Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԼՂՀ


Մոռացությունից փրկված նշխարներ

Ինչ են հուշում Շուշիի հայկական գերեզմանոցի վիմագիր արձանագրությունները

Բերդաձորցի Հրաչիկ Հարությունյանն ավանդապահ այն մտավորականներից էր, ով, «վերադառնալով իր արմատներին», Շուշին ազատագրվելուց՝ առաջինների թվում ընտանիքով վերահաստատվեց բերդաքաղաքում՝ օրինակ ծառայելով շատերի համար։ Ականատեսը լինելով հայերի նկատմամբ վարվող խտրական հայատյաց քաղաքականության ու բազում անարդարությունների (70—ական թթ. սկզբներին նա Շուշիի կոմերիտշրջկոմի երկրորդ քարտուղարն էր) եւ չհամակերպվելով տեղական իշխանությունների լկտի պահվածքի ու քողարկված «բարեկամության» հետ, ստիպված էր հրաժարվել պաշտոնից եւ տեղափոխվել Ստեփանակերտ, ուր երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում։ Մասնագիտությամբ լինելով բանասեր—պատմաբան, թոշակի անցնելուց Հրաչիկը, հավատարիմ իր նախասիրություններին ու հետաքրքրություններին, որոշեց պարապ չնստել եւ օգտակար գործ ձեռնարկել՝ փորձելով, իր իսկ խոսքերով, նպաստել հայոց Շուշիի մշակութային եւ հոգեւոր արժեքների վերականգնմանը, բերդաքաղաքի հնությունների դարավոր փոշու մաքրմանն ու սրբավայրերի պահպանմանը։
Օրերից մի օր ձեռքն էր ընկել ճանաչված պատմաբան Ս. Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» գիրքը, ուր հեղինակը՝ անդրադառնալով Շուշիի պատմությանը, մասնավորապես նշում է. «Շուշին Արցախի ամենափոքր շրջանն է, ու զբաղեցնում է Կարկառ գետի վերին հանդը։ Ցավալի է, որ շրջանում հին հուշարձանները վատ են պահպանվել եւ հատկապես Շուշիից արձանագրություններ շատ քիչ ունենք»։ Այդ իրողությունը Հրաչիկին շատ մտահոգեց, եւ նա որոշեց իր ուժերի ներածին չափով զբաղվել բերդաքաղաքի պատմությամբ։ Սկսեց գրի առնել քաղաքի հին հայկական գերեզմանատների ու պատմա—ճարտարապետական հուշարձանների վիմագիր արձանագրությունները, որոնք հավաստի տեղեկություններ են հաղորդում Շուշիի մասին։
Թղթապանակը թեւի տակ, լուսանկարչական ապարատը ձեռքին՝ նրան հաճախ կարելի էր տեսնել Շուշիի հայկական հին գերեզմանոցներում ուսումնասիրություններ, գրառումներ կատարելիս։ Նրան հետաքրքրում էին ինչպես անվանի մարդկանց, զորապետների, արվեստագետների եւ գրողների, ազգի նվիրյալների ճակատագրերը, նրանց տոհմածառերը, այնպես էլ՝ հայկական օջախների հարուստ ավանդույթները։ Իր տքնանքի ու աշխատասիրության, երկարատեւ պրպտումների արդյունքում հետագայում տպագրության պատրաստեց «Շուշի. նորահայտ նյութեր՝ քաղաքի պատմության մասին» աշխատությունը, ուր առաջին անգամ տեղ են գտնում մի շարք արժեքավոր արձանագրություններ։ Ցավոք, երկու տարի առաջ նա հրաժեշտ տվեց երկնային կյանքին ու շատ ծրագրեր եւ մտահղացումներ այդպես էլ անավարտ մնացին։ Գրքում ներկայացվող վիմագիր, համառոտ կենսագրականները՝ հնագետների ու պատմաբանների համոզմամբ, եզակի տեղեկություններ են հաղորդում հինավուրց ծաղկուն բերդաքաղաքի XVIII—XIX դարերի գավառային իշխանությունների, մարդկանց նիստուկացի, արհեստագործության եւ առեւտրի, դատաիրավական համակարգի, հարուստ մշակույթի, ինչպես նաեւ արտաքին ու ներքին թշնամիների դեմ հայ բնակչության մղած հերոսական պաշտպանական մարտերի, արտաքին աշխարհի հետ ունեցած կապերի մասին։
Հ. Հարությունյանի ուսումնասիրությունների արդյունքում երեւան են հանվել մի շարք վիմագիր արձանագրություններ, որոնք կարող են կարեւոր սկզբնաղբյուր դառնալ քաղաքի ոչ վաղ անցյալի բուռն իրադարձությունների վերաբերյալ։ Նպատակ ունենալով մոռացությունից փրկել այդ նշխարները, նա համոզված էր, որ իրական այդ բացառիկ փաստարկներով դյուրին կլինի սանձահարել ադրբեջանցի վայ գիտնականներին, պատմության այն կեղծարարներին, որոնք փորձում են խեղաթյուրել Շուշիի պատմությունը եւ հայոց բերդաքաղաքը միջազգային հանրությանը ներկայացնել իբրեւ ադրբեջանական հին բնակավայր ու մշակույթի կենտրոն։
Հատկանշական է, որ քաղաքն ունեցել է 6 հայկական գերեզմանատուն, որոնցից պահպանվել են հյուսիսային մասի, Երեւանյան դռների հարավարեւմտյան մասի ու քաղաքի հարավային մասում (Ժամհարյանների հայտնի տնից վերեւ) գտնվող գերեզմանատները։ Ընդ որում, վերջինից բացի, մյուսները միտումնավոր պատվել են ակացիաներով, փշոտ թփերով եւ մացառներով՝ վերածվելով շամբուտների, որպեսզի անծանոթ մարդը պատկերացում չունենա այդ մասին, եւ հայկական գերեզմանատները հավերժ գոցված մնան գալիք սերունդների, հնագետների ու պատմաբանների համար։ Իսկ պատմական վկայագրություններից դժվար չէ ենթադրել, թե ինչպիսի դառն ճակատագիր է ունեցել քաղաքի իսկական տերը՝ Շուշիում ապրող հայը, որ շարունակ փորձությունների էր ենթարկվում՝ դարավոր թշնամու կողմից հայտնվելով բնաջնջման վտանգի տակ։
Գիտական շատ աղբյուրների թվում Հրաչիկ Հարությունյանի ուշադրությունը գրավել էր պարսիկ պատմաբան Համիղ Ալգարի «Միրզա Մելքում խան» 308 էջանոց գիրքը, որը հրատարակվել է 1973 թ.։ «Ինձ համար առեղծված էր մնում մի շիրմաքարի արձանագրություն, որը տեղեկություններ է հաղորդում Մելքում խանի գերդաստանի, նրա հարուստ տոհմածառի մասին,–զրույցներից մեկի ժամանակ նշել է Հրաչիկը։— Այն քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարավարեւելյան կողմի գերեզմանատանն է, որի վիմագիր արձանագրության համաձայն՝ գերդաստանի նահապետը բնակվել է Շուշիում 17—րդ դարի վերջերին։ Ըստ Հ. Ալգարի՝ Միրզա Մելքում խանը, որ կրում է գերդաստանի նահապետի անունը եւ տոհմածառի 7—րդ սերունդն է ներկայացնում, «սերված է Ղարաբաղից եւ բնիկ հայկական ընտանիք է, իսկ արմատները Շուշի քաղաքից են»։ Այս մասին են վկայում նաեւ շիրմաքարերին հավերժած բազմաթիվ այն արձանագրությունները, որոնց «հավաստմամբ»՝ հայերը Շուշիում ապրում են դեռ 1600—ական թվականներից՝ ի տարբերություն այն թյուր վարկածի, թե իբր Շուշին հիմնադրել է թուրքական քոչվորական ցեղի առաջնորդ Փանահ խանը»։
Գաղտնիք չէ, որ 19—րդ դարավերջին եւ 20—րդ դարասկզբին հայ ընտանիքների, ավելի կոնկրետ՝ հայ բնակչության ջարդերի հետեւանքով, Շուշիում տարեցտարի նվազում էր նրանց թիվը, շատերն իրենց ընտանիքների անվտանգությունն ապահովելու նպատակով ստիպված էին լքել ծննդավայրը եւ տեղափոխվել այլ բնակավայրեր։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ հայկական կամավորական ջոկատները սեփական օջախների պատիվը փրկելու համար զենք են վերցրել ձեռքներն ու դիմակայել թշնամուն։ Ոմանք էլ, խաղաղ աշխատանքի ժամանակ, ընկել են թուրքի գնդակից։ Այդ մասին են խոսում շիրմաքարերին փորագրված բազում արձանագրություններ, որոնք, թեկուզեւ մի քանի խոսքով, սերունդներին տեղեկացնում են հայերի հայտնի ողբերգությունների մասին։ Ինչպես Հր. Հարությունյանի ուսումնասիրություններն են փաստում, հարյուրների է հասնում նման շիրմաքարերի թիվը։

«Անգութ հրացանը թուրք ավազակին
Ինձնից հավիտեան խլեց իմ հոգին,
Թողեց քարհատում իմ անշունչ մարմին՝
Քառասուն եւ հինգտարոյս հասակին։


1876 ամի, 15 մայիսի»,— այս է արձանագրված Գյավուր սարի քարհատում աշխատելիս թուրքի գնդակից սպանված Իվան Ղուկասի Տեր—Մկրտիչեանցի շիրմաքարին։
Նման արձանագրությունները հատկապես «խոսուն» են 1905—1906 թթ. հայ—թուրքական ընդհարումները, 1920 թ. հայ բնակչության ջարդերը վկայագրող տեքստերով։ Ըստ Հրաչիկ Հարությունյանի՝ առավել արյունահեղ է եղել 1906 թ. հուլիս—օգոստոսը, երբ «հայերի արյամբ լվացվել են Շուշիի փողոցներն ու հրդեհված տների բակերը»։ Դիմադրության ժամանակ այդ օրերին են զոհվել սարկավագուհի Գայանե Վարդապետյանը, տեր Ներսես Բախտամյանցը, տեր Համբարձում Ստեփանյանը (Ասծատրյանը), 20—ամյա Բադաս Զաքարյանը, հայդուկների տասնապետ Ասլան Աղաբաբյանը, որոնք հրոսակներից պաշտպանում էին ագուլեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ հետագայում ուսուցիչ Ավետիք Բահաթրյանն իր «Հին հայոց տաղաչափական արվեստը» գրքում (1891 թ.) անդրադարձել է Ասլան Աղաբաբյանի եղբոր՝ Արսենի, եւ ծնողների սրտակեղեք ողբին, որն արձանագրված է շիրմաքարին։ Այն 49 տողից բաղկացած յուրահատուկ էպիտաֆիա է, ուր պատկերվում է «օրիորդների եւ վիզը ծռած նշանածի անդառնալի, խորունկ ցավն ու հոգու տվայտանքը»։ Շուշիի հայկական հին գերեզմանատանն է ամփոփված նաեւ Բ. Բահաթրյանի աճյունը, որի գրքի մասին գրախոսել է մեծն Եղիշե Չարենցը՝ այն համարելով որպես քննական տեսության դասագիրք։ «Սա է գիրք հանճարեղ եւ զարմանալի՝ գրված լինելով 1890—ական թվականներին շուշեցի ուսուցչի ձեռքով։ Այս գիրքը էապես մի զարմանալի հանք է՝ գտնված հանճարեղ բնազդի տեր հեղինակի կողմից...»,–ասվում է Ե. Չարենցի գրախոսականում։
Շուշիի հայկական հին գերեզմանատանը կարելի է հանդիպել խորհրդավոր մի «շիրմաքարի», որի վրա ձախ մասում խաչ է քանդակված, իսկ աջ կողմին՝ հրացան։ Քիչ ներքեւում փորագրված է. «Սա է մեր կիանքը վտանկից պաշտպանողը։ 1905 ամի, 6 փետրվարի»։ Այն զգոնության է կոչում հայերին, որպեսզի համախմբվեն եւ զինվեն, պատրաստ լինեն հակահարված տալու թշնամուն։ Շուշեցի անհայտ վարպետի փորագրությունը մի յուրահատուկ կոչ—ահազանգ է, որն հնչեցվում է՝ «ակնկալելով» Բաքվից՝ հայկական հինավուրց բերդաքաղաք «տեղափոխվելիք» հայկական ջարդերի նոր ալիքը...
Արցախ այցելած բելգիահայ պատմաբան Մաթոս Մաթոսյանը, Հ.Հարությունյանի հետ շրջելով Շուշիի հայկական գերեզմանատներում, զննելով ուշագրավ զարդաքանդակներով շիրմաքարերը եւ խիստ տպավորված լինելով հազվագյուտ արժեքներով, նկատել է. «Աշխարհի շատ երկրներում եմ եղել, սակայն նման գերեզմանատուն երբեք չեմ տեսել։ Սա մի կատարյալ թանգարան է։ Որոշ շիրմաքարերի ասես հայկական զարմանահրաշ գորգեր են փակցված»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
ք. Ստեփանակերտ

26-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO