Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ԱՅԼՔ...


Սեւանի «ծաղկումը» նրա վրա մարդու՝ արդեն կեսդարյա բացասական ազդեցության հետեւանքն է

Լճի էկոհամակարգը վերականգնելու համար պետք է մեկտեղվեն պետական մարմինների եւ բնակչության ջանքերը

Սեւանա լճում Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների ակտիվացումն անսպասելի չէր ոլորտի պատասխանատու մարմինների եւ մասնագետների համար։ Դեռ վաղ գարնանը շրջակա միջավայրի նախարարության պատասխանատուները տեղեկացրել էին, որ ամռան ամիսներին քաղցրահամ ջրերի մեր ռազմավարական պաշարը կրկին «ծաղկելու» է։ Վերջիններիս համար նման կանխատեսման հիմք էին ծառայել ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող լճի ջրի բաղադրության պարբերական մոնիթորինգի արդյունքները, երբ արձանագրվել էր ջրերում ֆոսֆորի եւ ազոտի բարձր տոկոս, ինչը կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնական պատճառներից է։
Նման կանխատեսումների համար հիմք էր հանդիսացել նաեւ մյուս գործոնը՝ տաք ձմեռը, որի պատճառով լճի ջրի ջերմաստիճանը բավարար չափով չիջավ, ինչը կկանխեր ամռան ամիսներին «ծաղկման» երեւույթը։ Եթե նկատի ունենանք, որ գլոբալ կլիմայական փոփոխությունների պատճառով Հայաստանում կանխատեսվում է ջերմաստիճանի էլ ավելի բարձրացում, ապա առաջին պլան է գալիս նախ Սեւանա լճի էկոհամակարգի խախտման վրա ազդող մարդկային գործոնների չեզոքացումը։
Այս դեպքում առաջնային խնդիր է լիճ թափվող օրգանական նյութերի ծավալների կրճատումը, իսկ ապագայում նաեւ ընդհանրապես բացառումը։ Հաջորդ քայլը պետք է լինի լճի մակարդակի աստիճանական բարձրացումը եւ լճի կենդանական ու բուսական էկոհամակարգի հավասարակշռության վերականգնումը, որը խախտվել է մարդու ուղղակի ներգործության հետեւանքով։ Անքննելի փաստ է, որ հիմնահարցին պետք է տրվի համալիր լուծում, եւ ոլորտի լիազոր պետական մարմինն այդ ուղղությամբ հետեւողական աշխատանքներ է տանում։ Նախորդ տարվա աննախադեպ մեծ ծավալի «ծաղկումից» հետո շրջակա միջավայրի նախարարությունը մի շարք գործողություններ ձեռնարկեց։ Նախանշվեցին առաջնային լուծման կարիք ունեցող հարցերը՝ Գեղարքունիքի մարզի համայնքներից դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելումը, ընդերքօգտագործման թափոններով զբաղեցված լճի հարակից հատվածների ռեկուլտիվացիան եւ լճի ջրհավաք ավազանի գետերի հուների մաքրումը։
Ակնհայտ է, որ նման աշխատանքները մեծ ռեսուրսներ են պահանջում։ Օրինակ՝ կենցաղային կեղտաջրերի մաքրման համար նախարարությունը նախաձեռնել է Գավառի, Մարտունու եւ Վարդենիսի կեղտաջրերի մաքրման կայաններում կենսաբանական մաքրման համակարգերի ներդնում, այստեղ մինչ օրս միայն մեխանիկական մաքրում է իրականացվում։
Շրջակա միջավայրի նախարարությունն աշխատանքներ է տանում, որպեսզի բացի պետական ռեսուրսներից խնդրի լուծմանն ուղղվեն նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցները։ Գերատեսչությունը մասնավորապես մշակել է «Սեւանա լճի էկոհամակարգերի հավասարակշռության վերականգնման եւ պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ եւ նախատեսված գործողությունները» վերտառությամբ փաստաթուղթը, որը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին, եւ այդ նպատակով արդեն ստացվել է 5 մլն եվրոյի աջակցություն։
Լճի ջրհավաք ավազանում գտնվող բնակավայրերի ճնշող մեծամասնությունը չունի կեղտաջրերի հեռացման կենտրոնացված համակարգ, որն ուղղակիորեն նպաստում է կեղտաջրերի հոսքի ավելացմանը։ Դրան է նպաստում տեղի գյուղատնտեսության մեջ քիմիական պարարտանյութերի մեծ ծավալի օգտագործումը։
«Սեւան» ազգային պարկը տարածքի վարձակալներին պայմանագրերով պարտադրել է լոկալ մաքրման կայանների տեղադրումը, եւ արդեն զգալի թվող օբյեկտներ տեղադրել են այն։ Տնտեսավարողներին նոր ջրօգտագործման թույլտվությունները տրվում են միայն կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների տեղադրման պայմանով։ Սակայն օրգանական նյութերի հիմնական աղբյուրները մնում են գետերը եւ դրանցով համայնքներից ներհոսող կեղտաջրերը։
Օրգանական նյութերի մյուս աղբյուրի՝ լճի ջրածածկ անտառապատ ափերի մաքրման ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում։ 2019—2020 թթ. մաքրվել է հիմնականում ջրածածկ 100 հեկտար տարածք, եւ այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Մյուս կողմից էլ օրգանական նյութերի նվազմանն է ուղղված այս տարի սիգի արդյունագործական որսի թույլտվությունը։ Այս ձկնատեսակի՝ որպես օրգանական նյութերի կլանիչի, որսալը նշանակում է լճից պարբերաբար օրգանական զանգվածի դուրսբերում։ Կանոնակարգված ձկնորսությունը առաջին հերթին կնպաստի նախ սիգի պաշարների ավելացմանը, որն իր հետ կբերի օրգանական նյութերի կլանման ծավալների մեծացման, որից հետո նոր համապատասխան ծավալների որսով այն դուրս կբերվի լճից։
Բացի այդ, նախարարությունը նախաձեռնել է նաեւ դրան տրամագծորեն հակառակ գործընթաց՝ միջոցներ են ձեռնարկվում Սեւանի կողակի պոպուլյացիայի վերականգնման ուղղությամբ, որը վերացել էր տասնամյակի ընթացքում չկանոնակարգված որսի հետեւանքով։ Այս ձկնատեսակը սնվում է լճի օրգանական նյութերով, որոնք կուտակվում են հատակի տիղմային հատվածում։ Որսագողության հետեւանքով Սեւանում նրա քանակի ծայրահեղ ցածր մակարդակի հասցնելն էական հարված էր լճի էկոհամակարգին։ Պոպուլյացիայի վերականգնման նպատակով աշխատանքներ են սկսվել կողակի մայրական կազմի ձեւավորման եւ մանրաձկան ստացման ու լիճ բացթողնման ուղղությամբ։
Մյուս կարեւոր քայլը լճի մակարդակի բարձրացումն է։ Այն նպաստում է ջրի վերին շերտի ավելացմանը եւ հիպոլիմնիոն պաշտպանիչ շերտի կայունացմանը։ Վերջինս լճի հատակին մոտ ջրի սառը շերտն է, որը թույլ չի տալիս նստվածքային տիղմին խառնվել վերին տաք շերտերին եւ կեղտոտել լիճը։ Այդ շերտը վնասվեց խորհրդային տարիներին, երբ 19 մետրով իջեցվեց լճի մակարդակը։ Հիպոլիմնիոն շերտը կայուն էր պահում նաեւ լճի ջերմաստիճանը՝ թույլ չտալով ջրի շուտ տաքացումը եւ սառցակալումը։ Սեւանա լճի մակարդակի իջեցման պատճառով ներկայում սառցակալման դեպքեր արձանագրվում են 3—5 տարին մեկ, այն դեպքում, երբ լճի բնական մակարդակի դեպքում լիճը սառցակալում էր 15—20 տարին մեկ։ Սեւանի մակարդակը բարձրացնելու նպատակով գործադիրը մշակում եւ իրականացնում է բազմակողմ միջոցառումներ՝ ստեղծվում են Արարատյան դաշտի ոռոգման այլընտրանքային աղբյուրներ, որպեսզի Սեւանից լրացուցիչ ջրառ չիրականացվի, մյուս կողմից էլ արդեն գործարկվել է Արփա—Սեւան ջրատարը, որը լրացուցիչ ջրային հոսք է ապահովում դեպի լիճ։
Վերեւում բերված քայլերը համակարգված իրականացնելու համար ոլորտի պատասխանատու գերատեսչությունը նաեւ մշակել է գործողությունների պլան, որը մյուս կառույցների հետ համաձայնեցված իրականացնելու դեպքում շոշափելի արդյունքներ կգրանցվեն։ Մյուս կողմից էլ Սեւանի խնդիրները միայն պետական միջոցներով հնարավոր չէ լուծել, կարեւոր են նաեւ տեղի բնակչության կողմից խնդրի գիտակցումը եւ համապատասխան քայլերի կատարումը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

23-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO