Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.10.2020
ԵՐԵՎԱՆ


«Ֆիրդուսի». Երեւանի կենտրոնական հետնախորշի այսօրն ու վաղը

Տարածքի պատմամշակութային շերտը ներդրողների համար էլ կարող է շահավետ լինել

Այսօր, երբ ասվում է Ֆիրդուսի թաղամաս, շատերն այն իբրեւ տոնավաճառ են հասկանում, որը իսկական փրկություն է սոցիալապես անապահով խավի համար՝ համեմատաբար էժան լինելու պատճառով։ Շատերն էլ արդեն այն իբրեւ իրացման գոտի ընկալեցին, երբ հունիսի սկզբին 19-րդ դարի կառույցներից մեկը հավասարեցվեց հողին։ Իսկ նրանք, ովքեր երբեւէ առիթ ունեցել են փողոցի սկզբնամասից՝ առեւտրի տաղավարներից այն կողմ անցնելու, տեսել են խնամված այգիներ ու նեղլիկ ասֆալտապատ ուղիներով կից—կից մտերմիկ տներ։ Այլ կերպ՝ Ֆիրդուսի թաղամասը նաեւ Երեւանի պատմության մի ամբողջ հուշարձան է՝ 1915 թ. Արեւմտյան Հայաստանից գաղթածների ձեռքերով կառուցած տներով, այդ տներում ապրող սերունդներով՝ դարաշրջանի հուշերն ու նաեւ փաստաթղթերն էլ հետը։
…Երեւանի զարգացման առաջին գլխավոր հատակագիծը 1856 թ. է ընդունվել։ Այդ ժամանակ էլ փողոցների մի ցանց ձեւավորվեց, որ նախորոշեց այսօրվա կենտրոնի տեսքը։ «Պլանի գլուխ» ասվածը, որ մենք վերագրում ենք թամանյանական շրջանին, պարզվում է՝ դեռ այդ ժամանակվա հրապարակներից մեկի անունն է, իհարկե՝ ոչ պաշտոնական։ Հետո՝ խորհրդային շրջանում, գլխավոր հատակագիծ ունեցող առաջին քաղաքը Սովետական Միությունում Երեւանը դարձավ։ Հատակագիծը 1924 թ. հաստատվեց, եւ, ուշագրավն այն է, որ ճարտարապետ Թամանյանը փողոցների հին նախագծին ձեռք չտվեց։
Ինչեւէ, ի՞նչ է կատարվում Ֆիրդուսի թաղամասում, ինչն է ուզում պահպանել քաղաքացիական նախաձեռնությունը, ում է օտարվել պետության կարիքների համար գերակա շահ ճանաված այս տարածքը, ինչ ներդրումների մասին է խոսքը, ովքեր են կառուցապատողները եւ ինչ են ուզում կառուցել այստեղ։ Փորձենք ի մի բերել ամբողջ գործընթացը՝ կողմ եւ դեմ տեսակետները ներկայացնելով։

Ինչ է լինելու «Ֆիրդուսի» փողոցի տարածքում

Կառավարության դեռ 2008 թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ որոշ տարածքներ (Կենտրոն), այդ թվում եւ՝ Ֆիրդուսի թաղամասը եւ հարակից տարածքը ճանաչվեցին հանրային գերակա շահ՝ օտարվելով «Սիթի սենթըր դիվելըփմենթ» ընկերությանը՝ կառուցապատման եւ իրացման համար։ Կառավարության այդ որոշումում նշվում էր, որ քաղաքաշինական ծրագրերի իրականացմամբ Երեւանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ եւ հիմնականում վթարային բնակելի ֆոնդը, որի փոխարեն պետք է կառուցվեն բազմաֆունկցիոնալ միջին եւ բարձր հարկայնությամբ շենքեր ու շինություններ, որոնք ապահովելու են նոր բնակարանային ֆոնդի ավելացումը։ Որոշ տարածքներում կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում ստեղծվելու են նոր ճանապարհներ, ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, ինչպես նաեւ հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները։ Այս որոշումում նշվում է նաեւ, որ «տարածքներում առկա են մեծ թվով՝ հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձան շենքեր, շինություններ, որոնք այժմ անմխիթար վիճակում են։ Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին վերակառուցել այդ շենքերն ու շինությունները՝ հին Երեւանի ճարտարապետական ոճը համադրելով կառուցվող շենքերի, շինությունների հետ»։
«Ֆիրդուսի» տարածքում նախատեսվում է նոր փողոցների, հասարակական եւ սպասարկման օբյեկտների, բիզնես կենտրոնների, հյուրանոցների եւ բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցում։ Այստեղ նախատեսվում է նաեւ կառուցել շուրջ 40 մետր բարձրություն եւ 85 մետր տրամագիծ ունեցող շրջանաձեւ հրապարակ, որի տակ կկառուցվի բազմահարկ ստորգետնյա ավտոկայանատեղի։ Նոր թաղամասի կառուցման ընթացքում տարածքում առկա 19—րդ դարի հուշարձանները կմնան կանգուն (այսպես էր ըստ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության «Invest in Armenia» էլեկտրոնային հարթակի)։ Նախագծվող թաղամասը՝ շենքերը, ճանապարհները, անցումները, կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց եւ բնակչության սակավաշարժ խմբերի համար։ Նախագիծն ընդգրկում է ընդհանուր առմամբ 5.5 հեկտար մակերես։ Կառուցապատման ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 200.000 քմ։ Ծրագրի շրջանակում նախատեսվող շենքերի հարկայնությունը կլինի 7—9 եւ 12—13 հարկ, իսկ շենքերի հարկայնության թույլատրելի բարձրությունը՝ առավելագույնը 48 մ, միջին բարձրությունը՝ 27 մ։ Ծրագրի իրականացման տեւողությունը 3—4 տարի է։ Ծրագրի ներդրումային արժեքը կազմում է շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար։
Կառավարության 2018 թ. մարտի 22—ի որոշմամբ տարածքը բաժանվեց 18 լոտի եւ տրվեց մի շարք կազմակերպությունների, որոնց իրավանախորդը հենց հիշյալ «Սիթի սենթըր դիվելըփմենթն» էր։

Ինչու են դեմ կառուցապատմանը

Հունիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին դիմել են նկարիչների միության անդամներ, մշակութային մարդաբաններ, մշակութաբաններ, ճարտարապետներ, դերասաններ, գրականագետներ, երաժիշտներ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել «Ֆիրդուս» թաղամասում ընթացող բոլոր աշխատանքները, չեղյալ հայտարարել Նարեկ Սարգսյանի անընդունելի նախագիծը, հանրային քննարկումներն ու քաղաքացիների մասնակցությունը Երեւանի Կենտրոն թաղամասի կառուցապատման հարցերի շուրջ դարձնել պարտադիր ընթացակարգ, բաց մրցույթ հայտարարել եւ ընտել «Ֆիրդուս» թաղամասի պատմամշակութային շերտերի պահպանմամբ արդիական նախագիծ։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն էլ նշում է, թե նախկինում կոռուպցիոն գործարքներում ընդգրկված ընկերությունները ներգրավված են Ֆիրդուսի թաղամասի (Երեւանի 33—րդ թաղամաս) կառուցապատման ծրագրում։ Ըստ նրա՝ 33—րդ թաղամասի հետ կապված գործընթացը սկսվել է 2006—2007 թվականներին, ինչպես նաեւ 2008 թ., երբ կառավարության որոշումներով թաղամասը հռչակվել է հանրային գերակա շահ։ Ընդ որում, տարածք ձեռք բերող է հայտարարվել «Սիթի սենթր դիվելոփմընթ» ընկերությունը, որի հիմնադիրը Էդուարդ Մելիքյանն է։ Այնուհետեւ այդ գործընթացում որպես կառուցապատող ներգրավվել է բավականին տխուր հռչակ ունեցող «Գլենդեյլ Հիլզ» կազմակերպությունը, եւ ծրագիրը փաստորեն չի իրականացվել, այսինքն՝ այս գործընթացը ձախողվել է 2007—2008 թթ. հռչակված եւ կնքված պայմանագրերի հիման վրա։ Այս գործընթացներում ծրագրի իրականացման վերաբերյալ ակնհայտորեն որեւէ ֆինանսական երաշխիքներ չեն ներկայացվել կատարող կազմակերպությունների կողմից։ 2018 թ. մարտի վերջին դարձյալ տարածքը հռչակվել է հանրային գերակա շահ եւ ձեռք բերող ճանաչվել է «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը նույն Էդուարդ Մելիքյանն է՝ նախկին, արդեն չիրականացված ծրագրերով ներգրավված կազմակերպությունների հիմնադիրը, որը նույն «Գլենդեյլ Հիլզ» կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է։ Ու որպեսզի «Դիանար» ընկերությունը ցույց տար, թե իբր մրցակցություն է տեղի ունենում տարածքների ձեռքբերման հետ կապված եւ քաղաքաշինական ծրագրերում, 17 ընկերություն է հիմնել։ Եվ դրանց մեծ մասի հիմնադիրը նույն Էդուարդ Մելիքյանն է։
Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ «Ֆիրդուսի» համար պայքարողները դեմ են, որ թաղամասում որեւէ ներդրում լինի, ճարտարապետ Սերգո Տոնոյանը հստակեցնում է, թե շատ լավ հասկանում է, որ տարածքը կենտրոնում է, թանկ արժե, ներդրումներ պետք է լինեն, բայց ոչ այն ճանապարհով, ինչ առաջարկվում է։ Նախագիծը պետք է վերանայվի, նոր մրցույթ հայտարարվի։ Տարածքի պատմամշակութային շերտը չպետք է ջնջվի։ Կարելի է գտնել լուծումներ դրանք պահպանելու, որը եւ շահավետ կլինի ներդրողների համար։

Ինչու են կողմ կառուցապատմանը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այս տարվա մայիսի 19—ի որոշմամբ Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման նախագծային եւ շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծվեց աշխատանքային խումբ եւ հաստատվեց դրա անհատական կազմը։ Աշխատանքային խմբի ղեկավարը փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն է։
Նա նշում է, թե կառավարությունը հետքայլ չի անելու, նահանջի տեղ չկա, իրացման գործընթացը շարունակվելու է։ Բայց կառավարությունը բաց է, լսում է առաջարկները եւ նաեւ՝ ըստ դրանց փոփոխություններ անում։ «Պատմամշակութային բոլոր շենքերն ու շինությունները պահպանելու ենք»,–վստահեցնում է նա՝ հավելելով, թե փոփոխություններ կարվեն, եթե առաջարկները խելամիտ լինեն, իսկ բնակիչներն էլ «կստանան իրենց իրավունքները»։
Հունիսի 19—ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծի փոփոխությունների մասին գրեց ֆեյսբուքյան իր էջում. «Մասնավորապես որոշվել է. հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության եւ Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժեւորել շենքերի ետնամասի ֆասադները եւ տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2—4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով եւ հուշարձան շենքերի միջեւ 200 մ հետիոտնային ճանապարհով։ Այս տարածքում 1—ին եւ 2—րդ հարկերում նախատեսվող սրճարաններից եւ հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2—րդ եւ 3—րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։ Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները եւ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրն էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն»։
Հավելենք, որ թաղամասում 8 հուշարձան շենք կա, որոնք դուրս են բերվել Ֆիրդուսի կառուցապատման ծրագրից եւ կառավարության որոշմամբ դուրս կբերվեն նաեւ գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից։ Բողոքները մասամբ արդյունք տվեցին. Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքն էլ փրկվեց քանդվելուց։ Քաղաքացիական ակտիվիստներին հաջողվել է կասեցնել նաեւ 19—րդ դարավերջի կառույցի՝ աղյուսե շենքի քանդման աշխատանքները։ Կառավարությունից խոստանում են աղյուսները համարակալել՝ հետագայում թաղամասում կառուցվելիք շենքերից մեկի՝ իբրեւ ֆասադ օգտագործելու համար։ Մասնագետները, սակայն, հակադարձում են՝ աղյուսը հնարավոր չէ համարակալել։
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ով կառուցապատման ծրագրի իրականացման աշխատանքային խմբի անհատական կազմում է (առաջարկությամբ), կարծում է, որ ծրագիրը կասեցնելը սաբոտաժ կլինի. «10,000 շինարար Ֆիրդուսիում 250 մլն դոլարի ծրագիր է իրականացնելու 3 տարի ժամկետով, այն տնտեսական մեծագույն լոկոմոտիվ կլինի, իսկ ծրագիրը կասեցնելը՝ սաբոտաժ… Այսքան հուշարձան քանդեցինք, այսքան հուշարձան տեղափոխվեց, եկեք այս մի հուշարձանն էլ տեղափոխենք, հարցը փակենք, ինչի մասին է խոսքը»։
Գլխավոր ճարտարապետը հավելում է նաեւ, թե թաղամասը չկառուցապատելու դեպքում սեփականատերերը կարող են քաղաքապետարանին դատի տալ։

Ովքեր են կառուցապատողները

Ովքեր են Ֆիրդուսի թաղամասի կառուցապատողները, որոնց շուրջ այսքան աղմուկ է բարձրացել։ Կառավարության 2018 թ. մարտի 22—ի որոշմամբ «Ֆիրդուսի»–ում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչվող տարածքի ձեռք բերողներն են «Սիթի սենթըր դիվելըփմենթ» ՓԲԸ—ն, «Վան քոնսթրաքշն», «Էրզրում քոնսթրաքշն», «Բիթլիս քոնսթրաքշն», «Ադանա քոնսթրաքշն», «Բայազետ քոնսթրաքշն», «Ուրմիա քոնսթրաքշն», «Տրապիզոն քոնսթրաքշն», «Դիարբեքիր քոնսթրաքշն», «Ակն քոնսթրաքշն», «Մանազկերտ քոնսթրաքշն», «Սասուն քոնսթրաքշն», «Զեյթուն քոնսթրաքշն», «Բաբերդ քոնսթրաքշն», «Կարս քոնսթրաքշն», «Տարսոն քոնսթրաքշն», «Արդահան քոնսթրաքշն», «Իգդիր քոնսթրաքշն» ՍՊԸ—ները։
Սերժ Վարագ Սիսեռյանը վստահեցնում է, թե իրենք այս ամենը համակարգում են, որպեսզի չունենանք նոր գլենդեյլհիլզեր։ Իսկ ինչ վերաբերում է «Դիանար» ՓԲԸ—ին, ապա այն կապ չունի ներդրողների հետ, կապալառուն է։ Սիսեռյանը նշում է, թե «ինքը գործընթացն է առաջ տանում՝ մեր վերահսկողությամբ, իրացումներն է կատարել։ Իրենք են կատարել լոտերի բաժանումը, նախագծերի հետ կապված հարցերը, բնակիչների հետ կապված հարցերը, ՍՊԸ—ներն է հիմնել է, հողերը դրել ՍՊԸ—ների տակ եւ ներդրողներին վաճառել, ամբողջն ինքն է արել։ ՍՊԸ—ները հիմնադրվել է մեկ ընկերության կողմից»։
Իսկ ինչ է լինելու այս թաղամասում բնակվողների հետ։ Սիսեռյանը վստահեցնում է, որ տարածքում բնակվողնեի հետ բանակցությունները շարունակվում են, նրանց կամ գումար, կամ բնակարան է առաջարկվում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

28-07-2020





17-10-2020
Անկարան օգտագործել եւ օգտագործում է Բաքվին
Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի տնտեսական ձեռքբերումները մեծապես կապելով հայկական լծակի ...


17-10-2020
Լավագույն հանգուցալուծումը հայկական կողմի ջախջախիչ հաղթանակն է
Այդ հաղթանակն Ադրբեջանին կստիպի զինադադար խնդրել

Հարցազրույց «Ակոս» ...


17-10-2020
ԵՄ դռներն ավելի ամուր են փակվում Թուրքիայի առջեւ
Ավստրիայի խորհրդարանն ընդունել է դատապարտող բանաձեւ

Ավստրիայի Ազգային ...


17-10-2020
Թուրքական իմպերիալիզմը խախտում է հայ ժողովրդի իրավունքը
Միջազգային ինչպիսի՞ արձագանք կառաջացներ գերմանացիների հարձակումն Իսրայելի վրա



17-10-2020
Այս պատերազմը միայն հայության խնդիրը չէ
Սա առավել մեծ՝ տարածաշրջանային, ինչպես նաեւ միջազգային ընդգրկում ունի


17-10-2020
Ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասնիկը
Ազգ ներկայացնող փառավոր անուն

«Ես կարդում, գրում եմ ...


17-10-2020
«Ես որոնց որ սիրում եմ յանդիմանում եմ, եւ խրատում եմ. ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր»
Աստվածաշնչում կարդում ենք «մեծ ողբի» մասին, երկրագնդի վրա մեծ ...



17-10-2020
Միջազգային հանրությունը պետք է ընդունի «անջատում հանուն փրկության» սկզբունքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

17-10-2020
Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում
Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան եւ այնտեղից դուրս ...

17-10-2020
Ինքնորոշման իրավունքի ճանաչումն առաջնային է
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ...

17-10-2020
Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իտալացի պատգամավորին
Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO