Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Փրկության ափ

Իրական արժեքները վերագտնելու եւ վերաիմաստավորելու ճի՛շտ ժամանակը

Օ՜, Բնությո՛ւն, օ՜, Մա՛յր...
Ե. ՉԱՐԵՆՑ

Այսօրվա պես հիշում եմ այն ընդհանուր ոգեւորվածությունը, որ կար տասնամյակներ առաջ, երբ Արայի լեռան ամայի լանջին հիմնադրվում էր այգեգործական ամառանոցային ավանը։ Ես էլ շատերից մեկն էի՝ տուն կառուցեցի, ծառ ու ծաղիկ տնկեցի;
Հետո արդեն... Կյանքը գլխիվայր շուռ եկավ, ժամանակի ընթացքում ոգեւորությունը, կամա թե ակամա, մարեց, եւ ես հասցնում էի տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ, կարճ ժամանակով լինել ամառանոցում՝ հիմնականում այգին փոքրիշատե խնամելու նպատակով։ Մնացածի (ապրելո՛ւ) համար ժամանակ չէր մնում՝ գործեր, հազար ու մի հոգս քաղաքում...
Եվ ահա, աղետ մեր գլխին՝ կորոնավիրուս կոչված համավարակի տեսքով... Մեր ձեռք ու ոտքը կապեց, բանտեց մեզ քաղաքի բարձրահարկերի մեծ ու փոքր «բներում»։ Մեկ շաբաթ, երկու, երեք, հոգեմաշ փնտրտուքներ, եւ ինձ պատեպատ զարկելու պահերից մեկի ժամանակ միտքս մեկեն «թռավ—գնաց» դեպի ամառանոց։ Մեծն Թումանյանն էլ ճիշտ պահին, կարծես, օգնության հասավ՝ «Ի՜նչ եմ անում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի...»։
Որոշված էր... Ես ու կինս գարնան բացվելուն պես բռնեցինք ամառանոցի ճանապարհը։ Սկզբում մի քիչ դժվար, անսովոր էր, կարծես, մեր տեղը չէինք գտնում, չէինք կարողանում հարմարվել ամառանոցի գրեթե անմարդաբնակ, խաղաղ ու հանգիստ կյանքին։ Մանավանդ՝ ես, որ օրվա մեծ մասը դրսում եմ եղել...
Սակայն կամաց—կամաց ամեն ինչ իր տեղն ընկավ, եւ ես մի շատ կարեւոր բան հայտնաբերեցի, կարելի է ասել՝ գտա։ Ավելի շուտ, հասկացա, թե ինչ է նշանակում ամառանոցն ինձ համար եւ ինչպիսի կարեւորություն ունի այն իմ կյանքում։ Դա, թերեւս, այն էր, ինչ պետք էր մարդուն նման օրհասական պահերին։ Ես վերադարձա... իմ սկիզբը, վերադարձա դեպի բնություն՝ վերագտնելով ինձ, եւ այս պայմաններում ոչինչ, անգամ՝ ծանր համավարակը, հավատացնում եմ, սարսափելի ու վտանգավոր չէ։ Ավելին, այն նաեւ, ինչպես համոզվեցինք, իր դրական կողմերն էլ ունեցավ, իմ պարագայում, մասնավորապես, ապրածիս վերաիմաստավորումը՝ վերադարձը մայր բնություն, հող ու քար, ծառ ու ծաղիկ, մի խոսքով՝ բնական միջավայր։ Մոտավորապես, հայտնի ֆիլմում ասվածի պես՝ կորոնավիրուսը որ չլիներ, հո ես ամառանոց եկող ու մնացողը չէի՜ ...
Այո, թող թույլ տրվի ասել՝ մեր շատ դժբախտությունների պատճառն ավելի շատ այն է, որ հեռացել ենք մայր բնությունից, պարզ, մարդկային օրենքներից եւ արհեստական, կեղծ ու գունազարդ միջավայր ստեղծելով մեր շուրջը՝ զբաղված ենք լոկ ժամավաճառությամբ ու ինքնախաբեությամբ։ Խախտվել կամ, որ ամենաողբերգականն է, կտրվել է ժառանգականության կապը, սերունդներին միմյանց կապող «պորտալարը»։ Փախչելով ու առանձնանալով իրարից մեծ քաղաքներում՝ ինչե՜ր ասես չենք անում եւ ինչպիսի՜ լրջությամբ, բայց որ նայում ենք, խոսակցական լեզվով ասած՝ «տակը դատարկ» է եւ, վերջին հաշվով, իմաստազուրկ։ Չգիտեմ, որ խելոքն է ասել, բայց շատ ճիշտ է նկատել՝ մարդու ոտքը մայր հողի՛ վրա պետք է լինի, այսինքն, ամուր ու ապահով հիմք ունենա, քաղաքի ասֆալտը կամ բետոնը երբեք չեն փոխարինի նրան...
Լավ է, որ «իմ խելքի» մարդիկ էլի կան. այս օրերին հիշել են իրենց ամառանոցը, եկել՝ տիրություն են անում տանն ու այգուն, իրենց, ինձ պես, մա՛րդ են զգում, բայց, ցավոք, դեռ շատ առանձնատներ այդպես էլ շարունակում են դատարկ ու անշունչ մնալ, ինչի համար, անկեղծ ասած, մեծ ցավ ու ափսոսանք եմ ապրում։ Դրանց տերերին քաղաքի քաոսից, անորոշությունից, աղմուկից ու փոշուց կտրելն առայժմ, թերեւս, այնքան էլ հեշտ չէ... Մեղադրելն էլ, միգուցե, ճիշտ չի լինի. ապրուստի, գոյատեւման կամ այլ խնդիր կա։ Բայց որ, առհասարակ, դասեր պետք է քաղել կատարվածից, սթափվել ու ուշքի գալ, դա, համոզված եմ, անառարկելի ճշմարտություն է, ավելին՝ կենսական անհրաժեշտություն...
Անկախ ամեն ինչից, լավ հասկանում եմ, որ ոմանց համար այնքան էլ դյուրին, միանգամից չի լինի վերադարձը մայր բնություն, այդքան տարիներ հետո, որքան էլ զարմանալի թվա, մեկեն հարմարվել նրա պարզ անաղարտությանը, մաքուր օդին ու խաղաղավետ երանությանը եւ, վերջիվերջո, ապրել այնպես, որ «մայր հողը երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը» (Պարույր Սեւակ)...
Փախչել մարդկությունից եւ, միաժամանակ, կարոտելով նրան՝ պահել—պահպանել բնականն ու մարդուն ի վերուստ տրվածը։
Միով բանիվ, հավատացնում եմ, դա՛ է միակ բալասանը բոլոր ցավերի, դա՛ է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը եւ, ի վերջո, մարդկության փրկության ափը, մեր նոր ժամանակների «նոյյան տապանը»...
Գրիգոր ԾԱՏՈՒՐՅԱՆ
Բանաստեղծ

29-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO