Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Անտեղյակությու՞ն, թե՞ մեծամտություն

Եկեք հարգենք միմյանց եւ գնահատենք դիմացինի առողջությունը

Ամեն անգամ, երբ տեսնում եմ նոր կորոնավիրուսի վարակի դեմ պաշտպանության՝ հայաստանցիների մի մասի վերաբերմունքը, մտածում եմ՝ մեր մեջ ի՞նչ աստվածաշնորհ հատկություն կա, որ այսքան համարձակ ենք ու այսքան կարող ենք արհամարհել համավարակի վտանգը։ Կամ՝ մի՞թե անբավարար է բացատրվում աշխարհին պատուհասած վտանգի աստիճանը, եւ մարդկանց չի համոզում այդ չարիքին ընդդիմանալու միջոցների գործնականությունը, ինչի պատճառով պաշտպանությունը շատ դեպքերում ընկալվում է որպես ձեւական միջոցառում, ինչը կարելի է եւ պատշաճորեն չկատարել։ Երկու հանգամանքն էլ մեզանում գործում են, չնայած դրանց օբյեկտիվությունը խիստ կասկածելի է։
Կարծիք կա, որ Հայաստանում վարակի դեմ պայքարում բացատրական աշխատանքը հետեւողական չէ, հաճախ են փոխվում ցուցումները, ինչն էլ սասանում է մարդկանց վստահությունն առաջարկվող միջոցառումների եւ միջոցների նկատմամբ։ Մի պահ ենթադրենք, որ կա մատուցվող բացատրական աշխատանքի որոշ անհետեւողականություն, բայց եկեք մտածենք, թե ինչի հետ գործ ունենք, եւ ում ցուցումներով են գործում հայաստանյան առողջապահությունը եւ հետեւապես՝ հատուկ դրության պարետատունը։ Խորհուրդներ տվողը ԱՀԿ—ն է, որի խոսքը, որքան էլ ցանկանան ազգային առողջապահական կազմակերպությունները, չեն կարող անտեսել, քանի որ չունեն համավարակի էության մասին սեփական փորձով ձեռք բերված պրակտիկա, չկա բուժանյութը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկա դրությամբ միակ կենտրոնն է, որ համակարգում է համաշխարհային բժշկության ջանքերը վարակից պաշտպանվելու ուսումնասիրություններում։ Այս կազմակերպության համար նույնպես շատ ու շատ բաներ անհայտ են, եւ սխալներն ու վրիպումները բացառված չեն, ինչն էլ հասնում է մեզ։ Բայց արժե՞ կենտրոնանալ մասամբ փոփոխվող պահանջների վրա եւ կասկածելի համարել դրանք ընդհանրապես՝ ասելով, որ վարակ չկա։ Աշխարհը կռիվ է տալիս մի երեւույթի դեմ, որի իրական դեմքը դեռեւս չի տեսնում եւ աննահանջ ջանադրությամբ փնտրում է փրկության միջոցը։ Ինչպե՞ս կարելի է հավատ չընծայել այդ աշխատանքին, համարել անիմաստ, առավել եւս՝ հրաժարվել ջանքեր գործադրելուց, դառնալ անպաշտպան։ Ընդհակառակը՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է իր բոլոր հնարավորություններով միանալ պայքարին, եթե անգամ այդ պայքարը դեռեւս ցանկալի արդյունք չի տալիս։ Այն երկրներում, որտեղ կազմակերպված է պայքարը, կարգապահ վերաբերմունք է ցուցաբերվում պաշտպանական միջոցառումներին, հնարավոր չէ չտեսնել արդյունքը։ Մեզ մոտ էլ բուժաշխատողների անդուլ աշխատանքը անարդյունք չի անցնում։ Մեզ խանգարողը մեր հաճախ անփույթ վարքագիծն է։ Քիչ չեն այն մարդիկ, որոնք չունեն պաշտպանվելու աշխատանքները շարունակելու կամքի ուժ, ամեն օր սահմանված կարգին հետեւելու հետեւողականություն, հոգնում են դիմակ կրելու ոչ հաճելի պարտականությունից եւ ձեռքերը թափ են տալիս... Մարդիկ էլ կան, որոնք դիմակ կրելը վայել չեն համարում իրենց արժանապատվությանը եւ ամեն կերպ ձգտում են չկատարել պարետատան խորհուրդը։
Դիտարկումները բերել են այն համոզման, որ հանրության մի որոշ մաս սահմանված կարգին պարզապես լրիվ հակառակ չգնալու համար է ականջներից «կախում» դիմակները։ «Կախում», ոչ թե կրում, քանի որ այդ դեպքում դիմակը ոչ թե ծածկում է քիթը եւ բերանը, ինչպես որ պետք է անի, այլ ընկած է ծնոտի տակ, իբրեւ թե՝ տեսեք, դեմքիս դիմակ կա՛։ Այսպիսի վերաբերմունքը կեղծ կարգապահությունից այն կողմ չի անցնում։ Այդ անհատը խաբում է ե՛ւ իրեն, ե՛ւ կողքին գտնվողներին։ Նկատելի է նաեւ իրենց առողջականի վրա վստահ, վարակից «չվախեցողների» առկայություն մեր կողքին։ Օղակաձեւ զբոսայգու 6—րդ հատվածում, որտեղ բարեկարգման աշխատանքներ են սկսվել, մի խումբ բանվորներ՝ վեց—յոթ երիտասարդ, ծխադադարի են նստել խմբված, կողք կողքի, գրեթե իրար կիպ—կպած, առանց դիմակի։ Չհարցնել չեմ կարողանում՝ հնարավոր չէ՞ գոնե աշխատանքային ընդմիջման պահին իրար հետ այդքան սերտ շփվելուց դիմակ կրել։ Պատասխանը որոշակի զավեշտ պարունակող երանգ ունի. «Մենք չենք հիվանդանա, ամբողջ օրը դիզել ենք շնչում»։ Նկատի ունի տրակտորի կողքին աշխատելու հանգամանքը։ Մեկն էլ թե՝ «Հոպարը երեւի առողջական խնդիր ունի, դրա համար է անհանգստանում»։ Շինարարական կոլեկտիվներում ընդհանրապես դիմակ չկրելը հատուկ դրության պարետի կողմից, որքան գիտեմ, արտոնված չէ։ Շինկազմակերպությունների ղեկավարները պարտավոր են հետեւել, որ բանվորները սերտ շփումների դեպքում դիմակ կրեն կամ գոնե պահպանեն սոցիալական հեռավորություն։ Վերջին հաշվով՝ ի՞նչ տարբերություն, թե խմբվածները ովքեր են՝ բանվորնե՞ր, թե՞ մտավորականներ։ Ի դեպ, աշխատանքների կազմակերպիչները, որ շինհրապարակում էին, բոլորը պաշտպանիչ դիմակներով էին...
Այս այգում «ընդունված» չէ զրուցարաններում դիմակով նստելը, հատկապես նարդի խաղացողները։ Այսպիսի մի դեպք իմ լուսանկարչական օբյեկտիվն արձանագրել է հարեւանությամբ գտնվող «Լունապարկ» ատրակցիոն խաղերի տարածքում։ Մոտենում եմ փոքրիկ տաղավարում նարդի խաղացողներին. չորսն են, երկուսն ընդհանրապես դիմակ չունեն, իսկ երկուսն ունեն, բայց գցել են ծնոտների տակ։ Առաջին լուսանկարումից հետո խաղացողներից մեկն արագ բարձրացնում է դիմակը, դնում իր տեղը եւ նայում ինձ, իսկ մյուսները ոչ էլ նկատում են իմ մոտենալը կամ ցույց են տալիս, թե չեն նկատում։ Խաղացողները առաջացած տարիքի մարդիկ են, թվում է՝ առաջին հերթին հենց նրանք պիտի ձգտեն հնարավորինս լավ պաշտպանվել, սակայն... Ի դեպ, հնարավոր չէ չնկատել, որ պաշտպանիչ դիմակ առավել տհաճորեն են կրում հենց տարիքն առած մարդիկ, հատկապես տղամարդիկ։ Ինչն է պատճառը՝ այդ լրացուցիչ անելիքի համար «հավես» չունենա՞լը, թե՞ միտքն առ այն, որ վիրուսը կարող է կորցրած լինել հետաքրքրությունն իրենց ծերացող եւ ծերացած մարմինների նկատմամբ...
Հնարավոր չէ չնկատել, որ չնայած հսկողության խստացման արդյունքում վերջին օրերին պաշտպանիչ դիմակ կրելը զգալիորեն ակտիվացել է, այդուհանդերձ, դեռեւս քիչ չեն այն մարդիկ, որոնք շարունակում են արհամարհական վերաբերմունքը։ Նկատելի է նաեւ, որ երեկոյան ժամերին մեծանում է առանց դիմակի փողոց դուրս եկողների թիվը։ Այն տպավորությունն է, թե վիրուսը մութ ժամերին վատ է տեսնում։ Մեկ ուրիշ դրդապատճառ էլ կարող ենք տեսնել. դիմացից եկողները մութ ժամանակ լավ չեն տեսնում դիմակ չդնողների դեմքերը։ Սա կատակ չէ, ունի որոշակի հոգեբանական նշանակություն. ես, օրինակ, փողոցով անցնելիս նայում եմ դիմացից եկողների դեմքերին. դիմակ կրողներին հարգանքի զգացումով եմ նայում, չկրողներին՝ արհամարհանքով եւ ներքին նախատինքով։ Ինչո՞ւ, որովհետեւ մեզ պարփակող իրավիճակը մեր կամքից անկախ հրամայական է դարձնում միմյանց նկատմամբ հարգանք դրսեւորելու անհրաժեշտությունը։
Ամբողջ ազգով... մոլորակով նեղության մեջ հայտնված մարդիկ իրավունք չունեն չհարգել միմյանց իրավունքը։ Իսկ ներկա պահին այդ իրավունքը միմյանց առողջությունը գնահատելն ու պաշտպանելն է։ Վերջին օրերին մեր հանրապետությունում ամեն օր «Covid—19»—ից մահանում է 8—10 մարդ։ Ինչպե՞ս կարելի է անտարբել գտնվել այս իրողության նկատմամբ։ Դիմակ կրեք, մարդի՛կ, խնայե՛ք մարդկանց կյանքը...
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

25-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO