Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԼՂՀ


Ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալը

Հերոսներ, ովքեր ե՛ւ կերտեցին հաղթանակ, ե՛ւ դարձան օրինակ սերունդների համար

Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան


Արցախյան գոյամարտը Հայոց ազգին տվեց շատ նվիրյալ հերոսներ, ովքեր ե՛ւ կերտեցին հաղթանակ, ե՛ւ դարձան կերպար սերունդների համար։ Նույն հերոսներից շատերը չտեսան իրենց պայքարի վերջնական հաղթանակը, չվայելեցին հաղթանակի պտուղը, սակայն մնացին անմահ եւ հավերժի ճամփորդ, ժողովրդի հերոսը։
Լեոնիդ Ազգալդյան անունը գոյամարտի սկզբում արդեն հնչում էր որպես կազմակերպված ռազմական ջոկատի հրամանատարի։ 1990 թ. ապրիլին ՀԱԲ—ի մեր փոքր ջոկատով պետք է Վարդենիսի սահման գնայինք, ավելի հստակ՝ Սոթք։ Մեկ շաբաթ սպասեցինք. տեղի պատասխանատուներն ասացին՝ խորհրդային բանակի ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացնում շրջանի տարածքում։ Պարզվեց՝ Լեոնիդն իր մարտիկներով Վարդենիսի սահմանում էր՝ արդեն ազատագրված գյուղերից մեկում, եւ պատրաստ էր դիմակայել նաեւ խորհրդային բանակին։ 19—րդ դարավերջի, 20—րդ դարասկզբի հայ ֆիդայական շարժման շատ հերոսներից որոշակիորեն առանձնանում էր Հրայր Դժոխքը, ով այդ ժամանակ դարձել էր պայքարի խորհրդանիշ։ Նույն կերպարն էր Լեոնիդն արդեն 20—րդ դարավերջին։ Գաղափարի մարտիկ, ուժեղ կամքի տեր ու ռազմական գործիչ, հայոց նորօրյա հերոսամարտի նշանավոր հրամանատարներից մեկը։
Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947—1959 թթ. սովորել է Երեւանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ եւ այն փայլուն ավարտել ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Հայոց երկրի գիտությունն ու տնտեսությունը զարգացնելու համար աշխատել է տարբեր ձեռնարկություններում։ Սակայն շուտով ֆիզիկոսը դարձավ ռազմական գործիչ եւ ուսուցիչ շատ հրամանատարների համար։ Արցախյան շարժման առաջին օրերից արդեն առաջամարտիկների շարքերում էր։ 1988 թ. գարնան վերջին, այնուհետեւ աշնանը, երբ Հայաստանում մտցվեց պարետային ժամ, իսկ Արցախում տեր ու տնօրեն էին խորհրդային զինվորն ու թուրքական ՕՄՕՆ—ը, արդեն պարզ դարձավ՝ զենքն է հարց լուծելու։ Շատերի նման Լեոնիդն էլ դա շուտ էր հասկացել։ «Ձեռքերը թափահարելով եւ ճառեր ասելով՝ Արցախը պահել հնարավոր չէ»,–նրա խոսքն էր։ Շուտով իր շուրջը համախմբեց համալսարանական ու լազերային ինստիտուտի ընկերներին՝ ֆիզիկոս—գիտնականներին, եւ սկսեցին ինքնաշեն զենքերի արտադրությունը։
Քաշաթաղի շրջանի Արտաշավի գյուղի միջնակարգ դպրոցը տարիներ առաջ անվանակոչվեց Լեոնիդի անունով։ Բացմանը ներկա էին նրա համալսարանական ընկերները։ Պատմում էին՝ ինչպես էր Լեոնիդն իրենց համոզում, եւ աշխատում էին օր ու գիշեր։ Զենք արտադրելուն զուգահեռ՝ համագործակցում էր Հանրապետական կուսակցության եւ անկախության բանակի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հետ, օգնում էր բանակի կազմավորմանը։ Չնայած հայրը եղել է կոմկուսի բարձրաստիճան ներկայացուցիչ, Լեոնիդը երբեք չի ընդունել կուսակցական գործունեությունը, եւ բնական է՝ չընդունեց Աշոտ Նավասարդյանի առաջարկը՝ դառնալ կուսակցական։ Սա էլ հետագայում պատճառ դարձավ նրանց բաժանմանը։ Եվ առանձին ստեղծեց «Ազատագրական բանակը», որն անցավ փառավոր ուղի գոյամարտի սկզբից մինչեւ վերջ։
Նրա ստեղծած 300 հոգանոց ջոկատը, որ ամենօրյա ֆիզիկական ու մարտավարական մարզումներ էր կատարում, աչքի էր ընկնում գիտակցական կարգապահությամբ։ Ցանկացած զինվոր փոքր զանցանքի, հատկապես ոգելից խմիչք, ծխախոտ օգտագործելու համար հեռացվում էր ջոկատից։ 1990 թ. փետրվարից Ազգալդյանը վարել է Անկախության բանակի հրամանատարությունը, կազմակերպել ՀՀ վտանգված շրջանների, հատկապես, արդեն նշել եմ, Վարդենիսի ինքնապաշտպանությունը։ Հաճախ պաշտպանական մարտերը դառնում էին ազատագրական, եւ Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը մաքրվում էր թուրքերից։ Լեոնիդի հրամանատարությամբ գործող բանակի վարած մարտերի ընթացքում ազատագրվեց նաեւ մեր երկրի հարավային սահմանում գտնվող Նյուվադին։ Այս բնակավայրի ազատագրումը կարեւոր դեր ունեցավ հետագայում, 1993 թ. աշնանը, Խորհրդային Ադրբեջանին բռնակցված մեր երկրի՝ պատմական Քաշունիքի եւ Կովսականի հարթավայրային տարածքների ազատագրման գործում։ 1991 թ. հունիսին ֆրանսահայ Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչեւ մարտիրոսվելը։
ՀՀ պաշտպանական ու ազատագրական մարտերից հետո Լեոնիդն իր բանակով անցավ Արցախ՝ սկզբում գործելով Գետաշենի եւ Շահումյանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում։ Այս տարածքում էլ ծնվեց նրա «Սա Հայաստան է, եւ վերջ…» թեւավոր խոսքը։ Նրա համար ամենամեծ հարստությունը կամավոր զինվորն է, որից ավելի մեծ արժեք երկիրը չունի։ Եվ ասում էր. «Զինվորին չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում։ Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի»։ Եվ երեւի պատահական չէ՝ նրա բանակն Արցախում 27 բնակավայր ազատագրեց, առանձնակի է հատկապես Քարվաճառի ազատագրումը, որին իր կարեւոր մասնակցությունն ունեցավ «Ազատագրական բանակը»։ Եվ ողջ մարտերի ընթացքում Լեոնիդը կորցրեց 6 մարտիկ։ Մահվանից 12 օր առաջ զոհվել էր տեղակալը՝ Վլադիմիր Բալայանը։ Այդ օրը ջոկատի տղաները հրամանատարի աչքերում առաջին անգամ արցունքներ տեսան։ Բալայանի մահվան լուրն առնելով՝ Ազգալդյանն ասել էր, որ գնալու է միանա Վլադիմիրին։
Երջանկահիշատակ Սարգիս Հացպանյանը, ով եղել է «Ազատագրական բանակի» զինվոր ու Լեոնիդի մտերիմը, նույնպես ներկա էր Քաշաթաղի շրջանի Արտաշավի գյուղում դպրոցի անվանակոչությանը։ Հուշեր պատմեց Լեոնիդի, Վլադիմիրի, իրենց անցած մարտական ուղու մասին. «Ինչպես Զանգեզուրը պահելուն եւ թուրքի հերթական բռնազավթման նկրտումներն ի դերեւ հանելուն պարտական ենք Նժդեհին, այնպես էլ ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալ Լեոնիդին ենք պարտական Քելբաջարի ամբողջ տարածքի ազատագրմամբ։ Իր նախապատրաստած ծրագիրը, հրամանատարի զոհվելուց հետո անգամ, նրա հետ երկար ճանապարհ անցած եւ նրա ոգով դաստիարակված զինվորները փայլուն գործողությամբ, չնչին կորուստներով ազատագրեցին պատմական Քաշաթաղը»։
Բնակվելով Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, աշխատելով կրթության համակարգում, այնուհետեւ՝ «Մերան» շրջանային պաշտոնաթերթում, տարիների ընթացքում հանդիպել եմ շատերին, ովքեր ճանաչել են Լեոնիդին, այլ հերոսների։ Մի քանի տարի առաջ Բերձորում հիմնվեց Լեոնիդի անվան պուրակը, որը Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ էր, եւ ծառատունկին մասնակից եղան ԵՊՀ ուսանողները, «Կարին» ավանդական երգի—պարի համույթը՝ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ։ Համույթը եւ շատ ուսանողներ հայ ավանդական պարով սկսեցին ծառատունկը։
«Ես «Ազատագրական բանակին» անդամագրվեցի Ազգալդյանի զոհվելուց մեկ ամիս հետո։ Նա չկար, բայց բանակն ապրում ու շնչում էր նրանով։ Եթե մի բան անում էինք, անպայման խորհրդակցում էինք, թե Ազգալդյանը տվյալ իրավիճակում ինչպես կվարվեր։ Նրա տված խորհուրդները մինչեւ պատերազմի ավարտը բոլորիս համար ուղեցույց էին։ Իհարկե, մինչեւ ջոկատին անդամագրվելը, ես ճանաչում էի Ազգալդյանին, գիտեի նրա անցած ճանապարհը»,–ասաց Գ. Գինոսյանը։
Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոց այցելել է նաեւ Արկադի Տեր—Թադեւոսյանը՝ Արցախյան գոյամարտում փառավոր ուղի անցած հրամանատար Կոմանդոսը։ Արիության դաս անցկացրեց դպրոցում, որին ներկա էին նաեւ ուսուցիչներ, ռազմական բժիշկ, Արցախյան պատերազմի մասնակից ու գրող, Նժդեհի մասունքները Խուստուփում ամփոփող խմբի անդամ երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանը, այլք։ Խոսելով Լեոնիդի մասին՝ Կոմանդոսն ասաց. «Լեոնիդը գիտնական էր, խելացի, դաստիարակված, մտավորական ընտանիքի զավակ, ես գիտեի, բայց որ ռազմարվեստին կարող էր տիրապետել այդպես, զարմանալի էր եւ ուրախալի։ Զինվորական կրթություն եւ ռազմական գործողություններ վարելու փորձ չունենալով՝ նա կարճ ժամանակում կարողացավ անել այն, ինչը ռազմական շատ գործիչներ տարիների ընթացքում կանեին կամ չէին կարող։ Ռազմական ակադեմիական գրականություն ուսումնասիրելով՝ նա ստեղծեց իր դպրոցը։ Այսօր ցանկալի է՝ նրա փորձը մեր բանակում ուսումնասիրվեր»։
Լեոնիդը չէր հավատում, որ կզոհվի Արցախում, երազանքն էր՝ ազատագրված տեսնել ողջ Հայաստանը, սակայն 1992 թ. հունիսի 21—ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ մղված մարտերում նահատակվեց արցախյան գոյամարտի լեգենդար հերոսը, ով երազում էր մարտիրոսվել Ստամբուլի պատերի տակ։ Այժմ հայտնի «Եղնիկներ» զորամաս տանող ճանապարհին՝ հերոսի ընկած տեղում, նրա հուշաքարն է։ Զորամաս բարձրացող զինվորներն առաջին ռազմական դասն այստեղ են առնում։ Քաջի մարմինն ամփոփված է Երեւանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախի գերեզմանոց)՝ իր ծնողների կողքին։ Նրա կիսանդրին սրբատեղի է դարձել իր զինվորների, ընկերների, հարազատների եւ ողջ հայության համար։ Հերոսի ծննդյան եւ նահատակության օրերին Քաշաթաղի շրջանի Արտաշավիի դպրոցի պատվիրակության հետ այցելել ենք սրբավայր։ Բերձորում՝ իր անվան պուրակում բազալտե քարին «Սա Հայաստան է, եւ վերջ…» խոսքն է փորագրված։ Շրջանի մի շարք դպրոցներում հերոսի անվան դասարաններ կան։ Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ եւ ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ 2019 թ. օգոստոսի 31—ին, Արցախի Հանրապետության 28—րդ տարեդարձի կապակցությամբ, Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչումը եւ «Ոսկե արծիվ» շքանշանը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

20-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO