Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԱՅԼՔ...


Քայլեր՝ կանխելու տարեկան մի քանի հարյուր մլն խմ ջրի աննպատակ արտահոսքը Հայաստանից

Արտոնություններ ձկնաբուծարաններից աննպատակ հոսող ջրերի երկրորդային օգտագործման համար

Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի եւ թերմալ ջրերի երկրորդային օգտագործման խնդիրը դեռ մնում է պետության առաջնային լուծման օրակարգում։ Այսօր մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետր մաքուր բարձր որակի եւ գյուղատնտեսական հողերի ոռոգման համար անհրաժեշտ օրգանական նյութերով հարուստ ջուրը հոսում է ՀՀ սահմաններից դուրս։ Սա այն դեպքում, երբ Արարատյան դաշտում մշտապես զգացվում է ոռոգման ջրի պակաս, եւ պետությունն ամեն տարի դիմում է մեր երկրի ռազմավարական նշանակության ջրային ռեսուրսի հիմնական պաշարի՝ Սեւանի օգնությանը՝ օրենքով այնտեղից վերցնելով նվազագույնը 170 մլն խմ ջուր։
2008 թ. հանրապետությունում ձկնաբուծության ոլորտին առաջնայնություն տալուց հետո կարճ ժամանակահատվածում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի գերշահագործում արձանագրվեց։ 1984 թ. կատարված ստորերկրյա ջրերի միակ ուսումնասիրության արդյունքում հաստատված 34,7 խմ վայրկյան թույլատրելի ջրառն արդեն 2014—ին հասավ 78.2—ի, որը տարեկան կազմում էր մոտ 2.2 մլրդ խմ քաղցրահամ ջուր։ Դրանց միայն 1.2 մլրդ խմ—ն օգտագործվում էր ձկնաբուծական տնտեսությունների համար։ Այդ տարիներին Արարատյան դաշտում գործում էր 250 ձկնաբուծարան։ Այս ահռելի ջրաքանակը ձկնաբուծարաններում հիմնականում մեկ կամ, լավագույն դեպքում, երկու անգամ շրջանառելուց հետո Արաքսով հոսում էր երկրի սահմաններից դուրս։
Ստորերկրյա ջրերի հորիզոնները 6 տարվա ընթացքում իջան աննախադեպ ծավալներով։ Եթե 80—ականներին արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող տարածքները մոտ 33 հազար հեկտար էին, ապա 2014—ին այն կրճատվել էր երեք անգամ՝ հասնելով 11 հազար հեկտարի։ Արմավիրի եւ Արարատի մարզերի 30—ից ավելի համայնքներում ինքնաշատրվանող հորերը չորացել էին։
Բնապահպանության նախարարության ձեռնարկած միջոցների հաշվին էականորեն կրճատվեց Արարատյան արտեզյան ավազանի բարձրորակ ջրի անարդյունավետ վատնումը։ 2014—15 թթ. ոլորտի լիազոր մարմինը լուծարեց, կոնսերվացրեց կամ փականային ռեժիմի բերեց մոտ 320 խորքային հոր։ Իրականացված գործողությունների արդյունքում խնայվեց 22.2 խմ վայրկյան ջրաքանակ, դրա հիմնական մասը ձկնաբուծարաններից՝ 17.4 խմ վայրկյան, ոռոգման ոլորտից՝ մոտ 3 խմ վայրկյան, իսկ կենցաղային ոլորտից՝ 2 խմ վայրկյան։
2015 թ. կառավարության ընդունած թիվ 1111 որոշմամբ փոփոխություն մտցվեց 2015 թ. ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրաքանակների մեջ՝ 46.4 խմ վայրկյանից նվազեցնելով 26.3 խմ վայրկյան։
Արդյունքում այդ երկու տարիներին խնայվեց 41.8 խմ վայրկյան ջուր, որը տարեկան կազմում է մոտ 1.3 մլն խմ։ Ջրառը հասցվեց 36.6 խմ վայրկյանի եւ մոտեցվեց սահմանված թույլատրելիին՝ 34.6 խմ վայրկյանին։ Այդ ընթացքում Արարատյան դաշտում տարբեր պատճառներով, այդ թվում նաեւ խորքային ջրերի հորիզոնների իջնելու հետեւանքով փակվեց 80 ձկնաբուծական տնտեսություն։ Ներկայում Արարատի եւ Արմավիրի մարզերում գործում է մոտ 150 ձկնաբուծարան։
Ջրի խնայողության միջոցառումները շարունակվեցին նաեւ հաջորդող տարիներին։ Ջրօգտագործող ընկերություններին պարտադրվեց ոռոգման շրջանի ավարտից հետո խորքային հորերը բերել փականային ռեժիմի։ Նախկինում հորերի ջուրն աշնան եւ ձմռան ամիսներին շարունակում էին ցամաքուրդներով հոսել երկրի սահմաններից դուրս։ Հորերի չափաբերման աշխատանքները շարունակվում են նաեւ այսօր։
Իրականացված միջոցառումների արդյունքում էլ ներկայում ձկնաբուծարանները շարունակում են Արարատյան դաշտի խորքային ջրերից վերցնել տարեկան 600 մլն խմ ջուր, որը մեկանգամյա կամ կիսափակ շրջանառու համակարգով ձկնաբուծարաններում օգտագործելուց հետո բաց է թողնվում ցամաքուրդներ։ Ձկնաբուծարաններից հոսող ջրերի երկրորդային օգտագործման ուղղությամբ իրականացվել են տարբեր միջոցառումներ։ Այստեղ խնդիրն այն է, որ ձկնաբուծարաններից հոսող ջրերի հորիզոնները ցածր են Արարատյան դաշտի ոռոգվող հողատարածքների հիմնական մասից, եւ դրանք օգտագործելու համար անհրաժեշտություն կա պոմպերով մղել ավելի բարձրադիր ոռոգման համակարգեր, ինչը բարձրացնում է ջրի ինքնարժեքը։
Այսօր մի քանի ծրագրերով առանձին համայքներում տեղադրվել են պոմպեր, եւ ձկնաբուծարանների ջրերն օգտագործվում են գյուղատնտեսական հողերը ջրելու համար։ Օրինակ, Հովտաշատ համայնքի 50 ձկնաբուծարաններից հավաքվող ջուրը Ռանչպար համայնքի պոմպակայանով մղվում է Հրազդանի ջրանցք, որից օգտվում են Արմավիրի մարզի մի շարք համայնքներ։
Կան մի շարք համայնքներ, որտեղ ձկնաբուծարաններից դուրս եկող ջրերը միանգամից օգտագործվում են դրանց սեփականատերերի հողերը ջրելու համար։ Կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ Արարատյան դաշտի մոտ 100 հեկտար հողատարածքներ ջրվում են ձկնաբուծարանների հետադարձ ջրերով։ Սակայն այդ ցուցանիշները ճշգրիտ չեն, քանի որ շատ գյուղացիներ չեն ցանկացել ասել, որ օգտվում են ձկնաբուծարանների ջրերից, քանի որ այդ դեպքում ջրօգտագործման վճարների խնդիր կարող է առաջանալ ՋՕ—ների հետ։ Սակայն այս դեպքում էլ ձկնաբուծարաններից հոսող ջրերի օգտագործման ծավալներն աննշան են՝ համեմատած այն ահռելի ջրաքանակի, որը վերցվում է խորքային ջրերից։
Ձկնաբուծարաններից հոսող ջրերի երկրորդային օգտագործումը խթանելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունն իրականացվող տարբեր միջոցառումներին զուգահեռ հանդես է եկել նաեւ օրենսդրական կարգավորմամբ։
Նախարարությունն առաջարկում է գրեթե զրոյացնել բնօգտագործման վճարներն այն դեպքում, երբ ջրօգտագործումից հետո հեռացված ջրերը կրկնակի օգտագործելու համար համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծվում, եւ ջրառ է իրականացվում։ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագծով առաջարկվում է մակերեւութային, ստորերկրյա քաղցրահամ եւ թերմալ ջրերի կրկնակի օգտագործման համար՝ արդյունահանման համար սահմանված բնօգտագործման դրույքաչափի 0.5 գործակցի կիրառում։ Օրենսդրական նախագծի մշակման համար հիմք են դարձել ջրային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, որոնցով սահմանվում է, որ կրկնակի ջրօգտագործողի համար կրկնակի ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսի նկատմամբ բնօգտագործման վճարի արտոնյալ պայմաններ են ստեղծվում։
Խթանելով երկրորդային ջրերի օգտագործումը՝ ոչ միայն լուծվում է ռազմավարական նշանակության այս ռեսուրսի արդյունավետ օգտագործման խնդիրը, այլեւ գյուղատնտեսական ոլորտի զարգացումն է խթանվում։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ձկնաբուծարաններից հոսող օրգանական նյութերով հարուստ ջուրն ապահովում է բարձր բերքատվություն եւ, լինելով բնական պարարտանյութ, էականորեն նվազեցնում է արհեստական պարարտացման գործընթացը։ Շատ երկրներում արդեն օգտագործվում են նման տեխնոլոգիաներ։ Իսրայելը դեռ 70—ականներին էր սկսել ձկներ բազմացնել ոռոգման համար նախատեսված անձրեւաջրերի կուտակման ավազաններում։ Այս մեթոդը կիրառվում է ԱՄՆ—ում, Ավստրալիայում, ասիական եւ եվրոպական մի շարք երկրներում։ Հողերի պարարտացման համար օգտագործելով ձկների օրգանական արտաթորանքը, էականորեն կրճատվում է հանքային պարարտանյութի կիրառումը։ Վերջինս գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքն է իջեցնում՝ բարձրացնելով նաեւ դրանց որակը։
Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած արտոնությունը շահավետ պայմաններ կստեղծի կանխելու տարեկան մի քանի հարյուր միլիոն խմ-ի հասնող բարձրորակ ջրերի աննպատակ արտահոսքը երկրի սահմաններից դուրս։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

23-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO