Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հուշապատում

ԵՐԿՈՒ ԲԱԶՈՒԿ...

Կրկին ճաշի սեղանի շուրջ ենք։ 1954 թվի աշնան սկիզբն էր։ Մենք մորս հետ նոր էինք վերադարձել Մոսկվայից։ Պապիկը հարցեր էր տալիս. ի՞նչը հավանեցիր Մոսկվայում, ի՞նչը քեզ այնտեղ զարմացրեց։
Զարմացրեց, որ մարդիկ այնտեղ փողոցում ուտում էին, կանայք մանավանդ, էլեկտրագնացքում բոլորը խնձոր էին ուտում։ Մեկ էլ ահավոր ուժեղ գոռում էր ամպրոպը։ Պավլուշա քեռու ամառանոցում այնպիսի կայծակներ էին խփում, որ հիշում էի մեր Սեւանա կղզին։
Մայրիկս ասաց, որ երկու թե երեք օր անընդմեջ մենք գնացել ենք դիտելու Տրետյակովյան պատկերասրահը, եւ որ Ավիկը մի ամբողջ աշակերտական տետր գրառումներ է արել՝ իր տպավորությունները Տրետյակովյան թանգարանի մասին։
Պապիկը շատ հետաքրքրվեց.
Ու՞ր է այդ օրագիրը, բե՛ր տեսնեմ։
Ես բերեցի իմ տետրը, որը ծայրեծայր լցված էր իմ գրառումներով, եւ որն անվանել էի «Օրագիր, Մոսկվա 1954 թ.»։
Պապիկը տետրն առավ ձեռքը, թերթեց.
Լավ է, լավ, տեսնում եմ առանձին—առանձին գրել ես քո հավանած նկարիչների եւ նրանց գործերի մասին։ Մի քանի էջ կարդա լսեմ։
Եվ ես սկսեցի կարդալ, ինչ—որ մի պատկերի նկարագրության մեջ օգտագործել էի «բազուկ» բառը։
Բազու՞կ, հարցրեց պապիկը, դու նկատի ունես ձեռքի՞ բազուկը։
Այո՛, ասացի ես՝ ցույց տալով իմ ձախ ձեռքի բազուկը։
Լավ բառ է, դու ո՞ր դասարանում ես հիմա։
Սեպտեմբերից երրորդ։
Շատ լավ է, գոհունակությամբ ասաց պապիկը, ես այդ տարիքում չգիտեի բազուկ բառը։ Ապրե՛ս։ Բայց դու գիտե՞ս, որ էլի մի բառ կա բազուկ անունով։
Գիտեմ, պապիկ ջան, դա այն բազուկն է, որ մաման գցում է բորշչի մեջ։
Դե որ այդպես է, պապիկը ուղղվեց մորս՝ Բելլային, վաղը, Բելլա ջան, մի լավ բորշչ եփիր մեր Ավիկի պատվերով։

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Հաճախ էր լինում մեր տանը, որ ճաշի սեղանի շուրջ խոսակցություններ, զրույցներ էին ծագում, քանի որ ճաշի ժամին (իսկ դա սովորաբար ժամը 5—ն էր) բոլորս հավաքվում էինք, իրար հետ էինք։ Եվ խոսքն ու զրույցը բարի ավանդույթ էր դարձել։
5—րդ դասարանում էի սովորում, մենք ինչ—որ շարադրություն պետք է գրեինք, ուր պիտի օգտագործվեր Աստված բառը։ Ես ինձ համար մտածում էի՝ ինչպես պիտի գրվի այդ բառը, հավանաբար առաջին տառը մեծատառով։
Եվ, ահա, հիշելով դա, ճաշին հարց ու փորձի ժամանակ ես պապիկին հարցրի.
Պապիկ, Աստված բառը ինչպե՞ս պետք է գրվի։ Կարծում եմ՝ առաջին Ա տառը պետք է գրվի մեծատառով։
Աստված բառը, Ավիկ ջան, պետք է գրվի ամեն մի տառը մեծատառով եւ կրկնեց. ԱՍՏՎԱԾ։

«ԵԹԵՐԱՅԻՆ ՊԻՏ ԸԼԼԱ...»
Բեռլին, 1914 թիվ, հուլիս. Իսահակյանը նույն թվականի մարտ ամսից Ժնեւից ընտանիքով տեղափոխվել էր Գերմանիայի մայրաքաղաք, ուր անհապաղ գործեր ուներ՝ կապված «Հայագերման ընկերության» հետ, որի կազմ.քարտուղարն էր։ Ի դեպ, հենց այս շրջանում Բեռլինում Պարսկաստանի դեսպանն էր ազգությամբ հայ Հովհաննես Խան—Մասեհյանը՝ Շեքսպիրի հայերեն անզուգական թարգմանիչը։ Իսահակյանը Մասեհյանի հետ ընկերացել էր Վիեննայում 1912 թվականին։ Եվ այստեղ նրանք հաճախ էին հանդիպում։ Սիրում էին ժամանակ անցկացնել քաղաքի կենտրոնում՝ Ալեքսանդեր պլացեի սրճարաններից մեկում, օրինակ «Ռեյնֆալ»—ում, որը տեղավորված էր փողոցի երկայնքով ձգվող զբոսուղիում։ Այնպես որ՝ սեղանների կողքով միշտ մարդիկ էին անցնում։ Դրսում, փողոցում, հրապարակում տեղադրված կաֆեները նորաձեւություն էր՝ Եվրոպա մտած, իհարկե Փարիզից։ Բացի «Հայկական հարցի» շուրջ պոետի եւ դիվանագետի ունեցած հայացքներից, նրանց մտերմացնում էր ընդհանուր մեծ սերը Շեքսպիրի հանդեպ։ Իսահակյանը գրել է, որ իր թարգմանություններով Հովհաննես Մասեհյանը կարողացել է գոտեմարտի բռնվել «անգլո—սաքսոն հանճարի» հետ։
Հենց նույն՝ 1914 թվին, Մասեհյանը մի մեծ լավություն է արել իր բանաստեղծ ընկերոջը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսված տարին նա Իսահակյանին եւ նրա ընտանիքի անդամներին Պարսկաստանի միջազգային անձնագիր է հանձնել «Avetis Bayazid» անվամբ (պոետի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի հայրենի Բայազետ քաղաքի անունով)։ Եվ շնորհիվ այդ անձնագրի՝ ռուսահպատակ Իսահակյանը պատերազմող Գերմանիայից անարգելք կարողացավ մեկնել Շվեյցարիա 1915 թ. օգոստոսին եւ Ժնեւում էլ շարունակեց ապրել այդ անձնագրով։
Հարկ է ասել, որ Մասեհյանը մեր երկրում սիրված անուն է, քանի որ մենք՝ հայերս, շատ ենք սիրում Շեքսպիրին։
Իսահակյանը հաճախ էր հիշում Մասեհյանին, մի առանձին սիրով պահպանում էր Շեքսպիրյան պիեսների նրա թարգմանությունները՝ «Համլետ», «Օթելլո», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Մակբեթ», տպագրված չորս հատորով, 1921—1923 թթ. Վիեննայում (Մխիթարյան միաբանության տպարան)։ Բոլոր այդ չորս հատորը կրում են թարգմանչի ընծայագիրը։ Եվ այսօր էլ նրանք պահվում են Ավետիք Իսահակյանի ընտանիքի գրադարանում, որպես հազվագյուտ մատենագիտական նմուշներ։
Առանձին ջերմությամբ էր հայրս՝ Վիգենը, տալիս Հովհաննես Խանի անունը, որովհետեւ հենց նա էր 12—ամյա Վիգենին նվիրել նրա առաջին լուսանկարչական ապարատը, որը եւ խորհրդանշական ձեւով առաջ բերեց պատանու հետաքրքրությունը դեպի կինոնկարը։ Այնպես որ, Իսահակյանի Ժնեւում եւ հետո Վենետիկում գտնվելու տարիներին Հովհաննես Մասեհյանը մեկ անգամ չէ, որ հյուր է եղել Իսահակյանին։
Բայց հիմա վերադառնանք Բեռլին՝ Ալեքսանդերպլացե՝ «Ռեյնֆայլ» սրճարան։ Մի իրապես զվարճալի դրվագ՝ կապված Հովհաննես Խանի, «Ռեյնֆայլ» կաֆեի եւ երկուական գավաթ գարեջրի ու սուրճի հետ։
Նկատեմ, որ երբ Իսահակյանի մոտիկ շրջապատում տալիս էին Հովհաննես Մասեհյանի անունը, բանաստեղծը միշտ սիրով էր հիշում մեծանուն ընկերոջը։ Մի անգամ մի զրույցի ժամանակ նա արեց հետեւյալ զվարճալի պատմությունը։ Ես ականջալուր եմ եղել հիշյալ զրույցին։
Հիմա չեմ հիշում, ո՞վ էր այդ երեկո Վարպետի հյուրը, կարծես հենց հայ շեքսպիրագետ Ռուբեն Զարյանը, իսկ գուցե գրող Հրաչյա Քոչարը, դա էական չէ։
Ուրեմն, պատմում է Վարպետը.
«Այդ սրճարանը մեր սիրած վայրն էր, որովհետեւ դու այնտեղ քեզ զգում էիր քաղաքի եռուզեռի մեջ, մինչեւ մի կում գարեջուր էիր խմում, սեղանիդ կողքով մի գեղեցիկ կին էր անցնում, երբեմն մենակ, երբեմն երեխով։ Մենք ծխում էինք, կրկին սուրճ պատվիրում ու հանկարծ Հովհաննես Խանը խոսակցության նյութը կտրուկ փոխեց.
Չէ, ինչ ուզում ես ասա, Ավետիք, կինը պետք է նուրբ լինի, նիհարուկ։ Ա՛յ, որ կողքիցդ անցնի, անգամ քայլքը չզգաս, որ քեզ թվա, թե մի հովիկ կողքիցդ անցավ, անգամ կոշիկների թխկթխկոցը չլսես, մեղմ....
Ես բնավ չէի կիսում ընկերոջս ասածը՝
Հովհաննես Խան, իմ կարծիքով, հենց կին բառի մեջ ամփոփված է շատ հատուկ, հենց կանացի կերպարի խորհուրդը, կին, այսինքն՝ իր սեռին բնորոշ արարած՝ իր բոլոր բարեմասնություններով, եւ որքան այդպիսիք ընդգծված, այնքան կարծես հաստատում է իր կին լինելը. կուրծքը բարձր, լեցուն կյանքով, պարանոցը՝ հոլանի, մեջքի պարագիծը՝ յուր տեղում՝ ընդգծող մարմնի այլ մասերը, ոտքերը, թեւերը, մանավանդ գերմանուհիների՝ լեցուն ու ճերմակ։ Եվ վերջապես եթե գրկես՝ զգաս, որ կին ես գրկել, կին, որ կարող է խելքահան անել անգամ դեռ մի խոսք չարտաբերած...
Ավետիք, եւ դա ասում ես դու՝ պոետդ, որ պիտի սիրե անրջային աղջկա, պախրայի պես քնքուշ, սլացիկ, անգամ կին չպիտի լինի, այլ երազային տեսիլք, եւ ոչ թե քայլի երկրի վրայով, այլ թռչի, եթերային պիտ ըլլա...
Դե, ես էլ չդիմացա, թեթեւակի բորբոքվեցի ու ասի.
Դե եթե էդպես է, Հովհաննես Խան, արդեն երեք ժամ նստած ենք զրույցի, մեր կողքով անցնում էին ասածդ եթերային տեսիլքները՝ նուրբ, անքաշ, բայց դու գոնե մեկ անգամ հայացքդ չփոխեցիր։ Բայց հենց որ մեր սեղանի մոտով անցնում էր, ջավախքեցու լեզվով ասած, մի «ղոջա...» կին, իսկույն շուռ էիր գալիս ու նրա ետեւից երկայն—երկայն նայում, մուշտուկդ անուշ քաշելով։ Դե, ասա՛, հիմա խոսքիդ հավատա՞մ, թե՞ տեսածիս, ա՛յ իմ Խան ընկեր։
Պատասխանը չհաջորդեց... Մնացյալը՝ լռություն»։
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ
21 հուլիսի, 2020 թ.
Ուշի

31-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO