Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԱՇԽԱՐՀ


Եվրամիությունը կարող է դադարեցնել օգնությունը Վրաստանին

«Այն, որ ղեկավարող կուսակցությունը չի կատարել իր խոստումը, սովորական քաղաքական գործողություն չէ, այլ հետընթաց քայլ»

Վրաստանը մայիսի 18-ից սկսել է աստիճանաբար հանել սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով։ Համավարակի դեմ պայքարի նպատակով այնտեղ բավական խիստ միջոցառումներ են իրականացվել, ընդհուպ պարետային ժամի ներդրումն ու տուգանքը դրա խախտման համար։ Այդ սահմանափակումն առայժմ ուժի մեջ է, ինչպես նաեւ զանգվածային հավաքների արգելքը։ Մինչեւ մայիսի 22-ը Վրաստանում կգործի արտակարգ դրության ռեժիմը։
Վրաստանի իշխանությունները ձգտում են կորոնավիրուսից բնակչության պաշտպանության եւ վնասը նվազագույնի հասցնելու միջեւ ճիշտ հաշվեկշիռ պահպանել։ Արդեն հունիսի 15-ից երկիրը կբացվի ներքին տուրիզմի համար, իսկ հուլիսի 1—ից Վրաստանը պատրաստ կլինի՝ ընդունելու արտասահմանցի զբոսաշրջիկներին։
Թբիլիսին, ի դեպ, համավարակի տնտեսական հետեւանքներին լավատեսությամբ է նայում։ «Այս իրավիճակը բազմաթիվ փոփոխություններ կառաջացնի տեղափոխությունների ցանցերում, առաջարկի եւ պահանջարկի կառուցվածքում։ Դա, անկասկած, հնարավորություն է մեր երկրի համար։ Այժմ մեր տնտեսության ամենաուժեղ կողմերը կարող ենք վերածել կոնկրետ առավելության, որը կթույլատրի ճեղքում կատարել։ Դա չի նշանակում, որ մենք առաջնորդվում ենք ինչ—ինչ պատրանքներով կամ երազներով։ Ոչ։ Հիմա Վրաստանը բոլոր տվյալներն ունի, որպեսզի այս իրավիճակն օգտագործի որպես հնարավորություն, առաջին հերթին՝ տնտեսության մեջ»,–ավելի վաղ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։
Այդուհանդերձ, երկրի տնտեսությունը կարող է բախվել անկանխատեսելի հանգամանքների։ Օրերս Բրյուսելը զգուշացրել է, որ Վրաստանը կարող է զրկվել Եվրամիությունից ստացվող ֆինանսական օգնության զգալի մասից, եթե կառավարությունը չկատարի ստանձնած պարտավորությունները։
«Ես կուզեի ուշադրություն դարձնել 500 մլն եվրոյի չափով հսկայական աջակցությանը, որը ցուցադրում են ԵՄ—ն ու նրա միջազգային գործընկերները, որպեսզի օգնեն Վրաստանին բարեփոխումների անցկացման, «Covid—19»—ի դեմ պայքարի ու նրա սոցիալական եւ տնտեսական հետեւանքների հաղթահարման գործում»,– օրերս հայտարարել է «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրյուս Կուբիլյուսը։ Հիշեցնենք, որ «Եվրոնեսթը» ստեղծվել է ԵՄ—ի ու «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցների մերձեցման համար։
Կուբիլյուսը նշել է, որ Վրաստանին ֆինանսավորումը տրվում է որոշակի պայմաններով։ Խոսքն ընտրական համակարգի բարեփոխումների մասին է։ Պարտավորությունները, որոնք կառավարությունը ստանձնել է, իշխանությունների ու ընդդիմության միջեւ մարտի 8—ին ձեռք բերված պայմանավորվածության արդյունք են։ Կողմերը հանգել են Վրաստանի ընտրական համակարգում փոփոխությունների կատարման անհրաժեշտությանը։ Այսպես, ըստ պլանի, աշնանային խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակով կընտրվի 120, մեծամասնականով՝ 30 պատգամավոր։ Բացի այդ, իշխանությունների ներկայացուցիչներն ու ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները պայմանավորվել են, որ խորհրդարանական ընտրություններում հաղթած, բայց ընտրողների 40 տոկոսի աջակցությունը չստացած կուսակցությունը չի կարող կառավարություն ձեւավորել, իսկ անցումային շեմը կիջեցվի 1 տոկոսի։
Մարտի 8—ին ձեռք բերված պայմանավորվածության համար վրացական ընդդիմությունը երկար է պայքարել։ Ընտրական համակարգի փոփոխություններին ընդդիմադիր ուժերը մեծ դժվարություններով են հասել, իսկ կառավարության հետ երկխոսությունն ուղեկցվել է բողոքների ոչ մեկ ալիքով։ Արդյունքում նիստն ընթացել է միջնորդների՝ ԱՄՆ—ի ու Եվրամիության դեսպանների, ԱՄՆ—ի սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ջեյմս Ռիշի, ԱՄՆ—ի կոնգրեսում «Վրաստանի բարեկամներ» խմբի համանախագահ Ադամ Կինզինգերի, «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրյուս Կուբիլյուսի օգնությամբ...
Արտասահմանյան բարձրաստիճան հյուրերը քննադատել են Վրաստանի իշխանություններին, իսկ ղեկավարող կուսակցության ներկայացուցիչները ստիպված են եղել արդարանալ։ «Կարող եք անվանել, ինչպես ուզում եք՝ քաղաքական ճգնաժամ կամ քաղաքական իրադարձություններ, սակայն երբ մարդիկ գտնվում են փողոցներում, դա նշանակում է, որ ինչ—որ բան այնպես չի ընթանում,–ասել է Անդրյուս Կուբիլյուսը։–Այն, որ ղեկավարող կուսակցությունը չի կատարել իր խոստումը, սովորական քաղաքական գործողություն չէ, այլ, ցավոք, հետընթաց քայլ, ինչի պատճառով վրացական ժողովուրդն ու մենք՝ միջազգային հանրությունը, կորցրել ենք վստահությունն ընտրությունների նկատմամբ, որոնք կանցկացվեն հաջորդ տարի»։
Թբիլիսին լսել է Բրյուսելի դժգոհությունը։ Մարտյան պայմանավորվածությունները այդ փաստի հաստատումն են։ Ի դեպ, իշխանությունները ոչ բոլոր պահանջներն են ընդունել։ Ընդդիմությունը պահանջում է ավելին՝ ազատել բոլոր քաղբանտարկյալներին, եւ անցած շաբաթ հայտարարել է նոր ընտրական համակարգին անցմանը միտված՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ քվեարկության անցկացման հնարավոր խափանման մասին։
«Եթե քաղբանտարկյալներին չազատեն, ընտրական համակարգի հերթական ձախողման ողջ պատասխանատվությունը կընկնի անձամբ Իվանիշվիլիի ու նրա թիմի վրա։ Քաղբանտարկյալներին ազատելուց հրաժարվելը կնշանակի, որ Իվանիշվիլին լիովին ձախողել է համաձայնությունը։ Այդ պայմաններում ընդդիմադիր խմբակցությունները, որոնք գտնվում են բոյկոտի ռեժիմում, կշարունակեն խորհրդարանական բոյկոտը»,–նշված է ավելի քան 30 ընդդիմադիր, այդ թվում՝ խորհրդարանական 2 կուսակցության հայտարարության մեջ։
Իշխանությունները, սակայն, պնդում են, որ այս կամ այն անձի ազատման վերաբերյալ համաձայնագրում չի խոսվում։ «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք աջակցել բոլոր այն փոփոխություններին, որոնց հասել ենք դեսպանների մասնակցությամբ։ Սակայն եթե ընդդիմությունը ձախողի գործարքը, ապա բացառապես ինքն է պատասխանատու։ Մարտի 8—ի համաձայնագրում ընդհանրապես խոսք չկա քաղբանտարկյալների մասին։ Դա արտացոլված է տեքստում, եւ յուրաքանչյուր ոք կարող է կարդալ այն։ Կարելի է լսել նաեւ, թե ինչ հայտարարություններ են արել մեր թիմի ու ընդդիմության ներկայացուցիչները»,–ասել է ղեկավարող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ինչպես հաղորդել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեն, ընդդիմությունը հենվում է գոյություն չունեցող պայմանների վրա՝ բարեփոխումների քվեարկությունը խափանելու եւ կառավարությանը երկրի քաղաքացիների ու Արեւմուտքի առջեւ վարկաբեկելու համար։ Հոկտեմբերյան խորհրդարանական ընտրությունները Վրաստանի համար իսկական քննություն կլինեն արեւմտյան գործընկերների առջեւ։ Եվ նժարին, ինչպես հայտարարել է «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը, ոչ միայն Եվրոպայի հավանությունն է, այլեւ նրա ֆինանսական օգնությունը։
«Կարեւոր է նշել, որ բյուջեին աջակցման միջոցների մի մասը Վրաստանի համար կապված կլինի կոնկրետ պայմանների, մասնավորապես՝ օրենքի գերակայության ոլորտում, դատական ու ընտրական համակարգերում փոփոխությունների հետ,– հայտարարել է Անդրյուս Կուբիլյուսը։–Այդ վստահությունը կարելի է ամրապնդել ստանձնած պարտավորությունների ու խոստումների կատարման գործում առաջընթացի ճանապարհով, այդ թվում՝ նրանց, որոնք ձեռք են բերվել 2020 թ. մարտի 8—ին Վրաստանի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների միջեւ»։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

20-05-2020





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO