Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ներքին արտադրողին պաշտպանելու հերթական կարեւոր քայլը

Կարգավորումները կխթանեն ցեմենտի արտադրության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը եւ աշխատատեղերի ավելացմանը

Յուրաքանչյուր պետության հիմնական խնդիրներից են ներքին արտադրողի շահերի պաշտպանությունը եւ նրա մրցունակության բարձրացմանը նպաստող բարենպաստ միջավայրի ապահովումը։ Ունենալով ներքին արտադրության սահմանափակ ռեսուրսներ՝ վերոհիշյալ խնդրի լուծումն առանձնակի նշանակություն ունի մեր երկրի համար։ Այս գործառույթն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտաբար սահմանվել եւ գործում են համապատասխան իրավական կարգավորումները։ Մասնավորապես, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում ասվում է, որ արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներն այն ապրանքներն են, որոնց նկատմամբ արտաքին առեւտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ ու արգելքներ մի շարք նպատակներով՝ այդ թվում ներքին շուկայի եւ տեղական արտադրության պաշտպանության նպատակով։
2019 թ. Հայաստանի ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակը պետությանը ստիպեց դիմել համարժեք գործողությունների։ Նախորդ տարի կտրուկ ավելացան Հայաստան ներմուծվող իրանական ցեմենտի եւ կլինկերի ծավալները։ Եթե 2018 թ. առաջին կիսամյակում Իրանից ներմուծվել էր 23.4 հազար տոննա ցեմենտ, ապա 2019—ի նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալներն ավելացան 380 տոկոսով՝ հասնելով 105.7 հազար տոննայի։ 243 տոկոսով ավելացավ նաեւ կլինկերի (կրաքարի եւ կավի համակցություն, որին համապատասխան ջերմաստիճանի պայմաններում ավելացնելով գիպս՝ ստացվում է ցեմենտ) ներմուծումը։
Հայաստանում ցեմենտ արտադրող երկու ընկերության համար ստեղծվեցին մրցակցային խիստ անհավասար պայմաններ։ Իրանից ներմուծված ցեմենտի ինքնարժեքը Երեւանում մեկ տոննայի համար 18 հազար դրամ էր կազմում, այն դեպքում, երբ հայկական արտադրության ցեմենտի ինքնարժեքը կազմում էր 37.5 հազար դրամ։ Կլինկերի ինքնարժեքը նույնպես 18 հազար դրամ էր, բայց դրանից ցեմենտ ստանալու համար անհրաժեշտ է լրացուցիչ 10 հազար դրամի ծախս։ Կլինկերի մեկ տոննայից այս ձեւով ստացվում է 15 տոկոս ավելի ցեմենտ։ Արդյունքում, ներմուծված կլինկերից ստացվող ցեմենտի ինքնարժեքը հասնում է 24 հազար դրամի։
Ստեղծված իրավիճակում պետության միջամությունն անհրաժեշտություն էր, եւ 2019 թ. հունիսի 3–ին կառավարության առաջարկով խորհրդարանն ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով ցեմենտի ներմուծումը համարվեց ծանուցման ենթակա գործունեություն եւ դրա մեկ տոննայի համար կիրառվեց 14000 դրամի պետական տուրք։
Առաջին փուլում այն սահմանվել էր մինչեւ 2020 թ. ապրիլի 1—ը, այնուհետեւ կառավարությունը խորհրդարան մտավ նոր նախագծով եւ այն երկարացրեց մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31—ը։
Հայաստանի կառավարության այս միջոցառումները որեւէ կերպ ուղղված չէին հարեւան Իրանի դեմ, այլ բացառապես նպատակաուղղված էին սեփական շուկայի պաշտպանությանը։ Ընդորում, դրանք համարժեք էին նույն ոլորտում Իրանի կառավարության կողմից սեփական արտադրողներին օժանդակելու քաղաքականությանը։ Բացի այն, որ ցեմենտի արտադրության գործընթացում մեր հարեւան երկրում էլեկտրաէներգիայի էժան լինելը էականորեն իջեցնում էր վերջինիս ինքնարժեքը, Իրանի կառավարությունը ցեմենտ արտադրողների համար տրանսպորտային ծախսերի սուբսիդավորում էր իրականացնում, ինչի արդյունքում այդ երկրում արտադրվող 30 մլն տոննա էժան ցեմենտը հիմնականում արտահանվում էր, այդ թվում նաեւ Հայաստան։ Մյուս կողմից էլ 2019 թ. իրանական ռիալի փոխարժեքի անկումը բերել էր տնտեսության անկման, իսկ ցեմենտի արտադրության ծավալները չէին կրճատվել, ինչը նույնպես հանգեցրել է հարեւան երկորւմ ցեմենտի ավելցուկի եւ գների անկման։
Հայաստանի կիրառած միջոցներն էականորեն կայունացրեցին շուկան, եւ հայկական ընկերություններն ավելացրեցին ցեմենտի արտադրության ծավալները։ Եթե 2019 թ. առաջին կիսամյակին 238.5 հազար տոննա ցեմենտ էր արտադրվել, ապա օրենքի ընդունումից հետո հուլիս—դեկտեմբերին այն հասավ 343.6 հազար տոննայի։ Այդ ընթացքում Հայաստանի ներքին արտադրողներից մեկը կարողացավ արդիականացնել իր արտադրական ցիկլը եւ դրանով մրցունակություն ապահովել շուկայում, իսկ մյուսը դեռ շարունակում է իրացման խնդիրներ ունենալ։
Վերոհիշյալ կարգավորումից դուրս մնաց կլինկերի ներմուծման գործընթացը, ինչը հանգեցրեց այդ ապրանքի ներմուծման ծավալի շարունակական աճին։ Օրենքի ընդունումից հետո կտրուկ ավելացան իրանական կլինկերի ներմուծման ծավալները։ 2018 թ. հուլիս—դեկտեմբեր ամիսներին Հայաստան էր ներմուծվել 14.8 հազար տոննա կլինկեր, իսկ արդեն 2019—ին այն հասել էր 52.1 հազար տոննա՝ աճելով մոտ 350 տոկոս։ Մյուս կողմից էլ սահմանված 14000 դրամ պետական տուրքը իրանական ցեմենտի 18000 դրամ ինքնարժեքի հետ միասին կազմում է 32000 հազար դրամ, այն դեպքում, երբ հայկական ցեմենտի ինքնարժեքը 37500 դրամ է։
Ստեղծված իրավիճակում կառավարությունը գնում է նոր կարգավորումների։ Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Գործադիրը, հիմք ընդունելով «Առեւտրի ծառայությունների մասին» օրենքը եւ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 47—րդ հոդվածը, սահմանում է, որ ցեմենտի եւ կլինկերի «Բացթողում ներքին շուկայի համար», «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվելու է լիցենզիաների հիման վրա։ Լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր 100 տոննայի համար։ Ըստ որոշման, լիցենզիայի տրամադրման լիազոր մարմին է էկոնոմիկայի նախարարությունը։
Նախագծով գործադիրն առաջարկում է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ ցեմենտի եւ կլինկերի համար սահմանելով պետական տուրքի դրույքաչափեր։ 100 տոննա ցեմենտի ներմուծման լիցենզիայի համար առաջարկում է սահմանել բազային տուրքի 1800—ապատիկի չափով պետական տուրք։ Կլինկերի համար սահմանվել է բազային տուրքի 500—ապատիկի չափով։ Հայաստանում բազային տուրքը 1000 դրամ է։ Արդյունքում ստացվում է, որ ցեմենտի մեկ տոննայի համար առաջարկվում է 18000 դրամի պետական տուրք, իսկ կլինկերի համար՝ 5000 դրամ։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թ. հունվարի 1—ից, երբ լրանա նախորդ կարգավորման ժամկետը։
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 47—րդ հոդվածով սահմանվում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն սահմանել եւ կիրառել ոչ սակագնային կարգավորումներ։ ԵԱՏՄ երկրները նախորդ տարիներին պարբերաբար կիրառել են նման միջոցառումներ՝ պաշտպանելով սեփական արտադրողին։ Վերոշարադրյալը փաստում է, որ այս որոշմամբ Հայաստանը չի հակասում վավերացրած որեւէ միջազգային պայմանագրի։
Կարգավորման շնորհիվ ներքին արտադրողի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն հանրապետության ցեմենտի տարեկան 1.8 մլն տոննա պահանջարկը բավարարելու համար, ինչը թույլ կտա ոչ միայն պահպանել այդ արտադրությունում ներգրավված աշխատատեղերը, այլեւ ավելացնել դրանց թվաքանակը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

25-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO