Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանի էթնիկ քարտեզը

Ադրբեջանի Հանրապետության ստեղծման ոդիսականը

Ընդամենը հարյուրամյա պատմություն ունեցող Ադրբեջանի Հանրապետություն կոչվող պետական միավորը մինչ օրս էթնիկ ինքնության փնտրտուքների մեջ է։ Պատմականորեն գոյություն չունեցող «ադրբեջանցի» կոչվող ժողովուրդն այսօր էլ ունի ինքնության լուրջ դեֆիցիտ։ Թերեւս, դրանով կարող ենք բացատրել այդ ժողովրդի ագրեսիվությունը, երբ չգիտեն, թե ովքեր են՝ թուրք, պարսիկ, մար, թե Աղվանքի ժողովրդի սերունդներից։ Բանը հասնում է նույնիսկ այնտեղ, որ անգամ Ուրարտուն են դիտում ադրբեջանցիների նախահայրենիքը, իսկ ուրարտացիներին՝ իրենց նախնիները։ Իհարկե, վերջիններիս համարելով հին թյուրքական մի ժողովուրդ։ Շումերներն էլ, ի դեպ, չեն փրկվել թյուրք լինելու «պատվից»։
Ադրբեջան պետության էթնիկ քարտեզը միատարր չէ, այն տարբեր ժողովուրդներից կազմված խճանկար է, որն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով ներկայանում է որպես միատարր պետություն։ Ադրբեջանի էթնիկ պատկերը ներկայացնելու համար «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Հայ—ռուսական համալսարանի արեւելագիտության ինստիտուտի (ֆակուլտետ) տնօրեն, հայտնի արեւելագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ։
Հարավարեւելյան Կովկասում, որտեղ նեկայումս գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը, մինչեւ 19—րդ դարի սկիզբը, չնայած տարբեր թյուրքական ցեղեր էին ապրում, սակայն թյուրքալեզվությունը դեռեւս լայն տարածում չուներ։ Այդ երկրամասում ապրում էին հիմնականում իրանալեզու ժողովուրդներ. հարավում թալիշներն էին, Ապշերոնյան թերակղզում, որտեղ այսօր Բաքուն է, հիմնականում պարսիկներ եւ թաթեր էին, կային նաեւ լեզգիական ժողովուրդներ։
Թուրքմենչայի պայմանագրից հետո, երբ այդ տարածքներն ամբողջովին մտան Ռուսական կայսրության կազմի մեջ, ցարական ադմինիստրացիան սկսեց խթանել թյուրքական տարրը, մասնավորապես, ռուսերենից զատ խրախուսվում էր թյուրքալեզվությունը, որն ըստինքյան հետագայում հանգեցնում էր թյուրքական ինքնության ձեւավորմանը այդտեղ ապրող էթնիկ խմբերի մեջ։ Հաճախ բոլորին միավորում էին «թուրք» անվան տակ։ Նպատակն էր կոտրել բնակչության իրանամետությունը եւ հետագայում բացառել տարածքի վերադարձը Իրանին։ «Այդ տարածքը սկսեցին օսմանիզացնել։ Թուրքիան հեռու էր եւ Ռուսաստանի համար վտանգավոր չէր թվում, իսկ Իրանի հետ սահմանն Արաքսով էր անցնում, հետեւաբար, միավորման վտանգը մեծ էր։ Հետեւողական քաղաքականության արդյունքում 20—րդ դարի սկզբին բնակչության մեծ մասը թյուրքալեզու էր եւ ուներ արդեն հիմնականում թուրքական կամ օսմանական ինքնագիտակցություն»,– մանրամասնեց գիտնականը։

Պատմական ակնարկ

Արաքսից հարավ ընկած տարածքները, որոնք այսօր կազմում են Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային նահանգները, դիտավորյալ կերպով կամ չիմացությամբ կոչվում են հարավային Ադրբեջան։ Այնինչ այս երկրամասը կազմում է Իրանի պատմական Ատուրպատական նահանգը, որը հայկական պատմագրության մեջ հայտնի է որպես Ատրպատական։ Իրականում «հարավային Ադրբեջան» եզրույթն ըստ էության զուրկ է իմաստից. այն հնարվել է ստեղծելու սիմետրիա «հյուսիսային Ադրբեջանի» հետ, որն է՝ այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունը։ Արաքսից հյուսիս ընկած մերձկասպյան տարածքները երբեք Ատրպատականի մաս չեն կազմել։ Դրանք պատմական Առան եւ Շիրվան շրջաններն են՝ երբեմնի Աղվանքը։
Մ. թ. ա. 4—րդ դարի վերջից մինչեւ 2—րդ դարի կեսերը գոյություն է ունեցել Ատուրպատական կամ Ատրոպատեն պետությունը, որն այդպես է կոչվել Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Ատրոպատի պատվին. վերջինիս Մակեդոնացին նշանակել էր այս շրջանի կառավարիչ։ Արդյունքում մ. թ. ա. 320 թվականին առաջին անգամ այս տարածաշրջանում ստեղծվում է անկախ պետականություն։ Սասանյանների ժամանակ Ատուրպատականը ներառվում է Իրանի կազմում որպես առանձին սատրապություն։ Տարբեր պատմական ժամանակաշրջաններում Ատրպատական նահանգը միացվել է Առանի եւ Շիրվանի, ինչպես նաեւ Հայաստանի հետ, ինչը հիմք է դարձել, որպեսզի միջնադարյան աղբյուրներում այն ավելի համընդգրկուն ներկայացվի։ Այնուհանդերձ, արաբ աշխարհագիրները հստակ տարանջատել են Ատրպատականի, այն է՝ Ադրբեջանի տարածքը Աղվանքից եւ Հայաստանից։ Ատրպատականը երկու վարչական շրջանի էր բաժանվում, արեւմտյան, որի կենտրոնը Մարաղան էր, եւ արեւելյան՝ Արդաբիլ կենտրոնով։ Հետագայում Արդաբիլին փոխարինում է Թավրիզը։
Այսօրվա Ադրբեջանի Հանրապետության գրաված աշխարհագրական շրջանը տեւապես եղել է Աղվանքի թագավորության, իսկ 4—րդ դարի կեսերից՝ Աղվանքի պարսկական մարզպանության տարածք։ Հայկական պատմագրության մեջ Աղվանքը սահմանակից է ներկայացվել հարավ—արեւմուտքում եւ հարավում՝ Հայաստանին եւ Իրանին՝ ամբողջ Քուրի երկայնքով։
Ատրպատականի բնակչությունը մինչեւ թյուրքերի ներթափանցումը բացառապես իրանալեզու է եղել։ 12—րդ դարի կեսերից թյուրքական ցեղերն աստիճանաբար սկսել են բնակվել այս տարածքներում, ինչպես նաեւ ավելի հյուսիս՝ անասնապահության նպատակով օգտագործելով տեղի հարուստ արոտավայրերը։ Այդ ամենի հետեւանքով 16—րդ դարի սկզբին այդ տարածքները, բացի Հայաստանից, հետզհետե սկսում են ենթարկվել թյուրքալեզվության հոսանքին։
1502 թվականից Ատրպատականը դառնում է Սեֆյան Պարսկաստանի հենակետը, որոնք Արդաբիլից էին եւ խոսում էին տեղական իրանական բարբառով՝ ազարիով, որը Իրանի հյուսիսարեւմտյան շրջանների բնակչության հին լեզուն է։ Ազարին սերտ առնչություններ ունի մերձկասպյան իրանական մյուս բարբառների հետ, մասնավորապես՝ թալիշերենի, հարավային թաթերենի, մազանդարաներենի, գիլաներենի հետ։ Ազարի լեզուն ներառել է մեծաթիվ բարբառներ, որոնք այդպես էլ չվերածվեցին մեկ միասնական լեզվի եւ անհետացան պատմական թատերաբեմից։ Այդ լեզուների մնացուկներն այսօր պահպանվել են Ատրպատականում։ Հատկանշական է, որ ազարի (ազերի) էթնոնիմը նախկինում չի օգտագործվել այսօրվա Ադրբեջանի Հանրապետության բնակչության համար։ Այդ եզրույթը միայն վերջերս է շրջանառության մեջ մտել, այդ թվում եւ մեր՝ հայկական մամուլում։ Գ. Ասատրյանն ընդգծում է, որ «ազեր» տերմինը եւ դրա ոչ նորմատիվ տարբերակը՝ «ազիկ», որն օգտագործվում է ռուսական խոսակցական լեզվում, պարզապես «ադրբեջանցի» հորջորջման կրճատ ձեւն է եւ որեւէ առնչություն չունի ազարի, այսինքն՝ ատրպատականցի տերմինի հետ պատմական հարթության մեջ։

Ինչպես ստեղծվեց «Ադրբեջան» անունով պետական միավորը

Հատկանշական է, որ մինչեւ 20-րդ դարը այս շրջանի թյուրքալեզու բնակչությունը չուներ այլ ինքնանվանում, քան «մուսուլմանն» է։ Բավական է նայել նախորդ դարի առաջին քառորդին անցկացված մարդահամարը։ Նրանց անվանում էին կովկասյան թաթարներ կամ կովկասյան թուրքեր։ Օրինակ, խոսելով հայ—մուսուլմանական հակասությունների մասին, դրանք կոչվում էին այդ տարիներին «հայ—թաթարական բախումներ»։ «Ադրբեջանցի» հասկացությունը բացակայում է նույնիսկ 1926—ի ԽՍՀՄ մարդահամարի ցուցակներում։ Ի դեպ, «մուսուլման» ասելով հասկանում էին հիմնականում շիաներին։ «Որպես «թշնամական օտար» (այսպես կոչված Inimical Other), որն անհրաժեշտ գործոն է ցանկացած ինքնության բյուրեղացման համար, երկրամասի շիաների՝ այսօրվա ադրբեջանցիների նախնիների համար այդպիսիք էին ոչ թե հայերը, այլ սունի թուրքերը՝ օսմանները»,–պարզաբանեց գիտնականը։
Մինչդեռ միեւնույն ժամանակաշրջանում այս տարածքում բնակվող իրանական (թաթեր, թալիշներ եւ քրդեր) եւ կովկասյան (լեզգիներ, ավարներ, ուդիներ եւ այլն) խմբերը, լինելով մուսուլմաններ (բացառությամբ ուդիների, որոնք հայադավան քրիստոնյաներ էին), ունեին հստակ ինքնություն եւ նշվում էին իրենց համապատասխան էթնիկ անվանումներով։
Այսրկովկասի Առան եւ Շիրվանի շրջանները «Ադրբեջան» անվանվեցին 1918 թ. սեպտեմբերի 15—ին, երբ Նուրի փաշայի հրամանատարությամբ թուրքական զորքերը գրավեցին Բաքուն եւ քաղաք հրավիրվեց մուսաֆաթական կառավարությունը։ «1918 թվականին, երբ Թուրքիայի անմիջական ջանքերով եւ անգլիացիների դրդմամբ ստեղծվեց Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը, վերջինիս հիմնադիրները որոշում են այդ տարածքը կոչել մի անվանումով, որը հետագայում հնարավորություն կտար հիմնավորել Իրանի հյուսիսային նահանգների՝ բուն Ատրպատականի անեքսիան։ Այդպես նորաստեղծ պետությունը կոչեցին Ադրբեջան կամ Ազերբայջան։ Խորհրդայնացումից հետո անվանումը պահպանվեց եւ արդեն դարձավ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետություն։ Խորհրդային Միությունը նույնպես նկրտումներ ուներ Իրանի հյուսիսարեւմտյան նահագների հանդեպ»,–մանրամասնեց զրուցակիցս։ Այս առումով պանթուրքիստների եւ բոլշեւիկների հեռահար նպատակները համընկնում էին, միակ տարբերությունն այն էր, որ թուրքերի նպատակն էր էթնիկ հիմքով պետություն ստեղծելը, իսկ բոլշեւիկներինը՝ գաղափարական։
Խորհրդայնացման սկզբնական շրջանում Արեւելյան Այսրկովկասը բազմաթիվ տեղաբնիկ ազգերի՝ հայերի, թալիշների, լեզգիների, թաթերի, ուդիների եւ այլ ազգությունների ընդհանուր հայրենիքն էր, իսկ Բաքուն անգամ թուրքական զորքերի կազմակերպած ջարդերից հետո թուրք—թաթարական դիմագիծ չուներ։ Սովետների համար ինտերնացիոնալ Ադրբեջանը այն մոդելը պետք է դառնար, որն օրինակ պետք է ծառայեր ոչ միայն խորհրդային տարածքի մյուս ժողովուրդների սոցիալիստական բարեկամության եւ եղբայրության համար, այլեւ հարթակ՝ «կարմիր հեղափոխությունը» դեպի արեւելք տարածելու համար։ Սակայն տեսնելով, որ իրականություն չի դառնում դեպի արեւելք եւ առաջին հերթին՝ Թուրքիա պրոլետարական ինտերնացիոնալիզմի տարածումը, Ստալինը բոլորովին նոր քաղաքականություն որդեգրեց։ 1936 թ. ԽՍՀՄ նոր սահմանադրությամբ կովկասյան թուրքերին այլեւս պաշտոնապես անվանեցին «ադրբեջանցի»։ Դրա հետեւանքով ինտերնացիոնալ Ադրբեջանը հետզհետե ձուլման եւ բնիկ ժողովուրդներին բնաջնջելու միջոցով դարձավ «ազգային» հանրապետություն։ Արդյունքում կովկասյան թաթարները վերածվելով «ադրբեջանցիների», մեխանիկորեն ստացան հանրապետության տիտղոսակիր «ազգի» կարգավիճակ։ «Զավեշտալին այն է, որ սովորաբար երկիրն է կոչվում ժողովրդի անունով, իսկ այս դեպքում պետության անվանումը դարձավ այդտեղ բնակվող ժողովրդի էթնոնիմը։ Փաստորեն, արհեստականորեն ստեղծված պետության անունը դրեցին գոյություն չունեցող ժողովրդի վրա»,–ասաց Գ. Ասատրյանը։
Ադրբեջանը, ստեղծվելով տարածաշրջանի բնիկ ժողովուրդների տարածքների բռնակցմամբ, այսօր էլ չի հրաժարվում նվաճողական իր նկրտումներից։ Սակայն, արեւելագետի խոսքով, «ադրբեջանական նախագծի» հեղինակների խնդիրն է կենտրոնանալ այսօրվա Ադրբեջանի Հանրապետության ամբողջականության պահպանման վրա. «Ի տարբերություն իր հսկա հարավային հարեւանի, որը պատմականորեն հանդես է գալիս որպես անբաժանելի օրգանիզմ, հապճեպորեն ստեղծված «Ադրբեջան» արհեստական բազմազգ կազմավորումը հիմնված է ածխաջրածնային ոչ կայուն ռեսուրսների եւ կասկածելի էթնոազգային ու մշակութային գաղափարախոսության վրա»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

31-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO