Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2021
ԱՇԽԱՐՀ


Եվրագոտու եվրախնդիրները

Այդ օրերին Բրյուսելում տեղի ունեցող եվրոպական երկրների համաժողովը մերկացրեց մի շարք խնդիրներ, որոնք սպառնում են Եվրամիության միասնությանը։ ԵՄ-ն լքած Մեծ Բրիտանիայի օրինակին կարող են հետեւել միանգամից հինգ երկիր՝ Նիդերլանդների գլխավորությամբ։ Եվ դա կարող է ռեալ սցենար դառնալ, եթե Եվրամիությանն անդամակցող պետությունների ղեկավարներին չհաջողվի համաձայնեցնել կազմակերպության յոթամյա բյուջեն եւ համավարակի պատճառով առաջացած ճգնաժամից տնտեսության «փրկության ծրագիրը»։
Արտակարգ համաժողովի ընթացքում ԵՄ 27 երկրի առաջնորդները ջանում էին ընդունել յոթամյա բյուջե՝ 1 տրիլիոն եվրոյի չափով, ինչպես նաեւ կորոնաճգնաժամից տուժած եվրատնտեսության փրկության ծրագիրը, ինչը լրացուցիչ կարժենա եւս 750 մլրդ եվրո։ Բանակցությունները սկսվել էին ուրբաթ օրը, շարունակվեցին շաբաթ եւ կիրակի օրերին, իսկ երկուշաբթի օրը՝ հուլիսի 20—ին, ձեռնարկվեց ծախսերը հաստատելու չորրորդ փորձը։
Ճիշտն ասած, դեռ համաժողովի մեկնարկից առաջ պարզ էր, որ այն հեշտ չի լինելու։ Բանն այն է, որ Եվրամիությունում ձեւավորվել է միմյամց ընդդիմամարտող մի քանի լոբբիստական խումբ, որոնցից ամեն մեկն իր գաղափարների համար է պայքարում։ Գլխավոր «անհամաձայնը» դուրս եկավ Նիդերլանդների վարչապետ Մարկ Րյուտտեն։ Նույնիսկ Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանն էր նրանից գանգատվում։ «Մեղավորներ փնտրելու բնավ կողմնակից չեմ, բայց հենց այս հոլանդացին է գժտությունների իսկական պատասխանատուն»,–ըստ «Reuters» գործակալության՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետը։
Րյուտտեի՝ իր դիրքորոշումը պաշտպանելու գործում համառության մասին «Facebook»—յան իր էջում հայտնել է նաեւ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ Դեռ հուլիսի 18—ին նա հայտարարեց, որ կիրակի օրը կողմերը պետք է վերջապես համաձայնության գան, որովհետեւ բանակցությունների ձգձգումը ոչ մեկին էլ ձեռնտու չէ։ Սակայն կիրակնօրյա փորձերը հաջողությամբ չպսակվեցին։

«Անհամաձայնները» գնալով շատանում են

Հուլիսի 20—ի լույս գիշերը կրքերն է՛լ ավելի բորբոքվեցին։ Եվրոպական ԶԼՄ—ները նույնիսկ հաղորդեցին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավասարակշռությունն էր կորցրել՝ բռունցքով հարվածելով սեղանին։ Պատճառը նույնն է՝ վերականգնման ծրագիրը ստորագրելու Նիդերլանդների, Շվեդիայի, Դանիայի եւ Ավստրիայի չկամենալը։ Դեռ ավելին՝ երկրների այդ խմբին, որոնց սկսել են «ժլատ քառյակ» անվանել, միացավ եւս մեկ երկիր՝ Ֆինլանդիան։ Այսինքն, «անհամաձայնների» դիրքորոշումը բանակցությունների ընթացքում նույնիսկ ամրացավ։ Իսկ հակաճգնաժամային ծախսերի նախահաշիվը հաստատելու շանսերը, համապատասխանաբար, նվազեցին։ Որովհետեւ ԵՄ—ի համաժողովում փաստաթղթերը համարվում են ընդունված ոչ թե ձայների պարզ մեծամասնությամբ կամ 2/3—ով, կամ 5/6—ով, այլ միմիայն միաձայն հավանության պայմանով։ Իսկ հիմա այդ միաձայնության հավանականությունն է զգալիորեն նվազում։
Եվրոպական միության գործող նախագահ Շառլ Միշելն առաջարկել է փաստաթղթի կոմպրոմիսային տարբերակ։ Ճիշտ է, ամենասուր առարկություններ առաջացրած հետհամավարակային տնտեսական վերականգնման ծրագիրն առաջարկվում է թողնել նույն ծավալով (750 մլրդ եվրո), սակայն վերաձեւաչափել դրամաշնորհային ու վարկային մասերի հարաբերակցությունը. գրանտների (այդ գումարները վերադարձնելու անհրաժեշտություն չի լինի) ծավալը պետք է կազմի 450 մլրդ եվրո, իսկ վարկային մասինը՝ 300 մլրդ։ Փոխառական գումարները ԵՄ երկրները ստիպված կլինեն վճարել մինչեւ 2056 թվականը ներառյալ։ Սակայն հարուստ երկրների «ժլատ քառյակը» եւ նրան միացած Ֆինլանդիան հակաառաջարկ են առաջադրել։ Այն է՝ համավարակից առավել տուժած Եվրոպայի հարավի երկրներին հատկացվելիք օգնության ընդհանուր ծավալը նվազեցնել մինչեւ 700 մլրդ եվրո, իսկ գրանտների ու վարկերի հարաբերակցությունը հավասարեցնել՝ 350—ական մլրդի։

Իսկ եթե ձեզ վատ պահեք…

Հիմնական խնդիրը, իհարկե, ոչ թե գումարի չափի, այլ պարտքային միջոցները ծախսելու մեխանիզմների մեջ է։ Սակարկավիճում են ոչ այնքան տասնյակ միլիարդներ եվրոյի, այլ դրանք վերաբաշխելու սկզբունքների շուրջ։ «Կծծիների» քառյակն առաջարկում է համատեղ վերահսկում՝ Իսպանիան, Իտալիան եւ կորոնավիրուսից առավելագույնս «քրքրված» մյուս երկրները ինչպե՞ս են գումարները ծախսելու։ Օրինակ՝ Նիդերլանդներն ու Դանիան առաջարկում են, որ պակաս ունեւոր պետությունները ստանալով անվերադարձ սուբսիդավորում (ինչպես իրենք են գտնում՝ հենց իրենց հաշվին), իրականացնեն «ճիշտ տնտեսական բարեփոխումներ»։ Իսկ «ճիշտ բարեփոխումները» ենթադրում են՝ տնտեսել ամեն ինչ, պակասեցնել սոցիալական ծախսերը, ինչպես Հունաստանի դեպքում, որի տնտեսությունը 2008—ին դրա արդյունքում տապալվեց։
Իհարկե, երկրներից եւ ոչ մեկին էլ դուր չի գա, եթե նրան ցուցմունքներ տան, թե ինչպես դուրս գալ ճգնաժամից, ինչը տնտեսել, իսկ ուր, հակառակը, խթանել տնտեսական աճը եւ այլն։ Ի միջի այլոց, այս հողի վրա բռնկվեց նաեւ քաղաքական հակամարտություն։ Տվյալ դեպքում «տոնակատարության պատճառ» է համարվում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ ԵՄ—ն նրան բազմիցս է քննադատել իր երկրում խոսքի ազատությունը ոտնահարելու, դատական համակարգի անկախությունը եւ դեմոկրատական այլ ազատությունները սահմանափակելու փորձերի համար։ Օրբանը հաճախակի անտեսում էր ԵՄ—ի խորհուրդ—հանձնարարությունները։ Եվ նա, անշուշտ, հանդես եկավ դեմոկրատական արժեքներ արհամարհող երկրներին ֆինանսական օգնությունը սառեցնելու վերաբերյալ առաջարկած նորմայի դեմ։ Ավելին՝ սպառնաց, որ Բուդապեշտը վետոյի կենթարկի այն պայմանավորվածությունները, որոնք նման սահմանափակում կպարունակեն։ Եվ նույնիսկ այն երկրներին, որոնց դուր չի գալիս ճգնաժամից դուրս գալու՝ առաջարկած մեխանիզմը, առաջարկեց լքել ԵՄ շարքերը։
Ինչեւէ, եվրոպական փորձագետները գտնում են, որ ներկայիս համաժողովը հերթական անգամ ցուցադրեց Եվրամիության «աքիլեսյան գարշապարը»։ Ի տարբերություն ունիտար երկրների, ԵՄ—ն այնպես է կառուցված, որ չի կարող իր վրա վերցնել առանձին երկրների պարտքերը ընդհանուր փոխառության տոմսերի թողարկման միջոցով։ Կենտրոնական բանկը սահմանում է վարկավորման ծավալը եւ կարող է տպել ցանկացած քանակության դրամ։ Իսկ այդ դրամով պարտքերն իրենց վրա են վերցնում ԵՄ—ին անդամակցող երկրները։ Ինչը, ճիշտն ասած, քայքայում է եվրագոտու եւ ԵՄ—ի ֆինանսական մոդելի կայունությունը՝ թույլ չտալով լիարժեք արտարժութային միության ստեղծումը։
«Հաշվի առնելով համաժողովի օրերին ծագած հիասթափության ու խայթոտության մակարդակը, այս համաձայնությունը, ըստ երեւույթին, խորը երկարաժամկետ հետեւանքներ է ունենալու ԵՄ—ի հետագա գործելու առումով, կսրի ԵՄ—ի Հյուսիսի ու Հարավի միջեւ առկա պառակտումը եւ նույնիսկ Նիդերլանդներին կդրդի դուրս գալ Եվրամիությունից։ Անդամ պետությունների միջեւ բարեխիղճ համագործակցության վրա հիմնված վստահությունը խարխլվեց»,–«Գազետա.Ռու»—ին տված հարցազրույցում փաստում է «Saxo Bank»—ի բաժնի ղեկավար Քրիստոֆեր Դեմբիկը։
Ըստ «FinExpertiza» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Աղվան Միքայելյանի՝ ակներեւ է, որ ԵՄ—ի ներսում գոյություն ունի տարբեր ուղղվածության մի քանի հզոր հոսանք։ Սակայն խնդիրը նույնիսկ այն չէ, թե որեւէ մեկն ավելի շատ է տուժել, իսկ մյուսը՝ պակաս։ «Օգնության կարիք բոլորն էլ ունեն,–նշում է Ա. Միքայելյանը։–Եվ եթե երկրները շարունակեն ձգձգել հարցի կարգավորումը, ապա ամենից շատ կտուժի ԵՄ-ի խոշորագույն տնտեսությունը՝ Գերմանիան։ Իսկ Գերմանիան կարողանում է իր շահերը պաշտպանել»։

Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

24-07-2020





19-01-2021
Բաշխման էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն
Ինչ է նախատեսված 10-ամյա ներդրումային ծրագրով

Հայաստանի էլեկտրական ...


19-01-2021
Մեծ Բրիտանիան նոր «Մեծ խաղ» է նախաձեռնել
Լոնդոնը Թուրքիային դարձրել է իր զենքը սեփական շահերի առաջխաղացման ...


19-01-2021
«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա…»
Նա քաջ գիտակցում էր, թե ինչ է նշանակում հայ ...


19-01-2021
Նվազեցվում են ՊԵԿ աշխատակից-հարկատու շփումները
Ներդրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ


19-01-2021
Թուրքիան չի հրաժարվում սպառնալիքի լեզվով խոսելուց
Կարսում նախատեսվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Հայաստանին սահմանակից ...


19-01-2021
Հայաստանի բազմաբնակարան շենքերի երեք տոկոսից ավելին անբավարար վիճակում է
Կառավարման մարմինները բնակֆոնդի պահպանման գործառույթներ պետք է իրականացնեն


19-01-2021
Սուրբ Հոգու պարգեւները
«Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է: Եւ պաշտօնները ...



19-01-2021
Կստանձնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ ...

19-01-2021
Քննարկման է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ
Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ...

19-01-2021
Հոբելյանը կնշվի համերգային ծրագրերով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների ...

19-01-2021
Այս տարի էլ հաղթեց Հովիկ Հայրապետյանը
Արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը երկրորդ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO