Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Նախադպրոցական կրթական հաստատություններում սկսվում է քաղաքացու սոցիալական «Ես»-ի ձեւավորումը

Հայաստանում 0-5 տարեկան երեխաների 32 տոկոսն են միայն հաճախում մանկապարտեզ

Անհատի «Ես»-ը գենետիկ հիմքերից բացի, նաեւ ձեւավորվում է կրթական տարբեր ձեւաչափերում։
Մարդու՝ որպես սոցիալական էակի կայացումը սկսվում է վաղ տարիքից։ Այս առումով, լիովին օրինաչափ է, որ կրթության հիմնական մակարդակների առաջին սանդղակում է նախադպրոցական կրթությունը։ Այս փուլում մատաղ սերնդին տրվում են գիտելիքներ, որոնք նրա մեջ սաղմնավորում են բնավորությունը, բարոյական նորմերի մասին նախնական պատկերացումները, մտավոր զարգացման հիմքերը, մայրենի լեզվով հաղորդակցվելը, հայրենիքի նկատմամբ սերը, վարվեցողության տարրական կանոնները, ինչպես նաեւ իր պատմության, շրջակա միջավայրի մասին նախնական իմացությունը։
Այլ կերպ ասած՝ նախադպրոցական կրթությունը կրթական համակարգի հիմնաքարն է եւ դրա լիարժեք կազմակերպումն առաջնային լուծելիք խնդիր է։ Սակայն այստեղ առկա են մի շարք խնդիրներ։ Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2019 թ. տարեկան զեկույցի, որը երեկ ներկայացվեց ԱԺ—ում, մեր երկրի մինչեւ 5 տարեկան 171 հազար երեխա չի հաճախում նախադպրոցական կրթական հաստատություններ։
Սա այն դեպքում, երբ մատաղ սերնդի դաստիարակության հարցերը թելադրվում եւ կարգավորվում են ոչ միայն բարոյական նորմերով, այլեւ իրավական, ընդ որում՝ նաեւ մայր օրենքով։ Սահմանադրության 86—րդ հոդվածի 6—րդ կետի համաձայն՝ երեխաների անհատականության լիակատար եւ բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը պետության քաղաքականության հիմնական նպատակներից է։ Մայր օրենքի 38—րդ հոդվածն էլ կրթությունը սահմանում է որպես մարդու հիմնական իրավունք։
ՄԱԿ—ի կայուն զարգացման 4—րդ նպատակն ասում է, որ բոլոր տղաներն ու աղջիկները պետք է ունենան որակյալ վաղ մանկության զարգացում, խնամք եւ նախադպրոցական կրթություն, որպեսզի պատրաստ լինեն նախնական կրթության։ Նախադպրոցական կրթության կանոնակարգման համար Հայաստանում ընդունվել եւ գործում է նաեւ առանձին օրենք։ Չնայած այս ամենին, ներկայում Հայաստանում դեռ ունենք նախադպրոցական կրթության անհասանելիության նման բարձր տոկոս։
Ըստ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումների եւ այդ կառույցի իրականացրած ուսումնասիրությունների, երեխաների ցածր հաճախելիության հիմնական պատճառը քաղաքներում նախադպրոցական ուսումնական հաստատությունների գերծանրաբեռնվածությունն է, իսկ մարզերում՝ նման հաստատությունների բացակայությունը։ Այս պատկերին նպաստում է նաեւ այդ կրթական հաստատությունների գերակշիռ մեծամասնության վճարովի լինելը։ Մյուս կողմից էլ ոչ բոլոր մանկապարտեզներն ունեն վաղ տարիքի երեխաների համար նախատեսված խմբեր։ Այդ պատճառով էլ ծնողները հնարավորություն չեն ունենում մինչեւ 3 տարեկան երեխաների մեծ մասին ուղարկել մանկապարտեզ։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալական պատկերի եւ այդ ուղղությամբ տարվող աղքատության վերաբերյալ զեկույցի համաձայն, Հայաստանում գործում է 884 համայնքային գերատեսչական եւ ոչ պետական նախադպրոցական հաստատություն, որոնցից 686—ը մանկապարտեզ է, 67—ը՝ մսուր—մանկապարտեզ, 131—ը՝ դպրոց—մանկապարտեզ։ Դրանցից 824—ը համայնքային է, 10—ը՝ գերատեսչական ենթակայության, իսկ 50—ը՝ ոչ պետական։ 0—5 տարեկան երեխաների 32 տոկոսն են հաճախում մանկապարտեզ, 3—5 տարեկան երեխաների՝ 58.4 տոկոսը, եւ 0—2 տարեկան երեխաների՝ 4.8 տոկոսը։ Ավելի շատ մանկապարտեզ են հաճախում քաղաքային բնակավայրերում։
Երեւանի 161 մանկապարտեզ է հաճախում 30,431 երեխա, եւ ընդունման համար հերթագրված են եւս 8461—ը։ Եթե նկատի ունենանք, որ մայրաքաղաքի նման քաղաքային համայնքներում կան մի քանի մանկապարտեզներ, ապա ստացվում է, որ մոտավոր հաշվարկներով Հայաստանի մոտ 1000 բնակավայրերի կեսում մանկապարտեզ չկա։ Գերծանրաբեռնվածության խնդիրը լուծելու համար 2019—ից Երեւանում գործադրվել է «Մանկապարտեզ» կառավարման էլեկտրոնային համակարգը։ Սակայն այն չի կարող լիարժեք լուծել խնդիրը, քանի որ մանկապատեզների թիվն անբավարար է։ Բազմաթիվ են դեպքերը, երբ ծնողները հերթում սպասում են այնքան ժամանակ, մինչեւ լրանում է երեխայի նախակրթական հաստատություն այցելելու տարիքը, կամ ծնողներին առաջարկվում է երեխային տանել վերջիններիս բնակության եւ աշխատանքային վայրից հեռու գտնվող մանկապարտեզներ։ Այս վիճակին նպաստում է նաեւ այն, որ հարցը չունի միասնական կանոնակարգող նորմ։ Խնդրի լուծման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը մշակել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որում սահմանվել է այդ հաստատություններում ընդունելության միասնական կարգի սահմանման դրույթը։
Մյուս խնդիրը մանկապարտեզների վճարովի լինելն է՝ հատկապես մարզերում։ Այն մարզային շատ ընտանիքների համար պատճառ է դառնում երեխաների՝ նախադպրոցական կրթություն չստանալուն։ Հայաստանի մարզերում անվճար մանկապարտեզներ ունեցող համայնքները եզակի են։ Դրանք հիմնականում այն համայնքներն են, որոնց տարածքներում առկա են խոշոր տնտեսավարողներ, եւ համայնքային բյուջեների մուտքերը մեծ են։ Օրինակ, մայրաքաղաքի համայնքային ենթակայության նախադպրոցական կրթական հաստատություններն անվճար են, սակայն այստեղ էլ սահմանված են անհավասար պայմաններ՝ վճարներ են նախատեսվում մարզերում գրանցված երեխաների համար։
Ըստ էության՝ առկա է լուրջ հիմնախնդիր կրթության համակարգի նախնական մակարդակում։ Նախնական անհրաժեշտ գիտելիքներ չի ստանում երեխաների զգալի մասը, ինչը խոչընդոտում է սերնդի դաստիարակության այնպիսի հիմնարար սկզբունքի իրականացումը, ինչպիսին է կրթության հիմնական փուլերի հաջորդականությունը եւ գործընթացի անընդհատությունը։ Մինչդեռ ոլորտը կարգավորող իրավական ակտով՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով, պետությանը լիազորված է նպաստել երեխաների ընդգրկվածության ավելացմանը պետական կրթական չափորոշիչներով իրականացվող կրթական ծրագրերում։ Այն կարեւոր նախադրյալ է երեխաների բնականոն կյանքի եւ առողջության պահպանման ու ամրապնդման, ներդաշնակ ու համակողմանի զարգացման համար։
Շատ կարեւոր է նախադպրոցական կրթությունը բնակչության համար առավելագույնս մատչելի ու հասանելի դարձնելը։ Վերջիններս տնօրինելու իրավունք ունեցող գյուղերի ճնշող մեծամասնությունը չունի համապատասխան միջոցներ մանկապարտեզներ ունենալու, իսկ դրանց առկայության դեպքում էլ՝ բնակչության համար անվճար ուսուցում ապահովելու համար։ Վերոհիշյալ խնդիրների լուծումը մարզերում կապահովի ոչ միայն կրթության անհրաժեշտ մակարդակի լիարժեք իրականացումը, այլեւ կլուծի սոցիալական խնդիրներ՝ անապահով ընտանիքների երեխաների խնամքի կարեւոր պահանջի բավարարման շրջանակներում։ Այն իր հերթին հանրապետությունում կխթանի նաեւ ծնելիությունը։ Երկրի ժողովրդագրական եւ սոցիալական մի շարք պետական ծրագրեր են իրականացվում, որոնց շրջանակներում հնարավոր է համադրել նաեւ նախադպրոցական կրթության մակարդակում առկա այս կարեւոր հարցի լուծումը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

12-05-2020





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO