Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Գազի գնագոյացում. կարգավորո՞ւմ, թե՞ շուկա

Խնդրի տնտեսագիտական կողմի համար պատասխանատու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը

Տարիներ շարունակ, տարբեր ուժգնությամբ, հասարակության եւ փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում ՀՀ-ում բնական գազի գների ձեւավորման հարցը։ Էներգակիրների համաշխարհային շուկաներում ընթացող աննախադեպ զարգացումներն ավելի են ուժգնացրել հարցի շուրջ քննարկումները։ Խնդրո առարկայի հետ կապված արձագանքները հաճախ մանիպուլյատիվ բնույթ են կրում, դառնում քաղաքական շահարկումների առարկա։ «ՀՀ» օրաթերթի խնդրանքով հիմնախնդիրը մեկնաբանել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը։
–Պարոն Վարդանյան, փորձագիտական շրջանակներում բնական գազի գնագոյացման տարբեր կողմեր են դիտարկվում. աշխարհաքաղաքական, առանձին երկրների միջեւ փոխհարաբերությունների մակարդակի ու որակի եւ այլն։ Իսկ ո՞րն է հարցի տնտեսագիտական կողմը։
–Որեւէ հումքային ապրանքի գնագոյացման հիմնավորման դիտարկման ժամանակ, տեղական թե միջազգային համատեքստում, ամենից առաջ հարկավոր է հիմնվել հումքի գնագոյացման ընդհանուր տեսության վրա՝ հաշվի առնելով գազի յուրահատկությունը։ Հատկանշական է, օրինակ, որ պետությունը, որպես կանոն, ավելի ակտիվ է կարգավորում շուկան եւ գնագոյացումը գազի հատվածում, քան նավթի կամ ածխի, ընդ որում, գազի արդյունահանումից շահույթի բաշխումը սովորաբար դուրս է հարկման միջոցով պետությանն ավանդական ռենտայի վճարման շրջանակից։ Քանի որ գազի շուկաներն ունեն ավելի լոկալ եւ տարածաշրջանային բնույթ, դրանք ավելի բարձր աստիճանով են ազդում առանձին երկրի սոցիալ—տնտեսական վիճակի վրա։ Ասվածի համատեքստում, ի վերջո, կարեւոր է հետեւյալ հարցադրումը. «Ինչը պետք արտացոլի գազի գինը»։ Ավելի տարածված պատասխանն այն է, որ գները պետք է ձեւավորվեն առաջարկի եւ պահանջարկի ինչ—որ հաշվեկշռի հիման վրա եւ միաժամանակ արտացոլեն ընդհանուր առմամբ հասարակության համար գազի լրացուցիչ օգտագործման այլընտրանքային ծախսերը։ Այդ իմաստով, տեսությունը հանգում է տնտեսական օպտիմալացմանը եւ կարող է հավասարապես կիրառվել ինչպես պետության կողմից գների կարգավորման համակարգի, այնպես էլ գնագոյացման շուկայական համակարգի համար։ Յոզեֆ Ստիգլիցն այս առումով նկատել է, որ կատարյալ մրցակցային եւ բոլոր արտաքին գործոնների ներքինացման պայմաններում, ապակենտրոնացված մրցակցային շուկայական միջավայրում առաջանում է հումքի աjն նույն գինը, որը սահմանում է «կատարյալ պլանավորման մարմինը», այսինքն, ՀՀ—ի պարագայում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
–Ի՞նչ կառուցակարգերով է կատարվում գազի գնագոյացումը։ Ինչու՞, ի տարբերություն նավթի, գազի գնագոյացման շուրջ երբեմն առաջանում են խնդիրներ մատակարարների եւ գնորդների միջեւ։ Գնագոյացման ի՞նչ կառուցակարգ է գործում Հայաստանի պարագայում։
–Դեռեւս XX դարի 80—ական թթ. ձեւավորվեց նավթի համաշխարհային իրացվելի ապրանքային շուկան՝ նավթի գնագոյացման կայացած համակարգով հանդերձ, եւ սփոթային նավթային շուկաներում ձեւավորվեց բորսային գնագոյացման գործիքակազմը։ Ի տարբերություն նավթի, գազի շուկան չի վերածվել համաշխարհային ապրանքային շուկայի։ Միայն Հյուսիսային Ամերիկայում եւ որոշ չափով Եվրոպայում գազի շուկան ձեւավորվել է որպես իրացվելի ապրանքային շուկա։ Բնական գազի գնորդները ձեռնարկում են այդ ապրանքի շուկաների կառուցվածքի փոփոխությանը միտված ջանքեր, ինչը հանգեցնում է գազի ոլորտում երկարաժամկետ պայմանագրերի փոփոխության։ Հայաստանի պարագայում գազի գնագոյացումը կատարվում է կարգավորման, այլ ոչ թե շուկայական կառուցակարգի միջոցով։ Այդ մոտեցման դրական կողմն այն է, որ պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում, անկախ էներգակիրների գների շուկայական տատանումներից, Հայաստան մատակարարվող գազի գինը մնում է կայուն, լինում է կանխատեսելի, ինչն էական է դեռեւս ոչ մրցունակ ու ցածր արտադրողականությամբ տնտեսություն ունեցող երկրի համար։ Այս դեպքում, գազի գինը փոխկապակցված չէ նավթի գների հետ, հետեւաբար, նավթի գների անկումը ինքնաբերաբար չի կարող հանգեցնել գազի գնի նվազման։ Ոչ ոք Հայաստանին չի արգելել Ռուսաստանի հետ կնքել, օրինակ, Չինաստանի պայմանագրի նման պայմանագիր (30 տարով, տարեկան 38 մլրդ խմ, գինը՝ 350 դոլար 1000 խմ—ի համար), որով գազի գինը ոչ միայն փոխկապակցված է նավթի գների հետ, այլեւ նախատեսված է «վերցրու կամ վճարիր» պայմանը. այսինքն, անկախ այն բանից, որ գազի տվյալ ծավալն անհրաժեշտ է, թե ոչ, առաքման ծավալը մնում է նույնը։ Մեր հասարկությունը պետք է մի բան լավ գիտակցի՝ թյուրըմբռնումից խուսափելու համար. գազի գնի ձեւավորման հիմքում կարգավորումն է կամ շուկան։
–Ինչո՞վ է պայմանավորված այն, որ գազի գների վերանայման որոշումները մեծ հնչեղություն են ստանում հասարակության մեջ։ Ինչպիսի՞ սոցիալ—տնտեսական հետեւանքներ կարող է առաջացնել գազի գնի բարձրացումը։
–Հարցի կարեւորությունը պայմանավորված է ինչպես երկրի էներգետիկ հաշվեկշռում գազի բարձր բաժնեմասով, այնպես էլ սոցիալական կայունության եւ արդյունաբերության մրցունակության, տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ, անվտանգության, միաժամանակ, էներգախնայողության ու էներգարդյունավետության բոլոր ծրագրերի տնտեսական կողմի վրա գազի գների ազդեցությամբ։ 2018 թ. բնական գազի բաժնեմասը էներգետիկ հաշվեկշռում կազմել է 65 տոկոս։ Ընդ որում, կախված այն բանից, թե ինչպիսին է սպառման կառուցվածքը, կարելի է գնահատել նաեւ այդ ազդեցության չափն ըստ սպառողների։ Այսպես, օրինակ, ՋԷԿ—երը 2018 թ. սպառել են գազի 30.7 տոկոսը եւ թողարկել էլեկտրաէներգիայի 43.4 տոկոսը, ճանապարհային տրանսպորտի եւ տնային տնտեսությունների բաժնեմասերը կազմել են համապատասխանաբար՝ 22.2 տոկոս եւ 22.3 տոկոս, արդյունաբերության բաժնեմասը՝ 9.1 տոկոս։ Հետեւաբար, գազի գինը նշանակալիորեն ազդում է ՀՀ—ում արտադրվող էլեկտրաէներգիայի 43.4 տոկոսի ինքնարժեքի, գազով աշխատող ճանապարհային տրանսպորտի եւ գազ սպառող տնային տնտեսությունների ծախսերի վրա։ Հետաքրքրությունն այս հարցի շուրջ առաջանում է պարբերաբար։ Սովորաբար քննարկումների ալիք է բարձրանում, երբ սկսվում են գազի մատակարարման պայմանագրի շուրջ հերթական բանակցությունները։ Այս տարի հարցն ավելի սրվեց, ինչը պայմանավորված էր համաշխարհային շուկայում էներգակիրների գների անկմամբ։ Հատկապես մակրոտնտեսական հնարավոր հետեւանքների նշանակալիության պատճառով է, որ ներկրվող գազի գնի վերաբերյալ որոշումները դժվար են կայացվում՝ առաջացնելով ինչպես փորձագիտական շրջանակների, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտների ու տնային տնտեսությունների հիմնականում բացասական արձագանքները։ Գազի գնի բարձրացման սոցիալ—տնտեսական հետեւանքները մեղմելու միակ ճանապարհը այն զսպելը չէ, առավել եւս, որ դա ներքին տնտեսական քաղաքականության տիրույթից դուրս է։ Ավելի հեռանկարային եւ հուսալի են էներգախնայողության ու էներգարդյունավետության, վերականգնվող էներգիայի ծրագրերի իրագործումը, ամենուր տեխնոլոգիական նորագույն նվաճումների ներդրումը։
–Ի՞նչ սկզբունքով է կատարվում ռուսական գազի գնագոյացումը։ Գնագոյացման քաղաքականությունն, արդյոք, քաղաքական ենթատեքստ ունի՞։
–Ըստ որոշ փորձագետների (Ջ. Հենդերսոն, Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտ, Տ. Միտրովա, «Սկոլկովո»—ի կառավարման մոսկովյան դպրոցի Էներգետիկ կենտրոն, 2017)՝ Ռուսաստանում, շուկայական կառուցակարգերի եւ կարգավորման համատեղմամբ, ձեւավորվել է եզակի հիբրիդային գնագոյացման մոդել, ինչով փորձ է արվել նվազեցնել մակրոտնտեսական ռիսկերը, բայց միեւնույն ժամանակ բարձր մենաշնորհացված արդյունաբերության շրջանակներում ստեղծել խթաններ մրցակցության համար։ Դեռեւս 2013 թ., Հրազդանի ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկի թողարկման մեկնարկի արարողության ժամանակ, «Գազպրոմ» ԲԲԸ—ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ Հայաստան մատակարարվող գազի գինը փոխկապակցված է լինելու Ռուսաստանում գործող ներքին գների հետ, այսինքն՝ խոսքը վերաբերել է կարգավորվող գնագոյացմանը։ Չնայած դրան, հետագայում տեղի ունեցան գազի գնի որոշ բարձրացումներ, իսկ ներկայիս 165 դոլար գինը՝ 2015 թ. դրա իջեցման ուղղությամբ վերանայման արդյունքն է։ Վերջին 15 տարիներին Հայաստան մատակարարվող գազը թանկացել է գրեթե երեք անգամ. 2006 թ. 110 դոլար (2005 թ.՝ 56 դոլար), 2009 թ.՝ 154 դոլար, 2010 թ.՝ 180 դոլար, 2013 թ.՝ 189 դոլար։ Թեպետ պետք է նկատել, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի բարձրացման համար որոշակի զսպող գործոններ են հանդիսացել (ի տարբերություն ԱՊՀ որոշ երկրների եւ Վրաստանի) Հրազդանի ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկի օտարումը ռուսական կողմին, ինչպես նաեւ մինչեւ 2043 թ. «Գազպրոմ»—ին ՀՀ գազի ներմուծման նկատմամբ վերահսկողությունը վերապահելը։ Գազի գինը ՀՀ—ի համար կարգավորվող է, պատկերավորության համար, դա նման է «էկոնոմ» դասի ավիատոմսին. այն համեմատաբար էժան է, բայց դրա վերադարձը, թռիչքի ամսաթվի փոփոխությունը հնարավոր չէ։ ՀՀ—ի փխրուն տնտեսության պարագայում կանխատեսելի, շուկայական տատանումներից զերծ գնագոյացումը հիմնավորված է։ Միաժամանակ, փորձագիտական շրջանակներում բազմիցս բարձրացվում է ՀՀ—ին մատակարարվող գազի գնի նվազեցման հարցը, որպես փաստարկ դիտարկելով համաշխարհային շուկայում գազի գների անկումը։ Նման հարցադրումներ կատարելիս պետք է լինել զգուշավոր, քանի որ համաշխարհային շուկայում գազի եւ նավթի գների նվազումը գազի գնագոյացման ընդամենը մի կողմն են ներկայացնում։ Մինչդեռ գործում են տարբեր պայմանագրեր։ Այսպես, «Գազպրոմ»—ի Եվրոպական պայմանագրերի 32 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակի կապակցված են նավթի կամ նավթի արտադրանքի զամբյուղի գնի հետ։ Բացի դրանից, «Գազպրոմի» պայմանագրերը (150 մլրդ խմ—ի) պաշտպանված են «take—or—pay» պայմանով (վերցրու կամ վճարիր. առաքումների որոշակի մակարդակի՝ գնորդների կողմից վճարման պարտավորությունները, անկախ հումքի նկատմամբ իրենց պահանջարկի)։ 2020 թ. բյուջեում «Գազպրոմը» արտահանման ելակետային գին է համարել 200 դոլարը (1000 խմ), այն կապակցելով նավթի գնի հետ (1 բարելը՝ 45 դոլար)։ Նավթի գների փոփոխության դեպքում գազի գինը վերանայվում է։ Առաջին վերանայումը եղել է 2020 թ. փետրվարի 1—ին եւ նորացված գնահատականը եղել է 175—185 դոլար։ Առաջիկայում այդ ելակետային հարաչափերը նախատեսվում է վերանայել։ 2020 թ. ապրիլի վերջին ռուսական գազը Եվրոպայում եղել է ավելի էժան, քան Ռուսաստանում. Եվրոպայի համար գործում է գնագոյացման շուկայական մոդելը, իսկ Ռուսաստանում կիրառվում է կարգավորման մոտեցումը։ Այսպես, օրինակ, Մեծ Բրիտանիայի (NBP) եւ Նիդեռլանդների (TTF) առավել իրացվելի եվրոպական հաբերում ապրիլի 22–ին հաջորդ օրվա առաքման գները 1000 խմ—ի համար կազմել են համապատասխանաբար՝ 43 դոլար եւ 67 դոլար։ Մեկ ամիս առաջ դրանք եղել են 100 դոլար եւ 95 դոլար։
Հարցադրումներ են արվում «սահմանին» եւ «սահմանից այս կողմ» գազի գնի մեծ տարբերության մասին։ «Գազպրոմ Արմենինան» գործում է ՀՀ—ի օրենսդրության շրջանակներում։ Հետեւաբար, ՀՀ կառավարությունը եւ ՀՀ Ազգային ժողովը կարող են իրենց լծակներով պարզել, թե ինչ է կատարվում սահմանից այս կողմ։ Գնագոյացման տնտեսագիտական կողմի համար պատասխանատու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որի մասնագիտական կարողությունները եւ գործունեության թափանցիկությունը չպետք է կասկածի տեղիք տան։ Բայց դատելով պարբերաբար հարցի շուրջ ծավալվող քննարկումներից, որոնք երբեմն զերծ չեն պոպուլիզմից, կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, խնդիրներ կան։ Նման քննարկումների ժամանակ դիտարկվում են հարցի ոչ միայն զուտ տնտեսագիտական, այլեւ քրեական կողմերը։ Խոսքը վերաբերում է «սահմանից այս կողմ» գազի գնագոյացման կոռուպցիոն սխեմային։ Այդ առումով, հատկապես կարեւոր է իրավապահ համակարգի արձագանքը. եթե դրանք անհիմն են, ապա այդպիսի հայտարարություններ արած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, իսկ եթե հիմնավորված են, ապա պետք է ձեռնարկվեն օրենքով սահմանված գործողություններ։
–Գազի գնի շուրջ տեղի ունեցող քննարկումների ժամանակ փորձագիտական շրջանակներում հաճախ հանդիպող փաստարկներ են դիտարկվում ԵԱՏՄ—ին եւ ՀԱՊԿ—ին Հայաստանի անդամակցությունը։
–Այդտեղ զարմանալի ոչինչ չեմ տեսնում։ Ահա, թե ինչու։ 2003 թ. Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամագրվելուց հետո, 2—3 տարի անց մարդիկ տարակուսում էին. «Ի՞նչ օգուտ ունենք ԱՀԿ—ին անդամագրվելուց։ Արդեն քանի տարի է, ինչ անդամ ենք ու ոչ մի փոփոխություն չենք զգում»… Հայաստանն անկախ, ինքնիշխան երկիր է եւ, հետեւաբար, ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել իր անդամակցությունն այս կամ այն միջազգային կազմակերպությանը, ինտեգրացիոն կառույցին։ Բայց, ինչպես ցույց է տալիս միջազգային պրակտիկան, նույնիսկ ինքնաբավ, զարգացած երկրները համագործակցության կարիք ունեն. պետությունները սոցիալական էակներ համարվող մարդկանց միավորումներ են, որոնք, ինչպես եւ մարդիկ, հաղորդակցվելու, գործակցելու կարիք, պահանջմունք ունեն։ Այլապես՝ առաջանում է սոցիալական լարվածություն, ինչին ականատես ենք կորոնավիրուսի այս համավարակի ժամանակաշրջանում։ Այո, դժվար ու ցանկալի արագությամբ չեն ընթանում ԵԱՏՄ—ի շրջանակներում տնտեսական ինտեգրման գործընթացները, մասնավորապես, էներգակիրների ընդհանուր շուկայի ձեւավորումը, որը նախատեսված է ավարտին հասցնել 2025 թ.։ Ընդ որում, բնական գազի առումով, արդեն 2021 թ. նախատեսվում է ապրանքային բորսայի մեկնարկը։
Նկատի ունենալով այս գլոբալ զարգացումները, մարտի 31—ին ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել Ռուսաստանից մի շարք հացահատիկային մշակաբույսերի արտահանման համար քվոտա սահմանել։ Մինչեւ հուլիսի 1—ը կասեցվել է ԵԱՏՄ—ի սահմաններից դուրս դրանց արտահանումը Ռուսաստանից։ Սա առաջին մեծ փորձությունն է ԵԱՏՄ—ի համար, ինչի հաջող հաղթահարումը անդամ երկրներին զերծ կպահի ռիսկերից, այդ մասով։ Ինչեւէ, կարծում եմ, որ նման զարգացումներ կլինեն նաեւ էներգակիրների պարագայում։ ԵԱՏՄ—ի հետագա զարգացման առումով նշանակալի կլինի, մասնա—վորապես, գազի գնագոյացման փոխշահավետ քաղաքականության դերը։ Թեպետ 5 անդամ երկրներից 4—ը ծովային ելք չունեն, Հայաստանը գտնվում է առանձնահատուկ պայմաններում, հաշվի առնելով նաեւ գազի տարանցման 10 տոկոս վճարը։ Բայցեւայնպես, Հայաստանի համար հատուկ արտոնություններ սահմանելը ԵԱՏՄ—ի պայմաններում կասկածահարույց է։ Չնայած նախատեսվում է կիրառել շուկայական գնագոյացման մոդել, ինչը գուցե հիմնավորված է այլ երկրների նկատմամբ խտրականությունը բացառելու տեսանկյունից, այդուհանդերձ, նպատակահարմար կարող է դիտարկվել գնագոյացման կարգավորումը, այն հաշվով, որպեսզի հավասար ու կանխատեսելի պայմաններ ստեղծվեն անդամ երկրների համար, քանի դեռ չեն ձեւավորվել այն պայմանները, երբ ապակենտրոնացված մրցակցային շուկայական միջավայրում առաջանում է հումքի աjն նույն գինը, որը սահմանում է «կատարյալ պլանավորման մարմինը»։
Հարցազրույցը՝ Գայանե ԸՌՔՈՅԱՆԻ

30-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO