Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Սիրում եմ անձրեւը, կայծակը, որոտը, կախարդական սեւագորշ ամպերը

Երբ սկսվում է անձրեւը, ես դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի տակ։ Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող երկնային հեղուկը։
«Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ»,–մի կողմից՝ ափսոսանքով, մյուս կողմից՝ սիրագորով հիշում է Վախթանգ Անանյանը, ով հուլիսի 26–ին կդառնար 115 տարեկան։ Ինչպես մեր գրողներից շատերի, այնպես էլ նրա համար նյութական սուղ պայմանները խոչընդոտ են եղել լիարժեք ուսում ստանալու, սակայն ի բնե օժտված միտքը իր պտուղները կյանքից քաղելու ձեւն ու միջոցը միշտ էլ գտնում է, եւ Անանյանը դառնում է ամենաբեղմնավոր ու սիրված հայ գրողներից մեկը, ում երկերը հաճույքով են ընթերցում նաեւ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի եւ այլ լեզուներով։
Ո՞ւմ չի հիացրել վայրի բնության մեջ հայտնված փոքրիկ Մաուգլիի պատմությունը, երբ սիրո ու գոյության դաժան պայքարի արդյունքում հաղթում է սերը, մարդու եւ գազանի՝ միմյանց հանդեպ անիրական թվացող սերը։ Բնությունը՝ այն հրաշքը, որ սկիզբն է ու դարմանը ամեն ինչի, ուր բոլոր հարցերն ու պատասխաններն են, ուր կոփվում է մարմինը, աշխատում միտքն ու զարգանում հոգին։ Վախթանգ Անանյանն էլ իր դպրոցն ու գորովագութ մորը գտավ բնության անխարդախ գրկում, երբ կորցրեց թե՛ դպրոց հաճախելու հնարավորությունը, թե՛ քնքշասիրտ մոր կարոտալի գիրկը։
«Ասում են, ես անձրեւի տակ եմ ծնվել եւ երբ աշխարհ եկա՝ առաջին ձայները, որ լսեցի՝ ամպի գոռոցն էր եւ անձրեւի շռնդալի թմբկահարությունը։ Գոռգոռում են ամպերը, կայծակը խփում է դիմացի ժայռին, եւ ահաբեկված մայրս այդ պահին աշխարհ է բերում ինձ՝ հազար տեղից կարկատած մեր վրանում։ Դա օգոստոսն էր, բայց այնպես ցուրտ էր մեր սարերում, որ շներն անգամ դողում էին իրենց բներում։ Առանց մորս համաձայնությունը հարցնելու, շալը կապել են նրա մեջքին, ինձ խանձարուրով գցել մեջը։ Իմ բոբիկ մայրը լեռան լանջով բարձունքից քայլել է դեպի հովիտը։ Քայլել է դեպի տաքը, դեպի արեւը՝ իր վերջին զավակին գազազած տարերքից փրկելու համար... Ահը սրտում իջել է մայրս լեռներից՝ իր մեջքին զգալով այն փոքրիկ արարածի գոյությունը, իջել է ամպերի միջից։ Պետք է, որ մայրս թաքուն բերկրանք զգար իր սրտի տակ, բարի արեւից ջերմացած այն հովիտն իջնելիս։ Բայց եւ երկյուղ է ունեցել իր սրտում մինչեւ ոսկորները թրջված այդ գեղջկուհին, երկյուղ ինձ համար։ Ես տրոփում էի նրա նիհար մեջքին, եւ նա զգում էր, որ դեռեւս կենդանի եմ»։
«Անձրեւ» պատմվածքում բնությունն է՝ տարերքով, բոլոր գույներով ու դրսեւորումներով, ահալին ու բարին, կործանումն ու փրկությունը, արեւն ու անձրեւը, լեռան գագաթն ու ստորոտը, ամպերը՝ կենարար ու միաժամանակ շռնդալի հեղուկով՝ չափազանց վտանգավոր նորածնի ու բոկոտն մոր կյանքի համար, եւ հովտում շողացող արեւային հուսո ջերմությունը, ուր շտապում է, ասես, ամպերից իջած մայրը՝ իր զավակի հետ... Մարդն ու բնությունը, սերն ու տարերքը՝ բանաստեղծական այնպիսի կերտվածքով, որ արժանի է Այվազովսկու վրձնին...
Բնությունը մոր կաթի պես անբաժան է Անանյան մտածողից։ Բնության հետ զրույցն ու բնության փնտրտուքը չեն լքում նրան անգամ պատերազմի դաշտում, թշնամու հետ դեմ—հանդիման։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, որին մասնակցել է եւ Անանյանը՝ լավ ծանոթ լինելով կռվողի հոգեբանությանն ու բնույթին, հրաշալի պատմվածք է գրել Ուկրաինայի հողի վրա միմյանց հանդիպած որսկան Ակոփի ու գերմանացի Հանսի հոգեկերտվածքի մասին։ Այլ բան է, երբ կռվի դաշտում միմյանց են ոչնչացնում հակամարտող կողմերը, եւ ոչ մի զիջում չի կարող լինել թշնամու հանդեպ, այլ բան, երբ միմյանց դեմ կռվող թշնամի բանակների զինվորները հանդիպում են կռվից դուրս եւ շփվում միմյանց հետ կենցաղային պայմաններում, երբ մեկը դժբախտության մեջ է, գերի, իսկ մյուսը՝ ազատ եւ հսկում է գերուն։ Գերին դադարում է գերմանացի զինվոր, թշնամի լինելուց, երբ Ակոփի համար դառնում է Հանս Հերման, իսկ ավելի շուտ՝ Հանես, ծանոթ անուն՝ ոնց որ համագյուղացի չոբանը։ Նա արդեն ինչ—որ վերացական թշնամի չէ, այլ կոնկրետ անուն—ազգանուն ունեցող, ընտանիքի տեր մարդ, ու եթե այդպես է, չի կարող վատություն անել, մանավանդ մինուճար երեխու արեւով ու մոր գերեզմանով երդվելուց հետո։ Որսկան Ակոփն անգամ հանդիմանում է «թերահավատ ջահելներին»՝ ամենաերիտասարդ մարտիկ Աշոտին, ով զգուշացնում է նրան չխաբվել թշնամու օձի լեզվից։ «Բա կաթնատու մոր գերեզմանովը սուտ երդում կուտի՞»,–անկեղծորեն զարմանում է նա։ Բայց բարոյականությունն ու սերը ամենքին տրված չեն, ու Հանսն էլ ամենեւին համագյուղացի միամիտ Հանեսը չէ, որքան էլ նույն անունի տերը լինեն։
Ակոփը՝ իր մարդկային բնությամբ, պատերազմը վերացարկած, խղճով ու հոգու անկաշառությամբ, ամեն տեսակ դիմադրության գնով, շարունակ փրկում է Հանս կոչվածին, սակայն օձը մնում է օձ ու երբեք չի թողնում խայթելու բնույթը։ Որսկան Ակոփը, որ, պապենական բարությամբ, որսի գնդակով անգամ թշնամի սպանելը զանցանք է համարում, տեսնելով որտեղից որտեղ հրացան ճանկած գերմանացի գերուն, որ չէր վարանել հրդեհել տունն ու սպանել իր վերքը կապած ուկրաինացի տանտիրուհուն, պայթուցիկ գնդակավոր փամփուշտն իսկույն հանում է պայուսակից, տենդագին լցնում հրացանն ու ահարկու որոտում. «Նամա՜րդ», ու նույն վայրկյանին գերմանացու գանգի ոսկորների կտորները հօդս են ցնդում։ Լոռեցի որսկանի մեջ դղրդոցով փուլ է գալիս պապենական բարությունը։
Երբ խաթարվում է մարդու ու բնության ներդաշնակությունը, երբ սերը դառնում է թշնամություն, այլեւս հաշտության եզր չի մնում. ապրելը դառնում է անտանելի, եւ նա, ով խանգարում է այդ ներդաշնակությանը, չի կարող տեղ ունենալ կյանքում, ուր սիրո թագավորությունը պայքարում է գոյատեւման համար, եւ ոչ մի Հանս չի կարող համեմատվել միամիտ Հանեսի հետ, ով իր հանդից ու անասուններից բացի աշխարհում ոչինչ չի տեսել, սակայն հենց նա եւ նրա նմաններն են աշխարհը պահում բարության զորությամբ։
Բնությունն իր տարերքով՝ որքան էլ ահալի, այնուամենայնիվ, հույս ու պատսպարան տալիս է, իսկ վատ մարդուց փրկության ելքը միայն նրանից ազատվելն է. պարզ ու իմաստուն փիլիսոփայություն, որ ձեւավորվել է Անանյան գրողի կենսական աշխարհայացքում, եւ, որքան էլ դառը լինի այդ մասին ճշմարտությունն ու ցավոտ, հրացանի թե կայծակի որոտի պես իսկույն մաքրում է ապականված օդը։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

25-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO