Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.08.2020
ԱՅԼՔ...


Մեծ տույժեր են նշանակվում շինարարական աղբը չնախատեսված վայրերում տեղադրելու համար

Կանոնակարգվում է մարդու առողջության եւ շրջապատի համար վտանգավոր աղբի հեռացման գործընթացը

Շինարարական աղբը համարվում է մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցություն թողնող թափոն եւ այն պետք է տեղադրվի հատուկ նախատեսված վայրերում։ Այսօր հիմնահարցն այն է, որ այդ աղբը շատ դեպքերում չի տեղադրվում նաեւ համայնքների կողմից դրանց համար հատկացված՝ թեկուզ սահմանված չափանիշներին չհամապատասխանող տեղանքում։ Սովորաբար դրանք թափվում են բնության մեջ, ուղղակի ճանապարհների հարեւանությամբ կամ կիրճերում, ինչին կարելի է ականատես լինել հանրապետության տարածքով ճանապարհորդելիս։
Շինարարական աղբի համար համայնքների հատկացրած տարածքները շատ դեպքերում չեն օգտագործվում բնակավայրերից հեռու գտնվելու պատճառով, քանի որ այդ դեպքում տեղափոխումը ծախսատար է։ Անհատները եւ ընկերությունները նման դեպքերում ընտրում են իրենց հարմար ամենամոտ վայրերը եւ այնտեղ դատարկում վտանգավոր այդ թափոնը։ Շատ դեպքերում այդ գործընթացը վերածվում էր ստվերային բիզնեսի։ Շինարարական նման մեծ աղբավայրի էր վերածվել Արաբկիր համայնքի տարածքում գտնվող «Կորեայի ձոր» կոչվող տեղամասը, որտեղ տարիներ շարունակ տեղափոխվում ու տեղադրվում էին վտանգավոր թափոնները՝ աղտոտելով Հրազդանի կիրճի գեղատեսիլ բնությունը։ Դրա պատճառն այն էր, որ վերջինս Երեւանին մոտ էր եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց ձեռնտու էր՝ շրջանցելով գործող կարգավորումները, այնտեղ թափել մեծ ծավալների շինարարական աղբը։ Խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնումներն ու հրապարակումները երկար տարիներ արդյունքներ չէին տալիս։ Միայն 2019 թ. Արաբկիրի վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումներին հաջողվեց լուծել խնդիրը՝ թռչող սարքով նկարահանելով եւ վարչական պատասխանատվության ենթարկելով օրինախախտներին։
Բայց այն մասնակի կարգավորում էր։ Հիմնահարցի հիմնարար լուծման չեն բերում նաեւ ապօրինի գործողությունների նման դեպքերի բազմաթիվ այլ բացահայտումները եւ դրանց համար տույժերի պարբերական կիրառումը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ 1985 թ. գործող օրենսգրքի 43.1 հոդվածի 6—րդ մասով սահմանված է, որ շինարարական աղբը համայնքի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում չտեղադրելն առաջացնում է տուգանք ֆիզիկական անձանց համար 30 հազարից 50 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց համար 50 հազարից 80 հազար դրամի չափով։
Օրենքով նաեւ սահմանված էր, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, համայնքի ավագանու սահմանած պահանջներին համապատասխան, կարող է իրականացնել շինարարական խոշոր եզրաչափի աղբի հավաքում եւ փոխադրում՝ համապատասխան թույլտվության հիման վրա։ Ոլորտը կարգավորող իրավական նորմը սահմանում է, որ աղբի հավաքման, փոխադրման թույլտվություններ կարող են տրամադրվել նաեւ շինարարական եւ խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողին՝ այն ինքնուրույն հավաքելու եւ տեղափոխելու համար։
Սակայն այս նորմերը հիմնականում չէին կիրառվում։ Տույժերի փոքր լինելու պատճառով խոշոր ընկերություններին շատ դեպքերում ձեռնտու էր աղբը մոտ տարածքներում թափելու համար հայտնաբերվելու դեպքում մուծել մեկ մեքենայի տույժը, քան լրացուցիչ ծախսեր կատարել եւ մեծ ծավալի շինաղբը տեղափոխել զգալի հեռավորություններ՝ մինչեւ համապատասխան աղբավայրերը ու միեւնույն ժամանակ վճարել դրանցում աղբի տեղադրման համար։
Մյուս կողմից էլ ոլորտի ոչ բավարար իրավական կարգավորման պատճառով պետությունը չէր կարողանում իր վերահսկողության լծակները լիարժեք իրականացնել։ Արդյունքում տասնամյակներ շարունակ աղտոտվում է բնակավայրերին մոտ գտնվող շրջակա միջավայրը՝ աղտոտելով նաեւ մթնոլորտը՝ հագեցնելով այն առողջության համար վտանգավոր փոշով։
Այս հիմնարար խնդրի լուծման համար կառավարությունը մշակել է օրենսդրական փաթեթ եւ հանրային քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Օրենքների փաթեթով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել միանգամից 5 օրենքում՝ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։
Նախագիծի առաջարկված կարգավորումներով, որը հեղինակել է կառավարությունը, կառուցապատողների համար սահմանվում է, որ շինարարական թույլտվություն ստանալուց հետո աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվություն ստանալու համար վերջինս 1—ամսյա ժամկետում պետք է դիմի շինարարական աղբը տեղափոխելու իրավունք ստանալու համար կամ նման թույլտվություն ունեցող սուբյեկտի հետ այդ գործողությունն անելու համար պայմանագիր կնքի։ Ընկերություններին նաեւ պարտավորեցվում է այդ իրավունքը ստանալուց կամ մասնագիտացված սուբյեկտի հետ համապատասխան պայմանագիր կնքելուց հետո այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։
Օրենսդրական փոփոխություններով համայնքների ղեկավարներին նույնպես պարտավորեցվում է կառուցապատողին շինարարական թույլտվություն տալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնել վերահսկող մարմնին, որպեսզի վերջինս կարողանա լիարժեք վերահսկողություն իրականացնել։
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նաեւ սահմանվում է պատասխանատվություն՝ նախագծով ներմուծված դրույթները խախտելու համար, ինչպես նաեւ նախատեսվում է բարձրացնել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելու կամ հատկացված վայրում չտեղադրելու համար սահմանված տուգանքի չափերը։ Նախագծով մեծ տույժեր են սահմանվել նաեւ նոր կարգավորումները չկատարելու դեպքերի համար։
Մասնավորապես, կառուցապատողի կողմից շինարարության թույլտվության օրվանից մեկ ամսվա ընթացքում շինարարական աղբի տեղափոխման իրավունք ստանալու համար չդիմելու կամ այլ մասնագիտացված կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր չկնքելու դեպքում՝ այն իրավաբանական անձանց համար առաջացնում է տուգանքի նշանակում 600 հազարից 800 հազար դրամի չափով։ Եթե այս տույժը կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում այն կրկին կրկնվում է, ապա տույժերն այս դեպքում սահմանված են 800 հազարից մինչեւ 1 մլն դրամ։ Իրավաբանական ընկերությունները շինարարական աղբի տեղափոխման իրավունքի ստացումից կամ համապատասխան ընկերության հետ պայմանագրի կնքումից հետո եթե 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղյակ չեն պահում ոլորտը վերահսկող տեսչական մարմնին, ապա ենթարկվում են 400—500 հազար դրամի վարչական տույժի, իսկ այն կրկնելու դեպքում՝ 500—600 հազար դրամի չափով։
Կառավարության առաջարկած նախագծով բարձրացվել են նաեւ ֆիզիկական անձանց համար օրենսգրքով սահմանված գործող տույժերի չափերը։ 30—50 հազար դրամի փոխարեն փոփոխություններով առաջարկվում է սահմանել 80—100 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց դեպքում 50—80 հազար տույժի չափերը փոխարինվել են 600—800 հազար դրամով։
Կառավարության այս նախաձեռնությունն օրենսդրական հիմքեր կստեղծի շինարարական գործունեության ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու համար, ինչպես նաեւ կուժեղացվեն նման գործունեություն ծավալողների նկատմամբ վերահսկման մեխանիզմները։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

30-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO