Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի կապիտալի շուկան ինչպես որ է

Իսկ դրա զարգացումը շատ բան կփոխի տնտեսությունում

«Եկեք խոստովանենք, ինչքան էլ դժվար է դա անելը, որ կառավարությունն ինքը օպերատիվ ձեւով տնտեսության զարկերակն զգալու խնդիր ունի, որովհետեւ մինչեւ վիճակագրություններն ամփոփվում են, արդեն մեկ ամիս անցնում է, եւ այն վստահելի տեղեկությունը, որ մեր սեղանին հայտնվում է, ըստ էության, ուշացած տեղեկություն է»,–երեկ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ քննարկվում էր կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին հարցը։ Վարչապետը միաժամանակ հույս հայտնեց, որ «առաջիկա շրջանի այն պրոցեսները, որ մեր տնտեսության մեջ տեղի կունենան, կառավարությունը հավելյալ հնարավորություններ կստանա նպաստելու կապիտալի շուկայի զարգացմանը գործնական, եւ մեր երկրում ի վերջո ֆոնդային բորսան կդառնա ամենաաշխույժ տնտեսական տեղերից մեկը ու դառնա մեր տնտեսության զարկերակը»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ այսօր բիզնես միջավայրը, պոտենցիալ ներդրողները, առանց այս գործիքների, առանց ծրագրի ամփոփման արդյունքում ձեւավորված հարթակների ուղղակի ներդրումներ չեն անում։ Ու դա վերաբերում է ե՛ւ անհատ, ե՛ւ ինստիտուցիոնալ ներդրողներին, «որովհետեւ այսօրվա տեմպերն ու բիզնես միջավայրն այնպես չեն, որ մարդիկ պետք է գան տեղում մեծ հետազոտություն անեն, ծախսեն եւ այլն։ Բոլորն ուզում են ներդրում անել, ուղղակի ուզում են արդի գործիք տեսնել, այլ ոչ թե հին։ Ծրագիրը երկու ֆունկցիա ունի, նաեւ արտաքին աղբյուրներից իրական ներհոսք է լինելու»։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ընդգծեց, թե զարգացման հերթական քայլն են անում. «Ներդրումների դերը զարգացման մեջ դժվար է գերագնահատել։ Բայց ուզում ենք, որ փոխվի ներդրման ընկալումը։ Մեզ թվացել է, որ խոսքը գաղտնարանից հանված ինչ—որ գումարի ներդրման մասին է, մինչդեռ դա լուծում չէ։ Ենթադրվում է, որ զարգացման տեսանկյունից միակ ճանապարհը թափանցիկ եւ հանրային հաշվետվողականության տեսանկյունից ընկալելի կազմակերպությունում ներդրումն է»։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրնելով կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը՝ նշեց, որ դրա ընդունումը պայմանավորված է ոլորտում միասնական քաղաքականության, բարեփոխումների հիմնական ուղղությունների եւ դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ։ Ծրագրով առաջարկվող նախագիծը բաղկացած է երկու մասից՝ ՀՀ—ում կապիտալի շուկայի դիագնոստիկ վերլուծությունից եւ դրանց վրա կառուցված գործողությունների ծրագրից։ Նախարարի կարծիքով՝ ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման ավելի բարելավված միջավայր, այնպիսի գործիքներ կներդրվեն, որոնք կապահովեն ձեւավորվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում եւ թույլ կտան բնակչությանը մասնակցել ներդրումային ծրագրերին՝ այդպիսով ընդլայնելով դրանից եկամուտներ ստանալու հնարավորությունները։

Ինչու է անհրաժեշտ

Կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտությունը պարզ հասկանալու համար հակիրճ ներկայացնենք ոլորտի վիճակը։
Այսպիսով, ըստ Տիգրան Խաչատրյանի, Հայաստանի կապիտալի շուկան սահմանափակ է՝ թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով եւ երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ։ 2020 թ. հունվարի 31—ի դրությամբ շուկայի հիմնական մասը զբաղեցնում են ՀՀ պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ—ի 11 տոկոսը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը եւ բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են ընդամենը ՀՆԱ—ի համապատասխանաբար 3,4 տոկոսը եւ 2,3 տոկոսը։ 2019 թ. ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայում (ՀՖԲ) կորպորատիվ արժեթղթերով եւ ՀՀ պետական պարտատոմսերով առուվաճառքի գործարքների ծավալը կազմել է 100 մլրդ դրամ, իսկ բորսայից դուրս՝ մոտ 900 մլրդ դրամ։ Երկրորդային շրջանառության գերակշիռ մասը կազմել է ՀՀ պետական արժեթղթերով առեւտուրը։
Նաեւ՝ կենսաթոշակային համակարգի փոփոխությունների արդյունքում հանրության լայնածավալ խնայողությունները կուտակվում են գործող երկու կենսաթոշակային ֆոնդերում, սակայն տնտեսության մեջ դրանց ներդրման հնարավորությունները խիստ սահմանափակ են։ 2019 թ. վերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը կազմում է 251.2 մլրդ դրամ (ՀՆԱ—ի 3.8 տոկոսը), իսկ 2019 թ. ընթացքում պետության եւ մասնակիցների կողմից կատարվել է ավելի քան 69 մլրդ դրամի կուտակային հատկացում, ինչը տարեցտարի աճելու է։ Արդյունքում՝ ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը 2037 թ. կանխատեսվում է հասնել 6,5 տրիլիոն ՀՀ դրամի կամ ՀՆԱ—ի մոտ 25 տոկոսին։ Հաշվի առնելով նաեւ կուտակված միջոցների դիվերսիֆիկացված եւ վստահելի գործիքներում ներդրման անհրաժեշտությունը՝ առավել սուր բնույթ է ստանում որակյալ ու տարատեսակ գործիքների ստեղծումը, որոնք կկլանեն բնակչության աճող կենսաթոշակային կուտակումները՝ միաժամանակ ապահովելով ցանկալի եկամուտ վերջիններիս համար։
Բացի այդ՝ ունենք մի իրավիճակ, երբ կան պետական մասնակցությամբ կամ մասնավոր կազմակերպություններ, որոնք հաջողակ են եւ շահութաբեր, սակայն հանրությունը հնարավորություն չունի ներդրումներ կատարել այդ ընկերություններում (այն պարզ պատճառով, որ դրանք հասանելի չեն հանրության համար)։ «Իսկ երբ ընկերություններն իրենց գործունեությունը ֆինանսավորում են կապիտալի շուկայի գործիքների միջոցով, ներդրողները, հանրությունը հնարավորություն են ստանում մասնակցել այդ ընկերություններում կատարվող ներդրումներին եւ, հետեւաբար, ստացվող շահույթին։ Ուստի՝ անհրաժեշտ է համագործակցել այս ընկերությունների հետ եւ աջակցելու դուրս գալ կապիտալի շուկա՝ պարտատոմսերի եւ բաժնետոմսերի թողարկման միջոցով»,–ասաց էկոնոմիկայի նախարարը։
Նա այլ փաստեր էլ մեջբերեց։ Օրինակ, որ կապիտալի շուկայի միջոցով ընկերությունների ֆինանսավորման մեխանիզմի բացակայությունը սահմանափակում է մի շարք ընկերությունների կողմից ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։ Սա էլ այն հիմնական դրդապատճառն է, որ հաճախ ընկերությունները դիմում են առավել «թանկ» եւ փոքր ֆինանսավորման աղբյուրներին՝ անհարկի մեծացնելով իրենց ծախսատարությունը եւ նվազեցնելով գործունեության շահութաբերությունը։ Կամ՝ որ զարգացած կապիտալի շուկայի եւ բարդ գործիքների բացակայությունը սահմանափակում է տնտեսավարող սուբյեկտների՝ իրենց արժութային, տոկոսային եւ այլ ռիսկերի կառավարման հնարավորությունները։ Սա թույլ չի տալիս արդյունավետորեն բաշխել ռիսկերը տնտեսության տարբեր հատվածների միջեւ։
Ինչեւէ, այս ամենը հաշվի առնելով, պարզ է դառնում, որ, դարձյալ ըստ նախարարի, Հայաստանի կապիտալի շուկայի ներկա պայմաններում պետությունը պետք է առաջնորդող դեր կատարի եւ տարբեր գործիքների միջոցով խթանի կապիտալի շուկայի զարգացումը։ Կառավարության առանցքային մարտահրավերների կազմում պետք է ընդգծվի կապիտալի շուկայի այնպիսի գործիքների ստեղծումը, որոնք կապահովեն երկրում ձեւավորված խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում, թույլ կտան բնակչությանը (այդ թվում՝ կենսաթոշակային ֆոնդերի միջոցով) մասնակցել երկրում իրականացվող ներդրումային ծրագրերին եւ ստանալ դրանցից եկամուտներ, որի շնորհիվ կապահովվի նաեւ տնտեսության ֆինանսավորման նոր գործիքների զարգացումը։ «Եվ կարեւոր է,–շեշտեց Տիգրան Խաչատրյանը,–որ կապիտալի շուկայի զարգացման գործողություններն իրականացվեն համալիր կերպով՝ հաշվի առնելով, որ առանձին—առանձին իրականացնելու դեպքում շուկայի զարգացման վրա դրանց ազդեցությունը կարող է լինել շատ փոքր եւ ցանկալի արդյունք չտալ»։

Կարգավորում եւ վերահսկողություն

Ոլորտի զարգացումից խոսելիս զուգահեռ պետք է մատնանշվի վերահսկողական տիրույթը։
Էկոնոմիկայի նախարարությունը միանգամից նշում է՝ 2006—ից ԿԲ—ն ստանձնել է ամբողջ ֆինանսական համակարգի (ներառյալ՝ կապիտալի շուկան) միասնական կարգավորող եւ վերահսկող մարմնի դերը։ Եվ կենտրոնական բանկն ունի՛ բավարար ռեսուրսներ կապիտալի շուկայի պատշաճ կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնելու համար։ Իհարկե, կապիտալի շուկայի կարգավորման եւ վերահսկողության գործընթացում կարեւոր դերակատարում ունեն նաեւ այլ կառույցներ։ Խոսքը վերաբերում է մեծապես Հայաստանի ֆոնդային բորսային եւ կենտրոնական դեպոզիտարիային, որոնք իրենց կանոնների միջոցով լրացուցիչ կարգավորման եւ հսկողական մեխանիզմներ են կիրառում իրենց անդամների ու այլ մասնակիցների նկատմամբ։ Ընդգծվում է նաեւ 2018 թ. վերջին Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված նոր կառույցի՝ «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի դերը։ Վերջինս նպատակ ունի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել շուկայի մասնակիցներին հուզող խնդիրների բարձրաձայնումն ու դրանց հետեւողական լուծմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ կապիտալի շուկայի կարգավորման ու վերահսկողության ոլորտում։
Էկոնոմիկայի նախարարությունն արդյունավետ է համարում նաեւ կապիտալի շուկայի կարգավորման ռեժիմը։ Վերջին տարիների ընթացքում փոփոխվել են արժեթղթերի շուկան կարգավորող հիմնական օրենքները։ Թողարկումները խթանելու համար կատարելագործվել է նաեւ կապիտալի շուկան կարգավորող ենթաօրենսդրական դաշտը։ 2007 թ. ընդունվել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքը՝ ԵՄ ստանդարտներին համահունչ։ Ու թեեւ այս օրենքն ընդունվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա, մոտ 12 տարվա կիրառման արդյունքում ի հայտ են եկել դրա հետ կապված բազմաթիվ խնդրահարույց հարցեր։ Նախեւառաջ դա պայմանավորված է աստիճանաբար ակտիվացող արժեթղթերի շուկայով, ինչի արդյունքում օրենքի կիրառման կամ անկատար կարգավորման խնդիրներ են ծագում։ Միով բանիվ, անհրաժեշտ է ապահովել, որ կարգավորման դաշտը համահունչ լինի միջազգային լավագույն փորձին ու ստանդարտներին։
Քաղաքացիական օրենսգիրքը նույնպես բարելավման կարիք ունի։ Այն ընդունվել է դեռ 1998 թ., եւ դրա բազմաթիվ իրավակարգավորումներ անհրաժեշտ է համապատասխանեցնել տեղի ունեցած զարգացումներին, մասնավորապես՝ արժեթղթերի շուկայի զարգացմամբ պայմանավորված ձեւավորված նոր իրավահարաբերություններին։
Հարկային օրենսգրքին էլ հերթը կհասնի։ Անհրաժեշտ է պոտենցիալ թողարկողների եւ ներդրողների համար բարձրացնել արժեթղթերից ստացվող եկամուտների եւ կորպորատիվ շահույթի նկատմամբ կիրառելի հարկային կարգավորումների կանխատեսելիությունը։ Պետք է ուսումնասիրել շահաբաժինների ու տոկոսային եկամուտների հարկման մեխանիզմների տարբերությունները՝ ըստ անհրաժեշտության առաջարկելով փոփոխություններ։
Ինչ վերաբերում է վերահսկողության բարելավմանը։ Արժեթղթերի շուկայի նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացումը հատկապես կարեւոր է ներդրողների պաշտպանության տեսանկյունից։ Ի վերջո, ներդրողների պաշտպանության բարձր մակարդակն է հանգեցնում շուկայի նկատմամբ վստահության աճին եւ կապիտալի շուկայում իրականացվող ներդրումների ծավալների մեծացմանը։ Այդ նպատակով ԿԲ վերահսկողության եւ ռիսկերի վերահսկման համակարգերը պետք է գնահատվեն՝ Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության եւ Միջազգային հաշվարկների բանկի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից։
Գործադիրը հաստատեց կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

17-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO