Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հանճարի ավագ դուստրը

Ես «շփվել» եմ Հովհաննես Թումանյանի հետ, ասես զգացել եմ նրա էությունը բանաստեղծի դստեր՝ Աշխեն Թումանյանի միջոցով։ Թումանյանի ավագ դուստրն էր նա (1891 Թիֆլիս 1968 Երեւան), Մուշեղից հետո Թումանյանի երկրորդ զավակը։ Նա բոլորից շատ էր նման Թումանյանին՝ աչքերը, դիմագծերը, պապիկս ասում էր՝ նաեւ ձայնը, ծիծաղը։ Թումանյանի բոլոր զավակներից Իսահակյանին ամենամոտը Աշխենն էր։ Տիկին Աշխենն ինձ համար Թումանյանի խորհրդանիշն էր, թեեւ մինչեւ 1971 թ. կար տիկին Օլգան՝ Թումանյանի այրին, որը շուրջ երեք տարի հետո վախճանվեց իր դուստր Աշխենից։ Սակայն դուստրն այլ էր, նա հարազատ կտորն էր Թումանյանի, նրա շարունակությունն էր ոչ միայն նմանությամբ, այլեւ խելքով, մտքով, հայրենասիրությամբ, բարությամբ, շռայլությամբ... Միայն կարծես հոր զվարճասիրությունը չէր անցել տիկին Աշխենին։
Աշխեն Թումանյանն ուներ գրական անթաքույց տաղանդ։ Թումանյանի դուստրերից ամենակարդացածն էր, հարյուրավոր էջեր հոր ձեռագրերից դասդասել է, պատրաստել ակադեմիական հրատարակության համար, շատ մեծ դեր է կատարել Հովհաննես Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուի 10 հատորով ակադեմիական հրատարակության իրականացման գործում։ Եվ իհարկե՝ «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» փայլուն պատրաստված ժողովածուի ստեղծման գործում։ Այդ նա է Թումանյանի բազում ժամանակակիցներին, անգամ նրա դասընկերներին նամակներ հղել, որ նրանք հուշեր գրեն «Հայրիկի» մասին։
Աշխեն Թումանյանը հեղինակն է «Հայրիկիս մասին» վերնագրված հրաշալի հուշագրության՝ կազմված երկու մասից, առաջինը «Բանտարկությունը եւ դատավարությունը» (մի հատված 1916 թ. գրառումներից) եւ երկրորդը՝ «1921թ. Երեւանում»։
Եվ երբ Թումանյանին 1911—1912 թթ. ձմռանը պիտի դատեին «Դաշնակցության գործով» Ս. Պետերբուրգում, Աշխենն իր ամուսնու՝ Գեւորգ Խատիսյանի (որն, ի դեպ, Թումանյանի պաշտոնական դատապաշտպանն էր) հետ նույն ժամանակ մեկնում էր Ս. Պետերբուրգ։ Իսկ Թումանյանին մինչ այդ նույն գործով մի խումբ կալանավորների հետ գնացքով էտապավորել էին Թիֆլիսից կայսրության մայրաքաղաք։ Ահա հայր եւ դուստր Թումանյանները Պետերբուրգում, 1911 թ., ուր այդ ձմեռ 30 աստիճան սառնամանիք էր, հանդիպում են Սենատի շենքում՝ նախնական կալանքի տանը (այսինքն՝ բանտում)։ «Հայրիկը եկավ իրեն հատուկ ժպիտը դեմքին, ուրախ—զվարթ դիմավորեց, գրկախառնվեցինք»,–հիշում է Աշխեն Թումանյանը։
Մոտ չորս ամիս Թումանյանն անցկացնում է Սենատի շենքի բանտային մասում, մոտ երեք ամիս էլ տեւում է դատավարությունը։ Եվ երբ վերջապես 1912 թվի մարտի 20—ին ընթերցվում է «Դաշնակցության գործով» մեղադրանքի դատավճիռը, ուր Թումանյանը ճանաչվում է անմեղ եւ նույն օրը ուշ երեկոյան հենց Սենատի ատյանի «Սպիտակ դահլիճից» ազատ է արձակվում։
Ամիսներն անազատության մեջ, վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո տեւող երեքամսյա դատավարությունը, զրկանքները, բռնությունները եւ ճնշումները չէին կարողացել երերել բանաստեղծի երկաթե կամքը, բնածին լավատեսությունը։ Ահա թե ինչ է գրում այդ մասին Աշխենն իր հուշերում, երբ դատավճռի օրը, գիշերվա ժամը 12—ին Թումանյանը ներկայանում է իր եւ իր համախոհների պատվին Պետերբուրգի «Դոնոն» ռեստորանում տրված ընթրիքին. «Դա հսկայական դահլիճ էր, շատ շքեղ, երկու շարք սեղան էր պատրաստված։ Ներկա էր մոտ 100 մարդ։ Ժամը 12—ին ներս մտան հայրիկն ու Մուշեղը։ Բոլորը հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին նրանց։ Հայրիկը շատ առույգ էր, հոգնածություն բոլորովին չէր երեւում»։
Մի քանի օր Պետերբուրգում ազատությունը վայելելով՝ ետդարձի ճանապարհին Թումանյանը 1912 թ. գարնանը լինում է Մոսկվայում, ուր Մոսկվայի գրական խմբակցությունը (Ալ. Ծատուրյան, Վ. Տերյան) կազմակերպում է Թումանյանի գրական երեկոն։ Հենց Մոսկվայում նա լինում է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում եւ ծանոթանում նրա աշխատանքներին։ 1912 թ. ապրիլին մեծ բանաստեղծը վերջապես Թիֆլիս է հասնում։
Աշխեն Թումանյանի երկրորդ հուշը վերաբերում է Թումանյանի իրապես պատմական այցին Երեւան՝ 1921 թ. փետրվարյան ապստամբության շրջանում։ Այս հուշապատումում հետաքրքիր է յուրաքանչյուր դրվագ։ Սրանք այն դրամատիկ օրերն էին, երբ քաղաքն ազատագրվել էր շուրջ 40 օր տեւած՝ բոլշեւիկների իշխանությունից։ Թիֆլիսում համապատասխան մարդիկ խնդրել էին Թումանյանին՝ որպես բանագնաց մեկնել Երեւան, բանակցելու Հայաստանի փրկության կոմիտեի նախագահ Սիմոն Վրացյանի հետ՝ կանգնեցնելու մարտական գործողությունները եւ քաղաքը հանձնել մոտեցող Կարմիր բանակին։ Եվ մինչ Թումանյանը կփորձեր իրականացնել իր առաքելությունը, ռուսական բանակը Քանաքեռի վրայով մտնում է Երեւան։ Եվ արդեն կրկին խորհրդայնացված Երեւանում Թումանյանը հանդիպում է ներխուժման ընդհանուր ղեկավար Սերգո Օրջոնիկիձեի հետ։ Քաղաքում ընդհարումներ այլեւս չեն լինում։ Թումանյանը համարելով իր առաքելությունը (միսիան) ավարտած՝ ապրիլի 18—ին Օրջոնիկիձեի հետ մեքենաներով մեկնում են Թիֆլիս։
Աշխեն Թումանյանը հուշերում իր հոր մեծ կյանքի այս երկու դրվագներն է անհրաժեշտ համարել գրի առնել։ Մեզ համար էլ պարզ է, որ մեծ բանաստեղծն իր կյանքի իրոք դրամատիկ պահերին նախընտրել է իր կողքին ունենալ իր սիրելի դստերը։
Հուշերը աներկբայորեն խոսում են Աշխենի գրական տաղանդի մասին, եւ բնականորեն ցավ ես զգում, որ Աշխենը ամբողջական հուշեր չի գրել Հայրիկի մասին։
Հենց Աշխենի ալբոմում է Հովհաննես Թումանյանը 1917-ին գրել իր ամենաիմաստուն բանաստեղծություններից մեկը.
Մայրըդ էն օրն ասում էր ինձ,
Թե՝ զուր թողիր տունը ձեռից,
Էնքան էժան ու էնքան հեշտ,
Էնքան հարմար, անհըրաժեշտ...

Նա տակավին չի իմանում,
Թե աշխարքն էր ինձ պատկանում.
Նույնիսկ ձըրի, առանց փողի,
Սիրտըս չուզեց—ձեռից թողի...

1917, հունիսի 17
Այս բացառիկ հանճարեղ գործը, որը մինչեւ օրս ճիշտ չի մեկնաբանված, Թումանյանը գրի է առել իր դստեր համեստ ալբոմի մեջ։ Նա այստեղ կիսվում է սիրելի աղջկա հետ իր կյանքի թերեւս ամենատխուր զգացմունքի շուրջ, եւ Աշխենից բացի նա ոչ մեկին աշխարհում չէր վստահի երկիմաստ տողերում այսպես հմտորեն թաքցրած իր մեծ սիրո ողբերգական հանգուցալուծումը։ Միայն Աշխենին։ Աշխենն ուրիշ էր։ Նա ոտքից գլուխ հոր կտորն էր, որի առջեւ հանճարեղ պոետը կարող էր բացել իր սիրտը...
Տիկին Աշխենը հագնվում էր անգամ հոր նման։ Հայտնի է Թումանյանի լուսանկարը՝ պոետը կոստյումով, ճերմակ մետաքսե թաշկինակը կապած փողկապի տեղ։ Եվ նման ճերմակ թաշկինակով այլ լուսանկարներ էլ կան, օրինակ՝ բանաստեղծը իր գրասեղանի մոտ։ Եվ ես շատ հստակ հիշում եմ տիկին Աշխենին, համարյա միշտ սեւ կամ մուգ կապույտ գույնի կոստյումով եւ նման մի ճերմակ մետաքսե թաշկինակը վզի շուրջ կամ էլի մուգ կոստյումով եւ ճերմակ շապիկով։ Եվ զգեստի նման գունային ընտրությունը շատ էր սազում նրա ճերմակ մազերին։ Ես ընդգծում եմ այդ հանգամանքը, քանի որ տեսնում եմ որոշակի ներդաշնակություն ոճային անգամ հոր եւ դստեր հագնվելու ձեւի մեջ։ Դա եւս վկայում էր հոր եւ Աշխենի ճաշակների նմանությունը։ Եվ եթե ես տիկին Աշխենի միջոցով մի ինչ—որ չափով զգում էի Թումանյանի մարդկային խառնվածքը, ապա Վարպետը, ի դեմս Աշխենի, ընկերոջ կարոտն էր առնում։
Հիշում եմ, թե որքան հաճախ եւ որքան երկար էին զրուցում իրար հետ Վարպետն ու տիկին Աշխենը։ Աշխենը թավ, կրծքային ձայն ուներ։ Շատ էր սիրում ծխել։ Ծխում էր, որքան հիշում եմ, «Կազբեկ» ծխախոտ, առանց մուշտուկի։ Սիրում էր շատ մուգ կանաչ եւ դրակոններով ինկրուստացիա արված ճապոնական մի պորտսիգարը (ծխախոտատուփը), որ նվիրել էր իրեն թանգարան եկած մի չինացի գրող։ Այդ տուփը մի գաղտնիք ուներ, ամեն անգամ բացելիս միայն մի սիգարետ էր դուրս գցում եւ փակվելուց հետո մոտ 20 րոպե այլեւս չէր բացվում։ Սա արված է նրա համար, ասում էր տիկին Աշխենը, որ ես քիչ ծխեմ, մի փոքր դադար տամ։

Շարունակելի
Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
2020 թ., մարտ-ապրիլ

24-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO