Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Նոր երգս, վստահ եմ, ներսից «պայթեցնելու» է Ադրբեջանը»

Հայը պետք է ունենա ազգի, լեզվի եւ հայրենիքի պաշտամունք

1988-ի ժողովրդական շարժման հսկա ալիքը իր հետ բերեց ոչ միայն քաղաքական գործիչների, հրապարակում աճող-հասունացող վերլուծաբանների, այլեւ ծնեց իր երգչին։ Հընթացս ստեղծվում էին երգեր, որոնք սնվելով համազգային ուժից, նույն այդ ուժը վերադարձնում էին ժողովրդին։ «ՀՀ»-ն զրուցում է այն օրերին շարժման բնաբան դարձած «Հայեր, միացեք», «Գետաշեն» եւ մյուս երգերի հեղինակի՝ Գագիկ Հայկազունի հետ, ով մարդկանց հայտնի է որպես Գուսան Հայկազուն։
–Ո՞վ է Գուսան Հայկազունը։
–Խոյեցի հայ եմ՝ ժառանգը Հայկ նահապետի։ Քրիստոնյա եմ այնքանով, որքանով ՀՀ պետական կրոնը քրիստոնեությունն է։ Բայց ես արեւորդի եմ։ Եվ արիացի եմ։ Տերն եմ մեր պատմության պանծալի եւ ամոթալի էջերի։ Աշխարհի չափ սիրում եմ հայրենիքս, պաշտում եմ Գառնո տաճարը։ Ատում եմ ձմեռը, պաշտում եմ Արեւը։ Որսորդ եմ, գրչից շատ զենք եմ սիրում, բայց երբեք գնդակ չեմ արձակի հպարտ արծվի եւ եղնիկի վրա։ Այսքանը։
–Մասնակցե՞լ եք արցախյան ազատամարտին։
–Մասնակցել եմ ե՛ւ անձամբ՝ ֆիզիկապես, ե՛ւ իմ երգերով։ Մարտի դաշտերում եմ եղել 1990—ից մինչեւ 1992—93 թվականները։ Կռվել եմ Արտաշատի երկրապահ ջոկատի կազմում։
–Ձեր երգերն այսօր ընկալվում են որպես ժողովրդական երգեր։ Հանգի՞ստ եք նայում այս փաստին։
–Դա ինձ համար մեծ պատիվ է, բայց ցանկալի է, որ մարդիկ նաեւ ճանաչեն իրենց այդքան սիրելի երգերի հեղինակին։
–Գուսանական երգն այսօր հրատա՞պ է։
–Ժողովրդական, գուսանական երգը մեր արյան, մեր գեների մեջ է։ Այն արվեստը, որն ունի հազարամյակների պատմություն, չի կարող պահանջարկ չունենալ այսօր։ Գուսանական երգը գալիս է Գողթան երգերից, «Վահագնի ծնունդ», «Արտաշես եւ Սաթենիկ» դիցերգերից ու հասնում է մեզ։ Մեր՝ ժամանակակիցներիս խնդիրն է միայն այդ երգը լավագույնս մատուցել։
–Պատերազմական իրադարձություններն անցնում են Ձեր երգերի միջով։ Կարելի՞ է ասել, որ պատերազմը Ձեզ երգիչ դարձրեց։
–Ես մինչեւ 1988—ի շարժումը երգահան չեմ եղել։ Երբ շարժումն սկսվեց, Արտաշատում դարձա նրա ակտիվ մասնակիցը։ Այդ ժամանակ էլ երգ գրելու մղում ունեցա։ Երբ ողջ ազգը վանկարկում էր «հայե՛ր, միացեք», ինձ համար դա արդեն երգ էր։ Մնում էր համապատասխան «զգեստավորումը»։
–Եվ Ձեր այդ երգն էլ՝ «Հայեր, միացեք»—ը դարձավ շարժման երգը։ Իսկ շարժո՞ւմը Ձեզ ինչ տվեց։
–Ես արդեն ապրել եմ վաթսունինը տարի, եւ իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակը համարում եմ շարժման տարիները։ Տեսնում էի, որ մարդ եմ եւ ինչ—որ բան եմ անում հայրենիքիս համար։ Ապրելը միայն ուտելը եւ քնելը չէ։ Այնպես որ՝ մեր սերունդն ամենաերջանիկ սերունդն էր, որովհետեւ միայն անկախությունը տեսնելու համար արժեր ծնվել ու մեռնել։
–Դուք չե՞ք հավակնում պատերազմի երգչի տիտղոսին։
–Ինձ համարում են հենց շարժման, արցախյան պատերազմի երգիչ։ Նաեւ՝ «էրգրի» երգիչ։ Որովհետեւ իմ երգերի մեջ են Սասունը, Մուշը, Սիփանը եւ, ընդհանրապես, ծովից ծով Հայաստանը։
–Ինչպե՞ս ծնվեց «Գետաշեն» երգը։ Հիշում եմ, երբ առաջին անգամ կատարվեց հանրահավաքի ժամանակ, տեսնել էր պետք, թե ո՜նց ալիքվեց ժողովուրդը։
–1990 թվին Գետաշենը պայքարում էր, գետաշենցին դեռ դիմանում էր։ Մեր՝ Արտաշատի ջոկատը, մի 20—25 հոգով, Լաերտ Սաղաթելյանի գլխավորությամբ, պատրաստվում էր ուղղաթիռով թռչել գետաշենցիներին օգնության։ Արդեն հագնված, զենք—զրահով բարձրանում էինք ուղղաթիռ։ Ուղղաթիռի աստիճաններին էի, երբ հրամանատարը թեւիցս քաշեց։ Զարմացած նայեցի նրան։ Լաերտը. «Քեզ չե՞նք ասել՝ մի գնա։ Դու ափսոս ես։ Մեկ էլ մի գյուլլա եկավ՝ կպավ։ Ավելի լավ է՝ դու մնա եւ Գետաշենի մասին երգ գրիր»։ Ընկերներս էլ կողքից համառեցին ու չթողեցին գնամ։ Երեք օր հետո «Գետաշեն» երգը գրեցի եւ ուղարկեցի իրենց։
–Ձեր երգերում լուսավոր, մաքուր հայրենասիրությունն է, նրան չի խառնվել դժգոհության, զայրույթի, հիասթափության ոչ մի նոտա։ Կյանքո՞ւմ էլ եք այդպես։
–Ես լավատես եմ։ Դեռ 1967 թվականից իմ ստորագրությունը Մասիս սարն է։ Հազար տարի է՝ նարդի եմ խաղում եւ երբեք նարդու քարերը թուրքերենով չեմ ասել։ Անգամ սիրային, քնարական իմ երգերի մեջ անպայան հայրենասիրություն կա։
–Բայց 2004 թվականին գրված «Ասեմ՝ իմացիր» ստեղծագործությունն արդեն հիասթափություն է արձանագրում։ Այն զգացողությունն է՝ ասես Ձեր տեղը չկա այս կյանքում։ Դա նախկին զինվորի հիասթափությու՞նն էր, թե՞ պարզապես արվեստագետ—մտավորականի մերժողական վերաբերմունքն էր իր միջավայրին։
–Ե՛վ նախկին զինվորի, ե՛ւ գրող—մտավորականի, ե՛ւ քաղաքացու դժգոհությունն էր, ով տեսնում էր, որ այսքան պայքարից հետո պարտավոր էինք լավ կյանք ապահովել ժողովրդի համար, բայց այդպես չեղավ։
–Ի՞նչ է սերը Ձեզ համար։ Պատահական չէ հարցս։ Ձեր ստեղծագործության մեջ զուգահեռ է ընթանում սիրո եւ հայրենասիրության թեմատիկան։
–Սերը բնության ամենաչքնաղ զգացումն է։ Առանց սիրո ոչինչ անել չես կարող։
–Հայրենասիրությունը սիրո մե՞ջ է մտնում, թե՞ առանձին կատեգորիա է։
–Հավանաբար, նույն բանն են։ Հոգիդ պետք է սիրով ապրի, որ հայրենիքդ էլ սիրես։
–Այս օրերին մեր զինվորը Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում հզոր հակահարված է տալիս թշնամուն։ Նախկին եւ ներկա պատերազմներում ժառանգականության կապը պահպանվա՞ծ է, Դուք դա տեսնո՞ւմ եք։
—Ներկայիս Հայաստանն ուրիշ է, Բանակը՝ ուրիշ, Զինվորը՝ ուրիշ... Իսկ մեր մեջ փոխվել է միայն պաշտպանվելու մարտավարությունը։ Եթե նպատակը միայն պաշտպանվելն է, երբեք հաղթանակ չես տեսնի։ Ես հպարտ եմ մեր բանակով, նման հզոր բանակի շնորհիվ, վստահ եմ, շատ հաղթանակներ կտեսնենք։
–Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի վաղվա օրը. ո՞րն է հզոր երկիր ունենալու եւ այդ երկիրը երկար ժամանակների համար ապահով պահելու գրավականը։
–Ողջ աշխարհի հայությունը պարտավոր է կանգնելու մեր երկրի ու բանակի կողքին, պետք է մեր շարքերից հեռացնել մեծն Նժդեհի ասած տականքին, եւ անպայման կունենանք մեր երազած Հայաստանը։ Հայը պետք է ունենա ազգի, լեզվի եւ հայրենիքի պաշտամունք։
–Գուսան Հայկազունը կարո՞ղ է նաեւ այս պատերազմի երգիչը դառնալ։
—Անկախ ինձանից, այս օրերին սահմանում եւ ամբողջ աշխարհով մեկ հայության շուրթերից հնչում են իմ երգերը։ Իմ՝ վերջերս գրած «Լավ իմացեք» երգը այս օրերի լավագույն արտահայտությունն է։ Ունեմ նոր երգ, որը ձայնագրման փուլում է, շուտով կհնչի։ Վստահ եմ՝ դա ներսից «պայթեցնելու» է Ադրբեջանը։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

24-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO