Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան մնացել է մենակ

«Հունաստանն ու Կիպրոսի հարավային մասը կարողացան տարածաշրջանային բախումը վերածել Թուրքիայի ու Եվրամիության միջեւ հակամարտության»

Մեր թերթի անցած համարում արդեն խոսել ենք այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիությանը կոչ է արել «պատժել Թուրքիային Հունաստանի ու Կիպրոսի ինքնուրույնությունը Միջերկրականում խախտելու համար»։
Նա, մասնավորապես, քննադատել է Անկարային հունական տարածքային ջրերում նավթային պաշարների հետախուզության պլանների համար, իսկ Աթենքում հայտարարել են թուրքերի հետ հակամարտությունում ռազմական գործողությունների իրականացման պատրաստակամության մասին…
Հարկ է նշել, որ Կիպրոսն անկախություն է ձեռք բերել 1960 թ.։ Անկարան, Աթենքն ու Լոնդոնը դարձել են այնտեղ ապրող հունական ու թուրքական համայնքների իրավունքների երաշխավորները։
Իհարկե, թուրքերն այնտեղ հայտնվել էին Թուրքիայի միջամտությամբ՝ հետագայում այդ երկրի շահերը պաշտպանելու եւ Հունաստանի դեմ գործելու համար։ Իսկ 1960 թ. թուրքերն այնտեղ կազմում էին բնակչության 18 տոկոսը։ Ավելի ուշ Թուրքիան զորքեր մտցրեց եւ զբաղեցրեց Կիպրոսի տարածքի 37 տոկոսը։ Այդպես ձեւավորվեց, այսպես կոչված, Կիպրոսի Թուրքական Դաշնային Պետությունը, որը մեկ տարուց ավելի չպետք է գոյատեւեր։
Սկզբում պլանավորվում էր ստեղծել դաշնային պետություն, որում պետք է պահպանվեին երկու համայնքի իրավունքները։ Սակայն կողմերն այդպես էլ չկարողացան պայմանավորվել։ Թուրքերը հռչակեցին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը ճանաչվեց միայն Անկարայի կողմից։
Միջազգային հանրությունը դատապարտեց այդ գաղափարը։ Ներկայումս կղզին բաժանում է, այսպես կոչված, կանաչ գիծը։ Կղզու երկու մասում ապրող համայնքներին հաշտեցնելու փորձեր, իհարկե, եղել են։ 2004 թ. նույնիսկ իրական հնարավորություն կար՝ Կիպրոսը վերածելու դաշնային տերության։ Այդ ժամանակ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Քոֆի Անանն առաջարկեց պլան, համաձայն որի՝ պետք է ստեղծվեր Կիպրոսի միացյալ պետություն՝ բաղկացած երկու ինքնավար մարզից։ Կառավարությունը պետք է գլխավորեին երկու թուրք եւ չորս հույն։ Անցկացվեց հանրաքվե։ Կիպրոսի թուրքերը հիմնականում պաշտպանեցին այդ պլանը, քանի որ հույս ունեին դրա շնորհիվ դուրս գալ քաղաքական ու տնտեսական այն մեկուսացումից, որում գտնվում էին։ Սակայն հույները մերժեցին այդ պլանը՝ համարելով, որ այն չափազանց թուրքամետ է, քանի որ Թուրքիայի զինված ուժերը պետք է մնային կղզում (ներկայումս Հյուսիսային Կիպրոսում կա 40 հազար թուրք զինվոր ու սպա)։ Բացի այդ, հույներին արգելվում էր անշարժ գույք գնել հյուսիսային՝ կղզու ավելի հետ մնացած մասում։
Արդյունքում Եվրամիությունը որոշեց շնորհակալություն հայտնել թուրքերին փոխզիջման հասնելու պատրաստակամության համար. համայնքի վրայից հանվեց տնտեսական էմբարգոն, նրան թույլատրվեց առանց հարկեր մուծելու Եվրոպա մրգեր ու բանջարեղեն արտահանել, նաեւ մի քանի հարյուր մլն եվրո ֆինանսական օգնություն հատկացվեց։ Իսկ հույները շատ ավելի շռայլորեն պարգեւատրվեցին. 2004 թ. Կիպրոսի Հանրապետությունն ընդգրկվեց Եվրամիության կազմում։
Իրավիճակն առավել են բարդացնում կղզու շուրջ բացահայտված էներգակիրների խոշոր հանքավայրերի մշակման շուրջ բանավեճերը։ Ներկայումս Արեւելյան Միջերկրականում հայտնի է գազային չորս հանքավայր՝ կիպրոսյան «Աֆրոդիտան» (127 մլրդ խմ), եգիպտական «Զոհրը» (850 մլրդ խմ), ինչպես նաեւ իսրայելական «Լեւիաֆանը» եւ «Թամարը» (համապատասխանաբար՝ 620 եւ 200 մլրդ խմ)։
Անկարան հայտարարում է, որ հանքավայրերից ստացված շահույթը պետք է կիսել Հյուսիսային Կիպրոսի հետ։ Արդյունքում Թուրքիան անցած տարվա մայիսին Կիպրոսի ուղղությամբ շարժեց իր երկու հորատող սարքավորումները՝ «Ֆաթիհն» ու «Յավուզը»։
Եվրամիությունն այդ պատճառով պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ։ Բրյուսելը որոշեց կրճատել ֆինանսական այն օգնությունը, որը Թուրքիային էր տրամադրվում այն բանի համար, որ նա Եվրամիության կազմ մտնելու թեկնածու էր, նաեւ դադարեցրեց բարձր մակարդակով շփումները եւ վերանայեց Թուրքիայի հետ Եվրոպական ներդրումային բանկի համագործակցությունը։ Ի պատասխան՝ թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ, անկախ ամեն ինչից, կշարունակեն հետազոտական աշխատանքները, իսկ հորատումը կընթանա այդ երկրի զինված ուժերի պաշտպանությամբ։
Իհարկե, հայտնաբերված էներգակիրների վերամշակման հարցում հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ միջազգային խաղացողները՝ Իտալիան, Ֆրանսիան, ԱՄՆ—ն, Լիբանանը, Եգիպտոսը, Իսրայելը։ Գործնականում Անկարան նրանց պետք է միայնակ դիմակայի։ Ձեւավորվել է երեք եռանկյունի՝ Կիպրոս—Հունաստան—Իսրայել, Կիպրոս—Հունաստան—Լիբանան եւ Կիպրոս—Հունաստան—Եգիպտոս։ Այս խմբերից յուրաքանչյուրի շրջանակներում կնքվել են եռակողմ պայմանագրեր ծովային սահմանի անցկացման վերաբերյալ։ Այդպես նրանք բաժանել են կղզու շուրջ հայտնաբերված հանքավայրերի մեծ մասը։ Իսկ Թուրքիան, որը համաձայնագրեր է ստորագրել միայն Հյուսիսային Կիպրոսի ու Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ, չի ընդունում այդ պայմանագրերը։ Այս հարցում Եվրամիությունը պաշտպանում է Կիպրոսի Հանրապետությանը։ Բրյուսելը հավանության է արժանացրել Արեւելամիջերկրածովյան գազամուղի նախագիծը, որը համաձայնեցված է Իսրայելի, Կիպրոսի ու Հունաստանի կողմից։ Բացի այդ, ԵՄ—ի համաձայնությամբ Կահիրեն ու Կիպրոսը պայմանագիր են ստորագրել Միջերկրական ծովի հատակին մայրուղային գազատարի կառուցման վերաբերյալ, որը կապում է Կիպրոսն ու Եգիպտոսը։
Թուրքիան, ձգտելով պահպանել իր կարգավիճակը որպես եվրոպական գլխավոր գազային հանգույց, զգուշանում է Արեւելյան Միջերկրականում այլընտրանքային գազատարներ տեղադրել։ Բացի այդ, առանց թուրքական համայնքի Կիպրոսի մասնակցությունը նման լայնածավալ նախագծերին ցույց է տալիս, որ համաշխարհային հանրությունն ամբողջությամբ հունական համայնքի կողմում է, եւ դա էլ ավելի է բարդացնում Կիպրոսի խնդրի լուծումը։
Ռուսաստանը փորձում է չեզոք դիրքորոշում ցուցաբերել այս հարցում. Մոսկվան դատապարտել է ԵՄ—ի  պատժամիջոցները Թուրքիայի դեմ՝ ասելով, որ դա միայն կուժեղացնի տարածաշրջանում երկար ժամանակ չկարգավորված հակամարտությունը՝ միաժամանակ նշելով, որ դա «ամենեւին չի նշանակում, որ ռուսական կողմը պաշտպանում է Անկարայի գործողությունները»։
Հասկանալի է, որ համաշխարհային տերության կարգավիճակի ձգտող կամ ավելի շուտ՝ նման հավակնություններ դրսեւորող Թուրքիան խոշոր ռեսուրսների կարիք ունի, նաեւ չի փորձում խուսափել տարածաշրջանային ու համաշխարհային խաղացողների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Հունաստանի հետ դիմակայությունից։
«Հունաստանն ու Կիպրոսի հարավային մասը կարողացան տարածաշրջանային բախումը վերածել Թուրքիայի ու Եվրամիության միջեւ հակամարտության։ Բացի այդ, ֆրանսիական կառավարությունն օգտագործեց առաջացած լարվածությունը, որպեսզի դադարեցնի Թուրքիայի՝ Եվրամիությանը հնարավոր միացումը»,- ասել է թուրք քաղաքագետ Սերքան Դեմիրթաշը։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

30-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO