Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Այդին Մորիկյան՝ պայծառ եւ լուսավոր անուն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հիմնադրման 30-րդ տարեդարձի առիթով

1988-ի մարտի սկզբներին էր։ Արցախը փոթորկում էր խորհրդային բարձրագույն իշխանության բիրտ ու դաժան վերաբերմունքից, որ մերժելով մարզի բնակչության՝ մայր Հայաստանի հետ վերամիավորման արդարացի պահանջը, Ադրբեջանի իշխանություններին փաստորեն քաջալերում էր դատաստան տեսնելու «անհնազանդ» հայերիս նկատմամբ։ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը թնդում էր հանրահավաքի մասնակիցների ելույթներից ու կոչերից։ Մարդկանց ավելի էր վրդովվեցրել Բաքվի անմիջական հրահրմամբ կազմակերպված Սումգայիթի հայերի եղեռնը, որին մեծամասամբ զոհ էին գնացել այնտեղ բնակություն հաստատած արցախցիները։ Հանրահավաքին ելույթ ունեցողները Մոսկվայից, ԽՍՀՄ իշխանություններից պահանջում էին պատժել սպանդի կազմակերպիչներին ու մարդասպաններին եւ քաղաքական գնահատական տալ կատարվածին, փորձում միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել Ադրբեջանում վարվող հայատյաց քաղաքականության վրա։
Այդ օրերին, բնականաբար, արտերկրից ու Երեւանից հաճախ էին լրագրողներ, մտավորականության ներկայացուցիչներ եւ իրավապաշտպաններ այցելում Ստեփանակերտ, ովքեր տարբեր լրատվամիջոցներում հանդես էին գալիս ազատագրական շարժման վերաբերյալ հրապարակումներով, փորձում ընկալել ժողովրդի ընդվզման պատճառները, դատապարտում խաղաղ ցույցի եւ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման ցանկացած փորձ։
Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներից «Ավանգարդն» առավել ակտիվ արձագանքողներից էր Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ Թերթի էջերում պարբերաբար տպագրվում էին ինչպես աշխատակիցների նյութերը, այնպես էլ արցախցի գրողների եւ լրագրողների ակնարկներն ու ռեպորտաժները, բանաստեղծական շարքերը։ Ես նույնպես անմասն չէի մնում այդ համագործակցությունից, եւ «Ավանգարդը», որ ընթերցողների մեծ բանակ ուներ Արցախում, շատերիս էր հոգեհարազատ։ Անձնական մտերմություն էր ստեղծվել նաեւ թերթի խմբագրակազմի ու մեր միջեւ։
Տարիների հեռվից ես հիմա կարոտով եմ հիշում վաղամեռիկ բարեկամիս՝ տաղանդավոր լրագրող ու հրաշալի մտավորական Այդին Մորիկյանին, ով հետագայում՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հիմնադրումից հետո դարձավ նրա առաջին գլխավոր խմբագիրը։ Նա Ստեփանակերտ եկավ լրագրողների փոքր խմբով՝ արցախյան շարժման վերջին զարգացումներին ծանոթանալու եւ թերթի համար հատուկ համար պատրաստելու առաքելությամբ։ Խոստովանեց, որ առաջին անգամ է Արցախ այցելում, եւ «հետաքրքրությունները շատ են մարդկանց անզիջում պայքարի, նրանց կամքի ու լավատեսության նկատմամբ», ու եկել է անձամբ համոզվելու։ Եվ, քանի որ քաջատեղյակ չէր տեղանքին, խնդրեց շրջագայելու ժամանակ ուղեկցել իրեն եւ ծանոթացնել շարժման առաջնորդների ու մտավորականության ներկայացուցիչների հետ։
Այդինին հաճելիորեն զարմացրել էր այն հանգամանքը, որ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի տպաքանակը 10 հազարից հասել էր 100 հազարի, եւ շարունակում էր Հայաստանում աճել բաժանորդների թիվը։ Նա համամիտ էր այն կարծիքին, որ թերթի հեղինակությունը բարձրացել է հրապարակվող ուշագրավ նյութերի եւ ճշգրիտ տեղեկությունների շնորհիվ։ Միեւնույն ժամանակ, «փորձի փոխանակման կարգով, ցանկություն էր հայտնել հանդիպել «Խորհրդային Ղարաբաղի» գլխավոր խմբագիր, ճանաչված արձակագիր (այժմ արդեն՝ երջանկահիշատակ) Մաքսիմ Հովհաննիսյանին, ով, ի դեպ, անցյալ դարի 60—ականների սկզբին ԽՍՀՄ ղեկավարներին հղած հայտնի «13—ի նամակի» համահեղինակներից է։ Շատ ջերմ եւ անմիջական զրույց տեղի ունեցավ նրանց միջեւ, ու երկուսն էլ տպավորված էին կայացած հանդիպումից։ «Ես էլ ասում եմ՝ էս ինչու են այսքան թունդ թերթում զետեղված նյութերը։ Հիմա հասկացա, որ այդ էներգիան գալիս է հրապարակում խմբագրության հարեւանությամբ, հայացքի ներքո թնդացող հանրահավաքներից,–կես լուրջ, կես կատակ նկատեց Այդինը եւ ավելացրեց,–այսքան միասնական ու համերաշխ ժողովրդին ոչ ոք չի կարող հետ պահել պայքարից, ու հաստատ Արցախը հաղթելու է»։
Ինչ խոսք, առաջիկա ծրագրերի եւ փոխգործակցության վերաբերյալ զրույցը շարունակվեց ճաշի սեղանի շուրջ, որտեղ ժենգյալով հացի եւ «Խնդողնի» գինու բուրմունքի ներքո նոր գաղափարներ ծնվեցին։ Այդինն առաջարկեց համարներ փոխանակել եւ «մատը մշտապես պահել արցախյան հիմնախնդրի զարկերակի վրա», լայնորեն լուսաբանել Երեւանում եւ Ստեփանակերտում ընթացող հանրահավաքները, թերթի էջերը տրամադրել շարժման ակտիվ մասնակիցներին եւ ժողովրդի վստահությունը վայելող պատգամավորներին, անվանի գրողներին, արվեստի եւ մշակույթի գործիչներին, հասանելի դարձնել ժողովրդի ձայնը, նրա արդար պահանջը։ Մաքսիմ Հովհաննիսյանը ողջունեց Ա. Մորիկյանի լուսավոր առաջարկը, եւ, մեկ ամիս չանցած, նրանց պայմանավորվածությունը կյանքի կոչվեց…
Այդինը տեղեկացել էր, որ օրեր առաջ Ստեփանակերտի հուշահամալիրում Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին հուշաքար է տեղադրվել, եւ ինձ խնդրեց միասին այցելել ու ծաղիկներ խոնարհել։ Տեսնել, ընկալել էր պետք նրա խոր թախիծն ու ցավի, ափսոսանքի զգացումը սպանդին զոհ գնացած անմեղ մարդկանց նկատմամբ։ Անվերջ ծխում էր ու ասում. «Աշխարհը նորից կույր է ու լալ։ Չի տեսնում, թե թուրքերն ինչպես են մորթում հայերին»։
Երբ ժամեր անց հանդիպել էինք Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի հետ, ով մարզի մտավորականների պատվիրակության կազմում նոր էր վերադարձել Մոսկվայից, նրան ուղղված հարցը հետեւյալն էր. «Դուք հավատո՞ւմ եք, որ ժողովուրդը չի լքելու հրապարակը եւ նրա ցանկությունը կիրականանա»։ Պատասխանը շատ հակիրճ էր. «Իսկ մի՞թե Դուք դրանում կասկածում եք»… Այդինն ասաց, թե շատ կցանկանար, որպեսզի իր թերթում արցախյասն շարժման մասին նաեւ գրական գործեր տպագրվեն։ Նա մասնավորապես ընդգծեց, թե եղեռնի թեման շարունակում է օրակարգում մնալ եւ սումգայիթյան ջարդերը չպետք է դուրս մնան գրողների տեսադաշտից։ Վարդանը խոստացավ այդ թեմայով բանաստեղծությունների շարք ուղարկել «Ավանգարդին», ինչպես նաեւ հրապարակախոսական հոդված գրել։ Նա, անշուշտ, տեր կանգնեց իր խոսքին։ Իսկ տարիներ անց, Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի կապակցությամբ, նա առանձին գրքով լույս ընծայեց «Մեկուկես միլիոն զոհերի անունից՝ աշխարհին» պոեմը…
Հաջորդ օրը պայմանավորվել էինք հանդիպել կենտրոնական հրապարակում ցույցի դուրս եկած կանանց ու մայրերի հետ։ Այդինն ուզում էր անձամբ ճանաչել առաջնորդներին, նրանց հետ զրուցել։ Ղարմետաքսկոմբինատի ջուլհակուհի Գալյա Առստամյանը, ով հետագայում դարձավ Արցախի զոհված ազատամարտիկների միության, ինչպես նաեւ թանգարանի հիմնադիրն ու անփոփոխ նախագահը, շատ հուզիչ ելույթ ունեցավ եւ երիտասարդներին կոչ արեց զգոն, աչալուրջ լինել, քանի որ ազերիները հարձակվում են սահմանամերձ հայկական բնակավայրերի վրա ու հրկիզում ֆերմաներն ու խոտի դեզերը, ահաբեկելու նպատակով շարժման ակտիվիստներին առեւանգում եւ կտտանքների ենթարկում։ «Որտեղ դուք, սիրելի զավակներ, այնտեղ էլ ձեր քույրերը, կանայք եւ մայրերը»,–խոսքն այսպես եզրափակեց Գալյան։
«Մենք ձեզ հետ ենք»,–բացականչեցին կանայք։
Պահն անչափ հուզիչ էր, ցնցող։ Այդինը մոտեցավ եւ խոնարհաբար շնորհակալություն հայտնեց խիզախ ու համարձակ քայլի համար։ Դեմ—դիմաց Սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհարիկ Սարինյանն էր կանգնած։ Այդինի ականջին շշնջացի, որ այդ ճերմակավարս մայրիկն է կանանց անունից ընդգրկված եղել Մոսկվա մեկնած պատվիրակության կազմում, ով խոր հարգանք եւ սեր է վայելում ժողովրդի շրջանում։ Ա. Մորիկյանը գրկեց նրան եւ որդիաբար համբուրեց ճակատը։ «Ո՞վ է այս երիտասարդը, որ չեմ ճանաչում»,–հարցրեց նա։ ««Ավանգարդ» թերթի խմբագրի տեղակալն է,–ասացի։–Եկել է Արցախի, մեր ժողովրդի արդար պայքարի մասին գրելու»։ «Շատ էլ լավ է արել,–ոգեւորությունը չթաքցրեց մեծ մայրը։–Ես էլ մեկ—մեկ ընթերցում եմ, երբ թերթը ձեռքս է ընկնում։ Ուրախ եմ, որ մեզ չեք մոռանում»։
Հաջորդ իմ հանդիպումը Այդինի հետ կայացավ Երեւանում։ Նոր էր հիմնադրվել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, եւ նա գլխավոր խմբագիր էր նշանակվել։ Ես չէի կարող այցի շրջանակներում (այն ժամանակ նոր էի ընտրվել Արցախի ԳՄ քարտուղար) «աչքաթող անել» իմ լավագույն բարեկամին եւ ընկերոջը։ Այցելեցի նրան եւ շնորհավորեցի խմբագրապետի պաշտոնը ստանձնելու համար։ «Շնորհակալ եմ, որ ինձ չես մոռացել,–ասաց։–Չեմ կասկածում, որ մեր բարեկամությունը շարունակվելու է եւ թերթը Արցախը Հայաստանին ամուր կապող կամուրջ է դառնալու։ Քո գրած նյութերին միշտ սպասելու եմ։ Խոստանո՞ւմ ես»։
Մենք հրաժեշտ տվինք իրար՝ պայծառ եւ լուսավոր ակնկալիքներով։ Այդինի խնդրանքով շարունակում էի թղթակցել «ՀՀ»-ին եւ հիմնականում ակնարկներ, ռեպորտաժներ, մեկ-մեկ էլ՝ բանաստեղծական շարքեր էի ներկայացնում։ Հետո էլ, չգիտեմ, թե ինչպես ստացվեց, որ դարձա թերթի սեփական թղթակիցն Արցախում, եւ ահա արդեն 24-րդ տարին է, ինչ անբաժան բարեկամներ ենք։
«ՀՀ»–ի հիմնադրման 30-ամյակի նախաշեմին հրապարակվող այս հիշողությունները խոր հարգանքի տուրք են թերթի հիմնադիր խմբագիր Այդին Մորիկյանի հիշատակին։ Թող լույս իջնի նրա շիրմին…
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

22-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO