր ունի Սաուդյան Արաբիայի եւ ծոցի այլ միապետությունների հետ, իսկ շիական համայնքը եւ այն ներկայացնող երկու՝ «Հըզբոլահ» եւ «Ամալ» շարժումները, դաշնակցային հարաբերություններ ունեն Սիրիայի եւ Իրանի հետ։ Արտաքին ազդեցության ուժերից կարող են համարվել Իսրայելը, Ռուսաստանը։
2005 թ. ճգնաժամից հետո ձեւավորված իրողության առանձնահատկությունն այն էր, որ երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ ալ Հարիրի սպանությունից հետո ձեւավորվեցին երկու հիմնական քաղաքական դաշինքներ՝ «մարտի 14—ի դաշինքը», որը ղեկավարում է Ռաֆիկ Հարիրի որդին՝ Սաադ Հարիրին եւ ունի արեւմտամետ ուղղվածություն, իսկ ֆինանսապես կախված է Սաուդյան Արաբիայից, իսկ «մարտի 8—ի դաշինքը» միավորել է «Հըզբոլահ»—ին ու «Ամալ»—ին եւ ավելի իրանամետ է։ Այս խմբի մեջ է մտնում նաեւ Լիբանանի ներկայիս նախագահ Միշել Աունը։ «Այս ամբողջ շրջանակը ակտիվ դերակատարություն ունի Լիբանանում ճգնաժամերի առաջացման գործում։ Միեւնույն ժամանակ բազմիցս եմ նշել, որ եթե երկրի ներսում խնդիրներ չլինեն, ապա դրսից դրանք հրահրելը բավականին բարդ կլիներ»,–ընդգծեց փորձագետը։

Թուրքիայի գործոնը

Վերջին շրջանում Թուրքիան ակտիվորեն միջամտում է արաբական երկրների ներքաղաքական գործընթացներին, մասնավորապես Սիրիայում, Եգիպտոսում։ Այդ առումով Լիբանանը նույնպես զերծ չմնաց այդ միջամտությունից։ Տրիպոլի քաղաքում, որը սունիական շրջան է, Թուրքիան փորձեց փափուկ ուժ կիրառել՝ սունիական խմբավորումների միջոցով իրականացնելով քարոզչական որոշակի քայլեր։ Այդ կերպ փորձ էր արվում շոշափել տրամադրությունները հետագա քաղաքականությունը մշակելու նպատակով։
Մինչ վերջերս Թուրքիայի ազդեցությունն այս երկրում նկատելի չի եղել, որովհետեւ այլ երկրներ են ներգրավված եղել լիբանանյան քաղաքական իրողություններում։ Թուրքիան Լիբանանում սկսեց ակտիվանալ դեռեւս 2006 թվականից, երբ Լիբանանի տարածքում բախումներ եղան «Հըզբոլահ»—ի եւ Իսրայելի միջեւ։ Արդյունքում որոշում կայացվեց երկրի հարավում տեղակայել ՄԱԿ—ի խաղաղապահ ուժեր, որի կազմ մտան նաեւ թուրքական զորամիավորումները։ «Հետագայում Թուրքիան փափուկ ուժի կիրառմամբ սկսեց դերակատում ունենալ Լիբանանի ներքին քաղաքական կյանքում։ Արտաքին գործոնը շատ կարեւոր է Լիբանանի պարագայում, եւ այդ առումով թուրքական գործոնի ակտիվացումը կարեւոր է այս երկրի համար»,–նշեց Հարությունյանը։

Լիբանանի հայ համայնքը

Նորություն չէ որեւէ մեկի համար, որ Մերձավոր Արեւելքում Լիբանանը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, եւ այդ երկրում տեղի ունեցող գործընթացները, առավել եւս քաղաքական, տնտեսական, այլ բնույթի ճգնաժամերն իրենց անմիջական հետեւանքներն են ունենում Լիբանանի հայ համայնքի համար։
1975 թ. քաղաքացիական պատերազմից առաջ լիբանանահայ համայնքը հասնում էր 250 հազարի, ներկայումս ոչ պաշտոնական տվյալների համաձայն Լիբանանում բնակվում է 59—70 հազար հայ, սակայն վերջին զարգացումների արդյունքում այդ թիվն էլ ավելի է նվազել։ Արեւելագետը վստահեցնում է, որ այդ երեւույթը չի վերաբերում միայն հայերին, քանի որ իսլամական արմատականության ակտիվացման հետեւանքով, անվտանգության խնդիրների սրման եւ սոցիալ—տնտեսական դժվարությաններով պայմանավորված քրիստոնյաները լքում են Մերձավոր Արեւելքը, այդ թվում նաեւ Լիբանանը։
Արեւելագետի խոսքով, ինչ զարգացումներ են սպասում մեր հայրենակիցներին, ցավոտ հարց է, քանի որ «Մերձավոր Արեւելքի հայ համայնքներն ընդհանրապես եւ Լիբանանի հայ համայնքը մասնավորապես, կարեւոր քաղաքական—հասարակական եւ սոցիալ–տնտեսական գործոն են հանդիսանում։ Մենք մշտապես ներկայացուցիչներ ենք ունենում Լիբանանի խորհրդարանում, ինչպես նաեւ 1—2 նախարարական պաշտոն։ Հայ համայնքը կրոնադավանական համակարգի կարեւոր բաղադրիչ է, եւ ցանկացած ճգնաժամ իր բացասական ազդեցությունն է ունենում Լիբանանի հայ համայնքի թվաքանակի վրա»։
Անդրադառնալով ներկա իրողություններին, Հարությունյանը նկատեց, որ համավարակի պայմաններում հայ համայնքը շատ կազմակերպված է եւ դեռեւս երկրորդ քաղաքացիական պատերազմից սկսած շարունակում է դրսեւորել դրական չեզոքություն։ «Երեք քաղաքական կուսակցությունները՝ ՀՅԴ—ն, Ռամկավարներն ու Հնչակյանները դրսեւորում են միասնականություն եւ ընդհանուր առմամբ փորձում են համայնքը զերծ պահել ներքին ընդհարումների մեջ ներգրավելուց, նաեւ որեւէ խմբավորմանը կամ դաշինքին ուղղակիորեն աջակցելուց։ Չնայած դրան՝ չեզոքության մեջ անգամ փորձում են տարբեր ուժերի հետ համագործակցության միջոցով առաջ տանել հայ համայնքի շահերը»,–հավելեց նա։ Վերջերս ձեւավորված կառավարության կազմում հայ համայնքն ունի նախարարի պորտֆել, Լիբանանի երիտասարդության եւ սպորտի նախարարի պաշտոնը վստահվել է Վարդինե Օհանյանին։ Ի դեպ, նոր կառավարության 20 նախարարական պորտֆելներից 6-ը վստահվել է կանանց։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

18-04-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO