Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2020
ԱՇԽԱՐՀ


ԱՄՆ-ն սպառնում է «Հյուսիսային հոսք-2»-ի գերմանացի կապալառուներին

«ԱՄՆ-ն Ռուսաստանին թուլացնելու հիանալի հնարավորություններ ունի նաեւ սեփական երկրում»

ԱՄՆ-ի կառավարությունը նկատելիորեն ավելացրել է ճնշումը «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազամուղային նախագծի վրա։ Սանկտ Պետերբուրգից գերմանական Լուբմին տանող գազամուղի եվրոպական կապալառուների ու ֆինանսիստների դեմ պատժամիջոցների վերաբերյալ անորոշ սպառնալիքները կոնկրետացվել են, ընդլայնվել ու գործողության մեջ դրվել հուլիսի 15-ից։ Եվ դրանով Վաշինգտոնը չի սահմանափակվել…
Գերմանական «Die Welt»-ի տեղեկություններով՝ Պետդեպարտամենտը եվրոպական ընկերությունների հետ բանակցություններ է վարել տեսակապի միջոցով ու բացատրել նրանց նախագծին մասնակցության հետեւանքները։ Դա ոչ միայն միջամտություն է Եվրոպայի գործերին, այլեւ հարձակում նրա անվտանգության դեմ։ Ինչպես ասվում է տնտեսական շրջանակներում, գերմանական մենեջերներն այդ բանակցություններում հանդիպել են ԱՄՆ—ի Պետդեպարտամենտի, ֆինանսների ու էներգետիկայի նախարարությունների 12 ներկայացուցչի հետ։ Նրանց պետք է բացատրվեր, թե, ըստ գազամուղային պայմանագրերի, էլ ինչ աշխատանքներ պետք է կատարվեն։ ԱՄՆ—ի ներկայացուցիչները բարեկամաբար եւ շատ հստակ հասկացրեցին, որ մտադիր են չթույլատրել ավարտին հասցնելու գազամուղի շինարարությունը, եւ դա շատ լուրջ սպառնալիք է։
Իրենք՝ ընկերությունները, այդ թվում՝ տեխնիկական օպերատորը, ինչպես նաեւ էներգետիկ խոշոր կոնցեռնները, այնպիսիք, ինչպիսին են «Uniper»—ը, «Wiontershall Dea»—ն եւ «Shell»—ը, հրաժարվել են մեկնաբանություններ տալ «Die Welt»—ին։
Պաշտոնապես սպառնալիքները հիմնականում ուղղված են եղել անհայտ առաքողների։ Բեռլինում արտաքին գործերի նախարարությունում հաղորդել են. «Նախարարությանը հայտնի է, որ ամերիկյան կողմը բանակցություններ է վարում գերմանական ընկերությունների հետ՝ բացատրելու համար CAATSA օրենքի իրականացման սկզբունքները։ Եվ կապ են պահպանում ընկերությունների հետ»։
Այս գործողությունները կարող են խորացնել տրանսատլանտյան հակասությունները։ Գերմանական տնտեսական ներկայացուցիչներն ու եվրոպական խորհրդարանականները պատասխան արձագանք են պահանջում Բեռլինից եւ Բրյուսելից։ Նրանք ամերիկյան միջամտությունը տեսնում են որպես անթույլատրելի հարձակում գերմանական եւ եվրոպական ինքնիշխանության վրա։ Եվրախորհրդարանում ՔԴՄ/ՔՀՄ խմբակցության ղեկավար Մարկուս Պիփերը պատժամիջոցների սպառնալիքներում տեսնում է «միանշանակ խախտում այն ամենի, ինչը հասկանում ենք որպես առեւտրի իրավունք»։
Բանն այն է, որ այդ ընկերություններին սպառնում է լիակատար հեռացում ԱՄՆ—ի շուկաներից, նրանց աշխատակիցներին արգելվում է մուտք գործել երկիր, իսկ տեղի բանկերն ազատվում են բոլոր ֆինանսական գործիքներից, որոնք ամերիկյան կարգավորման ազդեցության տակ են։
Պետքարտուղար Մայք Պոմպեոն անցած շաբաթ ամփոփել է, թե այդ ամենն ինչպես է ազդելու բիզնեսի վրա. «Հեռացեք հիմա կամ էլ ինքներդ ձեզ մեղադրեք»։
Բեռլինում ԱՄՆ—ի դեսպանատան ներկայացուցիչը շեշտել է, որ դա կարելի էր սպասել։ «ԱՄՆ—ն հստակ եւ բազմիցս մատնացույց է արել սպառնալիքը, որն իրենից ներկայացնում է «Հյուսիսային հոսք—2» նախագիծը՝ ընդդեմ Եվրոպայի անվտանգության ընդհանուր հետաքրքրությունների։ Առավել եւս՝ պետք է պարզ լինի, որ եթե նույնիսկ մենք հիմա պատժամիջոցներ մտցնենք, ընկերությունները պետք է իմանան, որ, կապված «Հյուսիսային հոսք—2»—ի հետ, դրանք ապագայում իրենց համար ռիսկային են»,— նշել է նա «Die Welt»—ին տված մեկնաբանության մեջ։
Բանակցությունների դիտորդները ելնում են այն բանից, որ պատժամիջոցների սպառնալիքը կարող է ազդեցություն գործել։
«Նույնիսկ այն ընկերությունները, որոնք ներկայացված չեն ամերիկյան շուկայում, կարող են խնդիրներ ունենալ տեղական բանկերի հետ»,— ասել է «Ամերիկա» խմբի «Գիտություն եւ քաղաքականություն» հիմնադրամում այդ հարցերով զբաղվող Սաշա Լոմաննը։
Բացառված չէ, որ ընկերությունների մի մասը կհրաժարվի մնացած աշխատանքներին մասնակցությունից։ 1230 կմ գազատարից միայն 160 կմ—ն չի կառուցվել։ Հաշվի առնելով, որ շինարարական ծախսերը կազմում են մոտ 8 մլրդ եվրո, այդ նախագիծը կարող է դառնալ աշխարհում ամենախոշոր ներդրումային ձախողումներից մեկը։
«Գազպրոմը», որին պատկանում է «Հյուսիսային հոսք—2»—ը, չի մեկնաբանել այն հարցը, թե կապալառուներն, արդյոք, հրաժարվե՞լ են համագործակցությունից ԱՄՆ—ի սպառնալիքների պատճառով։ «Գազպրոմի» «դստեր» տեղեկություններով՝ ԱՄՆ—ի պատժամիջոցները, «եթե դրանք ընդունվեն, կարող են ուղղակիորեն ազդել եվրոպական ավելի քան 12 երկրի ավելի քան 120 ընկերության վրա»։
«Հյուսիսային հոսք—2» նախագծի ներդրողների շարքում են ֆրանսիական «Engie», ավստրիական OMW, հոլանդա—բրիտանական «Shell», ինչպես նաեւ գերմանական «Uniper» եւ «Wiontershall Dea» էներգետիկ կոնցեռնները։ Նրանցից յուրաքանչյուրը գազատարի շինարարության մեջ ներդրել է 700 միլիոնից մինչեւ 1 մլրդ եվրո։
«Մենք ելնում ենք այն բանից, որ «Հյուսիսային հոսք—2»—ի այսօրվա ներդրումները հայտնվում են նոր չափանիշների տակ, իսկ նրանք, որոնք արվել են մինչեւ հուլիսի 15—ը, ոչ»,— հայտարարել են «Uniper» էներգետիկ կոնցեռնում։
Միեւնույն ժամանակ դաշնային կառավարության փորձագետները նախազգուշացնում են, որ «գոյություն ունեցող վարկային եւ ֆինանսական համաձայնագրերի սպասարկման շարունակումն» ամերիկյան օրենսդրության սահմանման տակ է։ «Uniper»—ը «ափսոսանքով փաստում է, որ Միացյալ Նահանգները CAATSA հրահանգների հայտարարված փոփոխությամբ շարունակում է խարխլել Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար կարեւոր ենթակառուցվածքային նախագիծը»։ Դա «միջամտություն է եվրոպական ինքնիշխանությանը»։
Ըստ էության՝ ցանկացած ոք, ով հուլիսի 15—ից հետո մասնակցում է նախագծի շինարարությանը, ֆինանսավորմանը կամ այլ աշխատանքների, կարող է ենթարկվել պատժամիջոցների, եթե չապացուցի, որ դադարեցնում է գործունեությունը՝ կապված գազատարի հետ։ Հին պայմանագրով հետագա պաշտպանություն չի տրամադրվում։
Դաշնային կառավարությունը կանգնել է նախագծի պաշտպանության դիրքերում՝ նաեւ նամակ հղելով ամերիկյան սենատորներին, որոնք հանդես են եկել պատժամիջոցների օգտին։ Գերմանական տեսանկյունից՝ գազատարը ծառայում է ներմուծման դիվերսիֆիկացիային՝ հատկապես հաշվի առնելով, որ Հոլանդիայում ու Հյուսիսային ծովում գազի եվրոպական արդյունահանումն անկում է ապրում։ Այնպիսի խթանների օգնությամբ, ինչպիսին են Հյուսիսային ծովի ափին բնական հեղուկ գազի տերմինալների շինարարությունը, դաշնային կառավարությունը միաժամանակ փորձում է հաշվի առնել ԱՄՆ—ի գազի արտահանման շահերը։
Անցյալ շաբաթ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը քննադատեց պատժամիջոցների սպառնալիքների հստակեցումը. «ԱՄՆ կառավարությունն անտեսում է Եվրոպայի իրավունքն ու ինքնիշխանությունը՝ ինքնուրույն որոշելու, թե որտեղ եւ ինչպես մենք էներգիա կվերցնենք։ Եվրոպական էներգետիկ քաղաքականությունն իրականացվում է Եվրոպայում, այլ ոչ թե Վաշինգտոնում»։
Դա բավարար չէ գերմանական տնտեսության ներկայացուցիչների եւ եվրոպական խորհրդարանականների համար։ Նոր տխուր իրականություն է առաջանում, երբ Միացյալ Նահանգները, առանց խորհրդակցելու դաշնային կառավարության հետ, պատժամիջոցներով սպառնում է գերմանական ընկերություններին, նշել է Գերմանիայի տնտեսության արեւելյան կոմիտեի ղեկավար Մայքլ Հարմսը։ «Եթե մենք երրորդ երկրներին թույլատրենք մեզ կանոններ թելադրել մեր էներգետիկ քաղաքականության մեջ, դա վտանգավոր նախադեպ կլինի։ Վաղը նույնը կարող է ծագել չինացիների գլխում»։
Ծայրահեղ հայտարարությունները, իբր Գերմանիան գազի գնմամբ ֆինանսավորում է ռուսական սպառազինության արդյունաբերությունը, «անազնիվ» է եւ «սահմանակցում է ֆեյքային լուրերին»,–նշել է Հարմսը։ ԱՄՆ—ն առեւտրային ավելի բարձր դեֆիցիտ ունի Ռուսաստանի, քան Գերմանիայի հետ, հիմնականում՝ ամերիկյան նավթի հաշվին, սակայն մասամբ նաեւ Ռուսաստանից գազի գնման պատճառով։ «Եթե խոսքն այն մասին է, որ թուլացնի Ռուսաստանին ու կրճատի եկամուտները, ԱՄՆ—ն դրա համար հիանալի հնարավորություններ ունի նաեւ սեփական երկրում,–շեշտել է Հարմսը։–Դրա փոխարեն պատժամիջոցներ են կատարվում գործնականում բացառապես Եվրոպայի հաշվին»։
Հետազոտող Լեմաննի տեսանկյունից՝ խոհեմ չի լինի, որ միայն գերմանական կողմը, որպես պատասխան, ճնշում գործադրի, քանզի «այդպես մենք կհայտնվենք սայթաքուն ճանապարհի վրա»։
ԱՄՆ պատժամիջոցներից հետո, առաջին հերթին՝ Իրանի, իսկ այժմ՝ Ռուսաստանի դեմ, ավելի ու ավելի կարեւոր է, որ ԵՄ—ն ամրապնդի իր դիրքորոշումը միջազգային առեւտրային վեճերում եւ վավերացնի այն՝ նկատի ունենալով արագորեն վատթարացող ԱՄՆ—Չինաստան հարաբերությունները։ «Ամենաուշը, երբ գերմանական ընկերություններն ԱՄՆ—ի ճնշման տակ դուրս կբերվեն Չինաստանից, ինչ—որ բան պետք է արվի, քանի որ այդ ժամանակ դա կենսականորեն կարեւոր կլինի»։
Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավոր Մարկուս Պիփերը կարծում է, որ 2017 թ. պատժամիջոցների մասին օրենքի վերջին ընդլայնումը գերմանական ընկերություններին հավասարեցնելու է Իրանի հետ։ Խաղերն ավարտվում են։ Եվրոպան, այդ թվում՝ Գերմանիան, պետք է «շտապ մշակեն պատասխան ռազմավարություն»,–ասել է քաղաքական գործիչը։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

29-07-2020





24-11-2020
Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը
«Կարող ենք կառուցել այնպիսի տնտեսական համակարգ, որը հնարավորություն կտա ...


24-11-2020
Ժամանակն է սանձել Թուրքիային
Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաներն ուժգին հարվածում են երկրի տնտեսությանը



24-11-2020
Լոնդոնը ձգտում է օգտագործել Անկարային՝ ընդդեմ Մոսկվայի
Մուրը սերտ հարաբերություններ էր հաստատել Բաքվի վերնախավի ներկայացուցիչների հետ


24-11-2020
Քանի՞ քայլ է մինչեւ հաղթանակ
Այն կարող է սկսվել միայն համախմբման միջոցով

Պատմությունը ...


24-11-2020
Փոքրիկ քննության փորձ
Ինչ է նստած մեր ազգային գենետիկ հիշողության ծալքերում



24-11-2020
Ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում
Էրդողանի որոշակի համառությունը կարող է շատ արագ վերածվել ստրկամտության ...


24-11-2020
Նա մեծ արվեստ էր եկել հետնամուտքով
Իսկ դրանից հեռանալու համար վաստակել էր շքամուտքի իրավունքը




24-11-2020
Պետք է կարողանանք ավելի կոնկրետ եւ ամբողջական տեղեկատվություն հաղորդել
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ ...

24-11-2020
Ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն
Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ...

24-11-2020
Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ ...

24-11-2020
Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի
Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Հորդանան
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO