Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ԼՂՀ


Ապրողներիս պարտքն է արժեւորել նահատակ հերոսներին

Իրենց խիզախությամբ ու քաջությամբ նրանք հավերժի ճամփորդներ են

Շուրջ մեկ տարի առաջ իր մահկանացուն կնքեց հայ թատերարվեստի երախտավորներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Ղազանչյանը։
Կան մարդիկ, ընդգծված անհատականություններ, ովքեր հրաժեշտ են տվել երկրային կյանքին, եւ շիրիմներին գրեթե ամեն օր թարմ ծաղիկներ են դրվում հարազատներից, մտերիմներից, ընկերներից՝ «հիշեցնելով» դաժան իրողության մասին։ Սակայն երբեք չես կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ արդեն «երազ են դարձել», ու այլեւս նրանց հաղորդակից չես լինելու։ Հետո՝ ցավի ու ափսոսանքի զգացումը շարունակ սղոցում է հոգիդ, եւ տխրությունն ու տրտմությունն են քեզ ուղեկցում։ Նման բացառիկ դեմքերից է մշակույթի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի նախկին բեմադրող ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը, ում անունը հավերժել է հայ թատերարվեստի տարեգրության պատմության մեջ։
Վարպետի մարդամոտ բնավորության մասին շատ էի լսել, մի քանի անգամ ներկա գտնվել նրա կողմից թատրոնում բեմադրված ներկայացումներին, ոգեւորվել եւ հիացել արհեստավարժ դերասանների բարձրարվեստ խաղով։ Ու որքան էլ տպավորությունս մեծ է եղել, միշտ առիթ եմ որոնել անձամբ ծանոթանալու թատերարվեստի վարպետի հետ ու, որպես հանդիսատես, երախտիքի խոսքեր ուղղելու նրան՝ սրտաբուխ ժպիտներ եւ անմոռանալի հիշողություններ պարգեւելու համար։ Եվ ահա օրերից մի օր նման հնարավորություն վերջապես ընձեռվեց ինձ։ Նոր էի կատակերգության վերածել «Լուսաձորցի Մուքին կատակում է» երգիծական պատմվածքների շարքը։ Գործի բերումով Երեւանում էի, եւ ընկերներիցս մեկն ինձ խորհուրդ տվեց կարծիք լսելու համար հանդիպել Երվանդ Ղազանչյանի հետ։
Երեկոյան այցելեցի թատրոն եւ ընդունարանում նրան էի սպասում։ Գեղարվեստական ղեկավարի աշխատասենյակի դուռը բաց էր, եւ մի խումբ դերասանների հետ ստեղծագործական քննարկումներ էին ծավալվել բեմադրվելիք նոր ներկայացման վերաբերյալ։ Դռան արանքից նկատեց, որ իրեն սպասող այցելուներ կան ընդունարանում, եւ քարտուղարուհուն ներս հրավիրեց, հետաքրքրվեց, թե ովքեր են սպասողները։ Տեղեկանալով այդ մասին՝ վարպետը նրան ասաց. «Անհարմար է, որ Արցախից եկած հյուրը երկար սպասի, առաջինը նրան ներս հրավիրեք»։ Ապա իր մոտ հավաքվածներին խնդրեց քննարկումները շարունակել հաջորդ օրը։
Չնայած պատկառելի տարիքին ու վաստակին՝ վարպետը տեղից ելնելով՝ ընդառաջ եկավ եւ այնպիսի ջերմությամբ ու ժպիտով դիմավորեց ինձ, ասես վաղեմի բարեկամներ ենք ու հերթական հանդիպումն ենք ունենում։ Հետաքրքրվեց Արցախի վերջին նորություններով։ Ու, քանի որ ապրիլյան քառօրյա պատերազմից ընդամենը երեք ամիս էր անցել, բնականաբար, զրույցը նաեւ այդ թեմայով ընթացավ։ Հպարտությամբ, նաեւ ցավով ու ափսոսանքով արտահայտվեց թշնամու դեմ անհավասար մարտերում նահատակված հերոս տղաների մասին։ Ու, երբ խոսք գնաց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի սխրանքի ու անձնազոհության մասին, հուզմունքից նահապետի աչքերն արցունքոտվեցին։ «Մեր օրերի հերոսներն իրենց խիզախությամբ ու քաջությամբ ոչնչով չեն զիջում պատմական մեր մյուս հերոսամարտերում ընկած հայորդիներին,–ասաց նա։–Սերունդներն ընդմիշտ պիտի հիշեն այդ իրողությունը»։ Նշեցի, որ Ռոբերտի ու նրա զինակիցների մահը ինձ նույնպես ցնցել է, ու երգ եմ նվիրել Արցախի հերոսին։ Երվանդ Ղազանչյանը ողջունեց իմ քայլը եւ նկատեց, թե «ապրողների պարտքն է արժեւորել հայրենիքի համար կյանքը զոհաբերած տղաներին ու հավերժացնել նրանց հիշատակը»։
Քանի որ մեր զրույցը գլխավորապես «տխուր նոտաներ» էր ներառում, թախիծը ցրելու համար վարպետը վեր կացավ տեղից ու հայացք ձգելով պատուհանի գոգին «հայտնված» փաթեթին՝ ժպտալով մոտեցավ. «Այս ի՞նչ ես բերել Արցախից,–հարցրեց։–Թթի օղի կլինի»։ Ասացի՝ չէ, վարպետ, նոր եփած դոշաբ է, լսել եմ, որ հազում եք, նախընտրեցի թթի օղուն փոխարինող հյութ բերել, պահի տակ հորինեցի ես։ Նա սրտաբուխ ծիծաղեց ու դառնալով ինձ՝ ասաց. «Այ տղա, երեւում է, որ կարգին հումորի զգացում ունես, չլինի՞ եկել ես մեր թատրոնում աշխատելու»։ Ես «խոսքի տակ չմնացի» եւ շփոթված սեղանին դրեցի «Լուսաձորցի Մուքին կատակում է» պիեսը։ Վարպետը այն ձեռքն առավ «մի քանի փոքրիկ հատված աչքի անցկացրեց ու ասաց. «Բայց լավ թեմա ես ընտրել։ Շարունակ պատերազմի դաժանությունների, արհավիրքների ու զրկանքների մասին ենք խոսում ու գրում, բայց մոռանում ենք, որ վշտի, դաժան փորձությունների եւ ծանր մարտերի ժամանակ անգամ զինվորները, ժողովուրդն ընդհանրապես չեն կորցրել հումորի զգացումը։ Ցավի միջից կատակել, սրամտել են, հորդաբուխ ծիծաղել։ Այսօր նաեւ նման գործեր է անհրաժեշտ բեմադրել, որպեսզի հանդիսատեսը ոգեւորվի եւ իմանա, որ պատերազմում հաղթել ենք նաեւ ծիծաղով»։
Հրաժեշտից առաջ խոստացավ երեկոյան անպայման ընթերցել պիեսը եւ իր կարծիքը հայտնել։ Վարպետն իր խոսքի տերն էր։ Հաջորդ օրը նորից հանդիպեցինք։ Ասաց, որ, ընդհանուր առմամբ, հավանել է ստեղծագործությունը։ Միեւնույն ժամանակ Մուքիի կերպարի ձեւակերպումների շուրջ որոշ դիտողություններ արեց եւ խորհուրդ տվեց առանձին դրվագներում ավելի խանդավառված ներկայացնել գլխավոր հերոսին։ «Շտկումներից հետո անպայման բեր,– ասաց։–Իսկ ես կփորձեմ հովանավորներ գտնել այն բեմադրելու համար։ Լավ ժամանակներ չենք ապրում։ Պետությունը թատրոնին քիչ է աջակցում։ Մինչդեռ մշակույթին, արվեստին առավել մեծ ուշադրություն պիտի դարձնել»։ Նա ընդգծեց, որ խորհրդային տարիներին մշակույթի նկատմամբ վերաբերմունքն ուրիշ էր։ «Կարեն Սերոբիչն անձամբ էր ներկայացումների դիտելու գնում եւ հետաքրքրվում կոլեկտիվի ստեղծագործական եւ սոցիալական խնդիրներով։ Հիմա գրեթե այդպիսի բան չկա։ Շատ է ցավալի»։
Հետո զգաց, որ ես էլ մտահոգ եմ խնդրով, կատակեց. «Գիտե՞ս, ես դոշաբը խմեցի՝ էլ չեմ հազում։ Բա որ թթի օղի խմեմ, պատկերացնո՞ւմ ես, թե ինչպես կգեղգեղամ»։ Ու նրա ակնարկը հասկանալով՝ մեղքս քավելու համար խոստացա անպայման թունդ քաշած օղի ուղարկել՝ գորտի աչքեր հիշեցնող ժեվերով (օղակներ)…
Հանդիպման վերջում նա թատերագիր Սերգեյ Առաքելյանի՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75—ամյա հոբելյանի մասին գունեղ ստվարածավալ գիրք—ալբոմն ինձ ընծայագրեց հետեւյալ բովանդակությամբ. «Սիրելի Դավիթին։ Ինչու մենք ավելի շուտ չենք բարեկամներ եղել։ Վստահ եմ, որ մեր մտերմությունն ու բարեկամությունը երկար ճանապարհ կունենա, եւ մի օր Արցախն անպայման Հայաստանի գրկում կհայտնվի։ Խորին հարգանքով՝ Երվանդ Ղազանչյան։ 16. 07. 2016թ., ք. Երեւան»։
Ապա պահարանից փայտե մի ժամացույց հանեց, որը գեղարվեստական մի ուշագրավ ստեղծագործություն է հիշեցնում՝ հայկական զարդանախշերով, եւ մեկնելով ինձ՝ ասաց. «Քո սենյակում կկախես ու կհիշես ինձ...»։
Այդ հուշանվերն այսօր գիրք—ալբոմի հետ, որպես մասունք, սրբորեն պահպանվում է իմ տանը, ու ես ամեն անգամ հայացք ձգելով ժամացույցին՝ նրա սրտի տրոփյունն եմ զգում…
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

23-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO