Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հանճարի ավագ դուստրը

Տիկին Աշխենն ունեցել է դառը ճակատագիր։ Նրա ամուսինը (Աշխենն ամուսնացել էր Թիֆլիսում 1911 թվին) եղել է նշանավոր Ալեքսանդր Խատիսովի փոքր եղբայրը, հայտնի փաստաբան Գեւորգը (Գիգան), որը շուտ է մահացել՝ 1932 թ., իսկ նրանց միակ որդին՝ Հովիկ Խատիսյանը, ապրել է ընդամենը 14 տարի... Աշխեն Թումանյանը շատ կորուստներ է ունեցել, սակայն միշտ եղել է չընկճվող, ուժեղ կամքի տեր, եւ պատահական չէ, որ նա եղավ իր հանճարեղ հոր ձեռագրերի հավաքողը, պահպանողը, թանգարանի առաջին տնօրենը։
Անսահման բարի էր, կիրթ, հպարտությամբ կարող եմ ասել, որ ինձ հետ առանձնապես մոտ էր, յուրաքանչյուր հանդիպմանը մի նոր գիրք պետք է նվիրեր կամ քաղցրավենիք։ Նա ինձ նվիրել էր գերմանական հայտնի կոմպոզիտորների դիմանկարներով մի տուփ (19—րդ դար), ուր յուրաքանչյուր կոմպոզիտոր ներկայացված էր իր հայտնի գործերով, երեխաները պետք է կարդային այդ տեքստերը եւ կոմպոզիտորի նկարը տեսնելիս իմանային, թե նա ինչ է գրել։
Այդ տուփը երկար ժամանակ պահվում էր մեր տանը, նույնիսկ իմ երեխաներն այդ յուրահատուկ խաղին մասնակից եղան։ Թե հետո ինչ եղավ, դժվարանում եմ ասել, գուցե մի օր գտնվի։ Նվիրել էր նաեւ Պուշկինի հեքիաթների մի պատկերազարդ գիրք, մինչհեղափոխական Ռւսաստանում տպագրված, ինչպես նաեւ 1958 թ. «Հայպետհրատի» հրատարակած՝ Հովհ. Թումանյանի Երկերի երկհատորյակը (ի դեպ, թեեւ գրքի տեքստի կազմողը տիկին Աշխենն էր, սակայն երկհատորյակում ոչ մի տեղ չէր նշել իր անունը)։ Այդ գիրքն ինձ նվիրեց մեր տանը, իմ ծննդյան օրը՝ «Սիրելի Ավիկին, ցանկանում եմ մեր բոլորիս հույսերն արդարացնես» 27/XI 58 թ. Երեւան, Աշխեն Թումանյան» ընծայագրով։
Այս տողերը ներկայումս արտագրելիս նկատեցի, որ տիկին Աշխենի ձեռագիրն անգամ շատ նման է հոր ձեռագրին։ Բոլոր երեք գրքերն էլ այսօր պահվում են մեր տան գրադարանում։
Նա կարող էր համբերատար ինձ համար հեքիաթներ կարդալ Աղայանից, Թումանյանից, Պուշկինից։ Սիրում էր պարզապես զրուցել հետս, ես գիտեի, որ նրա հայրը իմ պապիկի ամենասիրելի մարդկանցից մեկն է եղել։ Ես գիտեի արդեն առաջին—երկրորդ դասարանից, թե ով էր Հովհաննես Թումանյանը, գիտեի, որ դեռ շատ երիտասարդ տարիքում մայրս «Հայկական կինոկոնցերտ» ֆիլմում Թումանյանի հերոսուհու՝ Անուշի դերն է խաղացել, իսկ Հովհաննես Թումանյանի անունը շատ եւ շատ հաճախ լսում էի պապիկիս շուրթերից։
Կարճ ասած՝ ես գիտեի, թե ով է տիկին Աշխենը, այդքան բարի, այդքան անկեղծ։ Եվ ինձ համար նա շատ սիրելի եւ թանկ անձնավորություն էր։
Երեւանում հյուր գնալու Վարպետի ամենասիրած տներից մեկը Թումանյանենց տունն էր։ Ամիս չկար, որ մի երկու—երեք անգամ տատիկս ու պապիկս երեկոները չգնային Թումանյանենց (ինձ էլ հաճախ հետները տանում էին)։
Ավետիք Իսահակյանը 1940—1950 թթ. ուներ մտերիմ ընկերների մի նեղ շրջան՝ Մարտիրոս Սարյան, Դերենիկ Դեմիրճյան, Գարեգին Լեւոնյան, Գեւորգ VI կաթողիկոս, Ստեփան Զորյան, Հակոբ Խաչատրյան, Հակոբ Կոջոյան, Աշոտ Հովհաննիսյան, Հովհաննես Շիրազ, Արամ Ինճիկյան, եւ այս քչերի մեջ էր Աշխեն Թումանյանը։ Բացի դրանից, որ պապիկս էր մոտ Աշխենի հետ, նրա հետ շատ մոտ էին նաեւ տատիկս՝ Սոֆյան, եւ Սարյանի կինը՝ Լուսիկը։ Զգացվում էր, որ նրանք անկեղծ հարգում են տիկին Աշխենին։ Նա կարծես իր անձնական կյանքն էլ էր նվիրել Հովհաննես Թումանյանին եւ նրա անունը տալիս մշտապես օգտագործում էր «Հայրիկ» բառը։ Եվ այդ բառը մի ուրիշ հնչեղություն էր ստանում նրա մոտ։
Արդեն հոր անժամանակ մահից հետո նա կորցրեց իր երեք եղբայրներին (Արտավազդը 1918 թ. զոհվել էր Արեւմտյան Հայաստանում), Մուշեղին՝ ծնված 1889 թ., Համլիկին՝ ծնված 1896 թ., եւ Արեգին՝ ծնված 1901 թ.)։ Բոլոր երեք եղբայրների կյանքից հեռանալու թվականը նույնն է՝ 1937 թ.։ Հեղափոխությունից 20 տարի անց ոճրագործ ռեժիմը հաշվեհարդար տեսավ այդ երեք պայծառ անձերի հետ, որոնց մեղքը նախ եւ առաջ այն բանում էր, որ նրանք հայ հայրենասերներ էին, եւ երկրորդ, որ նրանք Հովհաննես Թումանյանի որդիներն էին։ Թե ինչպես եղավ, որ ռեժիմը Թումանյանի աղջիկներին էլ կյանքից չզրկեց, ինչպես Նիկոլայ Երկրորդ կայսրի զավակներին, բացատրություն չունի։
Այսպես Աշխենի ուսերին ծանրացավ մի ամբողջ ընտանիքի հոգսը, եւ նա չորս որդի կորցրած իր մոր՝ տիկին Օլգայի կողքին, իսկ ավելի ճիշտ՝ հենց ինքը իր վրա վերցրեց բոլորի ե՛ւ մոր, ե՛ւ հոր, ե՛ւ եղբայրների պարտականությունները։ Այստեղ նրան առաջին հերթին օգնության եկավ Թումանյանի իմաստնությունը։ Աշխենը տան տղամարդն էր, բառիս բուն իմաստով, քանի որ փեսաների հարցում էլ շատ բան մնաց չհանգուցալուծված (բացառությամբ Նվարդի, որն ամուսնացել էր Ղազարոս Աղայանի որդու՝ Մուշեղի հետ, եւ Սեդայի, որն ամուսնացել էր բժիշկ Սաֆրազբեկյանի հետ), մնացած երկու քույրերն այդպես էլ չամուսնացան։ Մեծ էր առանձնապես տիկին Աշխենի առաքելությունը հոր արխիվը եւ գրադարանը պահելու եւ անկորուստ Երեւան հասցնելու գործում։
Հիշում եմ, մայրիկիս հետ հյուր էինք գնացել Օլգա մայրիկին եւ տիկին Աշխենին, որոնք մինչեւ թանգարանի բացումը (1953 թ.) ապրում էին Աբովյան փողոցում, երկհարկանի սեւ տուֆե մի հին երեւանյան տանը, երկու թե երեք սենյականոց մի բնակարանում։ Եվ ողջ բնակարանը, ողջ սենյակների անցումները գրավված էին Թումանյանի գրքերով։ Նեղ տեղերով դժվարությամբ սենյակից սենյակ էիր անցնում, ամենուրեք գրքերի կապոցներ էին եւ մեծ թղթապանակներ՝ բանաստեղծի արխիվը։ Տիկին Աշխենն ասաց, որ շուտով կսկսվի Հայրիկի թանգարանի շինարարության աշխատանքը, եւ հետո բոլոր այս գրքերը, արխիվային փաստաթղթերը կտեղափոխվեն թանգարան։ Նստած էինք Օլգա մայրիկի գլխավորությամբ մեծ սեղանի շուրջ, մեզ թեյով եւ թխվածքներով հյուրասիրեցին, դա կլիներ 1951—1952 թթ.։
Այդ բնակարանում ապրում էին երեքը՝ Օլգա մայրիկը, տիկին Աշխենը եւ նրա քույրը՝ Թամարը (մասնագիտությամբ ճարտարապետ)։ Տան ամբողջ կահույքը թիֆլիսյան՝ Վոզնեսենսկայա տան կահույքն էր, որ, ինչպես եւ արվեստի իրերի եւ պատկերների բանաստեղծի հավաքածուն, սրբությամբ պահել էր բանաստեղծի ընտանիքը։
Հիշում եմ, մեր տանը պապիկս մի օր մեծ ոգեւորությամբ ասում էր, որ Երեւանում շուտով կբացվի Հովհաննես Թումանյանի թանգարանը, այդ նպատակով հատուկ կառուցված մի երեքհարկանի գեղեցիկ շենքում։ Եվ բանաստեղծի ընտանիքին էլ նույն շենքի առաջին հարկում կհատկացվեն երեք սենյակ ու մի մեծ հյուրասենյակ։ Եկավ այդ օրը։ Բացման արարողությանը ելույթ ունեցավ Ավետիք Իսահակյանը, եւ նրան էր տրվել թանգարանի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրելու պատիվը։ Եթե չեմ սխալվում, դա Խաչատուր Աբովյանի տուն—թանգարանի բացումից հետո հայ գրողի հիշատակը հավերժացնող երկրորդ թանգարանը եղավ, որի առաջին տնօրեն նշանակվեց տիկին Աշխենը։ Եվ որքան էլ զարմանալի չթվա, դրանից հետո Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ մեծ ստեղծագործողի հիշատակին հիմնվող որեւէ թանգարանի տնօրեն, որպես օրենք, չէին նշանակում այդ ընտանիքի հարազատ անդամին։ Կուսակցությունը չէր վստահում մեծի հիշատակի պահպանումը նույն մեծի ընտանիքին։ Անպայման պետք է «իրենց մարդը» լիներ եւ մի ոտքով կապված ՉԿ—ի հետ։ Շուրջ 15 տարի տիկին Աշխենը ղեկավարեց այդ օջախը, որը դարձավ ժողովրդի կողմից շատ սիրելի եւ գնահատված թանգարան։ Եվ որի կայացման ու հաջողության գործում շատ մեծ էր տիկին Աշխենի վաստակը։ Պետք է ասել, որ տիկին Աշխենի մահից հետո այդ գործը հաջողությամբ շարունակեց նրա քույր Թամար Թումանյանը։
Վարպետի մահից հետո մենք, բնականաբար, ավելի քիչ էինք հանդիպում տիկին Աշխենի հետ։ Երեւի հենց այդ պատճառով նրա կերպարը ավելի դրոշմվել է իմ պատանեկան հիշողության մեջ, քան թե ավելի հասուն տարիքի երիտասարդի։
Եվ դա լավ է, քանզի պատանու հիշողությունը միշտ ջինջ է եւ անմիջական։

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
2020 թ., մարտ-ապրիլ

25-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO