Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.04.2021
ԵՐԵՎԱՆ


Մեկ ժամ հատուկ դրության փողոցում

Հատուկ դրության սահմանափակումներով թելադրված «Մնա տանը» կարգախոսն իր դերը խաղում է։ Մշտաշխույժ Երեւանի փողոցներում անսովոր հանգստություն է։ Մարդիկ տներում են, փողոց դուրս եկողները շատ չեն։ Իհարկե, դուրս եկողներից բոլորը չեն, որ խիստ անհրաժեշտությամբ պայմանավորված են դուրս եկել։ Դա երեւում է անմիջապես։ Նրանք մթերային խանութ, դեղատուն, աշխատող ձեռնարկություն շտապողներ չեն, դուրս են եկել, պարզապես, դուրս գալու համար։ Երեւի աղմուկից կտրուկ թեթեւացած, անընդգրկելի ազատ տարածքներ ձեռք բերած փողոցները հետաքրքիր են։ Տեսնում եմ նաեւ իրենց երեւակայող, սահմանափակումն իրենց հագով չհամարող մարդիկ։ Ինքս էլ չպիտի լինեի փողոցում, բայց դուրս եմ եկել հանգամանքների բերումով, գրեթե մեկ ամիս տանը նստելուց հետո։
Թվում է, թե այս օրերին փողոցներում ավտոմեքենաների թիվը պիտի նվազած լինի. նրանցով ու՞ր պիտի գնան մարդիկ, եթե չեն աշխատում խանութները, չեն գործում հիմնարկ—ձեռնարկությունները, կարճ ասած՝ եթե բացի սննդամթերքի խանութներից մնացած բոլոր այցելավայրերը փակ են։ Բայց չէ, փողոցներում կայանած ավտոմեքենաները շատ են։ Խոսքը կենտրոնի մասին է։ Դժվար է տեսնել մի փողոց (խոսքն այդ րոպեներին տեսածիս մասին է), որի աջ ու ձախ եզրային գոտիները զբաղեցված չլինեն կայանած ավտոմեքենաներով։ Ու՞ր են տերերը, ինչո՞վ են զբաղված, դժվար է հասկանալ։ Միամտություն կլինի մտածելը, թե փողոցներում կայանման համար ազատ տեղերի երբեմնի «սովն» է նրանց փողոց հանողը։ Ըստ երեւույթին մի բան անում են, ինչ—որ բանով զբաղվում են, ուրեմն նաեւ շփվում են ուրիշների հետ։
Օրեցօր ավելի «տաքացող» արեւից օդը լցվել է պայթող բողբոջների եւ բացվող ծաղիկների հաճելի բույրով։ Բնությունն իր գործն անում է՝ հաշվի չնստելով այս օրերին մեզ կաշկանդող մտահոգության հետ։ Քաղաքը զարթոնքի մեջ է։ Սովորաբար ապրիլի այս օրերին քաղաքում մեծ ծառատունկ էինք կատարում։ Ներկայում մեծամասշտաբ ծառատունկ հնարավոր չէ կազմակերպել։ Փոխարենը վարչական շրջանների կանաչապատման տեղամասերն են կազմակերպված աշխատում։ Կենտրոն վարչական շրջանի կանաչապատողները Իտալիայի եւ Բեյրութի փողոցների եզրերին տնկվող թփերով կանաչ ժապավեններ են ստեղծում, որ Մանկական այգին ու Սունդուկյանի թատրոնի դիմացի այգին ներդաշնակեն անցյալ տարի մկրտություն ստացած «Երեւան—2800» այգու բարեկարգությանը, նրա հետ կանաչ ճարտարապետության առումով մեկ միասնական անսամբլ դառնան։
Թեթեւացել են փողոցները, թեթեւացել են մայթերը։ Լուսացույցերի կարմիրն ու կանաչը կարծես թե կորցրել են իրենց նշանակությունը։ Հետիոտները հիմնականում չեն ենթարկվում դրանց գունային հրահանգներին, անցնում են կարմիր լույսի տակով, քանի որ նոսրացել է ավտոմեքենաների հոսքը։ Լավ է՝ ավտոմեքենաները ելակետ չեն դարձնում հետիոտների թվաքանակի նվազումը եւ չեն խառնում կարմիրն ու կանաչը, թե չէ... Բայքերների մի խումբ մի պահ շրջապատը թնդացնում է դղրդյունով։ Նրանց մեծ արագության համար անհրաժեշտ տարածություն է բացված լայն փողոցներում։ Երկաթե «նժույգները» «մռնչում են», «փռշտում» իրենց հատուկ վերամբարձությամբ եւ ակնթարթորեն չքանում տեսադաշտից։ Երկաթե «նժույգների» ասպետներն, ինչպես միշտ, աչքի չեն ընկնում համեստությամբ...
Մանկական այգու ծառուղիները չես ասի մարդաշատ են։ Բայց եղողներն այնքան էլ քիչ չեն։ Ահա անֆիթատրոնում, որտեղ սովորաբար գեղարվեստական միջոցառումներ են կազմակերպվում, մի խումբ երեխաներ աղմկելով գնդակ են «տշում», իբր թե ֆուտբոլ են խաղում։ Անցուղիներում բավականին շատ են հեծանվով զբոսնողները. երեխաների կողքին մեծեր էլ կան։ Աչքից հեռու, մի խաղաղ անկյուն գտած, իր հույզերով է տարված սիրահար մի զույգ։ Մի փոքրիկ, սիրունատես աղջնակ մոր ձեռքը թողնելով վազում եւ «փառավորապես» տեղավորվում է ծառուղու նստարանի վրա։ Երբ նկատում է, որ լուսանկարում եմ իրեն, ձեռքերով սրտիկ է պատկերում...Այստեղ շտապ, անհետաձգելի գործով եկած մարդիկ թերեւս չկան, նորաբաց ծառերի ու ծաղիկների առաջացրած հաճելի միջավայրը վայելելու համար են եկել։ Ուրիշ գաղտնիք չկա։ Զգում ես, որ յուրաքանչյուրն իրեն ինչ—որ չափով մեղավոր է զգում, որ անտեսելով տանը մնալու հորդորը, այգի է մտել։ Նրանց պահվածքում անսքող կաշկանդվածություն էլ կա։ Դրանով հանդերձ, հնարավոր չէ արդարացնել նման վարքը։ Եթե շփումների խիստ սահմանափակումն է համարվում այսօր առկա հակամիջոցներից ամենագործնականը, ապա պարտավոր ենք հետեւել այդ միջոցին։
Ընդհանրապես քաղաքում հնարավոր չէ չտեսնել, որ պահով պայմանավորված արգելքի գիտակցումը բավականին լուրջ է։ Դա այն նվազագույնն է, որ կարող ենք անել առանց բժշկի եւ բժշկական միջոցների միջամտության։ Ընդ որում, դա առայժմ հիմնական գործնական միջոցն է համավարակի դեմ։ Ցավոք։ Մեզ անհրաժեշտ է առավել խորությամբ գիտակցել մեր վարքագծի նշանակությունը, չթուլացնելով վտանգի դեմ ուղղված մեր զգոնությունը։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

22-04-2020





17-04-2021
Բանակցություններում դրական տեղաշարժ Է նշմարվում
Ապրիլի 15-ին, մեկ օր ուշացումով, Վիեննայում վերսկսվել է Իրանի ...


17-04-2021
Կատարելագործվում են մատչելի հիպոթեքային վարկերի համակարգերը
Դյուրինացվել է քաղաքացուն եկամտային հարկի վերադարձման գործընթացը

Այն ...


17-04-2021
Հին մայրցամաքում սկսել է գործել թուրքական ականը
Քարոզիչները կոչ են անում չընդունել «կեղտոտ անհավատների» սովորույթները



17-04-2021
Նախիջեւան, Արցախ…
Շարունակության փոխարեն պետք է լինի վերադա՛րձ

Տարիներ առաջ ...


17-04-2021
Բարեկամություն թրքական ձեւով կամ՝ կայենական խարանի թունոտ հրապույրը
Թշնամին թշնամի է` յուրային թե օտար, հավասարապես վտանգավոր…



17-04-2021
Համապետական ծառատունկը՝ անտառապատման ծրագրի բաղադրիչ
Պետության կայուն զարգացման հեռանկարը

Նախորդ դարի 90-ականների ...


17-04-2021
Հայրենաշինության նվիրյալը
…Երբ հանճարն էր արտասվում հպարտության արցունքներով

«Շնորհիվ նրա ...



17-04-2021
«Մենք աննախադեպ մի երեւույթ ունենք»
Զոհվածներին լավագույն պատասխանը նրանց ...

17-04-2021
ՀՀ նախագահի այցը Վրաստան
«Համատեղ պատմությունն ու մշակույթը բացառիկ ...

17-04-2021
Գարեգին Բ-ն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ ...

17-04-2021
Զանգեզուրի միջանցքի հարցի քննարկումը բացառվում է
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացառում է, որ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO