Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Աշխատավոր ու խիզախ հայորդին

Որ մարդկային գործունեության բոլոր «ճակատներում» լավագույնս է դրսեւորել իրեն

Հովհաննես Գրիգորի Ծատուրյան… Մեկը՝ մեր այն բազմահազար հայրենակիցներից, ով Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության սրբազան գործին եւ իր նվիրումով ու խիզախությամբ նպաստեց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին։ Արժանապատիվ ու ազնվազարմ հայորդի, ում ապրած կյանքն, իրոք, հայրենասիրության հրաշալի դաս ու մարդկային հավատարմության լավագույն դրսեւորումների օրինակելի վկայություն է։
Աննախանձելի ծանր ճակատագիր է վիճակվել Ջավախքի Ալաստան գյուղում 1912 թ. ծնված Հովհաննես Ծատուրյանին, ինչի մասին արդեն տասնամյակներ անց որդին՝ Գրիգորը, պիտի բանաստեղծական այսպիսի տողերով հիշեր. «Հայրս բարկանում էր/ Անարդար ու անտեր/ Այս աշխարհի վրա …/ Այն եղերական/ Երեսունյոթին/ Եղբայրներին ու հորն էին/ Տարել—աքսորել …/ Աշխատավոր հայրս,/ Հազար փորձության դեմ/ Մենակ կանգնած հայրս…»։
Ահա այդպես, անողոք զրկանքի ու փորձության առջեւ միայնակ մնացած, «կուլակի լակոտ» խարանը «ճակատին»՝ Հովհաննեսն, այդուհանդերձ, դատապարտված էր հաղթելու... անհուսությանը։ Ավելին, իր մեջ գերմարդկային ուժ պիտի գտներ վառ պահելու անձնվեր տքնանքով փայփայած հայրենական օջախի ծուխը։ Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո Ախալքալաքում ընդունվել է տեխնիկում, բայց կիսատ է թողել, քանի որ տան միակ տղամարդը մնալով, պետք է հոգար ընտանիքի հացի, գոյատեւման խնդրի մասին։ Աշխատել է գյուղի ակումբի վարիչ, գիշեր ու զօր տքնել հողի վրա, բարին արարել։
…Սկսվում է Մեծ հայրենականը, եւ Հովհաննես Ծատուրյանը զինվորագրվածների առաջին շարքերում էր։ Մարտական ծառայությունն սկսել է «հրետանային գնդից, ապա՝ որպես հրաձիգ, ծառայել օդանավակայանային սպասարկման գումարտակում՝ մինչեւ 1943 թ.։ Այնուհետեւ՝ հրաձգային բրիգադի ջոկի հրամանատար, ծովային բրիգադի ստորաբաժանման գնդացրային հաշվարկի ջոկի հրամանատար։ 1943—45 թթ.՝ գվարդիական հրաձգային գնդի ջոկի հրամանատար»։ Սա, որպես մեջբերում, նրա զինգրքույկից։
Առհասարակ, նախկին ճակատայինի ժառանգներն առանձնակի խնամքով ու հպարտությամբ են պահել—պահպանել նրա հարուստ կենսագրությանն առնչվող ցանկացած իրեղեն կամ գրավոր վկայություն, փաստաթուղթ, բանավոր խոսք ու զրույցը, զանազան պատմություններն էլ՝ իրենց հերթին։ Չորս անգամ վիրավորվել է, որոնցից առավել զգալին 1944 թ. Ժիտոմիրի ազատագրման մարտերի ժամանակ ստացած վնասվածքն էր։ Ստիպված 4 ամիս անցկացրել է Կիեւի հոսպիտալում, որտեղ եւս «իրեն դրսեւորել է որպես հայրենասեր, կարգապահ ու հաստատակամ զինվոր», ինչի համար արժանացել է բուժհաստատության ղեկավարության հատուկ շնորհակալագրին։
Բուժում ստանալուց հետո, համապատասխան տեղեկանքի համաձայն, սերժանտ Հովհաննես Ծատուրյանն ազատվում էր ռազմական գործողություններին մասնակցելուց եւ կարող էր մարտադաշտից հեռու, ավելի ապահով պայմաններում շարունակել ծառայությունը։ Բայց չի հարմարվել դրան եւ խնդրել է իրեն կրկին առաջին գիծ ուղարկել։ «Իմ տեղը չէր, չէի կարող «գլուխ պահել»՝ լվացքատանը կանանց օգնելով կամ նման կարգի աշխատանք անելով»,–հիշում էր նա։ Ավելին, ռազմական գործողությունների դադարներին, երբ թնդանոթները լռում էին, զինակից ընկերների խնդրանքով ձեռքն էր առնում վարսավիրի գործիքը եւ…
Լավ հիշում էր նաեւ, որ երբ հերթական անգամ աչքի էր ընկել մարտական առաջադրանքը կատարելիս, հրամանատարն ասել էր, թե նրան ներկայացնելու է բարձր պարգեւի՝ Կարմիր դրոշի շքանշանի։ Թե ինչը խանգարեց դրան կամ ինչպես դասավորվեցին հետագա իրադարձությունները, Հովհաննես Ծատուրյանը դրան, իր իսկ խոստովանությամբ, այնքան էլ կարեւորություն չէր տվել։ Նա զինվոր էր եւ իր արդար կռիվն էր տալիս թշնամու դեմ՝ չսպասելով պարգեւների կամ ինչ—որ առանձնահատուկ վերաբերմունքի։ Չնայած այդ՝ խրախուսման կամ գնահատանքի առումով եւս հպարտանալու քիչ առիթ չուներ։
Բավական է միայն նշել, որ չորս անգամ արժանացել է «Խիզախության համար» մեդալի, ինչն արդեն իսկ շատ բան է ասում։ Դրանց գումարած՝ մարտական շատ այլ պարգեւներ, մեդալներ ու շքանշաններ։ Մոտ 10 պատվոգիր է ստացել նաեւ եվրոպական մի շարք քաղաքների ազատագրման մարտերին մասնակցելիս ցուցաբերած արիության համար եւ, ի վերջո, հաղթանակը դիմավորել է Բեռլինում։
Հովհաննես Ծատուրյանի օրագրային գրառումների պատառիկներից տեղեկանում ենք նաեւ, որ հայտնվել է հանրահայտ Մալայա Զեմլյայի ահեղ մարտերում եւ այստեղ էլ ընդունվել կոմկուսի շարքերը։ Կուստոմսը նրան հանձնել է Լեոնիդ Բրեժնեւը։ Այս փաստն արժանահիշատակ է, քանի որ կուսակցական լինելու հանգամանքը Ծատուրյանների բազմանդամ ընտանիքի համար մոմի պայծառ լույսի պես ճամփա է հարթել արդարության վերականգնման ճանապարհին։ Մասնավորապես, հանիրավի հալածված ընտանիքին վերադարձրել են խլված արտն ու խոտհարքը, աշխատավորի բարի անունն ու համբավը։
Հաղթանակած վերադառնալով տուն, Հովհաննես Ծատուրյանն անցել է իր խաղաղ ու ստեղծագործ աշխատանքին։ Շարունակել է ղեկավարել հայրենի գյուղի կուլտուրայի տունը՝ գործունեության այս ճակատում եւս առանձնակի հաջողություններ ու ձեռքբերումներ արձանագրելով։ Նրա աշխատանքը գնահատվել է Վրաստանի կառավարական մարմինների կողմից տարբեր տարիների ստացած բազմաթիվ պատվոգրերով ու խրախուսումներով։ Ալաստանի կուլտուրայի տան երգի, թատերական ու պարի խմբերը մեկ անգամ չէ, որ հեռավոր այն տարիներին՝ 1947—ից սկսած, շրջանային կամ այլ մրցույթներում առաջին տեղ են գրավել։ Մի խոսքով, նվիրված ու տքնաջան աշխատանքով մեծապես նպաստել է գյուղի գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը, նոր կյանք մտնող սերնդի գեղագիտական ճաշակի ձեւավորմանն ու ամրապնդմանը։ Գյուղխորհրդի պատգամավոր է ընտրվել, հասարակական այլ աշխատանք եւս կատարել։ Այդպես՝ շուրջ 3 տասնամյակ, որից հետո արդեն պատվով ու հարգանքով անցել է վաստակած հանգստի։
Աշխատավոր ու խիզախ հայորդու՝ Հովհաննես Ծատուրյանի, մարդկային դիմանկարի ամբողջացման մյուս ոչ պակաս կարեւոր նրբագիծը ընտանիքի հանդեպ ցուցաբերած առանձնակի սերն ու նվիրումն է եղել, ազգային ավանդույթների պահպանման ու ամրապնդման գործում ունեցած բարձր պատասխանատվությունը։ Վկան՝ թողած ազնիվ ու արժանի ժառանգությունը, որ շարունակում է հավատարմության դրսեւորումը հայրենի հողի ու մարդկային իրական արժեքների նկատմամբ։ Մահկանացուն կնքել է 1982 թ. մայիսի 5—ին՝ 70 տարեկան հասակում…
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
v.sargsyan@hhpress.am

29-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO