Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Ես շատ եմ սիրում մարդկանց»

Մարդու բնության անկատարությունը հմուտ կառավարմամբ գործադրել ի նպաստ հանրության բարգավաճման

1714 թ. լույս տեսած «Առակ մեղուների մասին» անմեղ անվանմամբ գիրքը դրա հեղինակին՝ անգլիացի փիլիսոփա եւ բժիշկ Բերնար Մանդեվիլին (1670 1733) իսկույն դարձրեց անողոք քննադատության թիրախ։ Պատճառը ենթավերնագիրն էր, որ պարզապես ցնցեց ոչ միայն գոռոզամիտ եւ ինքնահավան ազնվականությանը, այլեւ լրջախոհ ընթերցողներին՝ «Անհատների արատները՝ հանրության բարգավաճում»։
Ա՛յ քեզ բան, ի՞նչ է ասում այս խելագարը։ Ուրեմն ոչ թե մարդկանց առաքինությունները, այլ արատնե՞րն են հիմքը մարդկանց բարգավաճ համակեցության։ Ի՞նչ է սա, եթե ոչ անբարոյականության անսքող քարոզ։
Իսկ ո՞րն էր, իրոք, Մանդեվիլի նպատակը։ Նախապես, առանց հեղինակությունը նշելու, 1705 թ. նա հրատարակել էր մի ծաղրապոեմ՝ «Ըմբոստացած փեթակը կամ Ազնիվ դարձած խրտվիլակները», որտեղ մեղվափեթակի կյանքի նկարագրությունը թափանցիկ ակնարկություն էր անգլիական հասարակության բարքերի մասին։ Մեղուներն ապրում են ինչպես մարդիկ՝ կան հարուստներ եւ աղքատներ, շքեղություն եւ աղքատություն, առաքինություններ եւ արատներ։ Եվ պարզվում է՝ բոլորն ապրում են մյուսների արատների ու մոլությունների շնորհիվ, միմյանց խաբում են, ճնշում, ունեզրկում, հաճոյանում, քծնում եւ այլն։
Իսկ երբ կամոքն Յուպիտեր աստծո նրանք ազատվում են իրենց արատներից՝ փեթակի կյանքն արդեն դառնում է գորշ, աղքատիկ, անհրապույր, մեղուներն էլ՝ ծույլ եւ անկամ։
Ինքնին հասկանալի է, թե դժգոհության ինչ փոթորիկ բարձրացավ։ Ահա թե ինչու գրքի նախաբանում Մանդեվիլը հարկ է համարում պաշտպանվելու քննադատներից, որոնց մեծ մասը խեղաթյուրված էր մեկնաբանում հեղինակին, թե իբր ցինիկորոն ծաղրում է մարդկային առաքինությունները եւ խթանում արատների տարածումը։ Մանդեվիլը նրբորեն չեզոքացնում է մեղադրանքը. չէ՞ որ Միշել Մոնտենի մասին ընդունված է ասել, հիշեցնում է նա, թե լավ էր գլուխ հանում մարդկանց թերություններից, բայց անտեղյակ էր մարդու բնույթի դրվատելի հատկություններից. «Եթե իմ մասին դրանից ավելի վատ չասեն, ես կմտածեմ, որ օգուտ եմ տվել»։ Պակաս համոզիչ չէ մյուս փաստարկը. «Ի՞նչ վնաս կարող եմ ես հասցնել մարդուն, եթե իմ շնորհիվ նա իր մասին փոքր—ինչ ավելի կիմանա, քան մինչ այդ գիտեր»։
Անտարակույս, Բերնար Մանդեվիլի տված օգուտը կասկածից վեր է, եւ անգամ թունդ քննադատներն իրենց հետագա տեսական դատողություններում օգտվել են նրա մի շարք դրույթներից։ Այդքան արտառոց պնդումը, թե անհատների արատները հանրության բարգավաճման պայմանն են, այս կամ այն կերպ օգտագործել են շատերը՝ ուտիլիտարիզմի կողմնակից փիլիսոփաները, «բանական եսականության» անհրաժեշտությունը հիմնավորող բարոյագետները, «տնտեսական մարդու» հայեցակարգին հարող տնտեսագետները, ինչպես նաեւ թվարկված ուսմունքներով կողմնորոշվող քաղաքական գործիչներն ու պետության ղեկավարները։ Պերճախոս է Ադամ Սմիթի օրինակը. նախապես, երբ նա բարոյախոսությամբ էր զբաղվում (Գլազգոյի համալսարանի բարոյագիտության ամբիոնի վարիչն էր), կտրուկ մերժում է Մանդեվիլի հայացքները՝ դրանց հակադրելով մարդուն իբր բնատուր համակրանքի զգացումի համահանրային դերակատարման իր հայեցակարգը, բայց հետագայում, դառնալով տնտեսագետ, փաստորեն հարում է մանդեվիլյան դիրքորոշմանը՝ հանրային կյանքը կարգավորող շուկայի «անտեսանելի ձեռքի» գործառության հիմքում դնելով «եսական» մարդու բնույթին հատուկ «շահաստացության» մղումը։
Մանդեվիլը մարդու բնույթի հետազոտման իր նպատակադրման գործնական պաթոսը միանգամայն հստակ է ձեւակերպել։ Բնավ խնդիր չի դրված վիրավորելու ոմանց կամ մարդատյացություն քարոզելու. նման բան ինձ մի վերագրեք, պնդում է Մանդեվիլը, հավելելով՝ «ես շատ եմ սիրում մարդկանց»։ Փիլիսոփայի համար ավելի կարեւոր է ցույց տալ մարդկանց՝ ավանդաբար պարսավելի հատկություններից դրական արգասիք ստանալու կառավարչական հնարավորությունը, այսինքն՝ որ «առանձին անհատների արատները հմուտ կառավարմամբ կարող են ի սպաս դրվել ամբողջի համընդհանուր երջանկությանը եւ վեհությանը»։ Ահա հատկապես համարժեք կառավարման ապահովումն է «Մանդեվիլի պարադոքսի» շիտակ լուծումը։ Եվ արդեն քսաներորդ դարի վերջին, «հումանիստական հոգեբանության» առաջատար ներկայացուցիչ Աբրահամ Հարոլդ Մասլոուն առաջարկեց «լուսավորյալ կառավարման» հայեցակարգը՝ ըստ էության մանդեվիլյան հարցադրման ոգով։
Ըստ Մանդեվիլի՝ շատ վտանգավոր մոլորության են հասցնում այն հայեցակարգերը, որոնք մարդու բնույթը հռչակում են ի սկզբանե դրական, տարատեսակ առաքինությունների աղբյուր։ Նա կոչ է անում ընթերցողին «մարդու բնույթ» ասվածի մեջ տեսնել ամենից առաջ կենդանի արարածին ներհատուկ ինքնապահպանության բնազդը, «բնության օրենքը», պարզ մի իրողություն. «Աշխարհում ամենուր չկա ավելի անկեղծ մի բան, քան արարածների սերն է դեպի ինքն իրեն... գոյություն չունի ոչինչ առավել անկեղծ, քան ինքն իրեն պահպանելու կամքը, ցանկությունը եւ մղումը»։ Եվ ուրեմն, անխուսափելի է այլոց հանդեպ մարդկային էակի դիրքորոշումը. «Մարդը չի կարող մեկ ուրիշին ավելի լավ բան ցանկանալ, քան ինքն իրեն»։
Թեպետ այս եզրակացությունն ավելի գերադասելի է, քան թոմասհոբսյան «բոլորի պատերազմը բոլորի դեմ» ճակատային ձեւակերպումը, բայց նույնպես չի ընդունվում բարոյախոսների շրջանում։ (Խնդրո առարկայից չշեղվելու համար սոսկ հիշեցնեմ, որ նրանց շուտով առավել մեծ փորձություն էր սպասում՝ 1726 թ. լույս էր տեսնելու Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» գիրքը)։ Ըստ Մանդեվիլի՝ մերժման պատճառներից մեկը մարդուն բնորոշ ինքնարդարացումն է՝ մեր հոգեբանության այն հատկությունը, որով մեր արարքների համար միշտ գտնում ենք մեզ արդարացնող բացատրություն, ինչը դյուրին է լինում, քանի որ եսականությունը միշտ չէ այդքան բացահայտ, այլ տարատեսակ դրսեւորումներ է ունենում։ Մյուսը քաղաքավարության պահանջն է. մեզ մանկուց ընտելացնում են մեր որոշ ցանկությունների մասին շիփ—շիտակ չխոսել. «Գերեզմանափորին քարածեծ կանեն, եթե բացահայտ ասի, թե ցանկանում է իր համաքաղաքացիների մահը, թեպետ ամեն ոք գիտի, որ նա ապրուստի այլ միջոց չունի»։
Մանդեվիլը հանգամանորեն դիտարկում է, թե հանրային կյանքում որքան դրական դեր կարող են խաղալ նախանձը, կեղծավորությունը, քծնանքը, գոռոզությունը, սնապարծությունը, ծուլությունը, ագահությունը եւ այլն։ Մենք սովորաբար քողարկում ենք նման արատները, մինչդեռ, օրինակ, «նախանձը աշխատասիրության ծառան է». բազում օրինակներ են վկայակոչվում դպրոցականների, գրողների, նկարիչների եւ այլ զբաղմունքի տեր մարդկանց միջավայրում նախանձի հարուցած արգասաբեր ջանասիրության, եռանդի, մրցակցային ոգու, ստեղծարար աշխատանքի դրսեւորման։
Մարդկային մի շարք առաքինություններ նույնպես Մանդեվիլի ուշադրության կենտրոնում են. քննարկվում են դրանց էությունն ու դրսեւորման ձեւերը, օրինակ՝ գթասրտություն, բարեգործություն, կարեկցանք, խղճահարություն։ Այդուհանդերձ, որպես գործունեության դրդապատճառ դրանք զիջում են արատների ուժին. «Շատ քիչ առաքինություններ են մարդկանց ապահովում աշխատանքով, ուստի դրանք փոքրաթիվ ժողովրդին կարող են դարձնել բարի, սակայն երբեք ունակ չեն լինի մեծ դարձնելու»։ Փիլիսոփան հետեւողական է մարդկային արատների հանրային բացառիկ դերակատարման հարցում՝ պնդելով, թե առերեւույթ ամեն մի առաքինի արարքի խորքում հնարավոր է հայտնաբերել եսական բնույթի շարժառիթ. «Այն, ինչ մենք անում ենք մեր ընկերների կամ ազգականների համար, մենք մասամբ անում ենք ինքներս մեզ համար»։ Համենայն դեպս, դժվար է չհամաձայնել նրա մի սրամիտ ամփոփմանը, թե «հպարտությունն ու սնապարծությունն ավելի շատ հիվանդանոցներ են կառուցել, քան բոլոր առաքինությունները՝ միասին վերցրած»։
Մանդեվիլի դատողությունները մեզ հանգեցնում են կարեւոր եզրակացության. հանրային կյանքի բարեփոխման ծրագրերը, շեշտը դնելով քաղաքական, տնտեսական եւ կազմակերպական միջոցառումների վրա, ձախողվում են, եթե ինչպես հարկն է չեն շոշափում նաեւ մարդկանց չբարձրաձայնվող ցանկությունները, այլ ելնում են ինչ—որ վերացական, մասամբ էլ իդեալականացված պատկերացումներից։ Մարդկանց հանրային վարքում էական փոփոխություններ լինում են, եթե առարկայական վերափոխումներն այս կամ այն կերպ ներառում են նրանց եսական շահերը, հատկապես դրանից ածանցված ագահությունը, նախանձը, ընչաքաղցությունը, փառասիրությունը, գոռոզությունը, մրցակցային մոլուցքը։ Մեկ էլ կարդանք Մանդեվիլի գրքի եզրափակիչ տողը. «Ափսոսանքով հրաժեշտ եմ տալիս ընթերցողին եւ հավարտ հիշեցնում գրքիս տիտղոսաթերթին զետեղված թվացյալ պարադոքսը՝ առանձին անձանց արատները քաղաքական ճարտար գործչի հմուտ կառավարմամբ կարող են վերափոխվել հանրության բարիքի»։ Մինչդեռ այս պարտավորությունից խուսափող կամ դա անելու անընդունակ իշխանական պորտաբույծ վերնախավը քողարկվում է երեսպաշտական բարոյախոսությամբ, քարոզում բարձր արժեքներ՝ իրականում հակված սեփական արատների բավարարմանը։ Այդօրինակ երկակի բարոյախոսության մերկացումը Մանդեվիլի ծառայություններից մեկն է։ Այլ մտածողներին թողնելով մարդկային էակի առաքինությունների ու բարեմասնությունների (իրական եւ երեւութենական) քննարկման, գնահատման եւ փառաբանման գործը՝ Մանդեվիլը իր վերլուծական միտքը կենտրոնացրեց մարդու բնույթի այն կողմի վրա, որից շատերը հաշվենկատ կեղծավորությամբ կամ երկչոտ լռությամբ խուսափում էին։
Այսկերպ՝ անգլիացի բժիշկ—փիլիսոփան շարունակեց մարդու բնույթի ուսումնասիրության ասպարեզում իր հայրենակիցներ Թոմաս Հոբսի եւ Ջոն Լոկի մոտեցումը, հատկապես մարդուն բնորոշ «եսականության» անհատական եւ հանրային նշանակության պարզաբանման հարցում, ընդ որում շատ ավելի հետեւողականորեն եւ համարձակորեն, քանի որ չվարանեց հակադրվել ոչ միայն ժամանակակիցների վերացական, ռոմանտիկ հայեցակարգերին, այլեւ հանրային կարծիքի մեջ իշխող կեղծ, մոլոր պատկերացումներին։
Մանդեվիլի «Առակ մեղուների մասին» գիրքը մարդու ինքնաճանաչման եւ սթափ ինքնագնահատականի վերաբերյալ ազնիվ ու անկեղծ, նաեւ մեզ պարտադրված մոլորություններից ազատագրող լավագույն գրքերից մեկն է. «Ամենագլխավոր պատճառներից մեկը, որ այդքան քիչ մարդ է ինքն իրեն հասկանում, այն է, որ հեղինակների մեծամասնությունը նրանց սովորեցնում է, թե ինչպիսին պետք է լինեն, բայց ամենեւին ջանք չեն թափում մարդկանց ասելու, թե ինչպիսին են իրականում»։
Մեկ ամփոփիչ միտք՝ լրացնելու համար Բերնար Մանդեվիլի հավատամքի մասին մեր պատկերացումը. «Ես հեռու եմ այն բանից, որ խրախուսեմ արատները եւ մտածում եմ, որ եթե պետությունից հնարավոր լիներ լիովին արտաքսել բարոյական աղտեղության մեղքը, ապա դա պետության համար կլիներ աննկարագրելի երջանկություն, բայց վախենամ թե դա անհնարին է»։ Անցել է երեք հարյուր տարի այս անկեղծ ձեւակերպումից, եւ որքան էլ խոսենք քաղաքակրթության առաջընթացից՝ հարկադրված ենք արձանագրելու, որ իրականությունն ավելի է համապատասխանում անգլիացի փիլիսոփայի մտքին, քան նրա քննադատների տեսակետին։ Ուստի եւ ավելի քան հրատապ է նրա հորդորը՝ մարդու բնության անկատարությունը հմուտ կառավարմամբ գործադրել ի նպաստ հանրության բարգավաճման։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

30-07-2020





24-11-2020
Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը
«Կարող ենք կառուցել այնպիսի տնտեսական համակարգ, որը հնարավորություն կտա ...


24-11-2020
Ժամանակն է սանձել Թուրքիային
Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաներն ուժգին հարվածում են երկրի տնտեսությանը



24-11-2020
Լոնդոնը ձգտում է օգտագործել Անկարային՝ ընդդեմ Մոսկվայի
Մուրը սերտ հարաբերություններ էր հաստատել Բաքվի վերնախավի ներկայացուցիչների հետ


24-11-2020
Քանի՞ քայլ է մինչեւ հաղթանակ
Այն կարող է սկսվել միայն համախմբման միջոցով

Պատմությունը ...


24-11-2020
Փոքրիկ քննության փորձ
Ինչ է նստած մեր ազգային գենետիկ հիշողության ծալքերում



24-11-2020
Ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում
Էրդողանի որոշակի համառությունը կարող է շատ արագ վերածվել ստրկամտության ...


24-11-2020
Նա մեծ արվեստ էր եկել հետնամուտքով
Իսկ դրանից հեռանալու համար վաստակել էր շքամուտքի իրավունքը




24-11-2020
Պետք է կարողանանք ավելի կոնկրետ եւ ամբողջական տեղեկատվություն հաղորդել
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ ...

24-11-2020
Ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն
Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ...

24-11-2020
Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ ...

24-11-2020
Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի
Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Հորդանան
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO