Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Երկտող, որ փոխեց ողջ կյանքը, կամ՝ «մենք վերեւն ենք, դու՝ ներքեւը»

Իր ժամանակի առաջադեմ գրողը առաջադեմ է բոլոր ժամանակներում. անվերապահորեն կարելի է ասել Նար-Դոսի մասին...

Նար-Դոսը հայ գրականության ուշագրավ երեւույթներից է՝ թե՛ որպես անձ, թե՛ որպես մտածող եւ թե՛ որպես ստեղծագործող՝ որքան համարձակ իր մտածումներում ու համոզմունքներում, նույնքան համեստ՝ սեփական անձը ներկայացնելու խնդրում...
Ահա թե ինչ պատկերավորությամբ է նրան նկարագրում Ստեփան Զորյանը. «Ասի, որ համեստ էր, բայց դա սովորական համեստություն չէր, այլ տարօրինակ մի երեւույթ. ամաչում էր անգամ նոր զգեստը եւ նոր կոշիկը հագնել անմիջապես. նախ տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ հագնեն միառժամանակ, մինչեւ որ կանցներ նրանց փայլն ու ճռճռոցը։
Ինչպես գրականության մեջ, այնպես էլ կյանքում տանել չէր կարողանում պոռոտ ու ճռճռան բաներ։ Սիրում էր «պարզին վսեմությունը»։
Երբ իր գրվածքները գովում էին մոտը, կարմրում էր, ամաչում եւ խոսք չէր գտնում ասելու։ Համեստ էր այն աստիճան, որ չէիր ուզում հավատալ, թե այդ մարդը թիֆլիսեցի է՝ սրախոս լոթիների ու կենսուրախ մոքալաքների հայրենակիցը։ Ավելի շուտ թվում էր՝ հանկարծ լուսավորականության կենտրոն ընկած գյուղական մի անհամարձակ ուսուցիչ»։ Այդ «անհամարձակ ուսուցիչը»՝ «Պայքարը» թեւի տակ, չէր համարձակվում հրատարակչություն տանել՝ կասկածելով՝ կընդունեն, թե՞ չէ...
Սուղ ապրած, բայց ներաշխարհի հարստությամբ օժտված մտավորականի կերպար. Նար—Դոսը՝ Միքայել Զաքարի Հովհաննիսյանը, ծնվել է բրդավաճառի ընտանիքում եւ փողի քչության պատճառով հաճախ ուսումը կիսատ է թողել, մինչեւ զբաղվել է ինքնակրթությամբ եւ փականագործի աշխատանքը փոխարինել լրագրությամբ ու խմբագրական աշխատանքով, գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, ֆելիետոններ, պիեսներ, վեպեր, վիպակներ։ Հավատում էր գրականության դերին հասարակական կյանքում եւ արժեքավորում ռեալիստական մտածողությունը, մերժում զոլայական նատուրալիզմը, որ ժառանգության տեսությամբ հիվանդացնում է ընթերցողի մարմինն ու հոգին, ջլատում հոգեկան ուժերը, կյանքը դարձնում անտանելի պատիժ, մինչդեռ գրականությունը կոչված է գեղարվեստականության ուժով դրականորեն ազդելու մարդու «մտքի ու սրտի վրա» եւ հոգեբանության միջոցով էլ արտացոլելու նրա իրական ներաշխարհը։ Գրականությունը չի կարող անտարբեր մնալ անհատի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ. այն ոչ միայն պիտի բացահայտի իրականությունը, այլեւ ամոքիչ դեր կատարի։ Համոզմունքներով Նար—Դոսը դեմոկրատ էր, վստահ՝ ժողովրդի ներքին ուժերին, հայրենիքի քաղաքական ու սոցիալական վերածնությանը։ Դատապարտում էր լիբերալների «ազատամտությունը», գործի ու խոսքի հակասությունը, քանի որ գեղեցիկ խոսքի այդ ասպետները իրականում կտրված են ժողովրդի կարիքներից, եւ այն իրենց չի հետաքրքրում։ Խոստովանում էր, որ պատահաբար է հայտնվել պահպանողական ու խավարամոլ «Նոր դարի» խմբագրությունում, կարեւորում էր լուսավորությունն ու առաջադեմ մտածողությունը ոչ միայն Արեւելյան, այլեւ Արեւմտյան Հայաստանի համար։
Ժամանակի հետ փոխվում են կյանքը, մարդկային հարաբերություններն ու կենցաղը, արժեքները, սակայն իր ժամանակի առաջադեմ մտածողը առաջադեմ է բոլոր ժամանակներում, քանզի մտածողը մտածել է սովորեցնում եւ ելքեր ցույց տալիս, այն, որ առաջին պահին անհնար են թվում։ Նար—Դոսը վստահ է, որ մարդու հաստատուն հենարանը կամքն է, իսկ իդեալի որոնումը՝ ինքնակատարելագործումը. այս սկզբունքով ընտրված ճանապարհը սրբագրումների անհրաժեշտություն չի առաջացնում։
Մի բան է՝ ունենալ համոզմունք, այլ բան՝ այն ներկայացնել այնպես համոզիչ ու գրավիչ, որպես անում է Նար—Դոսը։ Նա հետաքրքիր հնարքներ ու գեղարվեստական լուծումներ է գտնում ասելիքի համար, ինչպես, ասենք, «Ես եւ Նա» պատմվածքի դեպքում։ Նախ՝ այն ներկայացնել հնարավորինս իրական՝ հրաժարվելով հեղինակային ես—ից, հետաքրքրել այդ իրականությամբ՝ ներկայացնելով այն որպես «մի կորած մարդու հիշատակարան», որ պատահմամբ ձեռքն է ընկել եւ, գայթակղությունը չզսպելով, կարդացել այն։ Ընթերցողն այստեղից արդեն իսկ մասնակից է դառնում հեղինակային «անթույլատրելի» դավադրության՝ նրա միջոցով ընթերցելով ուրիշի հիշատակարանը։ Ընդ որում՝ այդ ուրիշն էլ, իր հերթին, մի ուրիշի հիշատակարանն է բացում իր համար, մի սիրավեպի պատմություն, որն ուղղակիորեն հակադրվում է իր պատմությանը, եւ, ինչպես հեքիաթում, հերոսները՝ առանձին—առանձին, հանդիպում են ճամփաբաժանի, ինչի ընտրությունը ճակատագրական է դառնալու երկուսի համար էլ, բայց ինչպիսի՞... Ինչպես ճամփաբաժանը, այնպես էլ պատմվածքը բաժանված է երկու մասի՝ Ես—ի եւ Նա—ի մասին պատմության. Ես—ը կորած մարդն է, ում անունից հյուսվում է պատմությունը, ումից մնացել է սոսկ հիշատակարան, բայց ոչ երբեք անուն, քանզի կործանել է ինքն իրեն կամազրկության պատճառով՝ անունը դնելով վրիժառություն, սակայն իրական վրիժառուն ոչ թե ինքն է, այլ Նա՝ Անտոնիո Բոնվինին, որ իր պես՝ մերժված սիրուց, ոչ թե լքել է ինքն իրեն՝ իր գործը, ու դարձել վերջին հարբեցող ու մուրացիկ, այլ բարձրացել, կատարելագործվել, հարստացել ու անուն վաստակել, որ թնդում է ողջ Իտալիայում, ում ոտքերն է ընկնում նա, որ մի օր հեգնաբար մերժել էր նրան, իսկ Անտոնիոն հպարտ է, ինչպես միշտ եւ որեւէ պատասխան չունի գեղեցկուհուն, քան ցույց տալ նրա իսկ երկտողը, որ փոխեց իր ճակատագիրը եւ հայտնի դարձրեց իրեն աշխարհով մեկ, երկտող, որից չի ուզում բաժանվել Անտոնիոն, ինչն արդեն ի՛ր հեգնալից պատասխանն է մերժված սիրուն եւ միաժամանակ իր հաղթությունների խթանը։ «Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացումների հետ, ով տարբերություն է դնում վերեւի եւ ներքեւի միջեւ, ավաղ, սինյորա, ես չեմ կարող»,—հպարտությամբ ասում է Անտոնիոն ու երկտողը կրկին դնում գրպանը։
Երկու ճակատագիր, երկու տառապանք, երկուսն էլ՝ մերժված սիրուց, բայց մեկը կործանվում է թուլակամության պատճառով, մյուսը՝ հենվում սեփական հպարտության ու կամքի վրա եւ ազատվում ստորացուցիչ տառապանքից՝ փրկում իր ես–ը։ Առաջին պատմության՝ Ես—ի հերոսը, ում անունն այդպես էլ չենք իմանում, իրեն համարում է բուրժուական փափկասուն միջավայրի ինտելիգենտ, որ «առաջին իսկ հարվածից ընկնում է այլեւս չելնելու համար»՝ խորհրդանշելով իր դասակարգի ճակատագիրը, որ, «բնական մի անեծքով դատապարտված», «հետզհետե այլասերվելով, պիտի դառնա» իր պես «իբրեւ փտած ծառի կոճղին բսած մի մգլած մակաբույծ եւ չքանա անհետ՝ տեղի տալով նրա՛նց, որոնք ներքեւից բարձրանում են վերեւ…»։
Ինչպես իր հերոսին՝ Անտոնիոյին, այնպես էլ Նար-Դոսին էր վիճակված դուրս պրծնել աղքատության ճիրաններից եւ հիշատակի արժանի անուն վաստակել, որ ոսկե տառերով գրվեց հայ գրականության մեջ, թեեւ արժանի էր, որ ընդհանրապես փայլեր գրական երկնակամարում եւ լիներ համաշխարհային դեմքերի աստղածիրում, սակայն մեղքը ոչ թե նրանն է, այլ մեր մեծերին թերահավատությամբ ընդունելու եւ նրանց արժանվույնս չներկայացնելու մեր քաղաքականության թուլությունը...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

31-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO