Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կգործի գույքահարկի նոր համակարգ

Այն ամբողջապես կներդրվի 2026 թվականին

Ներկայումս Հայաստանում անշարժ գույքի հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք են ընդունվում կադաստրային արժեքները։ Սակայն դրանց հիման վրա հնարավոր չի լինում ապահովել անշարժ գույքի լիարժեք հարկումը, որի հիմնական պատճառը կադաստրային արժեքների խիստ թերագնահատված լինելն է։
Խնդրի կարգավորման նպատակով ԱԺ արտահերթ նիստում երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Գույքահարկի համակարգային փոփոխությունների շրջանակներում ուսումնասիրվել եւ վերլուծվել են Հայաստանում գործող գույքային միավորների բոլոր խմբերի գծով հարկային պարտավորությունները, վերլուծվել են ավելի քան 1 միլիոն գույքային միավորներ։ Բոլոր այդ խմբերի համար մշակվել է հարկման դրույքաչափերի եւ սանդղակների մինչեւ հինգ տարբերակ։ Արդյունքում նախագծով նախատեսվում է կադաստրային արժեքների հիման անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անցում կատարել անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին։ Համակարգային փոփոխության շրջանակներում նախատեսվում է նաեւ սահմանել, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում ոչ թե հողի եւ դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին—առանձին, այլ այդ գույքային միավորի՝ որպես հողի եւ դրա վրա կառուցված շինությունների շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը։
Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին անցում կատարել չորս տարիների ընթացքում, այսինքն՝ 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի եւ նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022—ին՝ 30 տոկոսը, 2023—ին՝ 35 տոկոսը,  2024—ին՝ 50 տոկոսը, 2025—ին՝ 75 տոկոսը, իսկ նոր համակարգն ամբողջությամբ կներդրվի 2026 թվականից։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս կարեւորել էր համահարթ եկամտային հարկի մոդել ունեցող երկրների համար պրոգրեսիվ գույքային հարկի համակարգի անցնելը, ինչը թույլ կտա հաջողությամբ իրականացնել պետության վերաբաշխող գործառույթը։
ՀՊՏՀ Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսպիսի օրենք ունենալու անհրաժեշտություն կար, եւ այն նախատեսված էր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, ինչպես նաեւ ՀՀ կառավարության ծրագրում. «Այդ ոլորտում տասնամյակներ շարունակ բարձիթողի վիճակ է, եւ գույքահարկը որպես կարեւորագույն հարկատեսակ իր բուն գործառույթը չի կատարում։ Դա փաստ է, սակայն ամբողջ հարցն այն է, որ այդպիսի փոփոխությունները պետք է արվեն ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին»։ Նրա կարծիքով՝ ճիշտ չէր նման կարեւորագույն նախագիծը բերել արտահերթ ռեժիմով եւ հայտարարել, որ խնդիրը լուծված է։ Ավելի ընդունելի կլիներ, եթե այս հարցով խորհրդարանական լսումներ անցկացվեին, նախագիծը քննարկվեր հերթական նիստերի ժամանակ, ինչը հնարավորություն կտար առավել հանգիստ պայմաններում եւ հիմնավոր անդրադառնալ առաջարկվող փոփոխություններին։
Ժամանակին տնտեսագետը մասնակցել է հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկումներին, սակայն այսօր իրավիճակ է փոխվել, երկիրը ֆորսմաժորային իրավիճակում է, եւ այսպիսի նախագծեր առաջադրելիս այդ ամենը պետք է հաշվի առնել, որքան էլ որ հարկային նոր համակարգը որոշվել է ներդնել 4 տարվա ընթացքում։ «Գույքահարկի նոր համակարգը հաշվի չի առնում հարկվող սուբյեկտների եկամուտների չափը։ Միգուցե ստանդարտ իրավիճակում դա ընդունելի դրույթ լիներ, բայց չմոռանանք, որ համավարակի պայմաններում, երբ սոցիալ—տնտեսական իրավիճակը վատթարացել է, եւ դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին, հարկավոր էր հաշվի առնել մարդկանց վճարունակության գործոնը»,–ընդգծեց Մարգարյանը։
Հայաստանում կա 432 հազար բնակարան, որի 64 տոկոսը՝ 275 հազար բնակարանների կադաստրային արժեքը 3 մլն շեմից ցածր է եւ սեփականատերը գույքահարկ չի վճարում, այնինչ փոփոխությունների արդյունքում վերանում են բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը, մասնավորապես՝ բնակարանների մասով մինչեւ 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչեւ 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ։ Զրուցակցիս դիտարկմամբ՝ թեեւ այդ գումարը փոքր է, սակայն այդ ամենը հաշվառելը, վերահսկելը եւ հարկելը բավական մեծ ծավալուն աշխատանք է ու ենթադրում է տրանսակցիոն մեծ ծախսեր։ Այդ իսկ պատճառով ավելի նպատակահարմար կլիներ, եթե նախքան այս օրենքի ընդունումը երկրում ներդրվեր համընդհանուր հայտարարագրման համակարգ։ «Այո՛, պետք է թանկարժեք գույքը բարձր հարկվի, բայց ամեն ինչ մտածված հերթականությամբ։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե իրականում ինչպիսի պատկեր գոյություն ունի սեփականատերերի եկամուտների եւ գույքի արժեքի միջեւ»,–շեշտեց Մարգարյանը։
Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա եւս, այն է՝ ընդհանրապես գույքի կամ որեւէ ապրանքի գնագոյացման սուբյեկտը շուկան է, այսինքն՝ շուկայում է որոշվում, թե ինչպիսի գին ունի այս կամ այն գույքը, այնինչ այս պարագայում, երբ պետությունն ասում է, որ իրենք շուկայական գներով կգնահատեն եւ կհարկեն անշարժ գույքը, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք պետությունը պետք է որոշի, թե ինչ արժե տվյալ բնակարանը։ «Այդ դեպքում չստացվեց, որ  շուկան է որոշում։ Այդ մեխանիզմները նույնպես պետք է քննարկման առարկա դառնան»,–ասաց նա։
Հաշվի պետք է առնել նաեւ, թե տվյալ բնակելի մակերեսում որքա՞ն մարդ է ապրում՝ մեկ հոգի՞, թե՞ 4—6 հոգանոց ընտանիք։ Դա նույնպես փոխում է պատկերը։ Տարբեր երկրներում կա նման փորձ, եւ այդ միջազգային փորձը հուշում է, որ անձերի քանակը հաշվի են առնում գույքահարկը սահմանելիս։ «Աղքատության նպաստ ստացող ընտանիքի դեպքում ի՞նչ անշարժ գույքի հարկի մասին կարող է խոսք լինել, երբ այդ նպաստը պետք է ստանա եւ հարկ վճարի։ Կան ենթամեխանիզմներ, որոնք մշակված չեն, եւ եթե այս փոփոխությունները գործողության մեջ դրվեն, ապա քաոս կառաջանա»,–իր մտահոգությունն արտահայտեց Մարգարյանը։ Մյուս կողմից, օրենքն անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ գլխապատառ իրենց եկամուտները չներդնեն անշարժ գույքի մեջ։
Գյուղատնտեսական նշանակության հողերի համար սահմանվում է բավականին բարձր դրույքաչափ՝ 15 տոկոս։ Որքանո՞վ է արդարացված այն։ Խնդիրը հասկանալու համար զրուցակիցս առաջարկում մասնագիտական մոտեցում ցուցաբերել. տնտեսագիտության համաձայն՝ հողի գինը համարվում է որպես կապիտալացված ռենտա, այսինքն՝ թե որոշակի ժամանակահատվածում որքան եկամուտ է բերում այդ հողը, եւ ըստ էության՝ հողի գինը փոփոխվում է այդ եկամուտի եւ բանկային տոկոսից։ «Չկա ո՛չ մեկը, ո՛չ էլ՝ մյուսը, այսինքն՝ որքանո՞վ այդ հողերը ձեռք բերողը կարող է գրավադրել կամ վարկ վերցնել եւ գյուղատնտեսական ձեռնարկատիրությամբ զբաղվել։ Ինչպիսի՞ մեխանիզմներով է իրականացվում հողի գնագոյացումը մեզանում։ Սա բարդ խնդիր է, եւ պետք է առանձին դիտարկել, քննարկել եւ ավելի ողջամիտ լուծումներ գտնել»,–պարզաբանեց մասնագետը։ Մյուս հարցը վերաբերում է չաշխատող ձեռնարկություններին, որոնք ժամանակին մասնավորեցվել են եւ կա՛մ մնում են փակ, կամ այլ նշանակությամբ են օգտագործվում։ Հենց այստեղ է, որ պետք է բարձր գույքահարկ սահմանել, որպեսզի եթե ներդրումներ չեն արվում, ապա սեփականատերը ստիպված լինի օտարել՝ վաճառքի հանել կամ էլ հանձնել նրանց, որոնք շահագրգրված են այդ տարածքներում արտադրական կամ այլ բիզնես գործունեություն ծավալել։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

26-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO